«Օսկարի»  պատվավոր դափնեկիր և հնգակի հավակնորդ Սփայք Լին կստանա Ամերիկայի ռեժիսորների գիլդիայի բարձրագույն մրցանակը՝ կինոռեժիսուրայում ունեցած ավանդի համար։ Մրցանակը կհանձնվի մարտի 12-ին կայանալիք 74-րդ մրցանակաբաշխության ժամանակ։ Այս մասին հայտնում է կազմակերպության կայքը։

«Կինոյի մեծ վարպետ Սփայք Լին փոխեց կինոյի դեմքը։ Նրա համարձակ, կրքոտ պատմվածքները զվարճացնում են հեռուստադիտողին երեք տասնամյակ շարունակ՝ արտացոլելով մեր հասարակությունն ու մշակույթը: Եվ չնայած, որ ռեժիսորի ֆիլմերը հսկայական կոմերցիոն հաջողություն են ունենում, այդուամենայնիվ, նա անկախ հեղինակային կինոյի բաբախող սիրտն է: Անթիվ կինոռեժիսորներ արդեն նշում են Սփայքին որպես իրենց դաստիարակ և վարպետ։ Մենք շատ ուրախ ենք նրան հանձնելու բարձրագույն մրցանակը»,- ​​ասում է Գիլդիայի նախագահ Լեսլի Լինկա Գլատտերը։

Սփայք Լին սկսել է նկարահանել 1980-ականների սկզբին։ Նրան մեծ ճանաչում բերեց Կաննում՝ Երիտասարդական ժյուրիի մրցանակակիր «Նա դրա կարիքը շատ ունի» ֆիլմը: Լին նկարահանել է տասնյակ հեռուստասերիալներ, տեսահոլովակներ, գովազդային հոլովակներ և գեղարվեստական ​​ֆիլմեր, որոնց թվում են «Արա ինչպես պետք է» («Do the Right Thing»), «Լավագույն կյանքի բլյուզը» («Better Life Blues»), «Ջունգլիների տենդը» («Jungle Fever»), «Մալքոլմ- X» («Malcolm X»), «Սեմի արյունոտ ամառը» («Sam’s Bloody Summer»), «25-րդ ժամը» («25th Hour») և այլն։

Ամերիկայի ռեժիսորների գիլդիան գոյություն ունի 1936 թվականից: Բարձրագույն պարգեւի մասին որոշումը կայացնում են Գիլդիայի ներկա եւ նախկին նախագահները։ Գիլդիայի ողջ 86-ամյա պատմության ընթացքում այս մրցանակը ստացել է ընդամենը 35 ռեժիսոր, այդ թվում՝ Ֆրենկ Կապրան, Ալֆրեդ Հիչքոքը, Օրսոն Ուելսը, Բիլի Ուայլդերը, Սթիվեն Սփիլբերգը, Մարտին Սկորսեզեն, Միլոշ Ֆորմանը, Ռիդլի Սքոթը և այլք։