Այս նկարներն այլևս իմը չեն․ Հակոբ Պողոսյան՝ մաքուր հոգիներ նկարողը
«Մենք 3000 տարվա պատմություն ունենք, բայց խոսելու մի թեմա՝ պատերազմը։ Լրագրողներն ինձանից նեղանում են, ասում են՝ հետաքրքիր բաներ չեմ պատմում։ Բայց, ախր, պատերազմի հետաքրքիրը ո՞րն է։ Ի՞նչ պատմեմ»,- ասում է Հակոբ Պողոսյանը ու լցնում աչքերը։
Ու հորս տարիքի, հորս սրտի պես բարակ սրտով այս պինդ մարդը ինձ պատմում է պատմություններ, որ պատմելու չեն, որովհետև չպիտի լինեին։
-Դուք քանի՞ պատերազմ եք նկարել։
– Մեկը։ Արցախյան պատերազմը։ Ինձ համար սա մի պատերազմ է՝ 30 տարի ձգվող։ Մենք սովոր ենք անուններ տալ տարբեր պատմական իրադարձությունների, դրանք պատերազմ կոչել։ Նույնը հիմա է՝ «44-օրյա պատերազմ»։ Իմ կարծիքով՝ սա, Ապրիլյան դեպքերը․․․ դրանք ուղղակի ճակատամարտեր են՝ տասնամյակներ ձգվող այս մեծ պատերազմում։
– Ե՞րբ սկսվեց Ձեր պատերազմը։
– 1989-90 թթ․-ին, մինչ այդ բախումներ էին՝ Խորհրդային Միության թույլտվությամբ կամ իմացությամբ։ Բայց դրանից առաջ դեռ պատերազմ չէր։ Հետո սկսվեց պատերազմն ու չավարտվեց։
– Իսկ սա ի՞նչ պատերազմ է․ տարածքային, ինքնության, գոյության․․․
– Իհարկե, գոյության։ Միանշանակ։ Հիմա որոշներն ուզում են այն ներկայացնել որպես տարածքային վեճ, բայց դա այդպես չէ։ Տարածքային վեճը լուծելը հեշտ է․ ինչ ուզում են, տալիս ես և վերջ։ Մեզ համար հայրենիք տալը հե՞շտ է։ Շուշիով անցնելիս մոլլայի ձայն լսելը կամ եկեղեցի տեսնելը, որ մզկիթ է դառնում, հնարավո՞ր է։ Մեզ համար տարածքը Գեղարքունիքն է, Տավուշը, Սյունիքը, որ ուզում են։ Տալո՞ւ ենք։ Սա գոյության կռիվ է, որը, միևնույն է, մի օր պայթելու է, եթե անգամ այսօր սահմաններ գծվեն։
– Ասում են՝ սա ուրիշ պատերազմ էր, նախորդների հետ անհամեմատելի։
– Ճիշտ չեն ասում։ Նույն պատերազմն էր։ Այն ժամանակ էլ էին ուժերը անհամաչափ։ Այն ժամանակ էլ էր երկնքից կրակ թափվում, ոչ անօդաչուների տեսքով, իհարկե, այլ թուրքերի նպաստավոր դիրքերից՝ մեր վրա, որ ներքևում էինք։ Ժամանակները փոխվել են, զենքերը փոխվել են, ամեն ինչ փոխվել է, և դա պետք էր հաշվի առնել։ Ադրբեջանը 30 տարի սպասեց, զինվեց, ուժեղացավ, դաստիարակեց վրեժով լցված սերունդ ու ունեցավ այն, ինչ ունեցավ։ Մենք, ի՞նչ է, սպասում էինք, որ 90-ականների կռիվն էր լինելո՞ւ։
– Եթե նույնն էր, ինչո՞ւ այսքան տարբեր ավարտ ունեցավ։ Ի՞նչն էր փոխվել։
– Ոգին։ Ադրբեջանը 30 տարի առաջ ոգի չուներ։ Մենք գրեթե պարտվել էինք նաև 1992 թ․-ին։ Այդ ժամանակ Վազգեն Սարգսյանը կոչ արեց՝ հայտնի «մահապարտների կոչը», ու խնդրեց 500 մարդ։ Արձագանքեցին 1000-ը, Արցախ հասան 300-ը։ Իհարկե, այդ 300 մարդը չորոշեցին պատերազմի ընթացքը։ Բայց այդ կոչը ոգևորեց սահմանին կանգնած ամեն մեկին։ Հիմա դա չկար։ Այն ժամանակ բոլորը գիտակցված մահի էին գնում, բայց գնում էին նաև ապրելու, որովհետև գիտեին՝ իրենցից հետո իրենց գործը շարունակող լինելու է։ Նույնը Ապրիլյանի ժամանակ էր։ Այդ օրերին «Եղնիկներից» զանգ եմ ստանում, լուսահոգի բժիշկ Նորիկից՝ Նորայր Շահբազյանից։ Ասում է՝ «հետդ սոսինձ բեր»։ Հարցնում եմ՝ ի՞նչ սոսինձ։ Ասում է՝ «ատամի պրոթեզի սոսինձ»։ Հարցնում եմ՝ ինչի՞ համար։ Ասում է՝ «կամավորների համար, բոլորը պրոթեզներով են»։ Իհարկե, այս տղերքը, որ 90-ականներին էին կռվել, արդեն այն տարիքում չէին, որ զենք վերցնեին ձեռքները, բայց իրենք՝ այդ անճար մարդիկ, եկել, կանգնել էին 18 տարեկան զինվորի կողքին, ու դա զինվորին բավական էր։
