ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆ՝ ԵԶԱԿԻ ՀԱՅՆ ՈՒ ՀԱՅՐԵՆԱՏԵՐԸ

Նպատակն ամեն տեսակի վախից ու ընկրկումից, անգամ սեփական առողջությունից ու  կյանքից վեր դասած Գուրգեն Յանիկյանի արածը կհերիքեր մի քանի հարյուր սովորական մտածողության մարդու գոյությունը պատվարժան դարձնելուն, սակայն քիչ էր, չափազա՛նց քիչ հենց իր՝ Գուրգենի համար։ Մինչդեռ Գուրգեն Յանիկյանը ծառայել է Կովկասյան ճակատում՝ Դրոյի ղեկավարությամբ, ու թուրքական ռազմամթերքի մեծ պահեստ հայտնաբերել-պայթեցրել։

1930-ին սովից փրկել է Կովկասից մինչեւ Դոն գետը տարածվող շրջանի 40 մլն բնակչությանը՝ 45 օրում սերմացուն գյուղացիներին հասցնելու անհավանական համարված գործը կազմակերպելով։ Իրանում մետաղաձուլարան, ապա առաջին ստորգետնյա զինագործարանն է կառուցել։ Երկրորդ համաշխարհայինի ընթացքում Պարսից ծոցից մինչեւ խորհրդային սահման ցամաքային ճանապարհը 1 տարվա փոխարեն 6,5 ամսում է կառուցել։

Ստեղծել է ընդերքը 1400 մ խորությամբ դիտարկող «Յանիկսքոֆ» սարքը եւ այլն, եւ այլն…

Այսքանը գնահատվել է նրան շնորհված «Գեորգիևյան խաչով», Խորհրդային Միությունից Իրան անցնելու իր խնդրանքի բավարարմամբ, Իրանի շահի հետ անձնական հարաբերություններով։ Սակայն այս ամենը  Յանիկյանի համար քիչ էր, շա՛տ քիչ, քանի որ հեռու էր իր հիմնական նպատակից։ Պարզապես լայնախոհ, ժայռակերպ այս հսկան հայոց ցեղասպանության համընդհանուր արհավիրքների շարքում նաեւ իր կյանքը փրկած ավագ եղբոր գլխատումն ու մոր հաշմվելը տեսած կարինցի փոքրիկ Գուրգենն էր, որը նպատակ ուներ. «… Ուզում էի ստեղծել մի իրավիճակ, որի արդյունքը լինելու էր հայկական Նյուրնբերգը։ Ես ուզում էի այս անել՝ որպես իմ կյանքի վերջնական նպատակ, եւ կատարել պարտականությունս դեպի իմ անձնական զոհերը, դեպի իմ ցեղի զոհերը եւ սթափեցնել Ամերիկան…»։ 

Գուրգեն Յանիկյանն իրավամբ կարող էր իր առջեւ նման հավակնոտ նպատակ դնել. ի թիվս այլ ոլորտներում ունեցած բացառիկ հաջողությունների, երիտասարդ տարիներին խաղացել էր Մեյերհոլդի ներկայացումներում եւ թատրոնը թողնելու իր որոշմանն ի պատասխան տեսել թատերարվեստի այդ մեծության՝ իրեն բեմում պահելու փորձերը ու լսել խաղընկերոջ՝ Վահրամ Փափազյանի հորդորները. «Տո ջանիկս, քիթդ ու մռութդ տեղը, ձայնդ՝ սքանչելի, բոյդ էլ իր տեղը, էլ ինչ ես ուզում՝ անուն, կյանք, հերթի կանգնածներ, որը դուն էլ ինձանից պակաս չես սիրում. ի՞նչ ես մտածում, դրանից ավել ի՞նչ ես սպասում կյանքից»։

Իսկ կյանքից նրա սպասումը վերջնական նպատակի իրականացումն էր, որի համար էր ծախսել ապրած ամեն րոպեն եւ իր ու տիկնոջ՝ բժշկուհի Շուշանիկ Քյոմուրճյանի յուրաքանչյուր ձեռնարկման արդյունքը` վաստակած գումարը, ստեղծած բոլոր կապերն ու հնարավորությունները, շահած հեղինակությունը։

Կինեմատոգարֆն էր ընտրել որպես նպատակի իրականացման միջոց. «Մեր ծրագիրը շատ պարզ էր. մեր անձնական դրամով գաղտնի կերպով պատրաստել մի շարժանկար՝ ցույց տալու աշխարհին մեր ժողովրդի քաշած տանջանքները եւ վայրենի-գազան թուրքի կոտորածները, հայկական ցեղասպանությունը չմոռանալով, այսպես ասած, քաղաքակրթված ազգերի դավադրությունները հանդեպ մեր իրավունքները: Սեւրը և Լոզանը իրենց արժանի տեղն ու գնահատականն էին գտնելու այդ շարժանկարի մեջ»:

Եվ Յանիկյանի հեղինակած «Դրախտ» փաստական գիրքը (բնագիրը անգլերեն), որի անվանումը Շուշանիկն էր ընտրել, վերածվեց սցենարի, ֆիլմի ստեղծման աշխատանքներին միացան մի քանի օտարազգիներ, նկարահանվեց թուրքական վայրագությունները վավերականության չափ հավաստի ներկայացնող  20 ժամ նյութ, որում արյունը՝ չափավոր, ասելիքը կոնկրետ էր, մերօրյա բառապաշարով՝ շնորհանդեսը ծրագրած. «…ֆիլմը միաժամանակ ցուցադրվելու էր զանազան 3 երկրների մայրաքաղաքներում եւ՛ ձրի։ Տոմսերի հետ միաժամանակ տրվելու էին որոշ թռուցիկներ, որոնք բացատրելու էին, թե ի՞նչ է նպատակը այս բոլորի, եւ ինչ է մեր պահանջը… Հայ ցեղից գողացած երկիրը վերադարձնել իսկական տիրոջը եւ հատուցում՝ մեր 2 միլիոն զոհերի համար։ Իհարկե, գործի լծվելու էին շատ անհատներ, որոնք հրապարակ էին գալու, երբ ֆիլմը պատրաստ լիներ»։

Սակայն «Դրախտն» ավարտին հասցնելու մեծ ջանքերն ապարդյուն էին, քանի որ ԱՄՆ-Թուրքիա ընդհանուր շահերն ու հարաբերությունները գերադասելի էին եւ հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ֆիլմի ստեղծմանը խոչընդոտելու պատճառ։

Իսկ Յանիկյանը տարիներն ապրել ու հասել էր ծերության, բայց ոչ հուսահատության։ Նա մի քանի տասնամյակ հնարավոր բոլոր խաղաղ միջոցները գործադրել էր հայության ցեղասպանությունն իրականացնողների պատժին հասնելու եւ հայրենակիցների վրեժը լուծելու համար, բայց այլընտրանքի դիմելու պարտադրանքն ունեցավ այդ անկոտրում հայը. «Ես իմ ամբողջ գրութիւնների մէջ, միշտ պաշտպանել եմ, որ բռնութիւնը պէտք է ոչնչանայ մեր կեանքում։ Բայց երբ այս բոլորը կատարուեց եւ մարդկութիւնն ու համայն աշխարհը լուռ մնաց հայկական հարցի նկատմամբ այն ժամանակ ես որոշեցի, թէ ինչպէս կարող եմ մարդկութեան եւ պետութիւնների ուշադրութիւնը կեդրոնացնել հայ դատի վրայ»։ 

1973-ի հունվարի 27-ին՝ 78 տարեկանում Գուրգեն Յանիկյանն առանց վարանելու «Բալթիմոր» հյուրանոցի իր համարում 13 փամփուշտ արձակեց Սանտա Բարբարայում Թուրքիայի հյուպատոսի ու փոխհյուպատոսի վրա։ Հետեւած աղմկոտ դատավարությամբ Յանիկյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման, ծերության պատճառով 8 տարի անց ազատ արձակվեց ու 1984-ին հանգիստ խղճով բռնեց հավերժի ուղին։

Պատվարժան հայի վճռական գործողությունից արդեն ալիքվել էր մինչ այդ հայության թմրած ցասումը, ու սկիզբ էր առել մի նոր երեւույթ` Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը՝ ՀԱՀԳԲ-ն, ASALA-ն եւ ինչպես Գուրգեն Յանիկյանն ինքն է բնութագրել կազմակերպությունն ու նրա անձնուրաց անդամներին. «Ցնցեցին հի՛մքը մարդկության ու հայտնեցին, որ չե՛ն ցանկանում մնալ խաղալիք ուրիշների համար, այլ ուզում են իրենց արժանի տեղն էլ գրավեն աշխարհում, ու ոխերիմ թշնամին՝ դաժան թուրքը պատասխան տա իր գործած ոճրագործությունների համար»:

Նանա Պետրոսյան

Հ.Գ. Մեջբերումները՝ Գուրգեն Յանիկյանի «Նպատակ եւ ճշմարտություն» գրքից

Լուսանկարները տրամադրել է «Հայաստանի ժողովրդական շարժում» հ/կ-ն