«Պեպո» ֆիլմի օպերատոր Դմիտրի Մոիսեևիչ Ֆելդմանի ասիստենտ՝ Թամարա Գարինայի, հիշողությունները  Ֆելդմանի մասին (մաս 2)։

Դմիտրի Մոիսեևիչը այն մարդկանցից էր, որոնց շատ արագ ես ընտելանում և շատ թեթև քայլում ես կողք-կողքի: Հատկապես եթե նրանք ունեն հումորի թեկուզ չնչին զգացում: Նրանք թեթևացնում են քո ուղին և դու նրանց կարող ես անգամ չնկատել: Սակայն բավական է բաժանվես, և նրանց պակասը անչափ կզգացվի և դու հաճախ  նրանց կվերհիշես:

Հումոր ուներ  Դմիտրի Մոիսեևիչը: Երբեմն բարի, երբեմն «չարակամության» փոքր դոզայով, բայց ընդգծված: (Կարող ես հասկանալ և վիրավորվել, կարող ես և չվիրավորվել): Հիմա կպատմեմ: Մենք՝ բոլոր ժամանածներս ապրում էինք «Ինտուրիստ» հյուրանոցում: Դա ոչ մեծ, բայց շատ հաճելի, հարմարավետ հյուրանոց էր: Նկարահանումներից հետո, աշխատանքից հետո, մենք հաճախ հավաքվում էինք 1-ին հարկի հյուրասրահում, որ կովկասյան ոճով կահավորված էր գորգերով, ցածր սեղանիկներով: Հարկավոր էր քննարկել օրվա կատարած աշխատանքը և նախանշել վաղվանը: Եվ ընդհանրապես ամեն տեսակի քի՞չ հարցեր կարող էին ծագել: Բայց քանի որ մեր ռեժիսոր Համո Իվանովիչ Բեկ-Նազարովը ցավոք սրտի տառապում էր սուր իշիասով, իսկ այդ ժամանակ նա պետք է պառկեր և բավականին երկար, մենք գնում էինք ոչ թե հյուրասրահ, այլ նրա մոտ իր սենյակը, քանի որ այն մեծ էր և այնտեղ գործիք կար Արամ Իլյիչ Խաչատուրյանի համար՝ այն ժամանակ դեռ բոլորովին երիտասարդ և կինոյում առաջին անգամ աշխատող: Նա հաճախ էր գալիս Երևան ռեժիսորի հետ համաձայնեցնելու իր գրած երաժշտությունը: Եվ ամբողջ իրիկունները խումբը, թուլացրած տորշերների լույսի տակ ունկնդրում էինք Արամի իմպրովիզացիաները… Եվ ահա ամեն երեկո Համո Իվանիչը խնդրում էր ինձ (շատ ցածրաձայն) իր համար բերել խնձորի երկու կարկանդակ, որ նա հատկապես սիրում էր: Եվ պատվիրել մատուցողին մի բաժակ թեյ բերել: Դա կրկնվում էր ամեն օր՝ միևնույն բանը: Երկու կարկանդակ, մեկ բաժակ թեյ: Ես զգում էի, որ մեր երիտասարդները, փոքրիկ տղաների պես, շրթունքներն են լպստում (մի մոռացեք, որ 34 թվականն էր): Բայց ոչինչ անել չէի կարող:

Եվ ահա մի անգամ Համո Իվանովիչը դարձյալ ինձ խնդրեց այդ մասին: Կողքին նստած էր Դմիտրի Մոիսեիչը: Նա վեր ցատկեց և ասաց.  «Այսօր, Համո Իվանովիչ, թույլ տվեք ինձ ծառայել ձեզ… Իսկ փող որտեղի՞ց վերցնեմ»:

