Արձակագիր Նարինե Աբգարյանի ստեղծագործություններից մեկը վերջապես դարձավ ֆիլմի գրական հիմք: Նարինեն ընթերցողի պակաս չունի, ընդ որում՝ բազմազգ ընթերցողի, բայց արի ու տես, որ նրա մտերմիկ, անմիջական, ջերմ ստեղծագործություններն առավելագույնը դառնում են թատերական ներկայացումների համար նյութ, բայց ոչ էկրանի:

Երբ երեք տարի առաջ ռեժիսոր Հայկ Օրդյանը տեղեկացրեց, որ պատրաստվում է էկրանավորել Նարինե Աբգարյանի «Զուլալին», առաջինը հենց ինքը՝ Նարինեն զարմացավ: «Ախր  գործողություն չկա, ո՞նց ես նկարելու, Հայկ, մեղք ես»,- ասել է Նարինեն Հայկին, իհարկե, շամշադինյան բարբառով:

Բանն այն է, որ նրանք նոր էին ծանոթացել: Գրքի մոսկովյան տոնավաճառին, երբ Հայկ Օրդյանը ներկայացնելիս է եղել Արտավազդ Փելեշյանի «Դրոշմման ժամանակը» գիրքը, տեսել է, թե ինչ հոծ բազմություն է հավաքվել Նարինե Աբգարյանի տաղավարի շուրջը, որտեղ տեղի էր ունենում նրա նոր գրքի՝ «Զուլալի» ժողովածուի շնորհանեսը: Հայկը մոտեցել է Նարիներին ու խնդրել մակագրել  գրքի իր օրինակը, նաև ասել, որ ինքն էլ է արմատներով Շամշադինից: Մոսկվայում, բազմազգ երկրպագուներով շրջապատված, Նարիներինեն հաճելիորեն զարմացել է՝ տեսնելով իր համերկրացուն:

Հաջորդ օրը  Հայկն արթնացել է «Զուլալի» նովելն էկրանավորելու վճռով:

«Ընդամենը 50 էջ է, բայց ստացվել է 1,5 ժամանոց լիամետրաժ խաղարկային ֆիլմ: Ես վերցրել եմ Նարինեի ժողովածուի միայն մեկ նովել, բայց որպեսզի այն ֆիլմ դառնար, այլ ստեղծագործություններից էլ եմ էպիզոդներ ներառել: Երբ  «Զուլալին» առաջին անգամ կարդացի, այնքա՜ն հոգեհարազատ թվաց ինձ. բոլոր կերպարներին ճանաչում էի, բոլորին տեսել էի: Պատճառն այն է, որ ես ու Նարինեն, նաև այդ կերպարները նույն հող ու ջրից ենք»,- պատմում է Հայկ Օրդյանը:

Նա աշխատել է հավատարիմ մնալ գրական ստեղծագործությանը, որը ռուսերեն էր գրված: Առաջին իսկ պահից վճռել էր, որ կերպարները հենց Շամշադինի բարբառով էլ խոսելու են: Երկխոսությունները մշակելու համար մեծ աշխատանք է տարվել, որպեսզի էկրանից փոխանցվեն շամշադինյան բարբառի համն ու հոտը, գյուղական կոլորիտն ու միջավայրեը, 1990-ականների ժամանակների շունչը:

2019-ի սկզբներին սկսվել են ֆիլմի նախապատրաստական աշխատանքները, հետո՝ նկարահանումները, բայց վրա է հասել համավարակը, որը շատ է խանգարել, նաև ֆինանսական խոչընդոտների պատճառ դարձել: Հետո… պատերազմ: Պատերազմից ընդամենը մեկ շաբաթ առաջ են նկարահանումներն ավարտվել, սակայն հետարտադրական փուլն սկսելը շատ դժվար է եղել, մինչև որ մաեստրո Տիգրան Մանսուրյանը մի օր զանգել է Հայկին ու սթափեցրել. «Վերջ տուր, պետք է աշխատել, այսպես չի լինի, սկսիր մոնտաժը, որ ես էլ երաժշտությունը սկսեմ գրել»:

Հայկը հավաքել է իր թիմին ու գործի անցել:

«Զուլալիի» օպերատորական աշխատանքն անմիջապես է աչքի ընկնում՝ նուրբ, պրոֆեսիոնալ, գեղարվեստական ու գեղագիտական կտավների հավասար կինոկադրեր: Օպերատորը Արման Օրդյանն է:

Դերակատարները ֆիլմում շատ չեն, բայց գլխավոր կերպարներից միայն Մարինե Պետրոսյանն է, որ Շամշադինի հետ կապ չունի: Սակայն նա ևս  սովորել է տեղի բարբառը, որպեսզի ֆիլմում բարբառով խոսի:  Մարինե Պետրոսյանը մարմնավորել է Աքիրին (աքիր Շամշադինի բարբառով նշանակում է քույրիկ):

Դժբախտ ընտանիքի  հոգսը քաշող Աքիրն այդ ընտանիքի հետ ազգակցական ոչ մի կապ չունի, բայց մի ամբողջ կյանք է նվիրել նրան: Համազգային թատրոնի դերասան Արման Նավասարդյանը, որ ծնունդով Շամշադինից է, մարմնավորում է կոշկակարի կերպարը՝ կոշտ ու կոպիտ, միաժամանակ անսահման նուրբ հոգու տեր, պատվախնդիր, հարեհաս տավուշցի:

«Երբ կարդացի «Զուլալին» Զուլալիի դերում անմիջապես պատկերացրի Հերմինե Ստեփանյանին: Ուրիշ մեկը մտքովս չի անցել, անգամ չեմ ցանկացել մեկ ուրիշ դերասանուհու էլ փորձել այդ դերի համար: Զուլալիին լիովին վստահել  եմ Հերմինեին»,- պատմում է Հայկ Օրդյանը:

Հերմինե Ստեփանյանն էլ իր հերթին է պատմում, որ շատ է աշխատել դերի վրա: Կերպարը խոսքեր չունի, լուռ է, բայց այդ լռությամբ պետք է ավելին ասի, քանի եթե խոսել իմանար: Զուլալին դրամատիկ  կերպար է, որ իր մեջ խտացնում է  ընտանիքի ամբողջ ողբերգությունը, չար ճակատագիրը. Զուլալին այդ ողբերգության սկզբնաղբյուրն ու տետևանքն է:

«Ես Զուլալիի մեջ բնություն տեսա, քար ու ծաղիկ, լիճ ու սար, գետ ու դաշտեր տեսա: Զուլալին ինքը բնությունն է. այդպես եմ մոտեցել դերիս, անգամ կենսակերպս եմ փոխել՝ փորձելով շատ մոտ լինել բնությանը, որպեսզի կերպարս լավ զգամ»,- ասում է Հերմինե Ստեփանյանը:

Նազարոսը. նա Զուլալիի մանկահասակ որդին է: Այս կրպարը մարմնավորողին գտնելու համար Տավուշում քասթինգ է եղել: 60 երեխաներից ընտրվել է Արտյոմը:

«Ո՞վ կպատկերացեր, որ այսպիսի պատմություն կլինի: Պարզվեց՝ իմ ու Արտյոմի տատիկները ընկերուհիներ են եղել: Փաստորեն, ես պատմվածք եմ գրել, իսկ տատիկիս ընկերուհու թոռը խաղացել է իր տատիկի ընկերուհու թոռան պատմվածքում»,- զարմանքը չթաքցրեց Նարինե Աբգարյանը:

«Զուլալիի» պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 22-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում:

Ֆիլմը շուտով սկսելու է փառատոնային ճանապարհը: Կթարգմանվի ու կհչյունավորվի նաև ռուսերեն, որպեսզի ներկայացվի  նաև Ռուսաստանում, որտեղ Նարինե Աբգարյանը բավականին ճանաչված գրող է ու երկրպագուների մեծ բանակ ունի:

Նաիրա Փայտյան