Փառատոնը կինեմատոգրաֆիայի նվաճումների ստուգատես է, ստեղծագործական մրցություն։ Դա փորձի փոխանակում է, նոր անունների հայտնաբերում։ Դա բանավեճ է ոչ միայն կինոգեղագիտության, այլև գաղափարախոսության հարցերի շուրջ։ Իտալական fest բառի արմատով կազմված են մի քանի տասնյակ բառեր, որոնք նշանակում են տոն, հանդիսություն, ցնծություն, հրճվանք, ուրախություն, մեծարում, սիրալիրություն, անվանակոչություն, պարահանդես և այլն։ Հիրավի, ցանկացած փառատոն նախ և առաջ հանդես է, կինոյի, կինեմատոգրաֆիստների հանդես։

…Միջազգային անդրանիկ կինոփառատոնն անցկացվել է 1932 թվականին, Վենետիկում։ Սովետական Միությունը դրան մասնակցել է Ն. էկկի «Կյանքի ուղեգիր», Ա. Դովժենկոյի «Հողը» և Ի. Պրավովի ու 0. Պրեոբրաժենսկայայի «Խաղաղ Դոն» նկարներով։ Փառատոնում պարգևների պաշտոնական շնորհում չի եղել, սակայն հանրաքվեի միջոցով պարզվել է, որ հանդիսականները ռեժիսորներից նախապատվությունը տվել են Նիկոլայ էկկին, իսկ  ամենաինքնատիպ ֆիլմ է համարվել մեր հայրենակից Ռուբեն Մամուլյանի «Դոկտոր Ջեկիլն ու միստր Հայդը» աշխատանքը (արտադրություն՝ ԱՄՆ):

«Հողը» հրաշալի ֆիլմն այդ փառատոնում աննկատ է մնացել։ Սա կարող տարօրինակ հնչել, եթե մոռանանք մի խիստ կարևոր հանգամանք։ Հայտնի է, որ 20-ական թվականների վերջերն ու  30-ական թվականների սկզբները նշանավորվեցին հնչյունային կինոյի ասպարեզ գալով։ Վենետիկում ներկայացված էին բացառապես հնչյունային ֆիլմեր, որոնք ապշեցնում էին տեխնիկական նորույթով։ Հենց դրանք էլ ստվերեցին համր կինոյի մեծ նվաճումներից մեկը՝ «Հողը» ժապավենը։

Ետպատերազմյան առաջին փառատոնն անցկացվել է 1945 թ. աշնանը, Հռոմում։ Մասնակցել են Մեծ Բրիտանիան, Իտալիան, ՍՍՀՄ-ը և Ֆրանսիան։ Մրցանակներ չեն շնորհվել։ Ցուցադրվել են «Լեդի Համիլտոն» (գլխավոր դերակատարուհի՝ Վիվիեն Լի), «Հենրիխ 5-րդ», Ռոբերտո Ռոսելինիի «Հռոմը՝ բաց քաղաք», Միխայիլ Ռոմմի «Մարդ N 217», Սերգեյ էյզենշտեյնի «Իվան Ահեղ» գեղարվեստական ֆիլմերը, ինչպես նաև վավերագրական ժապավեններ։ 1946-ին անցկացվեց միանգամից 4 փառատոն՝ Չեխոսլովակիայում, Կաննում, Լոկարնոյում (Շվեյցարիա) և Վենետիկում։

Առավել բովանդակալից ու հետաքրքիր են եղել թերևս, վերջին երկուսը։

Մեկ տարի անց ծնվեց մեկ այլ Բրյուսելի փառատոնը։ Այնուհետև մեկը մյուսի ետևից ծնունդ են առնում, համարում և ավանդույթներ ձեռք բերում նորանոր փառատոներ։ Այժմ դրանց թիվն անցնում է երկու տասնյակից։

Վենետիկում, բացի հիմնականից, անցկացվում է նաև մանկական ֆիլմերի փառատոն, որի գլխավոր մրցանակը կոչվում է «Ոսկե Միներվա»։ Ի դեպ, փառատոների գլխավոր մրցանակները շատ հետաքրքրական անվանումներ ունեն։ Այսպես, Կարլովի Վարիի փառատոնի գլխավոր մրցանակն է «Բյուրեղապակյա գլոբուսը», Արևմտյան Բեռլինի փառատոնում շնորհվում է «Ոսկե արջ» մրցանակ, իսկ Կորտինա դը Ամպեցոյի մարզական ֆիլմերի ստուգատեսի մրցանակը կոչվում է «Ոսկե սկյուռ»։

Կրակովի ու Լայպցիգի կարճամետրաժ և վավերագրական ժապավենների փառատոներում շնորհվում են համապատասխանաբար «Ոսկե վիշապ» և «Ոսկե աղավնի» բարձրագույն պարգևները։ «Ոսկե խնձորը» հանձնվում է Լոկարնոյի հեղինակավոր փառատոնում։ Մոնտե-Կարլոյի հեռուստաֆիլմերի փառատոնում, որն անցկացվում է «Նպաստել խաղաղության գործին ամբողջ աշխարհում» նշանաբանով, շնորհվում է «Ոսկե հավերժահարս» մրցանակը։ Թեհրանի մանկապատանեկան ֆիլմերի փառատոնի բարձրագույն պարգևը «Ոսկե թանթ» մրցանակն է։

Սիրողական ֆիլմերի միջազգային փառատոնն անցկացվում է Քյոլնում (ԳՖՀ), «Փառատոների փառատոնը» Բելգրադում (մասնակցում են միայն որևէ փառատոնում առաջին երեք մրցանակներից մեկը ստացած ֆիլմերը): «Ազատություն» արձանիկով է պարգևատրվում Սոպոտում «Ազատություն և հեղափոխություն» նշանաբանով անցկացվող փառատոնի լավագույն ֆիլմը։ Հետաքրքրական է Սան-Ռեմոյի հեղինակային կինոյի միջազգային փառատոնը։ Դելիում և Պալերմոյում հանդիպում են ֆիլմերի ստեղծողները, Իտալիայի Տրենտո քաղաքում ցուցադրվում են տուրիստական, Բորդագերում՝ կատակերգական, իսկ Պադուայում՝ ուսումնական ու գիտահանրամատչելի կինոնըկարներ։ Մուլտիպլիկատորները հերթականությամբ հավաքվում են մեկ Անեսիում (Ֆրանսիա), մեկ Մամայում (Ռումինիա) , մեկ էլ  Զագրեբում (Հարավսլավիա) :

Առավել համբավ են վայելում Վենետիկի, Սան-Ռեմոյի ու Կորտինա դը Ամպեցոյի (Իտալիա), Կարլովի Վարի (Չեխոսլովակիա) ու էդինբուրգի (Շոտլանդիա), Մալագայի ու Սան Սեբաստյանի (Իսպանիա), Մար֊դել-Պլատայի (Արգենտինա) ու Պունտո-դել-էստերի (Ուրուգվայ) , Մելբուռնի (Ավստրալիա) ու Վանկուվերի (Կանադա), Սան-Ֆրանցիսկոյի ու Նյու-Յորքի (ԱՄՆ), Չիկայլոյի (Պերու) ու Օբերհաուզենի (ԳՖՀ) , Կրակովի (Լեհաստան), Տուրի (Ֆրանսիա) ու Կորկեի (Իռլանդիա) փառատոները։ Համաշխարհային կինոյի իսկական շքահանդեսներ են Մոսկվայի 4 միջազգային փառատոները։

Փառատոնի համբավը, նրա ներկայացուցչականությունը խիստ կարևոր նշանակություն ունեն։ Կան երկրորդական փառատոներ, կան նաև այնպիսիները, որոնց միայն մասնակցելն անգամ պատիվ է բերում ֆիլմին ու նրա ստեղծողներին։ Բայց նույնիսկ համբավավոր փառատոները միշտ չէ, որ անցկացվում են գեղարվեստական բարձր մակարդակով։ Պատահում է, որ տարին շատ հաջող է լինում։ Այսպես, ֆիլմերի (գլխավորապես իտալական) սքանչելի հավաքածու էր ներկայացվել Կաննի 4-րդ փառատոնում, և հակառակը, Վենետիկում հաճախ են ցուցադրվում արվեստի շահերից հեռու, հակասոցիալիստական գաղափարներ քարոզող՝ իրականությունն աղավաղող  ֆիլմեր։ Երբեմն փառատոների անցկացումը ձախողվել է քաղաքական գործիչների կամ կինոարտադրու-
թյան ճգնաժամային վիճակից դժգոհ կինեմատոգրաֆիստների բոյկոտի, հետադիմական շրջանների ճնշման պատճառով։

Միջազգային կինոփառատոներում գլխավոր և առաջին մրցանակներ են ստացել Ս. Յուտկևիչի «Օթելլո», Վ. Պուդովկինի «Ծովակալ Նախիմով», Լ․ Առնշտամի «Գլինկա», Մ. Դոնսկոյի «Ֆոմա Գորդեև», Լ. Կուլիջանովի և Յա.Սեգելի «Տունը, որտեղ ապրում եմ», Մ. Կալատուզովի «Հավատարիմ ընկերներ», Սավչենկոյի «Տարաս Շևչենկո», Գ. Դանիելյանի և Ի. Տալանկինի «Սերյոժա», Սամսոնովի «Թռվռանը», Ս. Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները», Ս. Բոնդարչուկի «Մարդու ճակատագիրը», Գ. Չուխրայի «Բալլադ զինվորի մասին» և բազմաթիվ այլ ֆիլմեր։

Մրցանակներով են նշվել նաև մեր «Ձյունե թագուհին», «Ոսկե այծքաղը», «Սապատավոր ձիուկը» և այլ մուլտիպլիկացիոն ժապավեններ։ 1958 թվականին որոշվեց հերթականությամբ փառատոներ անցկացնել (Մոսկվայում (կենտ տարիներին) և Կարլովի Վարիում (զույգ տարիներին):

1935-ին Մոսկվայում անցկացված կինոփառատոնին մասնակցել են ԱՄՆ-ի. Անգլիայի, Ավստրիայի, Ֆրանսիայի, Չեխոսլովակիայի, Լեհաստանի, Չինաստանի անվանի կինոգործիչները։ Ժյուրիի կազմում էին էյզենշտեյնն ու Պուդովկինը… Փառատոնի մրցանակը շնորհվել է «Լենֆիլմ» կինոֆաբրիկային՝ «Չապաև», «Մաքսիմի պատանեկությունը» և «Գյուղացիներ» ֆիլմերի համար։ Փառատոնը, ցավոք, ավանդական չդարձավ։ Միայն 22 տարի անց, երիտասարդության և ուսանողների համաշխարհային 6-րդ համաժողովի շրջանակներում անցկացվեց երիտասարդությանը նվիրված ֆիլմերի միջազգային փառատոն, որի առաջին մրցանակը շնորհվեց Անջեյ Վայդային՝ «Ջրանցք» ֆիլմի համար։ Եվ ահա մոսկովյան միջազգային անդրանիկ փառատոնը, որը տեղի ունեցավ 1959 թվականին։ 48 երկրների կինեմատոգրաֆիստները ներկայացրել էին տարբեր ժանրի 150 ժապավեն։ Առաջին մրցանակը միահամուռ շնորհվեց Ս. Բոնդարչուկի «Մարդու ճակատագիրը» կինոնկարին։

ՍՍՀՄ-ում անցկացվում է մեկ այլ միջազգային կինոփառատոն։ Դա Ասիայի և Աֆրիկայի երկրների միջազգային ստուգատեսն է, որն անցկացվում է Տաշքենդում։

Մեր երկրում անցկացվել ու անցկացվում են նաև համամիութենական փառատոներ։ Դրանք են 1966 թվականից անցկացվող մարզական ֆիլմերի, «իրողական ֆիլմերի, բանվոր դասակարգին նվիրված վավերագրական ֆիլմերի, ինչպես նան անդրկովկասյան հանրապետությունների և Ուկրաինայի մասնակցությամբ անցկացված «Պրոմեթևս» փառատոները։ Ի դեպ, «Պրոմեթևսը» դադարեցվել է։

Այդ փառատոների աշխարհագրությունը լայն է, դրանք, որպես կանոն, անցկացվում են Միության խոշոր քաղաքներում։ Այսպես, համամիութենական փառատոները անցկացվում են միութենական հանրապետությունների մայրաքաղաքներում։ Անցյալ տարի փառատոնը կազմակերպվեց Ռիգայում, 1973-ին՝ Ֆրունզեում, 1975-ին Քիշնևում, 1974-ին՝ Բաքվում… Եվ ահավասիկ՝ 11-րդը։ Այն առաջին անգամ անցկացվելու է Երևանում։ Մեր հանրապետության կինեմատոգրաֆիստները մասնակցել են նախորդ բոլոր փառատոներին։ Կան որոշակի նվաճումներ, որոնցից ամենամեծը թերևս «Եռանկյունին» ֆիլմի հաջողությունն է 1968 թ. լենինգրադյան փառատոնում։ «Պրոմեթևս» փառատոնում «Եռանկյունին» նվաճել է գլխավոր մրցանակը։

Մրցանակներ ու դիպլոմներ են ստացել մեր մյուս ֆիլմերը ևս։ Կիևում (1966 թ.) «Բարև, ես եմ» նկարն արժանացել է մեր ժամանակակցի կերպարն արտացոլող լավագույն ֆիլմի համար սահմանված դիպլոմին, իսկ «Արտակարգ         հանձնարարություն»–ը՝ հեղափոխականի տպավորիչ կերպար ստեղծելու համար» դիպլոմին։ 1960-ին, Կիևում, «Անձամբ ճանաչում եմ» ֆիլմը համարվել է որպես պատմահեղափոխական թեմայով ստեղծված լավագույն աշխատանք։

«Քաոսը» Բաքվում (1974 թ.) արժանացել է դասական երկի էկրանավորման համար սահմանված դիպլոմին, խրախուսական դիպլոմի է արժանացել Ս. Վահունու «Վարագույրը չի իջնում» ժապավենը։  Տաշքենդի փառատոնում պարգևատրվել է «Հայաստանի ճարտարապետությունը» ֆիլմը։ Դ. Կեսայանի «Բարի լույս», «Սիրո խոստովանություն» ժապավենները բարձր գնահատական են ստացել Յալթայում։ Դերասաններից առավել մեծ հաջողության է հասել Խ. Աբրահամյանը, երկու անգամ նվաճելով տղամարդու դերի լավագույն կատարման համար սահմանված մրցանակները (1970-ին Մինսկում՝ «Սարոյան եղբայրները» ֆիլմում (Գևորգի և 1977-ին Ռիգայում՝ «Երկունք» ֆիլմում Ա. Մյասնիկյանի դերերը կատարելու համար)։ «Պրոմեթևսի» առաջին մրցանակը վավերագրական ֆիլմերի գծով շնորհվել Գ. էմինի, Գ. Մելիք-Ավագյանի ու Ս. Յավուրյանի հեղինակած «Յոթ երգ Հայաստանի մասին» ժապավենին։ «Բարև, Արտյոմ» վավերագրական ֆիլմի համար Գ. Մելիք֊Ավագյանը առաջին մրցանակ է ստացել Կիևում։ Դերասան Կ. Ջանգիրյանը Քիշնևի փառատոնում (1975 թ.) դարձել է երկրորդ մրցանակակիր («Մարդը «Օլիմպոսից»):

Միջազգային փառատոներում մրցանակներ են ստացել կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանը՝ «Մարդ 217» ֆիլմի երաժշտության համար (1948 թ.) Աշոտ Սաթյանը՝ «Սովետական Հայաստան» կինոհանդեսի երաժշտության համար (Կարլովի Վարի, 1951 թ.): Արթուր Փելեշյանը     Օբերհաուզենի փառատոնում  «Մենք» ֆիլմի համար ստացել է խրախուսական մրցանակ։

Թբիլիսիի փառատոնում օպերատորական լավագույն աշխատանքի համար սահմանված մրցանակը շնորհվել է Սերգեյ Իսրայելյանին՝ «Խաթաբալա» ֆիլմի համար։ Հայ կինեմատոգրաֆիստներն ու նրանց աշխատանքները շահել են նաև այլ պարգևներ։ Թվում   է, թե քիչ չէ։ Բայց շատ էլ չէ։

«էկրան», 1978 թ․