Համո Իվանովիչը ցույց տվեց պահարանիկի դարակը: Դմիտրի Մոիսեիչը ճարպկորեն բացեց արկղիկը, վերցրեց դրամապանակը, որ երեսին էր դրված, և գնաց: Անցավ 15-20 րոպե: Աղմուկով բացվեց դուռը և շեմին հայտնվեց Դմիտրի Մոիսեիչը, նա ձեռքին պահում էր հսկայական, կլոր սկուտեղ՝ դարսված կարկանդակների սարով: Դրեց սեղանին և բարձր ձայնով ասաց. «Սիրելի խումբ, այսօր Համո Իվանովիչը հյուրասիրում է բոլորին և խնդրում չքաշվել»: Իսկ շրջվելով դեպի պառկած մեր ռեժիսորը ասաց. «Ես բոլոր փողերը չեմ վերցրել… ինչպես դուք պատվիրել էիք»: Եվ ուրախ ծիծաղեց: Գումարը, որ ծախսվել էր կարկանդակի համար, մեծ էր: Այլևս Համո Իվանովիչը, չխնդրեց իր համար կարկանդակներ և մի բաժակ թեյ բերել:

Ուզում եմ պատմել նաև Դմիտրի Մոիսեիչի համբերատարության և հումորի մասին: Գետի վրա մի քանի նկարահանումներ անցկացնելով՝ Համո Իվանովիչը ակնհայտորեն մրսել էր և անկողին մտավ՝ առանց արագ ապաքինման հույսի: Գետի վրա միայն մեկ նկարահանում էր մնացել՝ «Կակուլիի քեֆը Քռի վրա»: Ըստ որում՝ ամենից բարդը: Հարկավոր էր նկարահանել ոչ ուշ քան 3-4 օրվա ընթացքում: Եվ ահա թե ինչու. Քուռ գետի վրա, ուղղաբերձ ժայռոտ ափին շատ հնուց կանգնած էր լողացող ջրաղացների մի շարք, շատ հին ծագման: Այդպիսի ջրաղացներ դեռևս XI դարում եղել են Մոսուլում և Ռաքայում Տիգրիս և Եփրատ գետերի վրա: Նրանցում ցորեն և հացահատիկ են աղացել: Սակայն հիմա դրանք իրենց դարն ապրել էին: Այնպես էր համընկել, որ մեր՝ պլանով նախատեսված նկարահանման օրերին, դրանք պետք է քանդեին և հեռացնեին: Իսկ դրանք ևս մեզ մոտ խաղում էին: Մեր բախտը չէր բերում: Մեր նկարահանումների ամբողջ ընթացքում: Քաղաքի հին, գունագեղ կոլորիտը, կարծես մեր ձեռքից գնում-հեռանում էր, մեր աչքերի առաջ: Անչափ բարդ նկարահանում էր սպասվում, նրա պրոցեսի իմաստով: Նախ և առաջ՝ նկարել կապկպած գերաններից լաստի վրա՝ անկայուն է: Ապա՝ Քուռ գետը շատ քմահաճ է և նենգ: Նա արդեն այդ կողմից իրեն դրսևորել էր նախորդ նկարահանումների ժամանակ, երբ հանկարծ լաստը տանում էր նախատեսված ճանապարհից մի կողմ և հարկ էր լինում այն պարաններով քաշել-բերել իր տեղը, հոսանքին հակառակ: Անել դա ոլորապտույտ ափի մոտ, որտեղ ուղղաձիգ և զառիվեր ժայռերից սուր անկյամբ գետի մեջտեղում ցցվում է Մետեխի վիթխարի ժայռը, անհնար բան էր զուտ մի պատճառով, որ այնտեղ խորն է: Եվ գլխավորը, որ գետը, շեշտակի շրջանցելով այդ ժայռը, ձևավորում է շատ խոր հորձանապտույտ, որ վրայով անցկացված էր հին փայտե կախովի նեղ կամուրջ: Այն անվանում էին Իշակամուրջ:

…Երբ մենք նախանշում էինք նկարահանումների վայրերը, մեզ այդ ժամանակ էլ պատմեցին ջրապտույտի և կախովի կամրջի սարսափելի անցյալի մասին. 1795 թ. իրենց վերջին ասպատակության ժամանակ պարսիկները քաղաքը վերածել են ավերակների կույտի, առևանգել աղջիկներին, իսկ բնակչությանը քշել Քռի ափը, ջրապտույտի մոտ: Կախովի կամրջի մեջտեղում դրել են Սիոնի հինավուրց եկեղեցուց վերցրած սրբապատկերները և սկսել են մարդկանց ստիպել իրենց հավատն ուրանալ, ամեն կերպ անարգել այն, թքել սրբապատկերների վրա և այլն, և այլն, իսկ ով հրաժարվում էր, նրան տեղում գլխատում էին թրով և գլուխը հայտնվում էր հորձանապտույտի մեջ. այլոց ողջ-ողջ էին շպրտում այնտեղ: Այդպես են վարվում այնքան ժամանակ, մինչև որ ջրապտույտը լցվում է դիակներով՝ հասնելով կամրջին, իսկ արյունը գետի պես հորդում է նրա վրայով: Այս ամբողջ պատմությունը ինձ վրա շատ սուր տպավորություն թողեց: Եվ ամեն անգամ, երբ անցնում էի ջրապտույտի և կախովի կամրջի մոտով, ես ներքուստ ասես մռայլվում է: Իսկ ահա երբ իմացա, որ նկարահանումը ես եմ ղեկավարելու՝ պարզապես այլայլվեցի: Ինձ համար սարսափելի էր լինել հենց այդ տեղում…  Բայց եթե պետք է, ուրեմն պետք է: Վրա հասավ նկարահանման օրը:

Սովորական գերանակապ լաստի վրա տեղադրվեց նկարահանող սարքավորումը: Դանդաղ, ասես չորս կողմը նայելով, այն պոկվեց ափից և լողաց հոսանքով ներքև: Մեր կողքով սլացավ ժայռոտ ափը, իր տամկացած խաղալիք տնակներով, գետի վրա կախված ցանցկեն պատշգամբներով և հարյուրավոր տղաներով՝ ծիծեռնակների պես կպած ժայռերին: Չէի ասի, թե սովորականի պես հանգիստ էի: Իսկ Մոիսեիչը, իրեն հանձնելով քմահաճ Քուռի իշխանությանը և, մոռանալով նրա ջրապտույտների և սահանքների մասին, լողում էր հոսանքով, հանգիստ պտտեցնելով ապարատի բռնակը՝ ասես իր տաղավարում լիներ: Չխկչխկում է ապարատը… պայծառ լուսավորում է արևը… խաղաղ ծփում են մանր ալիքները: Տիկերի վրա խրախճանում են Կակուլին և իր ընկերները… Մենք սկսեցինք մոտենալ Մետեխի հսկայական ժայռին (իսկ նրա ետևում սարսափելի ջրապտույտն է): Եվ հանկարծ ինձ թվաց, որ միանգամից մթնեց, որ արևը մայր մտավ: Ես գոռացի՝ «Ստոպ»: «Ստոպին» ռեֆլեքսաբար հնազանդ Մոիսեիչը արագ շարժումով թողնում է ապարատի բռնակը, և նույն այդ ակնթարթին ուժգին ցնցումը նետում է Մոիսեիչին ապարատի վրա: Դա ալիքի հարվածն էր, որ ինչ-որ տեղից խցկվել էր լաստի տակ: Հոսանքը կամ ալիքը այս քմահաճ գետի, ասես իր գիրկն առավ լաստը և անխուսափելիորեն քաշեց-տարավ դեպի ջրապտույտը, մեծացնելով կողաթեքվածքը և արագացնելով ընթացքը: Ժամանակը հարկ էր հաշվել անգամ ոչ րոպեներով: Չէր կարելի թույլ տալ, որ լաստը շրջանցի ժայռը: Հարկավոր էր ուղղել թեքվածքը և մեղմել ընթացքը՝ շրջանցելու համար հորձանապտույտը: Ես մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ՝ որքան սառնարյունություն և տոկունություն էր պետք իրավիճակը գնահատելու, թեքվածքի պատճառն ըմբռնելու համար, և մտածելու, թե ինչպես օգնել… Ես քարացել-կարկամել էի: Մոիսեիչը, ոտքերը լայն դրած, ինչպես նավաստին տախտակամածի վրա, մի ակնթարթ նայեց շուրջբոլորը (դեմքը շատ գունատ էր): Մի ակնթարթ՝ կենտրոնացավ և վճռական հանգիստ ձայնով սկսեց հրահանգներ տալ մարդկանց, որոնք նավակով լողում էին մեր ետևից: «Բռնիր»…  «Ձգիր»… «Բաց թող» – «Պարանը»: Ես արդեն ոչինչ չէի հասկանում, քանի որ մեր լաստը 5-6 սաժեն էր հեռու ժայռից: Եվ հանկարծ լաստը, կենդանի արարածի պես, հանդարտվեց. նրան պարաններով սանձելու այդ կարճ րոպեների ընթացքում, ուղղվեց և դանդաղ սկսեց շրջանցել ջրապտույտը – գնաց Կակուլիի և իր ընկերների տիկերի ետևից: Երբ մենք բարեհաջող շրջանցեցինք այդ չարաբաստիկ ջրապտույտը, Մոիսեիչը իմ կողմը շուռ տվեց իր հիմա արդեն ոչ գունատ դեմքը: Եվ, չարաճճիորեն փայլող աչքերով սևեռուն նայելով, խորամանկ ժպտալով, դերասանաբար ասաց.

