Կինոյի տան մեծ դահլիճում՝ նոյեմբերի 27-ին, տեղի ունեցավ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության 15-րդ համագումարը: Օրակարգի գլխավոր թեման միության նախագահի նոր ընտրությունն էր: Մինչև այդ, ներկայացվեց վերջին 4 տարիների միության կատարած աշխատանքները։ Այսպիսով՝  4 տարիների ընթացքում կինոմիությունում ցուցադրվել է 356 ֆիլմ, կազմակերպվել է 53 հանդիպում` կինոզրույցներ, հոբելյաններ, անց է կացվել 6 կինոփառատոն, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել է 39.364 հանդիսական: Բացի այդ, կազմավորվել են պրոֆեսիոնալ գիլդիաները։Վերանորոգվել է կինոյի տան դահլիճը, բացվել է կինոթանգարանի՝  Սինեմատեքի առաջին հարկը:

Հարություն Խաչատրյանն իր խոսքում հիշատակեց վերջին տարիների դժվարությունները՝ քովիդ, պատերազմ, որոնք խաթարեցին կինոգործը, այդուհանդերձ «մենք նորից  ուժ գտանք վերականգնվելու եւ հասկանալու, որ կինեմատոգրաֆը շատ կարեւոր արվեստի ձեւ է»։

Նախագահի պաշտոնի համար այլ թեկնածուներ գրանցված չլինելու պատճառով, ընդհանուր համաձայնությամբ որոշվեց քվերակությունն անցկացնել բաց, որի արդյունքում միության նախագահի պաշտոնում միաձայն վերընտրվեց Հ. Խաչատրյանը, որն իր խոսքում պատրաստակամություն հայտնեց շարունակել բոլոր կիսատ մնացած գործերը։