«Մեղքս հավանաբար այն է, որ ծնվել եմ։ Հետո տեսել ամպը, գեղեցիկ մորս, լեռները, տաճարները, ծիածանի փայլատկումը… Եւ այդ ամենը մանկության պատշգամբից։ Իսկ այդ ամենի համար պետք է վճարել»։

Ասողն ինքը՝ Փարաջանովն էր։ Նա այլ կերպ էր տեսնում աշխարհն ու այլ կերպ էլ պատմում աշխարհին տեսած-զգացածից։ Ու թե չլիներ այլակերպության հանդեպ «աշխարհատերերի» վախը՝ իրեն տրվածի համար կվճարեր ավելի մեծ, ընդգրկուն ժառանգությամբ, բայց ստիպեցին վճարել նաեւ պարտադրված դառնություններով ու ինքնապահպանման դաժան պայքարով։ Փարաջանովն ամեն բան դիտարկեց ժամանակների բարձունքից և աշխարհից վրեժխնդիր եղավ սիրով։ Նրա սիրո «վրեժխնդրությունն» այսօր էլ կենսունակ է, հետագծվում է ստեղծարարի արածի ու չարածի, ապրածի ու չապրածի հանդեպ հետաքրքրությամբ նաև նոր պատումներով ու փաստերի նորանոր արձանագրումներով… միավորում է շատերին։

Այդ հետաքրքրությունը հատուկ է նաև Վիգեն Բարխուդարյանին  և Վերոնիկա Ժուրավլյովային,  որոնց միավորել է Փարաջանովը ու համատեղվել է ոչ միայն նրանց կյանքը, այլև կյանքի գործը՝ ուսումնասիրել ու հանրահռչակել հրաշագործի ստեղծագործական ժառանգությունը։ 

Վիգեն Բարխուդարյանն այդ գործն սկսել է ավելի քան 25 տարի առաջ՝ աշխատելով Սերգեյ Փարաջանովի թանգարանում և լինելով նախաձեռնողն ու մասնակիցը բազում միջոցառումների։ Վերոնիկա Ժուրավլյովան Փարաջանովի գործով հետաքրքրվել է         համեմատաբար վերջերս՝ որպես հոգեբան։ «Համարյա թե պատրաստ էր հոգեբանի իմ թեկնածուական ատենախոսությունը, երբ կարդացի Փարաջանովի մասին ու էլ հանգիստ չտվեց հարցը, թե ինչպե՞ս է բանտային պայմաններին ոչ միայն դիմացել, այլև լուծել ինքնապահպանման հարցը և  ստեղծագործել՝ ձեռքի տակ հայտնված ամեն անպետք իր ու նյութի համադրմամբ։ Փարաջանովն ինձ հոգեբանությունից տարավ դեպի արվեստաբանություն և բերեց Հայաստան, ուր նաեւ ընտանիքս ձեւավորվեց Վիգենի հետ»,-պատմեց Վերոնիկան։

«Parajanov Art Laboratorium»

Գործելու ազատության և արդյունավետության նպատակով ամուսինները հիմնել են «Parajanov Art Laboratorium» անկախ ստեղծագործական միավորումը եւ կարճ ժամանակում հրատարակել երկու ձեռնարկ՝ «Արարատ լեռան գանձերը» և «Մասետրո», կազմակերպել ցուցահանդեսներ, մրցույթներ, հանդիպումների շարք… Իրականացված յուարքանչյուր նախագիծ ավելի ընդլայնել է համագործակցության շրջանակներն ու աշխարհագրությունը։

«Արարատ լեռան գանձերը»

Սերգեյ Փարաջանովի 17 սցենարները մեկտեղած «Արարատ լեռան գանձերը» գրքում տեղ է գտել մինչ այդ չհրատարակված 7 սցենար։ Բոլոր սցենարները ներկայացված են նոր խմբագրմամբ և որպես ամբողջական գործ, որը ներառում է ազդագիր, սեղմագիր, տեքստ, նկարազարդումներ և ծանոթագրություն։ Հավաքածուն լրացված է ռեժիսորի կենսագրության ու ստեղծագործական առանձնահատկությունները բացահայտող ընդարձակ նախաբանով և մանրամասն ֆիլմացանկով։

Պատմում է Վիգենը։

«Պատահականության բերումով, բայց բարեբախտաբար աշխատեցինք քարտեզագրությունում մասնագիտացած «Կոլլաժ» հրատարակչության հետ, որտեղ Աշոտ Մուրադյանը վստահեցրեց, որ հրատարկության մասնագիտական հարցերը կկարգավորի առանց մեզ ու իր խոսքի տերն եղավ՝ մենք ստացանք պատրաստի գիրքը։ Գումար հայթայթելու այլ բարենպաստ ուղի չունենալով՝ դիմեցինք բոլորին  ռուսական planet.ru հարթակում ու հաջողեցինք հանգանակությունների շնորհիվ։ Ապացուցվեց ռուսախոս հասարակության հետաքրքրությունը Փարաջանովի գործի հանդեպ»։

«Մասետրո»

Փարաջանովի լավագույն գործերի գիրք-ալբոմի համար ուսոմնասիրվել են վարպետի ավելի քան 300 աշխատանք, որոնցից 181-ը ներառվել են ալբոմ։ Դրանց դետալային պատկերումը մանրակրկիտ դիտարկման, իսկ յուրաքանչյուր գործի ստեղծման եւ այդ գործում ներկայացվող պատմությունները որոշակիորեն կողմնորոշվելու հնարավորություն են տալիս։ 5 բաժնից բաղկացած գիրք-ալբոմի տեքստային բովանդակությունը կառուցված է արվեստաբանական տեսանկյունից եւ հիմնված արխիվային նյութերի, ինչպես նաեւ Փարաջանովի հետ այս կամ այն առնչությունն ունեցած անձանց հուշագրության վրա։

Պատմում է Վերոնիկան։

«Մաեստրոն» Վիգենի վաղեմի ցանկությունն էր և կարողացանք հրատարակել  «Անտարեսի» հետ։ Պարզվեց հրատարակիչ Արմեն Մարտիրոսյանն էլ Փարաջանովի մեծ երկրպագու է։ Այս գիրք-ալբոմը մեծ արձագանք ստացավ ռուսախոս հասարակության շրջանում, որն օգնել էր նաեւ ֆինանսական հարցերում։ Գիրքը ներկայացվեց և՛ ռուսասատանյան գրքի տոնավաճառում, և՛ շրջեց աշխարհով մեկ։ Մենք պարզապես շատ ճիշտ պահին կողմնորոշվեցինք ու ըստ իս, հայտնվեցինք մեկնող գնացքի վերջին վագոնում։ Աշխարհի ցավալի փոփոխություններից հետո անգամ հզոր տնտեսություն ունեցող երկրները նման մեծ նախագծերին շատ զգուշությությամբ են մոտենում։ Այսօր արդեն իրական չէ ավելի քան 500 էջանոց բարձրակարգ գունավոր ձեռնարկ հրատարակելը, ինչպիսին է «Մաեստրոն»։

«Փարաջանովի միֆերը»

Կիրառելով սոցանցերի հնարավորությունները՝ «Parajanov Art Laboratorium»-ը նախաձեռնել եւ իրականացրել է «Փարաջանովի միֆերը» մրցույթ-ցուցահանդեսը, որի  մասնակիցները ստեղծել են Փարաջանովի ստեղծագործությանը համահունչ կոլլաժ, հնարել այնպիսի միֆ, որն հավանական թվար ռեժիսորի կենսագրության համատեքստում։ Մրցույթին արձագանքել են և՛ սկսնակներ, և՛ պրոֆեսիոնալներ։ Հաղթողների գործերը ցուցադրվել, հրապարակվել են։ Հաջորդել է մրցույթին մասնակցած Ղազաստանում բնակվող հայ նկարիչների հրավերով Ալմա Աթայի կենտրոնական գրադարան-պատկերասրահում կազմակերպել «Երեք հանդիպում Փարաջանովի արվեստի հետ» շարքը։

Պատմում է Վերոնիկան։

«Ղազախստանում բոլոր 3 հանդիպումներն էլ մարդաշատ էին ու բազմազգ լսարանով։ Նկարիչ Գրիգորյանների հետ ձեւավորված ընկերությունն էլ այլ ծրագրերի հիմք տվեց, սակայն ներկայիս իրավիճակը միայն անորոշ սպասում է պարտադրում եւ տագնապ նրանց համար։ Իրենք մի անգամ արդեն թողել են իրենց տունը Բաքվում։ Ի՞նչ կլինի այս անգամ։  «Parajanov Art Laboratorium»-ի ստեղծման օրից մինչեւ այսօր լռել ենք միայն պատերազմի ընթացքում, քանի որ Փարաջանովի անունը կրող կազմակերպության էջերում նրա կարծիքն ու մոտեցումները պետք է հանրահռչակենք, իսկ ազգամիջյան հարցերում չենք կարող միակարծիք լինել Փարաջանովի հետ։ Այդ պատճառով էլ լռեցինք պատեազմի օրերին։ Բայց առիթն ունեցանք համոզվելու, որ Փարաջանովը կրկին հնարավորություն տվեց օգնելու մարդկանց՝ նրա մասին դասախոսություններով միացանք ռուսախոս միջավայրի համար կազմակերպվող համացանցային հանդիպումներին եւ գումար հանգանակվեց փախստական մի ընտանիքի համար։ Համոզվեցինք, որ ոչ հայ մարդիկ Հայաստանից դուրս անտարբեր չեն Հայաստանի ճակատագրի հանդեպ եւ, որ Փարաջանովն իր արվեստով միավորում է նրանց»։

Վիգեն Բարխուդարյանն ու Վերոնիկա Ժուրավլյովան տեղեկացրին, որ բազմակողմ ծրագրեր ունեն, բայց դրանց իրականացման համար ճիշտ ժամանակը պետք է ընտրեն։ Ամեն դեպքում ընթերցողը «Parajanov Art Laboratorium»-ից կարող է սպասել մենագրություն՝ նվիրված Փարաջանովին և վավերագրական ֆիլմ։

Պատրաստեց  Նանա Պետրոսյանը

Լուսանկարները տրամադրել է Parajanov Art Laboratorium-ը