«Ֆիլմն իմ ընտանիքի մասին է, մեր ժողովրդի մասին:

Դա պարտքն է մայրիկիս առաջ»:

Ա.Վերնոյ

Այս տարվա հոկտեմբերի վերջին Երևանում տեղի ունեցավ «Ազգային կինո` համամարդկային ժառանգություն. վերանայման, պահպանության և հանրայնացման խնդիրներ» վերտառությամբ գիտաժողով, որը նվիրված էր Անրի Վերնոյի 100-ամյակին: Զեկույցներով հանդես եկած մեր կինոհանրության ներկայացուցիչներից և բազմաթիվ հյուրերից բացի, միջոցառմանը բնականաբար մասնակցեց նաև անվանի ռեժիսորի որդին` Պատրիկ Մալաքյանը: Վերջինս Երևանում էր և 2015-ին, երբ Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոսրահն անվանակոչվեց հոր` Անրի Վերնոյի անունով, ինչպես և ԵԹԿՊԻ շենքի դիմացի նեղլիկ փողոց-նրբանցքն այդուհետ սկսեց կրել մեր հռչակավոր հայրենակցի անունը:

Հայոց Մեծ եղեռնից մեկ դար անց, 2015 թվականի ապրիլյան այդ օրը հիշարժան էր նաև, քանի որ Մատենադարանի հարևանությամբ, Երևանի Կամերային թատրոնում տեղի ունեցավ Անրի Վերնոյի (իսկական անունը` Աշոտ Մալաքյան) «Մայրիկ» ինքնակենսագրական գրքի երկրորդ վերահրատարակության շնորհանդեսը, որին պատիվ եմ ունեցել ներկա լինելու: Եվ այդ ժամանակ էր, որ Պատրիկ Մալաքյանը ներկայացրեց գրքի ի հայտ գալու պատմությանն առնչվող հետաքրքիր, ավելի շատ կինոյի նմանվող մի դրվագ, որը խճանկարի կամ այսպես կոչված` «փազըլի» կանոններով յուրովի համալրեց մինչ այդ հայտնի փաստերն ու տեղեկությունները, որոնք, առանց չափազանցության, իր «ոսկե գրչով» ժամանակին ներկայացրել էր մեր տաղանդավոր լրագրող, պատմական գիտությունների թեկնածու Իոսիֆ Վերդիյանը ռուսական «Նովայա գազետա» թերթի էջերում հրատարակված «Նրանց, ով չէր գոռում` «ՄԱՅՐԻ՛Կ»» (Тем, кто не кричал «МАЙРИК!», 2002) էսսեում:

 Փաստերի ժամանակագրական ընթացքը պահպանելով` նախ ներկայացնենք Վերդիյանի մեկնաբանությունը.

«Ինչպե՞ս ծնվեց «Մայրիկ» կինոնկարի գաղափարը. մի քանի անգամ հեռուստատեսությամբ և նեղ շրջապատում Վերնոյն առիթ էր ունեցել հանդես գալու մոր մասին պատմություններով, անձնական հիշողություններով, որոնք արժանացել էին ունկնդիրների հիացմունքին: Եվ մի անգամ Անրի Թրուայան (հայկական ծագումով ֆրանսիացի հայտնի գրող, իսկական անունը` Լևոն Թորոսյան – Ս. Գ.), որի հետ կինոռեժիսորը բավական մտերիմ էր, խորհուրդ տվեց թղթին հանձնել դրանք, ասելով, որ այդպիսի գիրքն ավելի շատ ուշադրության կարժանանա…»:

Արդ հավելենք 2015-ին վերոհիշյալ շնորհանդեսի ընթացքում ռեժիսորի ավագ որդու` Պատրիկ Մալաքյանի պատմածը.

«Հեռուստատեսային թոք-շոուներից մեկի ժամանակ հայրս հերթական անգամ պատմեց մոր մասին: Եվ հաջորդ օրը նրան զանգահարեցին հեռուստատեսությունից, ասելով, որ ինքը նամակներ ունի, որ ստացել է հեռուստադիտողներից: Նա խնդրեց դրանք փոստով իրեն փոխանցել: Պատասխանեցին, որ չեն կարող. ի՛նքը պետք է գնա դրանց հետևից: Հայտնվելով հեռուստաընկերությունում, ի զարմանս իրեն, ռեժիսորը տեսավ մի ամբողջ բեռնատար մեքենա` լի ծրարներով…»:

Այդպես նրան շնորհակալություն էին հայտնել Ֆրանսիայի հեռուստադիտողները, քանի որ բյուր մարդիկ, լսելով ռեժիսորի մոր մասին պատմությունները, հիշել և զանգահարել էին իրենց ծնողներին: Այս դեպքը Թրուայայի կոչից հետո է՛լ ավելի ոգեշնչեց Անրի Վերնոյին:

Սակայն դրան նախորդել էր ևս մի պատմություն, որ վերջերս եմ լսել արվեստագիտության դոկտոր Մարգարիտա Ռուխկյանից, որ կինոգետ Կարեն Քալանթարի այրին է: Դա տեղի է ունեցել 1980 թ. Անրի Վերնոյի Հայաստան կատարած այցելության օրերին: Ռեժիսորը հայրենիքը տեսնելու, իր հայրենակիցներին ճանաչելու անհագ ծարավով էր տոգորված: Մի օր իրենք հիանալի խմբով` Հենրիկ Մալյան, Սոս Սարգսյան, Կարեն Քալանթար և Մարգարիտա Ռուխկյան, հատուկ հրավերով մեկնում են Հոկտեմբերյան (այժմ` Արմավիր) հայկական ավանդական խաշ ուտելու: Ճանապարհին հանկարծ Վերնոյը խնդրում է կանգնել և դուրս գալով մեքենայից ոգևորված ասում է. «Ես լսեցի իմ մանկության հոտը…»: Տիկին Մարգարիտան պատմելիս ընդգծեց Վերնոյի արտասանած բառը` «լսեցի»: Որքա՜ն պոեզիա կար այդ արտահայտության մեջ: Հիրավի, ինչ անսահման է հայրենիքի զգացողությունը` Ռոդոստոյում ծնված և մինչև չորս տարեկան ապրած ռեժիսորը, որ հետագայում ընտանիքով տեղափոխվել է Հունաստան ու վերջնականում հաստատվել Ֆրանսիայում, Արարատից այս կողմ, Խորհրդային Հայաստանում շրջագայելիս առնում է իր մանկության հոտը:  Այնուհետև Հենրիկ Մալյանը հարցնում է Վերնոյին, թե ինչո՞ւ նա չի նկարում ֆիլմ ցեղասպանության մասին: Եվ ռեժիսորը պատասխանում է, որ ինքը չի կարող թույլ տալ, որ իր և բոլորիս համար այդքան կարևոր թեմայով ֆիլմը գեղարվեստական որակով զիջի, ավելի ցածր լինի, քան իր մյուս ֆիլմերը:  

Այս ուշագրավ դրվագն իր հերթին լրացնում է «Մայրիկի» ստեղծման պատմությունը: Այն ամբողջացնելու համար վերադառնանք Իոսիֆ Վերդիյանի հուշագրական էսսեին.

«Մոր մասին պատմությունները հավաքվեցին «Մայրիկ» ժողովածուի մեջ: Այն գրվել է 1985 թվականին, թարգմանվել և լույս է տեսել տասնյակ լեզուներով, 200 հազար տպաքանակով: Հայերեն թարգմանությունը հրատարակվել է 1988-ին ԱՄՆ-ում: Ինձ այն նվիրեցին Նյու Յորքում: Բեսթսելլեր դարձած գրքի շապիկին փոքրիկ Աշոտի, որ տակավին Անրի չէր, լուսանկարն է` մոր ծնկներին նստած: Դա անցյալ դարասկզբին հայ փախստականներին տրվող նանսենյան անձնագրի պատկերն է: Անկյունում գրված է. «1924, Աթենք»: Շատ տխուր լուսանկար»:

2015թ. Հայաստանում վերահրատարակված «Մայրիկ»-ի կազմին Արշիլ Գորկու «Նկարիչը և իր մայրը» կտավի էսքիզն է: Հիշեցնենք, որ այդ նկարն ու նրա հեղինակը առանցքային նշանակություն ունեն Ատոմ Էգոյանի 2002-ին նկարահանված «Արարատ» կինոպատումի կառուցվածքում:

