Փարիզում՝ փետրվարի 22-ին, ինչպես ավելի վաղ արդեն տեղեկացրել էինք մեր ընթերցողներին, տեղի ունեցավ Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի կինոթատրոնային պրեմիերան և նշվեց Վարպետի տարեդարձը։ Հատուկ այս միջոցառումների նպատակով, Արտավազդ Փելեշյանն իր տիկնոջ՝ Աիդա Գալստյանի ուղեկցությամբ ժամանել էր Փարիզ։

Այս այցելությունը ծրագրված էր դեռ 2020 թվականի աշնանը, երբ Փարիզում բացվեց ռեժիսորին նվիրված մոնոգրաֆիկ ցուցահանդեսը, բայց որոշակի  պատճառներով Փելեշյանը չկարողացավ ներկա լինել։ Երկու տարի անց արդեն, մայրաքաղաքի պատմական Սան Ժերմեն դե Պրե փողոցի սրտում գտնվող «Christine» կինոթատրոնը լեփ-լեցուն էր։ Այս միջոցառմանը կազմակերպիչները՝ Կարտիե ժամանակակից արվեստի հիմնադրամը և «Les films du Camelia» դիստրիբյուտորական կազմակերպությունը պատրաստվում էին ամիսներ։

Կարտիե հիմնադրամի տնօրեն Էրվե Շանդեսը շնորհավորեց ներկաներին՝ նշելով, որ «Վերջապես, երկար բացակայությունից հետո, Փելեշյանը կրկին Փարիզում է, քաղաք, որը դարձել է նրա համար արդեն հարազատ։ Փարիզում ծնվեց «Բնություն» ֆիլմի գաղափարը, որին պետք էր տասնհինգ տարի՝ մեծ էկրան բարձրանալու համար։ Բայց մենք զինվել էինք համբերությամբ և վստահ էինք, որ արդյունքը լինելու է շլացուցիչ։ Մեր գլխավոր նպատակն է ցույց տալ Արտավազդ Փելեշյանին, որքան եզակի և գնահատված է Ֆրանսիայում իր արվեստը։ Մի քանի ամիս առաջ փոքր խմբով գնացել էինք Երևան, տեսնելու Վարպետին իր հայրենի հողում և խոստովանում եմ, որ ամիսներ է, ինչ ցանկանում եմ հետ վերադառնալ Հայաստան»։ Հատուկ այս պրեմիերայի համար Փարիզ  ժամանած ռումինացի ռեժիսոր Անդրեյ Ուջիկան, որը ժամանակին ղեկավարելով ZKM | Filminstitut նույնպես օժանդակել էր «Բնություն» ֆիլմի ստեղծմանը։

Արտավազդ Փելեշյանն հավատարիմ իր ուխտին՝ մեզ համար հարազատ դարձած լռությանը, ցուցադրության ավարտին, շնորհակալություն հայտնեց բոլորին՝ ներկա գտնվելու համար, ապա կատակեց՝ «շնորհակալ եմ Ձեր համբերության համար․․․»։

Ֆիլմի ցուցադրությանը հաջորդեց Փելեշյանի ծննդյան տարեդարձի հանդիսությունը։ Վարպետի փարիզաբնակ ընկերները, ֆրանսիացի հանրահայտ ռեժիսորներ, լուսանկարիչներ, դերասաններ, կինոքննադատներ, բոլորը համախմբվել էին՝ նշելու Վարպետի 84-ամյակը։ Կարտիե հիմնադրամի տնօրենը հավաստիացրեց, որ «Բնությունը» Փելեշյանի ճամփորդության սկիզբն է, բազմաթիվ այլ ծրագրեր և մտքեր կան կապված Վարպետի հետ աշխարհի չորս անկյուններում։ Իսկ հիմնադրամի աշխատակիցները ժպիտով խոստովանում էին, որ  Փելեշյանի ֆիլմերի շնորհիվ իրենց ֆրանսիական ազգանունները ձեռք են բերել «ՅԱՆ» վերջածանց։

Լիլիթ Սոխակյան

Փարիզ,2022թ․