2012 թվականին Կաննի կինոփառատոնի պատմության մեջ առաջին անգամ ժյուրիի անդամ է հրավիրվում մոդելագործ Ժան Պոլ Գոտիեն։ Այդ արտասովոր ընտրությունը փառատոնի տնօրեն Թիերի Ֆրեմոն բացատրում է նրանով, որ չափազանց կարևոր է ժյուրիում ունենալ կինոյի ոլորտից դուրս գոնե մեկ մասնագետ, «․․․նրա կարծիքն ինքնաբուխ էր»։

Այդ օրվանից գրեթե տասը տարի անց՝ 2021 թվականի աշնանը, «Սինեմատեկ Ֆրանսեզը» հրավիրում է այդ նույն Ժան Պոլ Գոտիեին՝ համադրելու հերթական թանգարանային՝ «CinéMode» ցուցադրությունը։ Սինեմատեկի ընտրությունը պատահական չէ, քանզի Գոտիեն իր աշխատանքային կենսագրության ընթացքում բազմիցս համագործակցել է աշխարհահռչակ ռեժիսորների և դերասանների հետ։ Ավելին, դեպի նորաձևության աշխարհ նրան բերել է ոչ թե «Վոգը», այլ ֆրանսիացի ռեժիսոր Ջեկ Բեքերի «Falbalas» (1945) մելոդրաման։

«Մոտ տասներեք տարեկան էի, կեսօր էր, երբ հեռուստատեսությամբ ցուցադրում էին «Falbalas» ֆիլմը: Հիշում եմ՝ ինչ շոկ ապրեցի։ Վայրկյանական դարձա այդ ֆիլմի գերին՝ ինձ նույնացնելով մոդելագործի կերպարի հետ։ Ֆիլմն այնքան իրատեսական էր, որ դրա ավարտին ես արդեն հստակ գիտեի, ինչով եմ ցանկանում զբաղվել ապագայում»,մեկնաբանում է Ժան Պոլ Գոտիեն՝ «Սինեմատեկ Ֆրանսեզում» կազմակերպված հանդիպման ժամանակ։

«CinéMode»  ցուցահանդեսը ներկայացնում է Մերիլին Մոնրոյի, Բրիջիդ Բարդոյի, Օդրի Հեփբերնի, Կատրին Դընյովի նրբագեղ զգեստները, Ռոկիի շորտերը,  Սուպերմենի և Վեստերնի հերոսների կոստյումները, և տասնյակ այլ կինոյի և բարձր նորաձևության նմուշներ։ «Սինեմատեկ Ֆրանսեզի» բառացիորեն ասեղնագործած այս ցուցահանդեսի համադրողը՝ Ժան Պոլ Գոտիեն, խոստովանում է, որ կինոյի ոլորտում ունի շատ էկլեկտիկ ճաշակ, հիանում է թե՛ Լյուկ Բեսոնի, թե՛ Պեդրո Ալմոդովարի, թե՛ Փիթեր Գրինուեյի աշխատանքներով։ Գոտիեն սիրում է զարմացնել, օրինակ՝ համագործակցելով Լյուկ Բեսոնի հետ «Հինգերորդ տարրը» ֆիլմի շուրջ, նա Բրյուս Ուիլիսի կերպարի համար ստեղծում է ոչ թե բոլորի կողմից ակնկալվող ֆուտուրիստական ոճի հագուստ, այլ իննսունական թվականների նորաձևության նմուշ, որն արդյունքում դառնում է հիանալի լուծում։

«CinéMode» ցուցահանդեսի շրջանակներում առանձնահատուկ սիրով է ներկայացված ռեժիսոր Պեդրո Ալմոդովարին նվիրված գլուխը։ Ժան Պոլ-Պեդրո փոխադարձ հիացմունքը ութսունական թվականներին սկիզբ է դնում ընկերության և երկարատև համագործակցության․ 1994-ին Գոտիեն նախագծում է Վիկտորիա Աբրիլի հագուստը «Կիկա» ֆիլմում: Ապա հաջորդում են «Վատ դաստիարակություն» և «Մաշկը, որի մեջ ես ապրում եմ» ֆիլմերի դերասանների մոդելավորումները։ Գոտիեի էքսցենտրիկ ոճը լիովին համապատասխանում է իսպանացի ռեժիսորի խենթ ու զգայական տիեզերքին։

«Ժան Պոլի հետ միասին, մենք օգտագործում ենք սեքսուալությունն այն եղանակով, որը շատերին կարող է թվալ սկանդալային։ Պատահական չէ, որ մեզ օծել են «սարսափելի երեխաներ» մականվամբ, թեպետ երկուսս էլ բավականին անմեղ արարածներ ենք։ Ոչ մի վատ կամ անառողջ բան չկա մեր աշխատանքներում հաճախ հանդիպող սեքսուալության մեջ: Ամեն ինչ պտտվում է բնականի և նախապաշարմունքների բացակայության շուրջ: Եվ իհարկե՝ հումորի զգացողության»- ներկայացնում  է Ալմոդովարը՝ իր համագործակցությունը Ժան Պոլ Գոտիեի հետ։

 

Ցուցահանդեսի միջոցով, Գոտիեն կինոսեր հանրությանը բացատրում է, որ նորաձևությունն իրականում շատ կինեմատոգրաֆիական դաշտ է։ Երբ մոդելագործը պատրաստվում է նոր դեֆիլեի, նա փնտրում է մոդելների, ճիշտ ինչպես կինոյի համար ռեժիսորն է փնտրում դերասան-դերասանուհիների, ցանկալի է, իրենց տեսքով եզակի և ոգեշնչող։ Դեֆիլե նախագծելիս, մոդելագործը դառնում է միաժամանակ և՛ սցենարիստ, և՛ ռեժիսոր։

«CinéMode»  ցուցահանդեսը մինչև հունվարի 16-ը շարունակելու է իր այցելուներին պատմել կինոյի և նորաձևության խաչաձև պատմություններ, որտեղ մեծ ոճաբաններն ու կինոաստղերը հավաքվում են Ֆրենկ Գեհրիի նախագծած շքեղ «Սինեմատեկ Ֆրանսեզի» պատերի ներքո:

Լիլիթ Սոխակյան

Փարիզ, 2021