«Պեպո» ֆիլմի օպերատոր Դմիտրի Մոիսեևիչ Ֆելդմանի ասիստենտ՝ Թամարա Գարինայի, հիշողությունները  Ֆելդմանի մասին (մաս 3)։

Ինձ և Մոիսեիչին շատ սիրելի էր մեր սցենարի նյութը՝ Արևելքը, իր հեռացող-անհետացող յուրօրինակ գեղեցկությամբ: Մենք շատ էինք խոսում միզանսցենների մասին, կադրերի, բանաստեղծական կոմպոզիցիաների մասին: Ամբողջ նյութը ներծծված էր պոեզիայով, Արևելքի անհետացող գեղեցկությամբ: Երկար թափառում էինք մենք քաղաքի հին մասում, նրբանցքներում ու խուլ ծակուծուկերում: Կանգ առնելով դուքանների կամ արևելյան չայխանաների-թեյարանների մոտ, կախարդված, ինքնամոռաց լսում էինք զուռնայի թախծոտ հնչյունները դահիրայի կամ դափի նվագակցությամբ: Եվ ինձ, և Մոիսեիչին շատ բան էին ասում այդ սուր թափանցող հնչյունները, որ պոռթկում էին դեպի երկինք, դեպի վեր, ասես բողոքելով սեփական փոքր ժողովրդի դառը ճակատագրի դեմ:

– Դուք լսում եք, թե հայկական այդ վշտալի մեղեդիները որքան նման են հրեականներին: Լսո՞ւմ եք… որքան տխրություն ու վիշտ կա այդ երգերում:

Կասի ու կլռի… Լսում է… Կքարանա…  Եվ կանգնում ենք մենք երկուսով դուքանի կամ չայխանայի կողքին երկա՜ր-երկար, քանի դեռ չի լռել երգիչը: Շատ էր սիրում Մոիսեիչը ժողովրդական երգեր:

Մի քանի բառ ասեմ մի նկարահանման մասին ևս, որը ինձ բացահայտեց Մոիսեիչի գաղտնիքը: Դա «Կեկելի նշանդրեքի» նկարահանումն է: Խաղում էր Տատյանա Մախմուրովան՝ Դ. Մ. Ֆելդմանի ապագա կինը: Իր հրապուրիչ արտաքինը բացառիկ էր: Քնքուշ խոտի ցողունի պես, լի թեթև նրբագեղությամբ, գեղեցիկ դեմքով և խավոտ թարթիչների մեջ մեծ, աստղանման աչքերի տխուր հայացքով: Նա ստեղծել էր արևելքի անազատ, անխոս-անտրտունջ աղջկա կենդանի կերպար: Իրեն ղեկավարողը, Կեկելի կերպարը կերտելիս, միայն այն ձայնն էր, որ նա լսում էր իր մեջ: Նա կարողացավ ստիպել հավատալու աղջկական հոգու մեջ թաքնված, մերժված հարսնացու լինելու այն ժամանակների համար խոր դրամային: Այս նկարահանումը անսովոր էր իր գեղեցկությամբ, տոնայնությամբ և լույսի կազմակերպման արագությամբ: Մի անգամից, անսխալ կերպով, առանց փորձարկումների, – շատ շտապ ու արագ – մտածում էի ես, Մոիսեիչը այստեղ իրեն դրսևորեց վիրտուոզի պես: Զգեստների վառ գույները, կինտոները աղավնիներով ու երգերով, զուռնաչիները, արևելյան պարերը: Սեղանների պատրաստության անսովոր ձևերը, արևելյան ամեն տեսակի աքսեսուարներով. արևելյան ձևի ափսեներ, կժեր, նույնիսկ արևելյան հացատեսակներ: Իսկ ընդհանուր պլանների կոնտրաժուրները բացվում էին ապարատի առջև իտալացի մեծ վարպետների կտավների նման:

Ամեն բան կամոքն Մոիսեիչի վերածվում էր Շահերեզադեի հեքիաթի: Ամբողջ ժամանակ ես տեսնում էի մեր օպերատորի գոհ դեմքը, և ամբողջ ժամանակ ես լսում էի, թե ինչպես է նա ձայնակցում զուռնաչիներին:

Ինձ կանչեցին հարևան դահլիճը ինչ-որ հարցով: Եվ երբ մի քանի րոպե անց վերադարձա, ես տեսա արդեն ապարատի առջև հաստատված «Կեկելը մոմերով» կադրը: Նրա հրաշալի փոքր գլուխը, նրբանուրբ ժանյակների քնքուշ ամպով շրջանակված, թեթևակի կողքի թեքված, նրա վրա տատանվող մոմերի բոցով, թվում էր ոչ երկրային: Ի զարմանս ինձ Մոիսեիչը մռայլ տեսքով դես ու դեն էր գնում ապարատի մոտ և շատ նյարդային վիճաբանում էր իր լավագույն լուսավորողի հետ: Լույսը փոխեցին մեկ անգամ, երկրորդ անգամ, դարձյալ, տեղափոխեցին անգամ սեղանը… Վերջապես, ես լսեցի Մոիսեիչի ձայնը՝ «Լավ է», և ապարատի բռնակը սկսեց պտտվել:

…Նկարահանումն ավարտվեց: Ես մոտեցա Մոիսեիչին կատարվածից զարմացած: Այդքան երկար չէին կարողանում լույսը հաստատել, նման բան նրա հետ չէր եղել: Հարցրի՝ «Ի՞նչ պատահեց»: Նա մի տեսակ սսկված, մտախոհ կանգնած էր սեղանի մոտ: Միանգամից չպատասխանեց: Հետո խոսեց կամացուկ, գուցե նույնիսկ երազկոտ.

– Վախենում էի չափն անցնել և համեստ Կեկելի փոխարեն սարքել Մադոննա:

Ես լուռ կանգնած նայում էի նրա դեմքին:

Նա այլևս ոչինչ չասաց…

Սակայն աչքերը լինում են ավելի պերճախոս…

Անցավ մի քանի ամիս:

Դեռ կինոնկարը չէին ավարտել, երբ ես, Մոսկվայից Երևան վերադառնալով, իմացա, որ Մոիսեիչը և Տատյանա Մախմուրովան ամուսիններ են դարձել: Մոիսեիչը վերջիվերջո ձեռք բերեց այն, ինչ երբեք չէր ունեցել՝ իր ընտանիքը: Երջանկությունը կամացուկ և աննկատ մտավ նրանց տուն:

Կինոնկարի աշխատանքներն արդեն մոտենում էին ավարտին: Մնացել էր մի քանի ոչ մեծ նկարահանումներ ավարտին հասցնել, և մենք սկսել էինք ցրվել: Բայց հիմա ցրվում էինք իբրև մոտ ընկերներ, ապագայում հանդիպելու հույսով: Վերջին օրերին մեր զրույցներն ու վիճաբանությունները «մարդու երջանկության» շուրջ, ստիպում էին նստել գրեթե մինչև լույս: Մոիսեիչը համոզված էր, որ երջանկությունը մարդու անձնական հատկություն է, ճակատագրի կողմից նրան պարգևված: Նա մանկությունից ծանոթ էր կյանքի դաժան քմահաճություններին և, դեռ այն ժամանակ, բնազդաբար, փոքր գազանիկի պես զգուշավոր էր և չէր հավատում նրան: Այդպիսին և հիմա էր մնացել: Նա գիտեր, որ կյանքը չար է, նենգ և մեծ խաբեբա: Ինչ այսօր նա շռայլորեն պարգևում է քեզ, վաղը նույն կերպ չարը կընչազրկի, և այդ պատճառով նա հիմա այդպես պահում-պահպանում էր իր փոքրիկ երջանկությունը: Պահպանում էր տագնապահույզ ու նախանձախնդրորեն: Ոմանք հասկանում էին նրան, ուրիշները դատապարտում էին: Եվ լինում էին նրա մոտ ժպիտներ՝ արցունքներից վատթար…

Ահա թե ինչու նրան հարազատ ու հասկանալի էր Չայկովսկու 4-րդ սիմֆոնիան: Նա սիրում էր այն: Եվ եթե հնարավորություն էր լինում, նա միշտ այն լսում էր մինչև վերջ և շատ կենտրոնացած: Երբ հարցրի իրեն՝ «Ինչո՞ւ է ձեզ այդքան դուր գալիս այդ սիմֆոնիան, և միայն դա: Ինչո՞ւ, երբ պատահում է լսել էլ ավելի երազկոտ բաներ, այդ դեմքով ձեզ, ինչպես երբ որ լսում եք 4-րդ սիմֆոնիան, ես երբեք չեմ տեսել»:

«Որովհետև,- պատասխանեց նա,- հատկապես այդ սիմֆոնիան և միայն այդ սիմֆոնիան է ստիպում ինձ միշտ հիշել կյանքի նենգության մասին»:- Փոքր-ինչ լռելուց հետո, հաստատապես վարանելով, նա դանդաղ, գրեթե անձայն մեջբերեց 4-րդ սիմֆոնիայի մասին Ֆոն-Մեկին ուղղված Չայկովսկու նամակի բառերը.- «Առանց այդ էլ կյանքը դառն իրականության անընդմեջ հերթագայություն է՝ արագ անցնող երազներով ու երջանկության մասին անուրջներով: Հանգրվան չկա: Նավարկիր այս ծովով, քանի դեռ նա քեզ չի առել իր գիրկը և չի սուզել քեզ իր խորքերը…»: Ասաց ու լռեց, ինչպես լռում են մարդիկ, որոնց սիրտը շատ է արտասվել:

(շարունակելի)

Պատրաստեց Ռ․Բագրատունյանը


    Հայտարարվել են Մոսկվայի փառատոնի ծրագրերն ու ժյուրիի կազմը

    Մոսկվայի 44-րդ միջազգային կինոփառատոնի պատասխանատուները հայտարարել են կինոստուգատեսի ծրագրերի և ժյուրիի կազմի մասին։ Մոկովյան փառատոնը կմեկնարկի Անտոն Մեգերդիչևի «Պարմայի սիրտը»...

    |10 Օգոստոս 2022,19:55