«Ես հորս խոստացել էի պատմել մայրիկիս մասին, հասկանո՞ւմ եք ինձ: Գիտե՞ք, թե ինչ բան է հոգու պարտքը»,- հարցրել էր Անրի Վերնոյը «Մայրիկ» ֆիլմի նկարահանումների օրերին Փարիզում գտնվող Վերդիյանին:

Իսկ դրանից տարիներ առաջ հոր խնդրանքով Աշոտ Մալաքյանը լրագրող էր դարձել, որպեսզի նկարագրի, պատմի իր ժողովրդին բաժին հասած աղետների մասին: Երկրորդ աշխարհամարտի տարիներին Վերնոյը եղել է «Մարսելյոզ» թերթի լրագրող: Իբրև Թուրքիայից փախած հայ ընտանիքի զավակ, նա իհարկե մինչ այդ արդեն տեղյակ էր, որ համակենտրոնացման առաջին ճամբար-սպանդանոցները թուրքերն էին ստեղծել, այնուհետև, այդ «պրոֆեսիոնալ» ոճրագործները փորձի փոխանակման նպատակով հրավեր էին ստացել Գերմանիայի նացիստական ղեկավարության կողմից: Գիտեր նաև, որ 1943 թ. սկզբին Հիտլերը Մարտին Բորմանին կարգադրել էր հանդիսավոր կերպով վերահուղարկավորել հայ ժողովրդի դահիճ Թալեաթին:  1940-ականներին ապագա ռեժիսորը հրապարակել է նաև հայոց Մեծ եղեռնին նվիրված մի շարք հոդվածներ: Եվ որպեսզի իր տեքստերն ու բացահայտումները չընկալվեին միակողմանի` իր ազգային պատկանելության հետ կապված, թերթի խմբագիրը խորհուրդ էր տվել ծածկանունով հանդես գալ: Այդպես Աշոտ Մալաքյանը դարձել էր Անրի Վերնոյ, որի 1950 թվականին սկսված և երեք տասնամյակից ավելի տևած փայլուն կինոկարիերան կարծես թե լրիվ դուրս էր մղել Աշոտ Մալաքյանին: Սկզբում նա մտածում էր. «Դեռ կհասցնեմ վերադառնալ ակունքներիս, իսկ առայժմ պետք է նվաճեմ Ֆրանսիան»: 1984-ի աշնանը, երբ 60 անց էր արդեն, անորոշ մի տագնապ մտավ սիրտը. «Իսկ եթե հանկարծ չհասցնեմ…»:

Բնական է, որ նա իրեն ամենաշատ հուզող խնդրի մասին խոսեց կարիերայի մայրամուտին, երբ արդեն ոչ միայն նվաճել էր Ֆրանսիան, այլև հայտնի էր աշխարհին:

Իոսիֆ Վերդիյանի այն հարցին, թե ինչպիսի՞ն են Աշոտ Մալաքյանի և Անրի Վերնոյի փոխհարաբերությունները, ռեժիսորն անկեղծ պատասխան էր տվել. «Աշոտն ու Անրին միանգամից չեն մերձեցել: Վերնոյը անկախ է: Բայց արդյո՞ք կարելի է մոռանալ այն մշակույթը, որ ստացել ես մայրական կաթի հետ: Ես կարդում, գրում եմ հայերեն, եթե հաջողվում է երկու-երեք օր մայրենի լեզվով խոսել, հայերենս հստակ և հարթ է դառնում: Ֆրանսիացիք գիտեն ծագմանս մասին: Իսկ ով չգիտի, կիմանա այս ֆիլմից հետո: … Հրաժարվել արմատներից նշանակում է հրաժարվել ինքդ քեզանից: Խորթ է դա: Հինգ տարեկանից ես մոմ եմ բռնել հայկական եկեղեցիներում: Իսկ եկեղեցին ոչ միայն հավատ է, այլև` մշակույթ: Ես երգել եմ մեր մեծ Կոմիտասի պատարագը: Ու եթե եկեղեցու զավակ եմ, ապա նաև հայ մշակույթի զավակ եմ: Ի դեպ, Զատիկի տեսարանը այդ ժապավենի («Մայրիկ»-ի – Ս. Գ.) համար մեր խումբը նկարահանել է Էջմիածնում»: Երբ մտքերը դժվարանում էր արտահայտել` չգտնելով իր զգացողություններին համարժեք հայերեն բառեր, Վերնոյի աչքերն անօգնական էին դառնում, ինչը Վերդիյանի դիպուկ բնորոշմամբ, ի տես էր դարձնում, որ «կարելի է մտածել մի լեզվով, իսկ տառապել մեկ այլ լեզվով»:

Ռեժիսորը խոստովանել էր, որ դա իր «կյանքի ֆիլմն է, և այն պիտի տեղավորել երկու ժամ քառասուն րոպեի մեջ: Մոնտաժն ինձ համար նույնն է, ինչ կենդանի օրգանի անդամահատումը: Ինչպե՞ս պատմել մորդ 80 տարվա երկարությամբ ճակատագրի մասին երեք ժամից պակաս տևողության մեջ: Ամեն մի կադրը իմ մասնիկն է, մեկ թիզ ժողովրդական այն պատից, որի վրա դրոշմվել է հարազատ մորս դողդողացող ստվերը: Ֆիլմն ընտանիքիս մասին է, մեր ժողովրդի մասին: Դա պարտքն է մայրիկիս առաջ»:

Այս խոսքերին հետևել էր մի այնպիսի խոստովանանք, որ այսօր իբրև մարգարեություն և պատգամ է հնչում. «Ձեզ մի գաղտնիք բացեմ` ատում եմ նրանց, ովքեր շարունակ կրկնում են. «Մենք փոքր ժողովուրդ ենք…»: Այդ տեսակ ռեֆրենից նույնիսկ մեծ ժողովուրդը փոքր կդառնա: Նվնվոցը նույնքան վատ է, որքան ինքնագոհությունը: Պետք է աճել դեպի վեր, առանց կանգ առնելու և մշտապես: Հակառակ դեպքում, վերջ է, մահ… Ֆիլմն ուղղված է երիտասարդ սերնդի հայրենակիցներիս, որոնք պիտի ճանաչեն իրենց այս հսկայական, վատ պաշտպանված աշխարհում: Բայց ես հույս ունեմ, որ այս կինոնկարը բարեկամ կդառնա նաև ֆրանսիացիների և այլ ծագում ունեցող մարդկանց համար, որոնք սիրում են, երազներում տեսնում են մորը և մանկությունը, որոնց հոգիները բաց են մերձավորին կարեկցելու համար: Առհասարակ, կենդանի էակին»:

Արդեն Երևան վերադառնալուց հետո Վերդիյանը փարիզաբնակ իր բարեկամից` Միքայել Քոչարյանից ստացել էր «Պարի մատչ» ամսագրի համարը` Անրի Վերնոյին վերաբերվող ընդգծված պարբերությամբ.

«Նա նկարահանել է Ժան Գաբենին և Ֆերնանդելին, Ժան-Պոլ Բելմոնդոյին և Ալեն Դելոնին, Դանիել Դարյոյին, Իվ Մոնտանին, Էնթնի Մորգանին, Հենրի Ֆոնդային: Նրա շատ ֆիլմեր համարվում են ֆրանսիական կինոյի խոշոր նվաճում: Սակայն Անրի Վերնոյը` «ամենաամերիկյան ֆրանսիական ռեժիսորը», 1984-ից ի վեր ոչինչ չստեղծեց: Նա մեկուսացավ, որպեսզի կենտրոնանա իր անցյալի վրա: Մի քանի տարի շարունակ Վերնոյը գրեց իր ինքնակենսագրական ֆիլմի 47 տարբերակ և միայն 48-րդը ներկայացրեց իբրև սցենար: «Մայրիկը» հիմա եվրոպական կինոյի ամենաթանկարժեք ստեղծագործությունն է»:

Այսպես, 1991 թվականին հայազգի ֆրանսիական կինոռեժիսոր Անրի Վերնոյը իր «Մայրիկ» ֆիլմով խախտեց հայոց ցեղասպանության մասին կինոաշխարհում պահպանված տևական լռությունը:

Սիրանույշ  Գալստյան


    Ռոբերտ Մաթոսյան․Տասնվեց տարեկանում ստալինյան մրցանակ

    Ռոբերտ Մաթոսյանի անտիպ  «Մասնագիտությունը կինոռեպորտյոր» գրքից  ուշագրավ պատառիկներ․․․ *** 1972 թվականին Ֆրունզե Դովլաթյանը, Պերճ Զեյթունցյանի սցենարով նկարահանեց  «Երևանյան օրերի խրոնիկա»...

    , |24 Հունվար 2022,12:29