«Այսօրվա զրույցը ես կուզենայի սկսել՝ անդրադառնալով մերօրյա  հասարակության թերևս ամենաճնշված և խոցելի խավին՝ տղամարդկանց»։

Լսելով հումորային ծրագրի այս առաջին նախադասությունը, ակամայից հիշեցի օրեր առաջ Ամստերդամի ԻԴՖԱ փառատոնի մի խումբ հյուրերի հետ ունեցած զրույց-քննարկումը։ Ներկաներիցս չորսը կին էին, մեկը՝ տղամարդ, որին պետք է դրոշ հանձնել, քանզի նա մեղմ ժպտալով կարողացավ դիմանալ մինչև երկար ու ծանր զրույցի ավարտը։

Քննարկումը ծավալվեց Էմանուելլա Ժայի վերջերս լույս տեսած «Մոնտաժ» գրքի շուրջ։ Գիրքը թեթև և հետաքրքիր ոճով ներկայացնում է մոնտաժային աշխատանքի կարևորությունը, տեխնիկական և էսթեթիկ կողմերը, տանում զուգահեռներ գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի մոնտաժների միջև։ Գրքի հեղինակը տարիներ է, ինչ աշխատում է մոնտաժի վրա։  Նա անգամ ստեղծել է «Journal d’une monteuse» առցանց օրագիր-բլոգը, որտեղ պատմում է իր մասնագիտության նրբությունների մասին։

Բայց մեր քննարկումը ծավալվեց հիմնականում «Մոնտաժ» գրքի նախաբանի շուրջ, որտեղ հեղինակը բարձրացնում է կինոոլորտի մասնագիտությունների՝ բացառապես արական սեռի լինելու խնդիրը, և առաջարկում է բացել փոփոխությունների նոր էջ։ Ժայի գրքում հանդիպող բոլոր մասնագիտությունները նշվում են երկու սեռով և դասավորվում այբբենական կարգով և ոչ ՝ նախ արականն, ապա՝ իգականը։

Ինչ վերաբերում է նախադասության քերականական համաձայնության խնդրին, ապա այն արվում է՝ համաձայն վերջին բառի սեռի և մեծամասնության հիմքով, օրինակ եթե երեք կին կա, մեկ՝ տղամարդ, համաձայնությունը կարվի իգական սեռով, և՝ ոչ, դե արդեն հասկացաք, ինչպես կանոնն է թելադրում։  Ռեժիսոր, մոնտաժոր, ձայնային օպերատոր և այլ բառերը յուրաքանչյուր անգամ օգտագործվում են երկու սեռերով, իսկ եթե լեզվաբանության մեջ դրանք գոյություն չունեն, ուրեմն ճիշտ ժամանակն է ստեղծել, քանզի «տարօրինակ կլիներ, եթե այս գրքում լինեին միմիայն արական սեռի պրոդյուսերներ, ռեժիսորներ, օպերատորներ, չէ՞ որ ամեն օր ես հանդիպում և համագործակցում եմ այդ մասնագիտությունների բազմաթիվ կին ներկայացուցիչների հետ»,- մեկնաբանում է Էմանուելլա Ժային։

Գրքի մեր քննարկումը հետաքրքիր էր և աշխույժ, օրինակներ էին բերվում տարբեր ելույթներից և այլ գրական աղբյուրներից։ Վերջապես, մեր խմբի միակ տղամարդը որոշեց, որ շամպայնի բաժակով լուռ կանգնելը տղամարդավարի չէ և մեղմ ձայնով հարցրեց՝

-Իսկ գիրքն այս ամենի պատճառով չէ՞ր ծանրացել։

-Միակ բանն, ինչ ծանրացել է, դա տղամարդկանց կյանքն է,- ծիծաղելով մեկնաբանեց ներկաներից մեկը, որը եվրոպայի խոշորագույն արվեստի կենտրոններից մեկի կին տնօրենն է, դե կամ էլ տնօրեն-ուհին։     

Կինոաշխարհում մասնագիտության սեռերի հավասարարության այս թեման դարձել է գերակտուալ։ Ֆրանսիայում ստեղծվել են մի շարք կազմակերպություններ, որոնց հստակ նպատակն է բարձրացնել կանանց թիվը կինոյում։ Իհարկե, հուսադրող է, երբ ֆրանսուհիներ Ջուլիա Դյուկորնոյի «Տիտան» ֆիլմը արժանանում է Կաննի փառատոնի գլխավոր «Ոսկե արմավենու ճյուղին», իսկ Օդրի Դիվանի «Իրադարձությունը»՝ Վենետիկի «Ոսկե առյուծ» մրցանակին, բայց այնուամենայնիվ հավասարության մասին դեռ խոսք լինել չի կարող։

Համաձայն Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի հրապարակած տվյալների, 2020 թվականին նկարահանած 190 ֆիլմից ընդամենը 25 տոկոսի հեղինակները կամ համահեղինակներն են կանայք։ Հավասարությունը հեռու հորիզոնում է, բավարար է միայն անցկացնել ֆիլմերը Բեքդել-Ուոլիսի թեստով՝ դրանում համոզվելու համար։ Թեստն իրականում հետաքրքիր է և զվարճալի, այն ստեղծվել է ամերիկացի հայտնի ծաղրանկարիչ, «Dykes to Watch Out For» կոմիքսների շարքի հեղինակ Էլիսոն Բեքդելի և նրա ընկերուհի Լիզ Ուոլիսի կողմից։

Թեպետ, կանայք խոստովանում են, որ թեստի մտահղացումը իրականում գալիս է Վիրջինիա Վուլֆի «Սեփական սենյակը» էսսեի ընթերցանությունից։ 1929 թվականին գրված այս էսսեում Վուլֆը փորձում է հասկանալ, թե ինչու իր կարդացած գրականության մեջ նա երբևէ չի հանդիպել երկու կանանց ընկերության մասին դրվագներ, բացի մայր-դուստր հարաբերություններից, կամ ինչու բոլոր կին հերոսները ներկայացվում են միայն տղամարդկանց հետ ունեցած իրենց հարաբերություններում կամ տղամարդկանց տեսանկյունից, այն դեպքում, որ կնոջ կյանքն ունի բազմաթիվ այլ հետաքրքիր և ուշադրությանն արժանի կողմեր։ Սա իհարկե Վուլֆի մտորումների իմ ազատ մեկնաբանումն է, էսսեն գոյություն ունի հայերեն թարգմանությամբ, կարդալ արժե, ինչպես և հեղինակի մյուս գործերը։

Բայց վերադառնանք Բեքդել-Ուոլիսի թեստին,  որը բնավ չի գնահատում ֆիլմի գեղարվեստական ​​արժեքը, այլ պարզապես օգտագործվում որպես կանանց ակտիվ ներկայության ցուցանիշ։ Ֆիլմը հաջողությամբ անցնում է թեստը, եթե համապատասխանում է հետևյալ երեք կետերին՝

  • Ֆիլմում, առնվազն, կան երկու հայտնի կին կերպարներ (նրանք պետք է անուններ ունենան),
  • Կանայք խոսում են իրար հետ,
  • Կանայք խոսում են, բայց ոչ տղամարդկանց մասին:

Հուսահատվելու կարիք չկա, եթե ձեր սիրելի ֆիլմերն այս պահին հերթ կանգնած ձախողում են թեստը։ Սա շարժման միայն սկիզբն է, վստահեցնում են առաջնորդները, ինչպես շատ հարցերում, այնպես էլ այս խնդրի լուծման համար, հասարակությանը պետք է տալ ժամանակ, միգուցե տասնյակ տարիներ, բայց մի օր հավասարություն կլինի նաև իգական սեռի համար։ Ինչից հետո, հավանաբար, ֆեմինիստների բանակը կշտապի փոփոխելու Ֆրանսիայի պետական կարգախոսի հաջորդ կոնցեպտը՝ եղբայրությունը։

Լիլիթ Սոխակյան

Փարիզ,2021