Լյումիերների սինեմատոգրաֆից մինչև բուն սինեմա, Gaumont կինոընկերությունից մինչև Սինեմատեկ, Մելիեսից  մինչև Գոդար՝  Ֆրանսիան ոչ միայն կինոյի գյուտի, այլև կինոարվեստի  ու կինոյին առնչվող գրեթե ամեն ինչի բնօրրանն է. առաջին շարժապատկեր,  առաջին կինոընկերություն, առաջին կին ռեժիսոր, (Ալիս Գի), առաջին պատումային (narrative) ֆիլմ, առաջին կինոտերմիններ (La cadre, Le plan, Le montage)…

Գնացքի ժամանումը «Լա Սիոտա» կայարան (1895, Լյումիերներ)

Այս երկրում է ծնունդ առել նաև այնպիսի մի նշանակալի երևույթ, ինչպիսին  է հեղինակային կինոն (Film d’auteur): Անցյալ դարի 20-ականներին արդեն՝ Ֆրանսիայում ի հայտ եկած նոր կինոսերունդը դարձավ նկարահանման ու մոնտաժի բեկումնային նորամուծությունների հեղինակ (M. L’Herbier, R. Clair, , G. Dulac , A . Gance, և այլք): Ըստ էության, սա հեղինակային կինոյի սկիզբն էր: Ֆրանսիացի կին նորարար ռեժիսոր Ժերմեն Դյուլաքը 1921-ին իր  «Գրիֆֆիտի մոտ»  հոդվածում ընդգծում էր, որ կինոն կերպարվեստից ու գրականությունից անկախ արվեստ է, իսկ ռեժիսորը՝ կարևոր ստեղծագործ անհատ: Եվ սա՝ ֆրանսիական կինոյի «Նոր ալիքից» գրեթե 40 տարի առաջ… Ինքնին,  օրինաչափություն կարելի է նկատել. հեղինակային կինոյի առաջին փորձերն արած 20-ականների վարպետների համար դրդող ուժը հետպատերազմական ավերված ֆրանսիական կինոարդյունաբերությունն էր, իսկ «Նոր ալիքի» ռեժիսորների հայտնությանը  նախորդեց ֆրանսիական կինոյի հետպատերազմական ևս մեկ ճգնաժամ:  Ըստ երևույթին, հեղինակային կինոն իր ծագմամբ ու առաջընթացով  պարտական է ֆրանսիական ու ամերիկյան կինոդպրոցների մրցակցությանը:

Փաստեր…

Առաջին աշխարհամարտից առաջ՝ մինչև 1914 թվականը, Ֆրանսիան կինոյի ասպարեզի անվիճելի առաջատարն էր, սակայն արդեն 1919-ին  ֆրանսիական կինոարդյունաբերությունը տխուր վիճակում հայտնվեց ՝ դիրքերը զիջելով ԱՄՆ-ին: Հոլիվուդյան հեղեղի տակ չմնալու համար՝ 1928-ից  Ֆրանսիայում  կինոթատրոններում օտար ֆիլմերի ցուցադրման քվոտային համակարգ սահմանվեց(1): Այնուհետև, հետպատերազմական վերելքի գրեթե 20 տարիներից հետո, Երկրորդ աշխարհամարտը կրկին  փլուզեց ֆրանսիական կինոն: 1946-ին Կաննի միջազգային կինոփառատոնի հիմնադրման հետ միաժամանակ ստեղծվեց  CNC-ը՝ Կինեմատոգրաֆիայի ազգային կենտրոնը, սակայն ըստ 1946-ի Blum-Byrnes (2) ֆրանս-ամերիկյան համաձայնագրի՝ Ֆրանսիայի պետական պարտքը մարելու նպատակով քվոտային համակարգը հանվեց: Ֆրանսիական  կինոթատրոնները ողողվեցին ամերիկյան ֆիլմերով…

Կինոգործիչների բողոքի ցույցը Փարիզում, 1947 թ.

