Լոս Անջելեսում՝ առանց կարմիր գորգի, առանց հայտնիների ու լրագրողների մասնակցության, կայացել է «Ոսկե գլոբուսի» արդյունքների հրապարակման փակ արարողությունը։ «Ոսկե գլոբուս -79» կինոմրցանակաբաշխության հաղթողների  անունները հրապարակվել են պաշտոնական կայքում։ Նորզելանդացի ռեժիսոր Ջեյն Քեմփիոնի «Շան իշխանությունը» ֆիլմը «Ոսկե գլոբուսի» է արժանցել «Լավագույն դրամատիկ ֆիլմ» անվանակարգում։ Այս մասին հայտնում է  nytimes-ը։

«Լավագույն կատակերգություն» անվանակարգում հաղթել է Սթիվեն Սփիլբերգի «Ուեսթսայդյան պատմությունը», «Լավագույն կին դերասան» անվանակարգում «Ոսկե գլոբուս» է ստացել Նիկոլ Քիդմանը՝ «Լինել Ռիկարդո» դրամատիկ ֆիլմի համար։ «Լավագույն տղամարդ դերասան» անվանակարգում հաղթել է Ուիլ Սմիթը` «Թագավոր Ռիչարդ» դրամատիկ ֆիլմում խաղացած դերի համար։ «Լավագույն մյուզիքլ կամ կատակերգություն» անվանակարգում հաղթել է «Վեսթսայդյան պատմություն» ֆիլմը։

 «Ժառանգները» սերիալը ճանաչվել է «Լավագույն դրամատիկ սերիալ»։ «Լավագույն անիմացիոն սերիալը» «Էնկանտոն» է, «Լավագույն կատակերգական սերիալը»` «Խորամանկությունները»։ «Լավագույն սցենար» անվանակարգում հաղթել է Քեննեթ Բրանան «Բելֆասթ» ֆիլմի համար։  «Լավագույն օրիգինալ երաժշտություն» անվանակարգում հաղթել է գերմանացի կոմպոզիտոր Հանս Ցիմմերը «Դյունա» ֆիլմի երաժշտության համար:

«Ոսկե գլոբուսը» ավանդաբար շնորհվում է Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիայի (HFPA)  կողմից: Այս տարի մրցանակը  բոյկոտել են հայտնիներն ու հոլիվուդյան ստուդիաները։ Պատճառները երկարատև կոռուպցիոն պրակտիկաներն էին և քվեարկող անդամների միջև ռասայական բազմազանության բացակայությունը:

Հիշեցնենք, որ 2021 թվականի փետրվարին ասոցիացիայի շուրջ լուրջ սկանդալ ծագեց, երբ Los Angeles Times-ը արձանագրեց, որ կազմակերպության 86 անդամից և ոչ մեկը սևամորթ չէր: Այդ պատճառով «Ոսկե գլոբուսի»  կազմակերպիչների հետ համագործակցությունը խզեց հոսքային Netflix ծառայությունը, իսկ NBC հեռուստաընկերությունը, որը նախկինում հեռարձակում էր մրցանակաբաշխության արարողությունը, հրաժարվեց այն հեռարձակել 2022 թվականին։ Հոլիվուդյան աստղերը նույնպես դեմ արտահայտվեցին HFPA-ին, այդ թվում՝ Սկարլետ Յոհանսոնը և Թոմ Կրուզը։ Վերադարձվեց երեք արձանիկներ: