Առաջին անգամ՝ Kinoashkharh.am-ը, հանրությանն է ներկայացնում «Պեպո» ֆիլմի օպերատոր Դմիտրի Մոիսեևիչ Ֆելդմանի ասիստենտ՝ Թամարա Գարինայի, հիշողությունները  Ֆելդմանի մասին։ Գարինայի օրագրերում  ամփոփված են նրանց համատեղ աշխատանքային օրերը, պատառիկներ ֆիլմի ստեղծման աշխատանքներից, և հատկապես Ֆելդմանի մասինի առանձնահատուկ հուշերը։ Ռուսերեն լեզվով ձեռագիր  հուշագրությունը պահպանվում է  Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։ Թամարա Գարինայի ձեռագիր հիշողությունները  հրապարկում ենք հայերեն  թարգմանությամբ։

Հիշում եմ մի դարձվածք, ինչ-որ տեղ կարդացած, որ «հիշողությունների էջերից այն պատճառով են ելնում կերպարները կենդանի, որ սիրով ու անկեղծությամբ են գրվում այդ տողերը, և համակված են նրանք անցած օրերի ջերմությամբ»…

Իմ ծանոթությունը Դմիտրի Մոիսեևիչ Ֆելդմանի հետ տեղի է ունեցել 1934 թվականին Երևան քաղաքում, ուր մենք բոլորս, այսինքն խումբը, հավաքվել էինք «Պեպո» ֆիլմի վրա աշխատելու համար՝ ռեժիսոր Հ. Ի. Բեկ-Նազարովի բեմականացմամբ:  Խումբն ամուր էր, իսկ մենք՝ բոլոր մասնակիցներս երիտասարդ էինք, եռանդուն և ապագա ֆիլմի հաջողության ամենախանդավառ հույսերով լի: Եվ միանգամից Ֆելդմանի առաջին իսկ ձեռքսեղմումից, ես զգացի ինչ-որ անբացատրելի անսահման համակրանք մեր օպերատորի հանդեպ, որի մասին բարի համբավն արդեն, իր մեզ մոտ ժամանելուց դեռ շատ առաջ, տեղեկացրել էր իր աչքի ընկնող ընդունակությունների, իր տաղանդի և, հատկապես, վերջին, իր հենց նոր ավարտած «Պետերբուրգյան գիշեր» ֆիլմի փայլուն հաջողության մասին, որ բեմադրել էր ռեժ. Գ. Լ. Ռոշալը: Եվ մամուլում ամբողջ ժամանակ հայտնվում էին գովասանական գրախոսականներ, հատկապես օպերատորի հասցեին:

Իր անվան հետ են կապված փայլուն նկարահանված մի շարք կինոնկարներ: Յուրաքանչյուր օրվա հետ Դմիտրի Մոիսեևիչը ավելի ու ավելի շատ էր դեպի իրեն տրամադրում խումբը և արդեն շուտով մենք բոլորս իմացանք իր ճակատագրի ճշմարիտ և տխուր պատմությունը: Իրական կյանքը նրա հանդեպ վարվել էր քմահաճ և անբարյացակամ: Իմացանք մենք, որ նա եղել է որբ, որ երբեք չի ճանաչել ոչ հորը, ոչ մորը, քանի որ վաղ է կորցրել նրանց, որ մեծացել է նա Օդեսայում, կարծես թե հեռու ազգականների, երկու ծերերի մոտ և նրանց կոչել տատիկ ու պապիկ, որ իր կյանքը ամենևին քաղցր չի եղել և որ նա անցել է իրեն վիճակված պատանեկան դառն որոնումների բոլոր փուլերով… Պատմեց նա մեզ, թե ինչպես է բոլոր դեգերումներից հետո, 14 թե 15 տարիների, հայտնվել կինո-ֆաբրիկայում: Սկզբում որպես մանր հանձնարարություններ կատարող, հետո լվացման լաբորատորիայում և, վերջապես, օպերատորի մոտ՝ սարքավորումը քարշ տալու:

Դմիտրի Մոիսեևիչին տրված չէր իր մանկությունից մեծ կյանք տանելու ջերմության գեթ որոշ պաշար: Եվ չնայած նա զրկվել էր կյանքում ամենաթանկ բանից՝ լուսավոր մանկությունից, մայրական փայփայանքից, հայրական հոգատարությունից, այլ փոխարենը՝ հանդուրժել և անցել բոլոր կարիքների միջով իր ամենավաղ տարիքում, նա չի կորցնում ջերմությունը մարդկանց հանդեպ և պահպանում սերը կյանքի հանդեպ: Նրա մեջ առկա էր մի տեսակ անզուսպ սեր կյանքի հանդեպ, երիտասարդության հանդեպ, երիտասարդների հանդեպ, ամենայն գեղեցիկի հանդեպ: Նա կարող էր իր ամբողջ ազատ ժամանակը (որն այնքան քիչ էր) նվիրել ինչ-որ մի սկսնակ երիտասարդ աշխատակցի պարզաբանելու համար օպերատորական վարպետության այս կամ այն խնդիրը:

Նա կարող էր ժամերով նստել լաբորատորիայում (այն ժամանակ դեռևս շատ պարզունակ, Երևանում), որպեսզի ներկա լինելով հայտածման բոլոր գործընթացներին՝ փոխանցի իր փորձը, իր գործնական հմտությունները ընկերներին, որոնք չեն յուրացրել այդ գործընթացները: Այսպիսով, նրանց սովորեցնելով՝ Ֆելդմանը նաև նեղ տեղից էր հանում նրանց: Եվ առհասարակ, այն ամենը, ինչ անում էր խմբի համար, ընկերների համար կամ որևէ մեկի խնդրանքով, նա անում էր անկաշկանդ, լայն թափով, իրեն չսահմանափակելով, չզլանալով, այլ ընդհակառակը: Նրա մեջ զգացվում էր իր նկարագրի լայնարձակությունը, պատրաստակամությունը ցանկացած պահի ընդառաջ գնալու մարդկային հոգս ու ցավին: Եվ նա գնում էր, օգնում, նեղ տեղից հանում, սխալվում էր և ամեն դեպքում դարձյալ գնում: Նա մի տեսակ անսքող կերպով սիրում էր կյանքը:

Դմիտրի Մոիեսեևիչը մասնագիտական վարպետության բարձր մշակույթի տեր էր: Նա չէր ավարտել Կինոյի համամիութենական պետական ինստիտուտը (ВГИК), կինեմատոգրաֆիական վարպետության որևէ այլ դպրոց: Նա պրակտիկ տեսաբան էր և բացառիկ շնորհալի մարդ այդ ասպարեզում: Իր աշխատունակությունը և այս կամ այն նպատակին հասնելու համառությունը զարմանք էր պատճառում: Նկարահանումների ժամանակ թե լաբորատորիայում աշխատելիս ես միշտ մտածում էի՝ լավ կլիներ, որ իր աշխատանքային ոգին, իր վարպետության դասերը, իր պահանջկոտությունը իր իսկ հանդեպ, ընկալված լինեին երիտասարդների, իր շրջապատի կողմից, յուրացվեին և այդժամ իմացության այդ պաշարով հեշտությամբ առաջ կգնային:

Ես երկար տարիներ եմ աշխատել կինեմատոգրաֆում, բայց հազվադեպ եմ հանդիպել այդպիսի տոկուն ու համբերատար օպերատորի: Նկարահանումների ժամանակ նա հատկապես հանգիստ էր: Ամեն բան արվում էր մեղմ ժպիտով, երբեմն թեթև կատակով, բայց միշտ առանց որևէ իրարանցման: Ամենաբարդ նկարահանումները՝ գազաններով, վանդակներով, վագոնիկներով, ամբարձիչներով և այլն, և այլն, այն ամենը, ինչ այնքան անհանգստացնում է նկարահանումների ժամանակ օպերատորին և լուսավորողներին, Դմիտրի Մոիսեևիչի մոտ հարթ ու հանգիստ էր անցնում: Լույսը նա հաջողությամբ գլուխ էր բերում ինչպես մեծ դիրիժորը վահանակի մոտ: Լույսին առնչվող կարգադրություններն ու ցուցումները նա նետում էր թենիսի գնդակի պես: Որոշում ու բաշխում էր այն՝ մի ակնթարթում և անսխալ: Բավական էր իր ձեռքի չնչին մի շարժումը, գլխի շուռ տալը, մի հայացք, որ աննկատ նետում էր իր վարժեցված գործընկեր-լուսավորողներին, և լույսն արդեն իր տեղում էր: Դմիտրի Մոիսեևիչի մոտ տրաֆարետներ չկային: Նա ուներ աշխատելու իր եղանակը:  Ստեղծագործաբար-շեշտակիորեն, խորքերից նա ամբողջությամբ դուրս էր քաշում տվյալ կերպարը և սուր կերպով գծագրելով,- նկարում էր նրան լույսով, աշխատելով ինչպես արձանագործը հատիչով: Աշխատանքի այդ պահերին Մոիսեիչի մոտ կարելի էր տեսնել հազար աչք մեկ զույգի փոխարեն:

Ինչպիսի՜ համառությամբ էր նա հասնում այնպիսի լուսային նկարի, որը լիովին կփոխանցեր հերոսի հոգեկան վիճակը: Կամ՝ իմաստա-ընդգծում էր հերոսի այն գծերը, որոնք սրությամբ դուրս ցցվելով, հաստատագրում էին այդ հերոսի նկարագիրը: Օրինակ, «Զիմզիմովը և իր ստվերը» կադրերը: Դրանք կոթողային են, ճնշող և տվյալ դեպքում վառ արտահայտում են Զիմզիմովի չար ուժի զորությունը: Ես նկատել եմ, երբ Դմիտրի Մոիսեիչը նկարում էր խիստ բացասական հերոսների կադրերը, նա դառնում էր անչափ կենտրոնացած, մի տեսակ մռայլվում էր, նույնիսկ իր հայացքը ծանրանում էր, հոնքերը կիտվում էին: Ինձ հասկանալի էր իր վիճակը: Չարը չի արտացոլում ուրախություն: Եվ նա այժմ ինքն իր մեջ ստեղծում է բացասական կերպարը, որպեսզի անձամբ տեսներ այն, ինչ մտածել էր, այն, ինչ պատրաստվում էր ստեղծել:

Եվ Մոիսեիչը նաև մի շատ արժեքավոր գիծ ուներ: Որքան էլ նա հրապուրվեր արտաքին արտահայտչականությամբ, նրա մոտ այն երբեք չափը չէր անցնում ի հաշիվ ներքին նշանակալիության: Դա իսկական արվեստագետի աշխատանք էր: Եվ առհասարակ բոլոր նկարահանումները անցնում էին անչափ թեթև, հարթ, բայց իհարկե միշտ բարձր տրամադրությամբ: Նույնիսկ երբ Մոիսեիչի մոտ լինում էին ինչ-ինչ անսարքին բաներ, տհաճություններ՝ նկատել ոչ ոք չէր կարող: Բարի ժպիտը չէր իջնում դեմքից: Ամբողջ ջահելությունը սիրում էր օպերատորին՝ և արտադրական, և նրանք, որ խմբում էին: Նրանց կողմից երբեք և ոչ մի բանում Մոիսեիչին մերժել չկար: Ավելի երկար մնալ ֆաբրիկայում, աշխատանքը կատարել սահմանված ժամանակից դուրս: Բացարձակապես բոլորը հաճույքով կատարում էին: Կամ նրանք տեղի էին տալիս նրա հմայքին, կամ էլ այն պատճառով, որ նա չգիտակցելով, իր համար անբացատրելի կերպով, գրավում էր նրանց երկու-երեք փաղաքշական բառերով, իսկ միգուցե իր սրտի բարությո՞ւնն էր դա անում: Ամեն բանից զատ ես գիտեի, որ նրան անչափ գնահատում էին դատողությունների շիտակության համար:

Դմիտրի Մոիսեևիչը այն մարդկանցից էր, որոնց շատ արագ ես ընտելանում և շատ թեթև քայլում ես կողքի-կողքի: Հատկապես եթե նրանք ունեն հումորի թեկուզ չնչին զգացում: Նրանք թեթևացնում են քո ուղին և դու նրանց կարող ես անգամ չնկատել: Սակայն բավական է բաժանվես, և նրանց պակասը անչափ կզգացվի և դու հաճախ  նրանց կվերհիշես:

(շարունակելի)

Պատրաստեց Ռ․Բագրատունյանը


    Մասնագիտության սեռը

    «Այսօրվա զրույցը ես կուզենայի սկսել՝ անդրադառնալով մերօրյա  հասարակության թերևս ամենաճնշված և խոցելի խավին՝ տղամարդկանց»։ Լսելով հումորային ծրագրի այս առաջին նախադասությունը, ակամայից...