1948-ին արդեն՝ օտար ֆիլմերի համար սահմանվեց հարկ, որն ուղղվելու էր տեղական կինոարդյունաբերության խթանմանը: Ֆրանսիական կինոն հայտնվեց պետական հովանավորության ներքո:

ՄՏԱԾՈՂ ԿԻՆՈ…

Եթե կարճ բնութագրելու լինեի ֆրանսիական կինոն, ապա կօգտագործեի  «ՄՏԱԾՈՂ ԿԻՆՈ» արտահայտությունը: Պասկալի, Մոնտենի, Դեկարտի, Լարոշֆուկոյի լեզվով մտածել՝ նշանակում է մտածել ավելի սինթետիկ, ավելի նորարար, ավելի ազատ ու անկաշկանդ, ավելի դիպուկ, ավելի նրբին, ավելի՜… Մի խոսքով, ակնհայտ է, որ իմ ֆրանկոֆոնությամբ ու ֆրակոֆիլությամբ՝ ես փոքր-ինչ սուբյեկտիվ եմ, բայցևայնպես, համաձայնեք, որ ֆրանսիական կինոյի նորարար ոգին ծագում է ֆրանսիական զորեղ գրական ու մտավոր ավանդույթներից:  Պատահական չէ, որ ցանկացած նոր կինոալիք Ֆրանսիայում  մտավոր որևէ հոսանքի անմիջական արձագանքն է եղել. այսպես՝ համր կինոյի 20-ակաների վերելքը դադաիզմի  ու սյուրռեալիզմի արձագանքն էր, իսկ «Նոր ալիքը» ՝ էքզիստենցիալիզմի: Նշեք մեկ այլ մշակույթ ու երկիր, որտեղ կինոքննադատը (François Roland Truffaut) ոչ միայն գլուխգործոց է նկարահանել, այլև նոր կինոգաղափարախոսություն(3) առաջ քաշել՝ դառնալով սինեֆիլիայի (կինոսիրության) ու կինոյի խորհրդանիշ:  Բնականաբար, ֆրանսիական կինոմիտքը «քալիթե ֆրանսեզ»-ով չպիտի բավարարվեր(ֆր. qualité  նշ. է որակ):  Մեծամասամբ մերժելով նախկինը՝ «Նոր ալիքը» 20-ականների հեղինակային կինոյի  թոթովանքները  գրեթե 40 տարի անց վերածեց պասկալյան ու վոլտերյան զուտ ֆրանսիական ոճի մի կինոբանավեճի, որը շարունակվում է առ այսօր …

  ԱՐԴԻ  ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ՇԱԲԱԹ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երևանում ամփոփվեց դեկտեմբերի 11-ից սկսված արդի ֆրանսիական կինոյի շաբաթը, որը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ նախաձեռնել էր «Ֆիլմադարան» մշակութային կազմակերպությունը: Երևանյան հանդիսատեսի դատին հանձնվեց ժամանակակից ֆրանսիական 7 ֆիլմերից բաղկացած մի ընտրանի. 2014-ից  մինչև 2020-ը նկարահանված ֆիլմերի մի ծրագիր, որում ներկայացված էին արդեն կայացած և սկսնակ տաղանդաշատ ռեժիսորների գործեր: Կինոշաբաթը բացվեց  Բենուա Ժակոյի «Երեք սիրտ» (2014) սիրային յուրօրինակ եռանկյունու մասին պատմող դրամայով, և եզրափակվեց Ֆրեդերիկ Ֆառուչիի՝ լավագույն երաժշտության համար այս տարվա «Սեզար» մրցանակին արժանացած «Գիշերով» (2019) դրամայով:

Ինքնություն և ինքնացում …

Ի՞նչ կապ կարող է լինել Միքայել Էրսի «Ամանդա»(2018), Բերթրան Մանդիկոյի «Վայրի տղաները» (2017) և Սելին Սիամմայի «Աղջիկների բանդան»(2014) ֆիլմերի միջև, բացի այն, որ բոլորն էլ դրամայի ժանրից են: Թերևս, կա ևս մի բան, որ նրանց միավորում է. դա ինքնության ու ինքնացման հարցն է: «Ամանդա» ֆիլմում այդ ինքնացումը երկուստեք է. թե՛ մորը կորցրած 7-ամյա Ամանդայի , թե՛  որբ մնացած զարմուհու խնամակալությունը ստանձնելուց այլևս չվախեցող 24-ամյա Դավիդի համար: Դեպքերի ողբերգական բերումով ժամանակից շուտ հասունացած Ամանդան  իր հերթին՝ երբեմն Դավիդի «դաստիարակի» դերն է ստանձնում: Ֆիլմում ընտանեկան դրամայի պատճառ դարձած երևույթն արծարծում է Ֆրանսիայի համար այսօր շատ կարևոր մի հարց. այն է՝ իսլամիստական ծայրահեղականների ահաբեկչության  խնդիրը, ուստի զարմանալի չէ, որ Էրսի ֆիլմը մեծ ռեզոնանս է առաջացրել հանդիսատեսի ու քննադատների շրջանում( IMDB-ում ֆիլմն ,ի դեպ, ունի 7.0 վարկանիշը):  Ֆիլմի շարժիչն, իհարկե, Ամանդայի համոզիչ ու հարուստ կերպարն է, ինչպես նաև  քեռի(Vincent Lacoste)- զարմուհի (Isaure Multrier) էկրանային խարիզմատիկ զույգը:

 

Կադր՝ «Ամանդա» (2014) ֆիլմից

էկրանային մեծ ձգողություն ունեն նաև Սելին Սիամմայի «Աղջիկների բանդան» ֆիլմի հերոսուհիները. այնքան  մեծ, որ միայն տեսարանը դիտելուց հետո է փոփ աստղ Ռիհաննան շնորհել իր հիթային երգն օգտագործելու թույլտվությունը:

Կադր՝ «Աղջիկների բանդան» (2014) ֆիլմից

Ֆիլմը, որը 4 անվանակարգերում ներկայացվել է ֆրանսիական «Սեզար» մրցանակին, Սիամմայի՝ հասունացման շրջանին նվիրված  երրորդ աշխատանքն է: Ռեժիսորն այս անգամ էկրան է հանել մինչ այդ ֆրանսիական կինոյում անտեսանելի մի խավի՝ սևամորթ պարմանուհիներին: Ոչ պրոֆեսիոնալ այդ դերասանուհիներին  ռեժիսորը շատ երկար է փնտրել Փարիզի փողոցներում(4): Զվարճալի, փոքր-ինչ  թատերական խմբակային լեզվակռվի հատվածներին  հակադրվում են ավելի կենդանի, հուզական, դրամայով լի տեսարանները: Ամեն ինչ հյուսվում է գլխավոր հերոսուհու (Karidja Touré) անձնական դրամայի շուրջ: Նա չի կարողանում մյուսների պես «նորմալ» լինել ոչ դպրոցում, ոչ ընտանիքում, ոչ անգամ՝ աղջկական այդ «բանդայում», և ջանում է ինքնացման  իր ուղին  գտնել…

Հասունացումն ու սեռային ինքնագիտակցումը փոթորկուն, բարդ  ու հանելուկային  շրջան է. ալեկոծումներն ու անսպասելի պոռթկումները բնորոշ են այդ շրջանին: Բերթրան Մանդիկոյի «Վայրի տղաները» ֆիլմի հերոսները ևս դեռահասներ են. տղեկներ (որոնց, ի դեպ,  դեռատի դերասանուհիներ են մարմնավորում), որոնք անզուսպ պոռթկումի մեջ հանցանք են գործում, ու կանգնում դատաստանի առաջ:

Հեղհեղուկ սեռային ինքնությամբ ու մարմնով ավանդաբար  տարված ռեժիսոր Մանդիկոն իր «ծպտյալ» պարմանիներին տարել է անցյալ դարասկիզբ, և տեղավորել մի կղզում՝ իր պատմության սյուժեն համեմելով օկուլտիզմով ու տարփալի ֆանտաստիկայով:  Ֆիլմը, որ գլխավորել է Cahiers Du Cinéma-ի  2018-ի լավագույնների ցանկը, Մանդիկոյի առաջին լիամետրաժ աշխատանքն է՝ 4 տասնյակի հասնող կարճամետրաճ ֆիլմերից հետո:

Կյանք, մահ, և նորից կյանք… կամ սեր

Կինոշաբաթվա ծրագրում ընդգրկված դեբյուտային ֆիլմերից էր նաև մահվան ու սիրո մասին խորհող Սթեֆան Բաթյուի խաղարկային առաջնեկը՝ «Սնդիկ» (2019) դրամա-ֆանտազիան: Ի թիվս այլոց, պատիվ եմ ունեցել հատուկ արդի ֆրանսիական կինոյի շաբաթվա առիթով ֆրանսերենից թարգմանել նաև այս ֆիլմը : 

Անգլերեն Burning Ghost թարգմանված Vif-Argent վերնագիրը որոշեցինք  պահպանել` թարգմանելով «Սնդիկ», քանի որ հայերենում, ինչպես և ֆրանսերենում՝ անհանգիստ հոգով մարդուն սնդիկ են ասում:

 -Վե՞րջ, արդեն անցա:՞, -հարցնում է  երկու անգամ կյանքի ու մահվան գետը կտրած Ժյուսթը, որն այս անգամ էլ չի դիմանում, ու  կյանքին կրկին վերջ է տալիս:

Գլխավոր հերոսի Ժյուսթ անունը յուրահատուկ բառախաղ է. ֆրանսերեն juste  բառը նշանակում է արդար կամ ճշմարիտ: Հերոսն անդրաշխարհ ընկնելով՝ անտեսանելիությունից իրեն «բուժող» բժշկին ներկայանում է Ժյուսթ անունով, մինչդեռ  ավելի ուշ՝ գխավոր հերոսուհու շնորհիվ, բացահայտվում է Ժյուսթի իրական անունն ու չստացված սիրո պատմությունը: Գիյոմ- Ժյուսթը ոչինչ չի հիշում, և բժշկի խորհրդով՝ սկսում է  մարդկանց առաջնորդել դեպի անդրաշխարհ՝ ըստ նրանց պահպանած հուշերի: Անսովոր սյուժեն ու սցենարի զարգացումը շատ համոզիչ են, քանի որ մանրակրկիտ են մշակված: Աննշան դետալներն իրենցում խորհուրդ են կրում, ինչպես օրինակ՝  Ժյուսթի գրպանում իր մահվան վայրի՝ Բյութ Շոմոնի պատկերով մնացած  բացիկը, «ուրվականներին»  տաք ծածկոց տալը, նրանցից մեկի ակնարկը տիրող «սառնամանիքի» մասին, մշտապես նույն ալիքի վրա միացված հեռուստացույցը, քթի չսպիացող վերքը, «պարանորմալ» հայելիները, և իհարկե՝ Ժյուսթի «աստրալ» վերնաշապիկը:

Ընդհանրապես, ֆիլմը վիզուալ գրավչություն ունի՝ կինոէֆֆեկտներից մինչև Բյութ Շոմոնի կամրջին համահունչ գլխագրեր: Ըստ ինձ հասած կարծիքների՝ ոմանց ֆիլմի սյուժեն խճճված է թվացել: Իրականում, ամեն ինչ ավելի պարզ է, եթե գիտես տիբեթյան 6 բարդոների  կամ միջանկյալ իրականությունների մասին, որոնցից  չորսն առկա են ֆիլմում. բուն մահվան 3-օրյա բարդոն, կամ մահվան պահը, կարմային խաբկանքի 15-օրյա բարդոն, որը ֆիլմում  համարժեք է այն վայրերին՝ դեպի ուր նրանց առաջնորդում է աշխարհների միջև թափառող Ժյուսթը: Կա նաև մեդիտացիոն բարդոն, երբ «Ժյուսթվիլլում» հերոսի ու իր կենդանի հոր հանդիպումից հասկանում ենք, որ հայրն արթմնի տեսիլներում մշտապես «շփվում» է որդու հետ, իսկ որդու անակնկալ հայտնությունը  նրան սովորականից ավելի տարբեր է թվում: Եվ վերջապես, կա նաև երազի բարդոն: Ֆիլմի ողջ հմայքն այն է, որ այդ բոլոր իրականությունները միահյուսված են Սթեֆան Բաթյուի «կինոբարդոյում», որում Ժյուսթն ապրողների համար երբեմն տեսանելի ու հասանելի է, երբեմն՝ ոչ, իսկ երբեմն էլ զուգահեռ աշխարհները երկուստեք անհասանելի են: Ֆիլմում նրբին, բայց հստակ հուշումներ կան բոլոր այդ իրականությունների վերաբերյալ. միջնամասում հերոսուհին քնած է սրճարանի սեղանին, մինչդեռ եզրափակիչ տեսարանում ակնհայտ է, որ աղջիկն ի զորու է երազի թևով միանալ կորցրած սիրեցյալին: Ավելին, Բաթյուի ստեղծած «կինոբարդոյում» քվանտային հրաշքով՝ զուգահեռ աշխարհները երբեմն տեսանելի են միևնույն պահի մեջ.

-Նայի՜ր, մենք ենք ներքևում…

Կադր՝ «Սնդիկ» (2019) ֆիլմից

Առանձին նյութ է ֆիլմի տպավորիչ, բազմազան երաժշտական ձևավորումը, որը լիովին համահունչ է աշխարհից աշխարհ՝ զգայական ընկալման փոփոխություններին. օրիգինալ սաունդթրեքը լրացված է  Դեբյուսիի, Սկրյաբինի ու Ռախմանինովի թովիչ, կախարդիչ մեղեդիների հյուսքով: Ֆիլմն, իրավամբ, արժանի է անկախ ոգու և ուրույն ոճի համար տրվող Jean Vigo  մրցանակին, որը  ժամանակին բաժին է հասել նաև Գոդարի «Վերջին շնչում» (1960) ֆիլմին:

Վերջաբանի փոխարեն, կամ կեցցե՛ Գոդարը…

Ֆիլիպ Գառելի «Արտասուքի աղը»(2020) դրաման հայ հանդիսատեսին ներկայացվեց  կինոշաբաթվա ճիշտ մեջտեղում:  Բավական լեցուն սրահում  ֆիլմին հետևող հանդիսատեսի համար, թերևս, միանգամայն ընկալելի էր  ցանկալի աղջիկների միջև դեգերող գլխավոր հերոս Լյուքը, սակայն Հ. Մալյանի անվան թատրոնի դահլիճում առկա խուլ գվվոցից պարզ էր, որ երկու սիրեկանի միջև բառացիորեն նույն սենյակում  «դեգերող» Բեթսին հանդիսատեսի համար «կուրիոզ» էր: Թերևս, ենթագիտակցականի մակարդակում է միայն ընկալելի, որ Բեթսիի « À trois  սիրո» այս կինոդրսևորումը սիրային դրամայի մի կողմն է միայն.  մյուս կողմում անսեր մայրությունից հիասթափված  Ժընըվևն  ու «գերեզմանում միայնակ մնալու» վախից  մայրացած  Ջեմիլան են, և իհարկե՝ դեգերումներում վերջնականապես մոլորված Լյուքը:  Ֆիլմի՝ նոստալգիա սփռող, բայց «պարապ» սև-սպիտակն  ու նրբին հեգնական  տեքստն է՛լ ավելի են շեշտում ֆրանսիական  մեռնող արժեքները,  որոնց մարմնավորումը Լյուքի վախճանված հայրն է: Գառելի՝ աղի- դառնահամ գոդարյան այս տուրքն ավելին է, քան կարող է թվալ առաջին հայացքից, այդու՝ պարզ է, թե ինչպես է այն հայտնվել  Cahiers Du Cinéma-ի  անցյալ տարվա լավագույն ֆիլմերի  ցանկում:

 PS. Ֆրանսիացի որոշ կինոքննադատների կարծիքով՝ արդի ֆրանսիական կինոյին պակասում է բազմազանությունը. այն կարծես լճացած լինի դրամայի և կոմեդիայի միջև: Համենայնդեպս, հեղափոխական  ու միապետ գլխատող, և անգամ որակյալ  «քալիթե ֆրանսեզ» -ը մերժող Ֆրանսիան գիտի նաև իր մեծերին տուրք մատուցել՝ նրանցից ժառանգածը կենդանի պահելով, և ուրեմն՝  Vive le cinéma français!

Լուսինե Հովհաննիսյան ©, 2021

Աղբյուրներ՝


    Ռոբերտ Մաթոսյան․Տասնվեց տարեկանում ստալինյան մրցանակ

    Ռոբերտ Մաթոսյանի անտիպ  «Մասնագիտությունը կինոռեպորտյոր» գրքից  ուշագրավ պատառիկներ․․․ *** 1972 թվականին Ֆրունզե Դովլաթյանը, Պերճ Զեյթունցյանի սցենարով նկարահանեց  «Երևանյան օրերի խրոնիկա»...

    , |24 Հունվար 2022,12:29