Ռոբերտ Մաթոսյան․Տասնվեց տարեկանում ստալինյան մրցանակ
Ռոբերտ Մաթոսյանի անտիպ «Մասնագիտությունը կինոռեպորտյոր» գրքից ուշագրավ պատառիկներ․․․
***
1972 թվականին Ֆրունզե Դովլաթյանը, Պերճ Զեյթունցյանի սցենարով նկարահանեց «Երևանյան օրերի խրոնիկա» ֆիլմը, որն իր տեսակի մեջ նորույթ էր հայկական կինոյում : Մի կողմ թողնելով ֆիլմի ճակատագրի շուրջ ծավալված իրադարձությունները , հենց սկզբից ասեմ , որ այդ կինոնկարը մեր կինոյի իմ սրիած ֆիլմերից մեկն է…Եվ որպեսզի ինֆորմացիայի առումով թերարժեքության տպավորություն չթողնի , երկու սերիայի համար նկարահանված նյութը կրճատվեց՝ դարձնելով նախատեսվածը, մեկ սերիա… Դա երկար-բարակ պատմություն է..
Ֆիլմի առաջին ցուցադրության առիթով Ֆրունզե Դովլաթյանը, Խորեն Աբրահամյանը, Պերճ Զեյթունցյանը և ես մի քանի օր Արարատյան դաշտի շրջանների կինոթատրոններում հանդիպումներ էինք ունենում հանդիսատեսների հետ : Այն էլ ասեմ , նույնիսկ եթե ֆիլմը բարդ էր, սակայն ցուցադրմանը ներկա էր տվյալ կինոնկարի ռեժիսորը , դերասանը, սցենարի հեղինակը , կոմպոզիտորը , հաշվեք դահլիճները լեփ-լեցուն էին…
Նման մի հադիպումից հետո Դովլաթյանին ասացի.
– Ֆրունզե Վաղինակի , դե գիտեք իմ վերաբերմունքը ֆիլմի նկատմամբ , սակայն կածիք կա , որ Ֆելինիի ազդեցությունը ֆիլմում շատ մեծ է… Մի պահ մտածեց ու մի տեսակ թախծոտ ձայնով ասաց.
– Ես մեղավոր եմ ,որ իմ մտածածը մինչև թողնում են էկրան բարձրանա, էնտեղ Ֆելինին արդեն նկարած է լինում…
Չնայած լիիրավ համաձայն էի նրա հետ , սակայն հետին թվով պիտի ասեմ, որ այդ ժամանակները , հայկական ազգային կինոյի զարգացման ամենաբուռն շրջանն էր..
***
Դրվագներ` 1-2. «Երևանյան օրերի խրոնիկա» (դերակատարներ Խորեն Աբրահամյան , Գուրգեն Ջանիբեկյան): 2. «Դավիթ Բեկ» ( ռեժ՝. Հ . Բեկնազարյան, դերակատարներ Հրաչյա Նեսիսյան , Ֆրունզե Դովլաթյան): 3 . « Երկունք» ( Ալ. Մյասնիկյանի դերակատար՝ Խորեն Աբրահամյան) ֆիլմերից :
Տասնվեց տարեկանում ստալինյան մրցանակ
Ֆրունզե Դովլարյանը կինեմատոգրաֆիական իր գործունեությունը սկսել է 1944 թվականին Համո Բեկնազարյանի «Դավիթ Բեկ» ֆիլմից, որտեղ խաղացել է երիտասարդ Մելիք Մանսուրի դերը և 16 տարեկան հասակում արժանացել Ստալինյան մրցանակի: Այնուհետև, 1947-ին նկարահանվել է Բեկնազարյանի «Անահիտ» ֆիլմի գլխավոր հերոս Վաչագանի դերում: Համամիութենական կինոինստիտուտի (ВГИК) Սերգեյ Գերասիմովի արվեստանոցի իր համակուրսեցի Լև Միրսկու հետ Մոսկվայում նկարահանում է «Դիմա Գորինի կարիերան» (1961թ.) և «Առավոտյան գնացքներ» (1963թ.) խաղարկային ֆիլմերը: Սակայն ինչպես Դովլաթյանի, այնպես էլ հայկինոյի համար բեկումնային շրջան է սկսում, երբ նա կինոդրամատուրգ Առնոլդ Աղաբաբովի սցենարով 1965-ին նկարահանում է «Բարև, ես եմ» երկսերիանոց խաղարկային կինոնկարը: Ֆրանսիացի հայտնի կինոքննադատ Ժորժ Սադուլը «Բարև, ես եմ» ֆիլմը դիտելուց հետո ասել է. «Ով հետաքրքրվում է նորագույն ֆիլմերով, պետք է հիշի Ֆրունզե Դովլաթյանի անունը»:
Երեք տարի անց նա «Սարոյան եղբայրներ» ֆիլմի գեղարվեստական ղեկավարն էր և գլխավոր հերոսներից մեկի` Հայկի դերակատարը: 1972-ին Դովլաթյանը Պերճ Զեյթունցյանի սցենարով նկարահանում է «Երևանյան օրերի խրոնիկա» ֆիլմը, որն իր տեսակի մեջ ինքնատիպ է և ասելիքի մեծագույն պաշար ունի: Նրա հաջորդ` 1976 թվականին Արմեն Զորաբովի սցենարով նկարահանած «Երկունք» երկսերիանոց ֆիլմում ներկայացված է պետական ու հասարակական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի հայրենանվեր գործունեությունը: Խորեն Աբրահամյանի կերտած Մյասնիկյանի կերպարի միջոցով վեր է հանվում հայ ժողովրդի ողբերգական ու գոյատևման դժվարին մի ժամանակաշրջան: Նա հեղինակն է նաև «Ապրեցեք երկար» (1979թ.), «Մենավոր ընկուզենի» (1987թ.) և «Կարոտ» (1990թ.) ֆիլմերի:
Ֆրունզե Դովլաթյանի ընտանիքը իրավամբ կարելի է կինոգերդաստան անվանել՝ տղան՝ Միքայել Դովլաթյանը հանրաճանաչ ռեժիսոր է, կինը մոնտաժուհի, մյուս տղան՝ Արմեն Դովլաթյանը նույնպես ռեժիսոր, սցենարիստ , իսկ Դավիթը կինոյով շաղախված, կինոյին մոտ կանգնած մարդ է և էլի կարելի է շարունակել…
Վերջին հանդիպում
Ֆրունզե Դովլաթյանի հետ իմ վերջին հանդիպումը «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն Մարտին Ադոյանի առանձնասենյակում էր: Ասաց` Վիբորգում պիտի իր ֆիլմերի ռետրոսպեկտիվ ցուցադրումը կազմակերպվի:
– Իսկ 70-ամյակդ ե՞րբ ենք պաշտոնապես նշելու…
– Շուտով, շուտով… Ափսոս Քյավառ չգնացինք, տղերքը նախապատրաստվել էին…
Ասում եմ` ՆԳ մշակույթի պալատում Մալյանի սաները ի՜նչ հրաշալի երեկո էին կազմակերպել…
– Շատ ապրեն, լավ էր…
– Ֆրունզե Վաղինակի, եթե անկեղծորեն խոստովանեմ, Մալյանից հետո նրա տեղն էլ եմ քեզ սիրում… Հուզվում է…
– Լրիվ մենակ եմ, ես թոհուբոհի մեջ ես մենակ մնացի:
Կինոյի համար ինչե՜ր կարող էինք անել, եթե Հենրիկը լիներ… Ասա, այ սիրելիներս, տեր կանգնեիք կինոյին, (շեշտում է) տեր կանգնեիք կինոյին: Այս դժվարին ժամանակներում օգնեիք, հետո մենք ինքներս կհաղթահարեինք…
Այս նախադասությունները Դովլաթյանը արտաբերում է մի տեսակ դառնացած, հոգոց հանելով, հավատը կորցրած…
Այդ հանդիպումից օրեր անց կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի հետ հեռխաոսազրույցից իմացա , որ երեկոյան Դովլաթյանը մահացավ…
Մահացավ իր տաղանդաշատ սերնդի վերջին մոհիկանը…
***
Ու հիմա, տարիներ անց, մտովի վերհիշում եմ, երբ երեքով` Ֆրունզե Դովլաթյանը, Իրեն Օրդուխանյանը և ես իրենց տանը ջոկջոկում ու տեսակավորում էինք ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանն արժանանալու կապակցությամբ երկրի տարբեր ծայրերից ստացած հարյուրավոր հեռագրերն ու նամակները:
Մտածում եմ ինչից սկսել մեր զրույցը, մեկ էլ ինքն է խորհուրդ տալիս, որ եկ այս նամակների հեղինակներին պատասխանենք: Իսկ նրանց հետաքրքրում էր, թե որտեղ է ծնվել Դովլաթյանը, ինչ խառնվածքի տեր է, ինչու է ռեժիսոր դարձել: Ներկայացնում եմ մոտ 40 տարի առաջ կայացած հարցազրույցից մի հատված:
– Ծննդավայրս այն ժամանակ աշխարհից, Երևանից կտրված Նոր Բայազետն էր, իր յուրօրինակ կենցաղով, վարք ու բարքով. «Գորոյենց սադով», հին, խորհրդավոր գերեզմանատներով: Ի դեպ, այստեղ նկարահանեցինք «Սարոյան եղբայրներ» ֆիլմի որոշ դրվագներ: Երեխաներով այստեղ էինք հավաքվում ու կարդում Րաֆֆու «Սամվելը», «Խենթը», «Խաչագողի հիշատակարանը», մայլա-մայլա կռիվ անում, հետո իջնում գետ` ձուկ բռնելու:
Ահա այն կոլորիտն ու մթնոլորտը, որտեղ անցել է իմ մանկությունը: Թատրոնի և, ընդհանրապես, արվեստի նկատմամբ իմ առաջին սերն արթնացել է հենց այդ մթնոլորտում: Նոր Բայազետում գործում էր թատերական խմբակ, որի ակտիվ մասնակիցները հայրս ու հորեղբայրս էին: Հիշում եմ հեռագրիչ հորս, որ Մոսի էր խաղում, հորեղբորս, որ այն ժամանակ թղթակցում էր «Խաթաբալա» երգիծական հանդեսին` Պիստոն Ճլթյան մականունով: Այժմ, երբ մտաբերում եմ Բայազետի թատերական խմբակի խաղացանկն ու ներկայացումները, ինձ զարմացնում է այն հումորն ու երգիծանքը, որ բնորոշ էր ոչ այնքան պիեսի հեղինակներին, որքան հենց իրենց` բայազետցիներին: Սեփականը շաղախվում էր բեմադրությանը, և դժվար էր որոշել, թե որտեղ է հեղինակը, որտեղ բայազետցին:
Երեխաներով բարձրանում էինք «դարի» գլուխը` նրանց խաղը դիտելու: Այնուհետև, ընդօրինակելով մեծերին, ինքներս էինք խաղում, իսկ առաջին կինոնկարի դիտումը բոլորովին նոր աշխարհ բացեց երեխաներիս: Կինոժապավենի ուժն այնքան մեծ էր, որ մենք մոռացության տվեցինք Բայազետի թատերախմբում մեր ծնողների խաղը: Տասներեք տարեկան էի, երբ տեղափոխվեցինք Երևան: Նոր միջավայր, նոր նիստուկաց, այս ամենը, չգիտես ինչու, ինձ դարձրին պասիվ աշակերտ, սկսեցի վատ սովորել: Չգիտես ինչու, Բայազետում ընդունված էր, որ դաս պատասխանելիս պիտի բարձր խոսել: Դա նույնիսկ դրական բան էր համարվում: Երևանում դաս պատասխանելիս այդ առոգանությանը ավելացնում եմ ավելի բարձր տոն:
Սկսած ուսուցչից, բոլորը ծիծաղում են: Այդ օրվանից գնում եմ Պիոներպալատի թատերական խմբակ, որտեղից էլ որոշ ժամանակ անց մեկնում եմ Միկոյան (ներկայիս Եղեգնաձոր), աշխատանքի անցնում տեղական թատրոնում:
Հետո, 1942 թվականին, պատերազմի ծանր տարիներին ընդունվում եմ Գ.Սունդուկյանի անվան թատրոն: Խաղացել եմ մեր թատրոնի այն տարիների դերասանական փառավոր համաստեղությունների` Վահրամ Փափազյանի, Արուս Ոսկանյանի, Հրաչյա Ներսիսյանի, Ավետ Ավետիսյանի, Վաղարշ Վաղարշյանի, Դավիթ Մալյանի և այլոց հետ: Հիշում եմ մի այսպիսի դեպք: Փորձերից մեկի ժամանակ ես խաղում էի սենատորի դերը: Այնքան էի տարվել Վահրամ Փափազյանի խաղով, որ փոխանակ իմ խոսքն ասեմ վարպետին, նա է ինձ մոտենում և հարցնում.
– Մանչս, իսկ դու գիտե՞ս, թե ինչ է նշանակում սենատոր, լուրջ մտածե՞լ ես, թե՞ պարզապես սենատոր ես խաղում, – և, չսպասելով պատասխանի, ավելացրեց.
– Այդ դեպքում` լսիր. մի անգամ, երբ Ալեքսանդր Մակեդոնացին հորդառատ գետ պիտի անցներ, մտազբաղ քայլում էր գետի երկայնքով: Տեսնելով ափի մոտ նստած զինվորին, հարցնում է` անունդ ի՞նչ է:
– Ալեքսանդր, – ոտքի կանգնելով պատասխանում է զինվորը:
– Ալեքսանդր, – կրկնում է զորավարը, – այդ դեպքում կա՛մ անունդ փոխիր, կա՛մ էլ գետն անցիր: – Վարպետը շոյում է գլուխս ու ավելացնում, – մանչս, հիմա կա՛մ անունդ փոխիր, կա՛մ էլ գետն անցիր…
– Հիրավի, ինձ բախտ վիճակվեց խմորման շրջանում թատրոնում լսել մեր սքանչելի մեծերին, լինել նրանց կողքին:
Մի անգամ Գուրգեն Ջանիբեկյանն ասաց.
– Հ.Բեկնազարյանը սկսել է «Դավիթ Բեկ» ֆիլմի նկարահանման աշխատանքները և քեզ նման տղա է պետք, գնա ստուդիա` բախտդ փորձիր:
Բեկնազարյանը սիրալիր ընդունեց, հարցուփորձ արեց, հետո ասաց, որ ջահել եմ, բայց միաժամանակ պատվիրեց, որ հասցես վերցնեն: Անցավ մեկ ամիս, չեն կանչում, ինքս գնացի: Ռեժիսոր Արշավիր Սամվելյանն ինձ տեսնելուն պես մի տեսակ զայրացավ, թե ինչո՞ւ եմ նոր գալիս:
Նորից` Բեկնազարյանի մոտ: Հենց տեղում գրիմ են անում, զննում, և ես հաստատվում եմ Իշխան Մանսուրի դերում: Այդ օրվանից էլ սիրեցի կինոն, նրա մթնոլորտը: Այնուհետև Մոսկվա` Համամիութենական կինոինստիտուտ: Սովորեցի խորհրդային կինոյի նշանավոր վարպետներից մեկի` Սերգեյ Գերասիմովի արվեստանոցում, որին ես շատ բանով եմ պարտական…
Ռոբերտ Մաթոսյան
Լուսանկարները՝ Ռոբերտ Մաթոսյանի արխիվից։
«Մասնագիտությունը կինոռեպորտյոր» անտիպ գրքից։