Երևանում՝ Հայաստանի Հանրապետության, ԱՊՀ երկրների, ԵԱՏՄ-ի, Բալթյան երկրների, Վրաստանի Հանրապետության կինեմատոգրաֆիայի և կինոարդյունաբերության ոլորտային մասնագետների մասնակցությամբ ( նոյեմբերի 22-27-ը)   ընթանում է «ՍոլիդԱրտ» ժամանակակից արվեստ և հանրային կառավարում» միջազգային սեմինարը։ Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, սեմինարն ուղղված է կինեմատոգրաֆիայի բնագավառում պետական և մասնավոր հատվածների համագործակցության համակարգի արդիականացմանը` ինչպես մեր երկրի տարածքում, այնպես էլ միջազգային մակարդակում:

Բացի այդ, կդիտարկվեն բոլոր իրավական ձևակերպումներն ու ընթացակարգերը, որոնք պետք է պահպանվեն միջազգային համագործակցության դեպքում, և կստեղծվեն նախադրյալներ` խոչընդոտները կանխելու նպատակով:

«ՍոլիդԱրտ» ժամանակակից արվեստ և հանրային կառավարում» սեմինարի ընթացքում իրականացվող աշխատանքները կանցկացվեն 3 հիմնական փուլերով. նախագծի մանրամասն մշակում և նախապատրաստական աշխատանքներ, սեմինարի շրջանակներում իրականացվող աշխատանքներ, պանելային դիսկուրսներ, քննարկումներ փորձագիտական խմբերի հետ, վերջնարդյունքի ամփոփում և կինոոլորտի խնդիրների կարգավորմանը ուղղված մեխանիզմների և համակարգի մշակում:

Ծրագրի կարևորագույն նպատակներից է հայեցակարգերի և իրավական ձևակերպումների միասնական համակարգի ձևավորումը, որը կդառնա համագործակցության հիմնաքարը հատկապես ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի Հանրապետության երկրների համար։ Քննարկվելու են մասնակից երկրների տարածքում կինոարտադրանքի արտահանման և փոխադրման միասնական սակագին սահմանելու մեխանիզմների քննարկումները։

Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, «Օրացույց. Գիտաստեղծագործական նախաձեռնությունների միավորում ՀԿ»՝ ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: