Փարիզի Պոմպիդու արվեստի կենտրոնի հավաքածուն Եվրոպայի ամենալայնածավալ և հարուստ արվեստի նմուշների հավաքածուն է։ Այն ունի ավելի քան 120 000 արվեստանմուշ, և այսուհետ դրանց պատվավոր շարքում իրենց մնայուն տեղը գտան Սերգեյ Փարաջանովի  երեք կարճամետրաժների վերականգնված ժապավենային պատճենները․ «Կիևյան որմնանկարներ» (1966թ.), «Հակոբ Հովնաթանյան» (1967թ.), «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1985թ.) ֆիլմերի «Տրիպտիխը» (եռաֆիլմ)։ 

Դեկտեմբերի 15-ին՝ երեկոյան, Պոմպիդու արվեստի կենտրոնի կինոսրահը լեփ-լեցուն էր Փարաջանովի արվեստի սիրահարներով։ Վերականգնված այս ֆիլմերի ցուցադրության բացումն արվեց Պոմպիդու արվեստի կենտրոնի տնօրենի և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանի կողմից։ Լոս Անջելեսից հատուկ այս առիթով ժամանած Դանիել Բըրդը, որը  Հայաստանի ազգային կինոկենտրոնի գործընկեր` «Հայ կինոյի դասականներ» ծրագրի համակարգող և ֆիլմերի վերականգնման փորձագետն է, հանդիսատեսին պատմեց կատարված լայնածավալ աշխատանքների և Հայաստանի հետ ունեցած իր համագործակցության մասին։

«Հակոբ Հովնաթանյան» վերականգնված կարճամետրաժ ֆիլմը ինչպես  հանդիսատեսին ներկայացրեց փորձագետը, պատմում է 19- դարի հայտնի նկարիչ Հակոբ Հովնաթանյանի արվեստի մասին։ «Այն նկարահանված է Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում, այս աշխատանքը հատկապես կարևորվում է ձայնի օգտագործմամբ, կարելի է նույնիսկ ասել՝ լռությամբ։ Եվ դա ամենևին զարմանալի չէ, քանզի հայտնի է, որ այն ծառայել է որպես ավարտական դիպլոմային աշխատանք հնչյունային օպերատոր Յուրի Սայադյանի համար։ Պյեռ Շեֆերի և Պիեռ Անրիի աշխատանքների ներշնչանքով, Սայադյանը «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի երաժշտությանը մոտեցել է որպես կոնկրետ երաժշտության ստեղծագործության»,- փաստեց Դանիել Բըրդը։

Ըստ Դենիել Բըրդի ցուցադրվող երեք ֆիլմերից, թերևս ամենակարևորը «Կիևյան որմնանկարներն» է, մասնավորապես, այն պատճառով, որ ֆիլմում  դեռևս սաղմնային տեսքով բացահայտվում է «Նռան գույնի» բանաստեղծական գեղագիտությունը։ Ֆիլմն իրենից ներկայացնում է կամերայի տարբեր փորձերի միացություն, ցավոք ֆիլմն այդպես էլ չնկարահանվեց։ «Կիևյան որմնանկարները» պաշտոնապես պատվիրվել էր «Դովժենկո» ստուդիայի կողմից՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի տարեդարձի։ Ինչպես վերնագիրն է հուշում, ֆիլմը կինեմատոգրաֆիական որմնանկարների հաջորդականություն է, որոնցում մերժվում է նատուրալիզմը և ընդունվում վարպետություն։ Կտավներն ամենուր են, լինի Հեթմանի Պարսունան  կամ ուկրաինացի գեղանկարիչ Հրիհորի Հավրիլենկոյի «Երկու կին բնության մեջ» ժամանակակից աշխատանքը: Այն ինչն իրականում  կարող էր դառնալ սերունդների համար պահպանված կամերայի փորձարկումների հաջորդականություն, վերածվում է ստեղծագործության, որը ծառայում է և՛ որպես պատմական փաստաթուղթ, և՛ որպես արվեստագիտական ​​մտադրության արտահայտում:

Ինչ վերաբերում  է տրիպտիխի վերջին ֆիլմին՝ «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» կարճամետրաժին, Բըրդը մեկնաբանեց, որ այն նկարահանվել է «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» (1984) ֆիլմից քիչ ժամանակ անց։  «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» աշխատանքը «Հակոբ Հովնաթանյանի» միաժամանակ և՛ լրացնող դետալն է, և՛ զարգացումը: 20-րդ դարի սկզբի հայտնի վրացի նկարչի  աշխատանքները դառնում են և՛ Փարաջանովի թեման, և՛ անուրջ-ֆանտազիաների ձայնակարգությունը՝ ներկացնող Փիրոսմանիի անձն ու իր աշխատանքների թեմաները: Ֆիլմում անեզր տխրության զգացողություն է տիրում։ Հակոբ Հովնաթանյանի նման Փիրոսմանիի ապրուստը խավարվում է վեր բարձրացող լուսանկարչության տեխնոլոգիայով: Այնուամենայնիվ, երկու ֆիլմերը, չեն սահմանափակվում ողբով՝ վտանգված պատկերագրական ժանրի մասին, այլ երևան են հանում նախահեղափոխական հին Թիֆլիսի անուրջներն ու ֆանտազիաները:

Դանիել Բըրդի այս չափազանց հետաքրքիր ներածականից  հետո, սրահը սուզվեց 45 րոպե տևողությամբ գեղեցիկ եռաֆիլմի դիտմանը․ ընդամենը 45 րոպե, որի ավարտից հետո հանդիսատեսը լքեց սրահը  Փարաջանովի ֆիլմերին այդքան հատուկ անեզր մաքրության և խորը նրբագեղության զգացողությամբ։

ՀԳՖիլմերը վերականգնվել են «Հայկական կինոյի դասականներ» նախագծի շրջանակներում Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Համո ԲեկՆազարով» նախագծի կողմից: Վերականգնումը հովանավորել են FIXAFILM  և Կինոկլասիկա կազմակերպությունները:

 Վերականգնված ֆիլմերի նոր` 35 մմ ժապավենային պատճենների տպագրությունը հովանավորել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը /ՀԲԸՄ/` Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Պոմպիդու կենտրոնի, Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի (MoMA), Դովժենկո կենտրոնի և «Վրացֆիլմ»  կինոստուդիայի մշտական արխիվային հավաքածուների համար:

Փարիզ , 2021, Պոմպիդու արվեստի կենտրոն

Լիլիթ Սոխակյան