Հիմա Եռաբլուրն էլ է տարբեր։ Հին հատվածը տխուր է, շատ տխուր, նորը՝ անհասկանալի բան է, ինձ համար անընկալելի։ Չգիտեմ՝ այդ զոհերն ինչի՞ համար էին։ Այնտեղ տղերքն են, որ զոհվեցին, որովհետև չկար կանոնավոր բանակ, բայց հիմա ունեինք բանակ, պետություն, որ պարտավոր էր իր բանակը ամուր պահել։ «Հետք»-ում Հադրութի հրետանավորների մասին նյութ ունենք, որտեղ շատ բնութագրական պահ կա․ երբ ՄՕԲ-ի տղաները սկսում են մեքենաներից իջնել, և ռմբակոծություն է սկսվում, խուճապ է սկսում, վազում են՝ մեքենաների մեջ թաքնվելու։ Մինչդեռ բանակի զինվորները հանգիստ, առանց խուճապի իրենց գործն են անում՝ տանկ են խփում։ Տղերքը սպասում էին հրամանի։ Չկար նահանջի հրաման, չկար նահանջ։ Ու այս դասակի հրամանատարները հզոր մարդիկ էին։ Պատերազմի ընթացք փոխող մարդիկ։ Մեզ բանակ էր պետք, լավ բանակ, և մենք ունեինք դա։ Չնայած՝ բանակին միշտ խանգարողներ են եղել։ Օրինակ՝ ծնողները։ Որովհետև․․․ իրենց երեխաները գնում են զոհվելու։
Բայց մեր ամենամեծ թշնամին խուճապն էր․ անկազմակերպ վիճակը։ Իսկ բանակը պինդ էր, բանակն ամուր էր։ Այդ երեխաները չէին վախենում, 18 տարեկան երեխաները երկիր էին պահում, ու կպահեին։ Երբեմն մտածում եմ՝ 10 օր էլ պատերազմը երկարեր, մենք կհաղթեինք։
Հիմա այս երեխաների վիճակն ավելի բարդ է։ Հիմա բոլորիս վիճակն է բարդ։ Պատերազմի ժամանակ բոլորը նույն ռիթմի մեջ են, նույն գործողությունների, հիմա դա չկա, մնացել է դատարկությունը ու հոգեբանական ծանր վիճակը։ Հիմա ես չեմ կարողանում զոհվածների տուն մտնել։ 90-ականներին զոհվածի տուն էի մտնում և գիտեի՝ ինքն իր ծնողին, կնոջը, երեխային պատրաստել է դրան։ Գիտեի՝ իր ընտանիքն իրեն ընդունում է որպես հայրենիքի պաշտպան։ Այսօր այս երեխաների ծնողները դա չունեն․ իրենք իրենց երեխային անտերության, մսաղացի չէին ուղարկում։
– Ե՞րբ սկսվեց այս պարտությունը։
– Սեպտեմբերի 27-ին։ Կյանքը փոխել է մարդկանց։ 90-ականներին մարդիկ իրար կողքի էին, մեր շենքում հարևաններից մեկը ցախ էր բերում, մյուսը՝ սուրճ, երրորդը՝ կարտոֆիլ։ Հավաքվում էին մեր տանը, իրար հետ խմում այդ սուրճը, ուտում փայտի վառարանի վրա պատրաստած պլեճը։ Ես նույնը տեսնում էի նաև Ստեփանակերտի նկուղներում։ Հիմա դա չկար։ Հիմա Ստեփանակերտի ապաստարաններում մնացել էին անճարները։ Մյուսները մեքենաներով դուրս էին եկել Արցախից։
– Բայց պատերազմը վախենալու է։ Մարդիկ գնում էին, որ չմեռնեին։
– Բա մենք ինչո՞ւ չմեռանք։ Մինչև դեկտեմբեր այնտեղ էինք։ Ես, իհարկե, չեմ ասում, որ երեխաներին պետք էր պահել կրակի տակ, կամ մնալ հանձնվող գյուղում։ Կամ կազմակերպված տարհանում չանել։ Ես ասում եմ․․․ Սեպտեմբերի 27-ին մենք գնում էինք Արցախ, դիմացից Արցախը թողնողների շարասյունն էր գալիս։ «Շուստրի տղերքը» գնում էին հենց առաջին օրը։
Կյանքը թանկ բան է, բոլորի համար։ Բայց կյանքը ամենաթանկը 18 տարեկան երեխաների համար էր։ Իսկ նրանք չէին փախնում։ Տանկերի շարասյունը գալիս էր իրենց վրա, իսկ իրենք չէին վախենում։ 3 օրում 70 տանկ էին խփել։ Եթե ինքը չի վախենում, դու ի՞նչ խղճով վախենաս։ Եթե քեզ պահող երեխան չի վախենում, դու ինչի՞ց ես վախենում։
– Ասում եք՝ պատերազմը նույնն էր նաև 30 տարի առաջ։ Իսկ Ձեր նկարած մարդիկ նո՞ւյնն էին։
– Չէ, այն ժամանակ ես նկարում էի հասուն տղամարդկանց՝ որսորդական հրացաններով, սրած բեղերով, փափախներով, «խարակտերնի» կերպարների, ինչ-որ դերի մեջ, հստակ գիտակցությամբ, թե ով են իրենք, ինչ են անում, հանուն ինչի։ Հիմա նկարում էի երեխեքի, որ դեր չունեին, կենսափորձ չունեին, լրիվ մաքուր էին, մաքուր ու ուժեղ, ու ժպտում էին, բոլորը։
– Ինչո՞ւ սկսեցիք դիմանկարներ անել։
– Դիմանկարներ սկսեցի անել, հիմնականում, անվտանգության նկատառումներից ելնելով, որպեսզի նկարներից հնարավոր չլիներ տեղորոշում անել։ Երբեք չեմ մտածել՝ դիմանկարներ անել, որովհետև, գուցե, դա իրենց վերջին նկարը լինի։ Ես երբեք չեմ մտածել, որ այդ երեխաները զոհվելու են։ Ես մահի մասին չէի մտածում, ո՛չ իրենց, ո՛չ իմ։ Իհարկե, հիմա, երևի, մեծ մասը չկա արդեն։ Ես դա գիտեմ, որովհետև Եռաբլուրում շատերի տապանաքարերին իմ նկարած նկարներն են։ Բայց ես իրենց չեմ նկարել այն մտքով, որ իրենք զոհվելու են կամ հերոս են դառնալու։ Շատերը հարցնում են՝ «ուրա՞խ ես, որ նկարներդ տարածվում են»։ Ինչո՞վ ուրախ լինեմ, տապանաքարի նկարներո՞վ։
– Բայց ստացվեց, որ շատերի համար վերջինն էին։ Դուք վերջինը նկարեցիք Շուշիում մնացած երեխաներին։
– Երևի վերջինը, չգիտեմ։ Բայց ես չէի պատկերացնում, որ դա վերջինն է։ Նոյեմբերի 7-ն էր, ու ես չէի էլ պատկերացնում, որ դա Շուշիի վերջին օրն էր։
– Իսկ զինվորները։
– Իրենք էլ չէին մտածում։ Երբ մոտեցանք հայտնի ժպտացող երեխային, մոր հետ էր խոսում։ Ասում էր, որ ամեն ինչ լավ է, մորը սիրտ էր տալիս, ժպտում էր։ Հետո ամաչում էր խոսել մեզ հետ։ Հազիվ համոզեցինք։ Պարզվեց, որ դա իր վերջին նկարն էր։ Հետո ծնողներն եկել էին խմբագրություն, խնդրել այդ նկարը։ Ու հարցրել էին՝ ի՞նչ տրամադրություն ուներ վերջին ժամերին։ Երևի ուրախ էր, մոր հետ էր խոսել։
– Դժվա՞ր էին խոսում զինվորները։
– Շատ, ամաչում էին, չէին ուզում խոսել։ Մի անգամ մի երեխայի մոտեցա, խրամատ էր փորում։ Հարցրեցի՝ ի՞նչ ես անում։ Ասաց՝ «հոպար, մարդ ենք սպանում, բայց մենք մարդասպան չենք»։
– Հետո նայո՞ւմ եք Ձեր նկարածը։
– Երբեք։ Երբ զանգում, ինչ-որ նկար են խնդրում, իհարկե, նայում եմ, գտնում, տալիս եմ։ Բայց ինքս երբեք չեմ նայում։ Չեմ կարողանում։ Շուշիի ժպտացող երեխային մինչև հիմա էլ հիշում եմ․ ձեռքերը՝ սև, յուղի մեջ կորած։ Չեմ նայում, ու երբեք չեմ էլ մտածում, որ նկարները վերցնում են, օգտագործում տարբեր տեղերում։ Ես մտածում եմ, որ այս նկարներն այլևս իմը չեն։ Բոլորինն են, ում համար դա կարևոր է։
– Հիմա հաճա՞խ եք լինում Արցախում։
– Այո, հաճախ։ Բայց հիմա ավելի բարդ է։ Առաջ մի ճանապարհով գնում էի Արցախ, մյուսով հետ գալիս։ Առաջ ես էի տերը։ Հիմա ես էլ տեր չեմ այս երկրին։
– Դեռ քանի՞ պատերազմ եք նկարելու։
– Հույս ունեմ՝ վերջինը։
– Լինելո՞ւ է։
– Այս հարցն ուրիշ լուծում չունի։
Հարցազրույցը՝ Սոնա Մարտիրոսյանի
Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի