Մոսկվայում էր։ Աշխատում էր վավերագրական ֆիլմերի ստուդիայում։ 1956-ին հրավիրեցին Երեւան։ Եկավ, ու կարգեցին հայկական հեռուստաընկերության ավագ ռեժիսոր։ Անփորձ մասնագետի համար որքան բարեբախտություն էր, նույնքան էլ՝ պատասխանատվություն։ Չընկրկեց, հակառակը՝ պատրաստ էր ստեղծելու, փորձելու, ամեն մտքի, բառ ու տողի համար պայքարելու, անգամ առաջինը լինելու՝ անկախ եղած սահմանափակումներից։  

Նա Ժիրայր Ավետիսյանն էր՝ նորարար ու սկզբունքային, և կարողացավ ամենատարբեր մասնագետների մեկտեղել ու ստեղծել հեռուստամասնագետների գործունակ թիմ, որի աշխատանքի արդյունքը՝ առաջին հեռուստաեթերը, նրա իսկ հեռարձակմամբ և ընտրությամբ, 1956-ի նոյեմբերի 29-ին ավետեց Նառա Շլեպչյանը. «Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ։ Սկսում ենք հայկական հեռուստատեսության փորձնական հաղորդումները»։

Վերջ՝ արդեն կար հայկական հեռուստատեսությունը եւ կար խնդիր.

Մոտենալ գեղարվեստական հեռուստատեսության էսթետիկային, թե՞ դիտել հեռուստատեսությունը որպես միջոց, որը պրոպագանդում է այս կամ այն արվեստի տեսակը։ Այս առումով ինձ համար ստեղծվել էին շատ բարենպաստ պայմաններ՝ փորձել արվեստի, հեռուստատեսային հաղորդումների բոլոր տեսակները։

Ասաց եւ արեց՝  ինքն իր խնդիրը ձեւակերպեց, զարգացման ծրագիր առաջարկեց ու քայլ առ քայլ վերադաս եւ գործընկեր համախոհների հետ ստեղծեց բազմաժանր ու բազմաբովանդակ հեռուստաեթեր։ Հաղորդաշարերը գիտահետազոտական էին, հանրամատչելի, ժամանցային, երաժշտական, ուսուցողական… Ֆիլմերը խաղարկային էին, վավերագրական, կարճամետրաժ, լիամետրաժ, երաժշտական, կատակերգական… Ու թվարկվածի առաջին փորձերը հենց իրենն էին՝ Ժիրայր Ավետիսյանինը։

1958-ին նկարահանեց «Առաջին նամակը» հայկական առաջին հեռուստաֆիլմը՝ գիշերօթիկ դպրոցի մասին եւ բեմադրեց «Դեպք անտառում» մանկական առաջին հեռուստաներկայացումը՝ դպրոցականների մասին։ Նույն տարում բեմադրված «Դեպի բարձուքները» առաջին խաղարկայինն էր՝ իսկ «Քայլերը» առաջին լիամետրաժ խաղարկայինը։ Հեռուստատեսությունում եւ հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիայում հաջորդում ու նախորդում էին բազմաթիվ խաղարկային, փաստագրական ու գիտահետազոտական, այդ թվում՝ «Որդան կարմիր», «Ժայռապատկերներ», «Մեծամորի առեղծվածը», «Գառնի», «Զվարթնոց», «Ձեզ սպասում է Երեւանը», «Պոեմ հերոսական»  եւ այլ՝ ավելի քան երեք տասնյակ հեռուստաֆիլմեր, որոնց նկարահանումներին նախորդում էր ռեժիսորի մեկշաբաթյա ընկերակցությունը ֆիլմի հերոսների հետ՝ նկարահանվելիք միջավայրում։ Ժիրայր Ավետիսյանի ֆիլմերում նկարահանվել են Արմեն Ջիգարխանյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Խորեն Աբրահամյանը, Սոս Սարգսյանը, Մայիս Կարագյոզյանը, Մելինե Համամջյանը, Կիմ երիցյանը, Թաթուլ Դիլաքյանը եւ այլք։ Վերջին չորս դերասանները Ավետիսյանի հետ աշխատել են նրա թերեւս ամենահայտնի՝ «Շրթներկ համար 4» ֆիլմում։

Իհարկե, կար Խորհրդային Հայաստանի ղեկավարության աջակցությունը հայկական հեռուստատեսության կայացման ու զարգացման հարցում, բայց չկային տեխնիկական ու մասնագիտական բոլոր անհրաժեշտությունները. նկարահանումները երբեմն արվում էին աշխատակիցների անձնական սիրողական տեսախցիկներով, ժապավենները մշակվում էին հենց իր՝ Ժիրայր Ավետիսյանի ստեղծած երեւակման սարքով։ Այս ամենը չէր խանգարում ո՛չ որակ ապահովել եւ միութենական այլ պետություններին զարմացնելուն, ո՛չ էլ տված արտադրանքում ազգային նկարագիրը ներկայացնելուն. պակասը լրացվում էր նվիրումով, պատասխանատվությամբ, հնարամտությամբ, հումորով, որոնք Ժիրայր Ավետիսյանի 83 տարիների մշտական ուղեկիցներն էին եւ մեծամասնությունից բնականորեն առանձնանալու նկատելի հիմքերը։ Որպես  ցեղասպանություն վերապրածի ժառանգ՝ գիտեր հիշողության ու ամեն ինչին հաստատակմորեն ձեռնամուխ լինելու եւ, իհարկե, լեցուն, իրադարձային, գործունակ կյանքով ապրել-ստեղծելու գինը։ Եւ որպես ռեժիսոր կինոաշխարհ մտնելուց 23 տարի անց՝ 52 տարեկանում, գործի դնելով հնարամտության ու համոզելու ողջ կարողությունը, 1979-ին նկարահանեց «Ձորի Միրոն»։

Պիտի նկարվեր, որ մենք չենք կոտորվել հենց էնպես՝ կռվել ենք եւ որտեղ կռվել, էնտեղ հաղթող ենք եղել։ Փայփայում էի ցանկությունս, թե երբ պիտի գա այն պահը, որ նկարեմ ցեղասպանության մասին մի ֆիլմ, որում պոռթկա իմ ներսում կուտակվածը։ Եւ փառք Աստծո, Մուշեղ Գալշոյանի «Ձորի Միրոն» կար, որին սիրահարվեցի։

Ստացվեց տամոզել, որ «Ձորի Միրոն» ազգայնական սեւեռում չէ, այլ ժողովրդի պատմություն։ Ֆիլմը ստեղծվեց ֆինանսական, տեխնիկական, մասնագիտական ու այլ խնդիրների հաղթահարմամբ, հանդիսատեսի կողմից ընդունվեց, անգամ Թալինում Ժիրայր Ավետիսյանի պատվին փողոց անվանակոչվեց, բայց ինքը՝ ռեժիսորն իր գործն ավարտած չէր համարում։ Նա հեռուն գնացող մտադրություն ուներ։

Կուզեի ապրել 100 տարի, որպեսզի Գլակին վերակենդանացնեի ու Միրոյին մոտեցնեի եւ մի քանի այլ՝ Հովհաննես Թումանյանի, Աբրահամ Ալիխանյանի, Արամ Մանուկյանի մասին ֆիլմեր էլ նկարեի։

Կյանքի 6 տասնամյակից ավելին հեռուստատեսությանը նվիրած արվեստի վաստակավոր գործիչը, պրոֆեսորը անդադրում էր անգամ Հայաստանին պարտադրված մեծ պարապուրդի տարիներին՝ սեփական նախաձեռնությամբ կանգվորում էր հեռուստատեսության արխիվները։ Գիտեր՝ իր հարազատ հաստատությունը մնայուն արժեքներ է ստեղծել, որ այսօր պետք են  լինելու մեր վաղը տեսնելու համար։

Նանա Պետրոսյան

Հ.Գ. Ժիրայր Ավետիսյանի խոսքից մեջբերումները Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցից են։