Նա հեռախոս չունի, ավելի ճիշտ՝ հետը չի վերցնում, բայց եթե ուզում եք նրան տեսնել, հետևեք՝ այդ օրը Երևանում ինչ ֆիլմ կամ ներկայացում է ցուցադրվում, ինչ համերգ կա, նա անպայման այնտեղ է։ Ու որ ամենազարմանալին է, բոլոր տեղերում՝ միաժամանակ։ Ո՞նց է հասցնում՝ Աստված գիտե։  Մաշա տատիկին հատկապես լավ են ճանաչում մշակույթ լուսաբանող լրագրողները։ Արդեն սովորել են, որ անգամ ասուլիսներին է գալու, առաջին շարքում նստի ու լրագրողներին հավասար՝ հարցեր տա բանախոսներին։ Մարդը մշակույթ է սիրում, ավելի ճիշտ՝ մշակույթի համար խելքն իրենը չի, ի՞նչ կարող ես ասել։

Այս հարցազրույցի համար երկար չեմ փնտրել նրան, ուղղակի ծանոթներիցս մեկին հարցրի՝ Մաշա տատիկը Շեքսպիրյան փառատոնին գալի՞ս է։ Պատասխանեց՝ իհարկե, գալիս է։

Գնացի` այնտեղ էր…

Մարուսյա, Մարիետա, Մաշա Մաթևոսյան

Հրանտ Մաթևոյանին, Ռուբեն Մաթևոսյանին գիտե՞ս. իմ ազգանունն էլ է նրանց ազգանունից։ Ես Մարուսյա Մաթևոսյանն եմ, բայց ինձ Մարուսյայով չգիտեն, ես Մաշան եմ՝ կարճ, որ անունս ասելիս մարդիկ քիչ էներգիա ծախսեն։

Ծնվել եմ Շամշադինի շրջանի Բերդ գյուղում, որը հետո դարձավ ավան, ավելի ուշ՝ քաղաք, շրջկենտրոն։ Այսինքն՝ ծնվել եմ Լեռնային Ուտիքում։ Բերդում հրաշալի պահպանված է Ցլիկ Ամրամի բերդ-ամրոցը։ Փոքր ժամանակ ինքա՜ն եմ բարձրացել այնտեղ։ Հայրս շատ լուսավորյալ մարդ էր։ Նրա մինուճարն էի. 4 ամսականից հորս մայրն է ինձ պահել։ Հայրս ինձ այծի կաթով էր կերակրում։ Գիրք՝ ասում էր հայրս, միայն գիրք։ Դպրոց պիտի գնայի, նա արդեն բանաստեղծություն էր գրել իմ մասին.

Շատ- շատերն են Շամշադին

Սովորում թանկ, անգին,

Բայց աղջիկս էլ 7 տարում

Այնքան էլ  վատ չի սվորում…

Ընկերներն են ճանաչում

Մարետիկ են միշտ կանչում…

Ինձ Մարետ էին ասում։ Ես չեմ իմացել, որ իմ անունը Մարուսյա է։ Դպրոց մտա, տնօրեն Կոստյա Մարդանյանն ասաց՝ էս ի՜նչ լավ բալիկ ես, էս ինչքա՜ն բան գիտես։ Առաջին օր դասարանում բոլորի անուն-ազգանունները կարդացին, իմը չկարդացին։ Հորեղբորս տղան՝ Սերգեյն էլ էր իմ դասարանից։ Քիչ էր մնում սիրտս պայթեր։ Կտորից կարված, թանաքամանն էլ մեջը դրած, պայուսակս վերցրի ու լացելով տուն եկա։ Պայուսակս շպրտեցի։ Շատ  վիարվորված էի, ախր հենց առաջին օրով անուն-ազգանունս չէին կարդացել։  Հայրս տեսավ, ժպտաց։ Դու մի ասա՝ հորս արածներն են, որ դպրոցական առաջին օրը հիշողությանս մեջ ընդմիշտ տպվի։ Չէր ասել ինձ, որ իսկական անունս Մարուսյա է, ուսուցչուհին էլ կարդալու է՝ Մաթևոսյան Մարուսյա, ուրեմն դա ես եմ։ Ես էլ սպասում եմ, որ պիտի Մարիետա Մաթևոսյան կարդան…

Չքավոր հայրս ու հարուստ մայրս

Մայրս Արցախից էր, շատ հարուստ ընտանիքից, նրա պապը Հասան Ջալալյանն էր, որ  եկել է Շամշադին, հիմնել Չորաթան գյուղը, մեծ տուն կառուցել։ Հեղափոխության ժամանակ՝  կուլակաթափին, տան պատերը քանդել են, որ ոսկի հանեն։ Բայց սնդուկ են գտել՝ մեջը Նիկոլայի տարիների  ժամկետանց թղթե փողեր։ Վառել են։ Պատմում են, որ մի ամբողջ շաբաթ ամբողջ գյուղը ծխի մեջ կորած է եղել, որովհետև Նիկոլայի փողերը դժվար էին վառվում։ Պապիս աքսորել են Սիբիր, 10 տարի նստել է։

Ի տարբերություն մորս՝ հայրս չքավոր ընտանիքից է եղել, փոքր տարիքում որբացել է։ Մորս հայրը Սիբիրից՝ Ալթայի երկրամասից  վերադարձել է, իմացել, որ որբ ու չքավոր հայրս ամուսնացել է իր դստեր հետ։ Ու չնայած ես արդեն ծնվել էի, պապս աղջկան տանում է իր տուն, հորս ու մորս բաժանում։ 5-րդ դասարանում էի, դասի էի նստած։ Մեր ազգականը եկավ, թե՝ դուրս արի, մամադ սպասում է քեզ։ Մարմինս սկսեց դողալ։ Մանկապարտեզում էլ էի սթրես տանում, որովհետեև շատերը չգիտեին՝ տատս տա՞տս է, թե՞ մայրս։

Այս վիճակն ինձ շատ էր նյարդայնացնում, ճնշում։

Որբ չէի, բայց որբի կյանք ունեի

Մայրս ինձ համար օտար էր դարձել։ Փոխարենը՝ հորեղբորս կինը, Աստղիկ Մելիքյանը, որ ինձ չէր ծնել, հարազատի պես էր նայում ինձ։ Մենք ու հորեղբայրս պատկից էինք ապրում։  Հորեղբորս կինը  4 որդի ուներ, իր Սերգեյ որդու հետ  ինձ էլ է կաթ տվել։ Հորս բերած այծի կաթն ինձ համար լրացուցիչ սնունդ է եղել։ Աստղիկը կարծես իմ իսկական մայրը լիներ, մազերս էր սանրում։ Մի անգամ էլ ոջիլ էի ընկել, նավթով-բանով գլուխս մաքրեց։ Նրա հոգատարությունը, մազերս հյուսել, ժապավեն կապելը…

Հայրս լուսանկարիչ էր։ Իմ աչքի առաջ էր  երևակում իր լուսանկարները, որ մի ամբողջ պրոցես էր՝ երկար ու ձիգ։ Իսկ հիմա՝ գիտության ճիչին մեռնեմ, հո՛պ, ու լուսնկարը պատրստ է։ Բայց արվեստը… արագության, ռիթմի մեջ արվեստը կորչում է։ Մոցարտը, Բախը, Բեթհովենը ինչպե՞ս են երաժշտություն ստեղծել, տեխնիկայի ուժո՞վ, ո՛չ, իհարկե, դրա համար էլ աստվածային գործեր են արարել։

Հոգուս խճանկարը՝ գիտություն ու արվեստ

73 տարեկան եմ, իմ ամենամեծ հարստությունն իմ տառապանքն է։

Հաճախ են հարցնում՝ որտեղի՞ց, ինչպե՞ս եմ իմանում, թե որտեղ,  ինչ  մշակութային միջոցառում կա։ Ես էլ պատասխանում եմ՝ ով, ինչ փնտրի, այն էլ կգտնի։ Ես իմ ամեն օրը պլանավորում եմ, որ ամեն ինչ հասցնեմ, ոչինչ բաց չթողնեմ։ Մարդը ո՞նց կարող է անծրագիր ապրի, էդպես չի կարելի։ Ոչինչ չես հասկանա կյանքից, ոչինչ չես իմանա։

Զարմանում եմ, մարդիկ կենդանի շփումը, արվեստի հետ կենդանի հաղորդակցումը թողած՝ ո՞նց են մտնում էդ հեռախոսների մեջ ու իրենց կյանքը,  սիրուն կյանքը սպանում։ Գալիս եմ մշակույթի օջախներ, կիրթ, զարգացած արվեստագետների, ռեժիսորների, դերասանների հետ եմ շփվում, անընդհատ սովորում ու սովորում եմ։

ԵՊՀ-ի քիմիական ֆակուլտետն եմ ավարտել։ Այն ժամանակ  ոչ մի շրջանավարտ չէր ուզում գյուղ գնալ՝ աշխատելու։ Իսկ ես «Նոյի ագռավի»  նման մտածում էի՝ գնամ, գյուղը լուսավորեմ։ Երբ ինձ հարցրին՝ որտե՞ղ եք ուզում նշանակենք։ Ասացի՝ գյուղ տարեք։ Ինձ նշանակեցին Արտաշատի շրջանի Այգեզարդ գյուղի  8-ամյա դպրոցի ուսմասվար։

Այդքան փոքր՝ ինչո՞ւ էր հայրս ասում, որ Հեկտոր Մալոյի «Առանց ընտանիքի» գիրքը կարդամ։ Կարդացի ու հիվանդացա։ Շատ  տպավորվեցի։ Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզոն» կարդում էի, անմարդաբնակ կղզին պատկերացնում։ 9,5 տարեկան էի, հայրս ստամոքսի խոցից մահացավ։ Նրա  մահից հետո ինձ հետաքրքրեցին  Զորյանի «Հայոց բերդը», մեր մյուս գրողների վեպերը։ Երեխա էի, չէի հասկանում, որ հայրս էլ չկա, մահացել է։ Սպասում էի նրան, գլխի չէի ընկնում՝ ինչ է եղել։

Մանկությանս բույրերը

Մանկությանս բույրերից ավելուկի հոտն եմ հիշում։ Գնում էի, Չաթախ սարից ավելուկ հավաքում։ Տատիս հոտն եմ հիշում։ Նրա ծոցում էի քնում։

13  տարեկան է եղել տատս, որ խեղճին ամուսնացրել են Շաքար պապիս հետ՝ իրենից 8 տարով մեծ։  Տատս անգամ ֆիզիոլոգիապես ձևավորված չի եղել՝ որպես կին։ Պապս այնքան մաքուր մարդ է եղել, որ տատիս որպես իր կին չի ընդունել, այլ որպես երեխա։ Կողքին պառկել է, բայց ձեռք չի տվել այնքան ժամանակ, մինչև տատս մեծացել, հասունացել է։ Տատիս հոտն եմ սիրել միշտ։

Ես շատ զզվող էի։ Չէի թողնում, որ ձվածեղ անեն, ասում էի՝ հոտ է գալիս, տատս ձուն խաշում էր, մենակ սպիտակուցն էի ուտում, դեղնուցից հոտ էի առնում։ Տատս ասում էր՝ էս երեխեն սովից կմեռնի, դրա համար էլ ամեն առավոտ շարբաթ էր խմեցնում։

Հարկադիր վերադարձ մորս մոտ

Արվեստ շատ էի սիրում, բայց արվեստի ոչ մի ճյուղով այդպես էլ  չգնացի։ Դերասանական շնորհք չունեի, որ թատերական գնայի։ Բժշկական ինստիտուտ էի ուզում ընդունվել։ Քանի որ հայրս մահացել էր, ուզում էի  բժշկուհի դառնալ, որ մարդկանց չթողնեմ մահանան, նրանց կյանքը փրկեմ։  Բայց մայրս չթողեց, որ թղթերս բժշկական ինստիտուտ տամ։ Մենք արդեն միասին էինք ապրում։ Մորս պապենական հարստությունը հարազատները ցրել-տարել էին, նա էլ ոչինչ չուներ։ 12 տարեկանից մորս հետ Շամշադինից տեղափոխվեցինք Երևան։ Մայրս էլ չամուսնացավ։

Մորեղբորս աղջիկը ԵՊՀ-ի դասախոս Ժենյա Քալանթարյանն է։ Ժենյան մորս հետ մեր տանն է ապրել։ Եթե նա չլիներ, ես երևի մորս մոտ չապրեի։ Ժենյան ԵՊՀ-ի բանասիրականում էր սովորում։ Նրա ապագա ամուսինը՝ Վազգեն Գաբրիելյանն էլ տպարանում էր աշխատում ու Ժենյայով հրապուրված՝ հաճախ էր մեր տուն գալիս։ Գրականությունից էին խոսում, ես էլ և՛ լսում էի, և՛ կարդում։

Տատիս մոտ հաճախ էի գնում։ 3-րդ կուրսում էի, ամռանը գնացի գյուղ, որ տատիկիս անկողինը քանդեմ, լվանամ, կարեմ։ Հենրիկ Սենկևիչի «Յո՞ երթասն» էլ էի տարել հետս։  Տատս գուլպա էր գործում, ասաց՝ բարձր կարդա, ես էլ լսեմ։  Հիմա եմ զարմանում, թե 700 էջանոց գիրքը ո՞նց բարձր-բարձր կարդացի, տատս էլ լսեց։ Մի շաբաթ կարդացի։ Չէի զգում, որ հոգնել եմ, որովհետեև ընթացքում քննարկում էինք տատիս հետ, մեր զգացումներն էինք արտահայտում։

Անխուսափելին՝ սեփական ընտանիքը

Մի լավ տղա կար, իրար հավանում էինք, բայց մայրս չթողեց ամուսնանանք։

Քեռուս աղջիկը ծանոթացրեց ապագա ամուսնուս հետ, որի հայրն աշխատում էր Մատենադարանում, արխիվի բաժնի ղեկավարն էր։ Շատ կարդացած, զարգացած մարդ էր։ Ամուսնուս ընտանիքում 6 երեխա էին։ Մտածեցի՝ ինչ լավ է, որ իրենք շատ են, 6-ն են, ինձ նման միայնակ չեն։ Երեխաներս մեծ բարեկամություն կունենան։ Սկսեսրայրս՝ Ավետիք Ադամյանը, ինձ Ռուբենսի գիրքը նվիրեց։

Իր գիտելիքներով ու ինտելիգենտ պահվածքով ինձ  հրապուրեց ամուսնուս հայրը։ Արդեն  30 տարեկան էի, ուզած-չուզած պիտի ամուսնանայի։ Մտածեցի՝ գոնե երեխաներ կունենամ, միջիս մշակութասերին նրանց կփոխանցեմ։  Երեխաներիս այնքան էի տիկնիկային թատրոն տարել, որ արդեն բոլորը ճանաչում էին, եթե մի քանի օր չէի տանում, թատրոնում անհանգստանում էին։

Երեխաներիս մեջ կաթիլ-կաթիլ արվեստ ներարկելով

Ավագ որդուս ունեցել եմ 1979 թվականին։

2 տարեկան էր Արթուրս, արդեն «Մարաթուկ» անսամբլում էր։ 5,5 տարեկանում Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց եմ տարել։ Շատ սիրուն, աչքի ընկնող երեխա էր, որ գրկիս տեսնում էին, հարցնում էին՝ էդ երեխան քո՞նն է։ Դե ինձ էին նայում, հետո երեխայիս, կասկածում էին, որ իմն է։

Երեխաներիս հետ երաժշտական դպրոցի 7-ամյա կուրսը սովորեցի ու  ավարտեցի, նրանց հետ նոտաները սովորեցի։ Տղայիս ֆլեյտայի բաժին էի տվել, որովհետև Մոցարտի «Կախարդական սրինգը» շատ էի լսում ու հիանում։ Համ էլ  մի սենյականոց էր բնակարանս, դաշնամուրը ո՞նց տեղավորեի։

Բայց դպրոցի տնօրեն  Պետրոս Հայկազյանն ասաց՝  որդիդ արտակարգ լսողություն ունի, արի ջութակի տուր, ֆլեյտայի համար պիտի 10 տարին լրացած լինի։

Ես այդ ժամանակ աշխատում էի Գենետիկայի ինստիտուտում։

Որդիներս

Ավագ որդիս՝ Արթուրս,  կոնսերվատորիան ավարտեց, իսկ կրտսերը՝  Արմանս,  աշխարհով մեկ պտտվել է։

Ավարտեց Սայաթ-նովայի, հետո՝ Չայկովսկու դպրոցը, ընդունվեց Մանկավարժականի կուլտուրայի ֆակուլտետ, նվագում է ջութակ, ալտ, փողային գործիքներ։ 2001 թվականին գնաց ԱՄՆ։ 21 տարի որդուս չէի տեսել, անցյալ տարի գնացի տեսա-եկա։ Տղաս բիզնեսմեն է։ 100 տարեկան ռոյալ է առել։ Հենց տուն է գալիս, նստում-նվագում է։ Մինչև չնվագի, չի հանգստանա։  Երաժշտությունը նրա կյանքն է։

Ես էլ երեկոյան գնում եմ տուն, սպասում Ամերիկայի տղայիս զանգին։

Իմ սեր, ռադիո

Ռադիոն գիշեր-ցերեկ ականջիս տակ միացրած է։ Հենց տուն մտա, դեռ բաճկոնս չհանած՝ ռադիոն պիտի միացնեմ։ Ես պետք է անընդհատ ինֆորմացիա ստանամ, անընդհատ համերգ լսեմ, մշակույթի հետ շփվեմ։ Արվեստից չեմ կշտանում։ Հաղորդում կա, որ երկու անգամ եմ լսում։ Հաստատ մի բան բաց թողած եմ լինում ու տեղը լրացնում եմ։

Ես իմ երկրից բացի, ուրիշ տեղ չեմ ապրի։ Երբեք։ Այստեղ այնքա՜ն մշակութային միջոցառումներ են լինում։

Եթե ձկանը ջրից հանես, ի՞նչ կլին նրա հետ։ Նույնն էլ ես, եթե մի օր մշակույթով չապրեմ, շնչահեղձ կլինեմ։ Սոված-ծարավ լինեմ, կդիմանամ, միայն թե շուրջս մշակույթ լինի, արվեստի մեջ լինեմ։ Մտածում եմ՝ գնամ , մի բան առնեմ ուտեմ։ Մեկ էլ տեսնում եմ՝ ոտքերս ուրիշ տեղ են տանում՝ որտեղ արվեստ կա։

Իմ գրական բախտակիցներն ու ես

Երբեք շպար չեմ օգտագործել, ամեն ինչի բնականն եմ սիրում։ Մի քանի օր առաջ «Դիմակահանդես» բալետն էի գնացել։ Դիմակները բնական չեն, չէ՞, բայց դրանց տակ  էդ ի՜նչ բնական հոգեվիճակ կա, ի՜նչ ապրումներ։ Ֆիլմ, ներկայացում նայելիս էլ եմ հերոսների հետ ապրում, զգում, ցավում, ուրախանում։

Ես ոչ մեկի հետ մտերմություն չեմ անում, ընկերուհիներ ունեցել եմ, բայց հասկացել եմ, որ այդտեղ էլ շահն է առաջնորդում։ Դրա համար էլ ինձ պարփակել եմ միայն գրքերով, արվեստով։

Իմ կյանքից գոհ չեմ։ Ամեն անգամ հիշում եմ Վահան Տերյանի նամակը՝ Անթառամ Միսկարյանին, որտեղ ասում է. «Հոգնել եմ, հոգնատանջ եմ, ծայրաստիճան ջղագրգիռ եմ, ահավոր…»։ Հետո անցնում եմ Թումանյանի քառյակներին՝

Քանի ձեռքից եմ վառվել,

Վառվել ու հուր եմ դառել,

Հուր եմ դառել, լույս տվել,

Լույս տալով եմ սպառվել…

 

Զրույցը՝ Նաիրա ՓԱՅՏՅԱՆԻ