Ամփոփվել են Բեռլինի 72-րդ միջազգային կինոփառատոնի արդյունքները, որն այս տարի անցկացվեց ավանդական ձևաչափով՝ փետրվարի 10-17-ը։ «Լավագույն ֆիլմի» համար  «Ոսկե արջ» մրցանակը ստացավ Կարլա Սայմոն Պիպոյի «Ալկարրաս» կինոնկարը։ 2017 թ․նրա «1993 թվականի ամառը» ֆիլմն արժանացավ Բեռլինալեի «Լավագույն դեբյուտային» ֆիլմ  մրցանակին։

Ֆիլմը պատմում է մի ընտանիքի մասին, որն ամեն ամառ դեղձ էր հավաքում Կատալոնիայի փոքրիկ գյուղերից մեկի՝ Ալկարրասի իրենց այգում։ Բայց, մի օր նրանց սովորական ապրելակերպը խաթարվեց արտաքին հանգամանքների պատճառով. կառավարությունը նախատեսում է կտրել ծառերը և դրանց տեղում տեղադրել արևային մարտկոցներ: Անորոշությունը պառակտման է  տանում ընտանիքը:

«Լավագույն ռեժիսոր» է ճանաչվել Քլեր Դենիսը «Սայրի երկու կողմերում» ֆիլմի համար, որտեղ գլխավոր դերը կատարում է Ժուլիետ Բինոշը: Ժյուրիի գլխավոր մրցանակը՝ Գրան-պրին շնորհվել է հարավկորեացի ռեժիսոր Հոնգ Սանգ Սուի «Գրողի ֆիլմը» կինոնկարին, իսկ ժյուրիի մրցանակը՝ Նատալյա Լոպես Գայլարդոյի «Թանկարժեք քարերով խալաթը» մեքսիկական ֆիլմին։

Լավագույն դերի համար «Արծաթե արջը» ստացել է Մելթեն Կապտանը, որը խաղացել է Անդրեաս Դրեզենի «Ռաբի Կուրնազն ընդդեմ Ջորջ Բուշի» ֆիլմում, որը նաև մրցանակ է ստացել սցենարի համար։ Լաուրա Բազուկին արժանացել է երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ Կամիլա Անդինիի ինդոնեզական «Նախկին, հիմա և հետո» դրամայում խաղացած դերի համար: Ժյուրիի հատուկ մրցանակը տրվել է Մայքլ Կոխի «Ամպի կտորը» (A Piece of the Sky )ֆիլմին:

Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում հաղթել է Անաստասիա Վեբերի «Թակարդ» ֆիլմը։

ֆրանսիացի դերասանուհի Իզաբել Յուպպերին է հանձնվել Բեռլինալեի պատվավոր մրցանակը՝ կինոյի զարգացման գործում ներդրած ավանդի համար։

Աղբյուր