Երևանում՝ նոյեմբերի 29-ին, մեկնարկում է «Կին»  միջազգային 18-րդ կինոփառատոնը: Այս տարի կինոփառատոնը տեղի կունենա օնլայն և օֆլայն ձևաչափերով։ Ցուցադրությունները տեղի կունենան ՀԲԸՄ սրահում (հասցե՝ Մելիք Ադամյան, 2/2)։  Ֆիլմերը հասանելի կդառնան օնլայն հարթակում՝ ՀԲԸՄ սրահում ցուցադրությունից հետո։ Յուրաքանչյուր ֆիլմ նախատեսված է 300 օնլայն դիտումի համար: Այս մասին հայտնում են կինոփառատոնի մամուլի ծառայությունից:

Բացման արարողությունից հետո կսկսվի մրցութային ծրագրի ֆիլմերի ցուցադրությունը՝ «Նախշուն» (ռեժ.՝ Լուսինե Զաքարյան, վավերագրական, Հայաստան, 6 րոպե), «Երբ աշունը հեռանում է», (ռեժ.՝ Ռեյչել Գավի, խաղարկային, Իսրայել, 20 րոպե), «Թեհրանում առաստաղի տակ» (ռեժ.՝ Քիմիա Էյզադ Փանահ, խաղարկային, Գերմանիա/Իրան, 23 րոպե), «Լսի՜ր մեզ, բաղձալի՛ ազատություն» (ռեժ.՝ Հելեն Իսպիրյան, խաղարկային, Գերմանիա, 11 րոպե), «Շնորհավոր Նոր Տատի» (ռեժ.՝ Նատալյա Միրզոյան, անիմացիա, Ռուսաստան, 8 րոպե):
Ֆիլմերը ցուցադրվելու են բնօրինակ լեզվով, հայերեն թարգմանությամբ (ականջակալների միջոցով) և անգլերեն ենթագրերով։

Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է։

Փառատոնի ավանդական Մրցութային և Հյուրերի ծրագրերում կներկայացվեն 51 ֆիլմ 19 երկրից։ Հյուրերի ծրագրում կցուցադրվեն արդեն ճանաչված ֆիլմեր, որոնց առաջնախաղերը տեղի են ունեցել Բեռլինի կինոփառատոնում և Կաննի կինոփառատոնում։ Սելին Շիամայի «Փոքրիկ մայրիկը» և Նոռա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմերը կունենան միայն կենդանի ցուցադրություններ։

Որպես փակման ֆիլմ կցուցադրվի հանրաճանաչ ֆրանսիացի ռեժիսոր՝ Սելին Շիամայի «Փոքրիկ մայրիկը» ֆիլմը, որի պրեմիերան կայացել է Բեռլինի կինոփառատոնում։

18-րդ «Կին» միջազգային կինոփառատոնը իր հարգանքի տուրքը կմատուցի հանրահայտ Սովետական հայ կինոռեժիսոր Եկատերինա Վերմիշևային: Փառատոնի ժյուրիի անդամներն են` Լյուսիան Քերրին (պրոդյուսեր, ԱՄՆ), Ելենա Կուցենկոն (կինոգետ, Ռուսաստան), Թամարա Հակոբյանը (կինոգետ, Հայաստան), Կարինե Ավանյանը (լրագրող, Հայաստան), Հովհաննես Հակոբյանը (կինոռեժիսոր, օպերատոր, Հայաստան): Փառատոնի ավարտից հետո ցուցադրությունները կշարունակվեն Հայաստանի մարզերում։ Տեղի կունենան կինոդիտումներ և հանդիպումներ հայ ռեժիսորների հետ՝ Սևանում, Դիլիջանում, Գյումրիում։

Դեկտեմբերի 3-ին կմեկնարկեն փառատոնի առցանց ցուցադրությունները kinfestival.com կայքում և կտևեն մինչև հունվարի 3-ը։ Առցանց կինոփառատոնը, որի աշխարհագրությունը շատ ավելի մեծ է, հնարավորություն կտա հանդիսատեսին առանց ժամանակային և տարածական սահմանափակումների դիտել, գնահատել փառատոնի ֆիլմերը և քվեարկել իր հավանած ֆիլմի օգտին։ Արդյունքում ամենաշատ հավանումներ (likes) ստացած ֆիլմը կստանա «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը։

Փառատոնի ավարտին կշնորհվեն հետևյալ մրցանակները` «Լավագույն ֆիլմ», «Հատուկ մրցանակ», դիպլոմներ, մրցանակ Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի կողմից, հանդիսատեսի մրցանակ, որը կտրվի հանդիսատեսի ձայների հաշվառման հիման վրա:

Փառատոնը արդեն 18 տարի շարունակ ցուցադրում է աշխարհի ամենատարբեր անկյուններում կին ռեժիսորների հեղինակած ֆիլմեր, և հանդիսանում է դրսևորման ու փորձի փոխանակման մի յուրահատուկ հարթակ։ ԿԻՆ կինոփառատոնի նպատակն է` վերաիմաստավորել կնոջ տեղը և դերը հասարակության մեջ, կինոյի միջոցով լուսաբանել նրա խնդիրները, ձևավորել մի նոր հենակետ, որը կնպաստի Հայաստանում կանանց կողմից ստեղծված ֆիլմերի խթանմանը, նոր անունների բացահայտմանը, ինչպես նաև` տարբեր ազգերի մշակույթների փոխընկալմանը:


    Ռոբերտ Մաթոսյան․Տասնվեց տարեկանում ստալինյան մրցանակ

    Ռոբերտ Մաթոսյանի անտիպ  «Մասնագիտությունը կինոռեպորտյոր» գրքից  ուշագրավ պատառիկներ․․․ *** 1972 թվականին Ֆրունզե Դովլաթյանը, Պերճ Զեյթունցյանի սցենարով նկարահանեց  «Երևանյան օրերի խրոնիկա»...

    , |24 Հունվար 2022,12:29