– Ի՞նչ ենք պարելու, Գարինա:

– Շարունակեք դիրիժորություն անել:*

* Բեկ-Նազարովի հուշերի գրքում այս դրվագի շարադրանքը իրականությանը չի համապատասխանում: Լաստը չէր կարող մտնել ջրապտույտի մեջ, իսկ նրա վրա գտնվողները՝ հավասարակշռությունը պահել և վազել լաստի վրայով: Ամեն բան մի ակնթարթում շուռ կգար ու ջրի տակ կանցներ: – Տ. Գարինա:

Երեկոյան, Քուռի վրա այդպիսի «զբոսանքից» հետո անշուշտ բոլորը հավաաքվեցին մեր ռեժիսոր Համո Իվանովիչի մոտ և ուրախ-ուրախ իրար խոսք կտրելով պատմում և ցույց էին տալիս իմ վախը և Դմիտրի Մոիսեիչի հանգստությունն ու հնարամտությունը: Մեջբերում էին, տարբեր ձևերով, լաստի վրա ինձ ձոնած իր երկտողը: Առհասարակ մեր բոլոր մեծ նկարահանումները մի տեսակ ընկերական ու ուրախ հաջորդում էին մեկը մյուսին: Ամբողջ խումբը զգում էր ոչ թե նյարդային-լարված աշխատանք, այլ հանգիստ ստեղծագործական խնդություն: Ընդհանուր տրամադրությանը մեծապես նպաստում էր Մոիսեիչի բնավորությունը: Ինչ-որ մի բառ, որ ասես ոչ դիտավորյալ թռցնում էր բերանից, ծիծաղի պոռթկում էր առաջացնում, կամ իր ինչ-որ մի հետաքրքրական զվարճաբանությունը, կամ էլ ինչ-որ մի ծիծաղելի անիրագործելի առաջարկություն: – Եվ կրկին ծիծաղ: Պետք է ասել, որ Համո Իվանովիչը միշտ լուռ էր և ոչ մի կերպ չէր արձագանքում հաջող սրամտություններին, կատակներին և երիտասարդների ուրախ ծիծաղին: Նրա ներկայությամբ բոլորն իրենց զգում էին մի տեսակ կաշկանդված: Սակայն Մոիսեիչը կարողանում էր և այդ կաշկանդվածությունը ցրել և անգամ երբեմն ստիպում էր նրան ժպտալ:

(շարունակելի)

Պատրաստեց Ռ․Բագրատունյանը


    Ռոբերտ Մաթոսյան․Տասնվեց տարեկանում ստալինյան մրցանակ

    Ռոբերտ Մաթոսյանի անտիպ  «Մասնագիտությունը կինոռեպորտյոր» գրքից  ուշագրավ պատառիկներ․․․ *** 1972 թվականին Ֆրունզե Դովլաթյանը, Պերճ Զեյթունցյանի սցենարով նկարահանեց  «Երևանյան օրերի խրոնիկա»...

    , |24 Հունվար 2022,12:29