Իսրայելցի կինոռեժիսոր, սցենարիստ, գրող, Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակակիր Նադավ Լապիդի «Ահեդի ծունկը» ֆիլմի ցուցադրությամբ էլ հոկտեմբերի 3-ին «Մոսկվա» կինոթատրոնում մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը:

Կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանի խոսքով, մի շարք դժվարություններից հետո Հայաստանում նորից փառատոն կազմակերպելն ու համաշխարհային հյուրերի հրավիրելը լուրջ իրադարձություն է: «Աշխարհի լավագույն ֆիլմերն ենք բերել Հայաստան: Կարծես թե մի ժամանակ վախ կար, որ Հայաստանում ամեն ինչ կործանվում  է, որ մեր երկրում ամեն ինչ դժվար է, որ այստեղ շատ են խնդիրները, բայց ամեն մեկն իր հերթին պետք այնպես անի, որ մարդիկ պատմեն աշխարհին, որ Հայաստանն ուժեղ է»,- շեշտեց Հարություն Խաչատրյանը:

«Փարաջանովյան թալեր» մրցանակը Հարություն Խաչատրյանը հանձնեց ամերիկացի նշանավոր սցենարիստ և ռեժիսոր Փոլ Շրեդերին, որը, ըստ Խաչատրյանի, ոչ միայն փայլուն ռեժիսոր է, այլև հրաշալի սցենարիստ, հումորով մարդ, որի հետ կինոյից դուրս էլ կարելի է ընկերություն անել:

«Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանն էլ ասաց, որ որպես բացման ֆիլմ իրենք հատուկ փնտրել են այնպիսի կինոնկար, որում ակնհայտ «կլիներ անսահման սերը կինոյի հանդեպ, որը նամակ, սիրո խոստովանություն կլիներ կինոյին և կունենար հետպատերազմական նյարդ․ փնտրում էինք ֆիլմ, որն ունենար ինչ-որ մի բան, որը մեզ հանգիստ չի տալիս, և մի բան, որը հանգիստ չի տալիս այն արվեստագետին, որին մենք այսօր կոչելու ենք վարպետ»։

Նադավ Լապիդին շնորհվեց «Ոսկե ծիրանի» «Վարպետ» մրցանակը:

«Չափազանց ուրախ եմ, որ Երևանում եմ: Երրորդ տարին է՝ փորձում էի գալ Հայաստան. 2019-ին իմ «Հոմանիշներ» ֆիլմն էր ցուցադրվում «Ոսկե ծիրանի» շրջանակում: Երկու տարի տարբեր պատճառներով չկարողացա գալ Հայաստան։ Վերջապես այստեղ եմ ու երջանիկ եմ այդ առիթով և շնորհված մրցանակի համար, որն ինձ համար անակնկալ է»,- նշեց իր խոսքում ռեժիսորը:

Հ․Գ․«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնադրվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիրներն են կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, կինոքննադատներ Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը։

Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:


    Մասնագիտության սեռը

    «Այսօրվա զրույցը ես կուզենայի սկսել՝ անդրադառնալով մերօրյա  հասարակության թերևս ամենաճնշված և խոցելի խավին՝ տղամարդկանց»։ Լսելով հումորային ծրագրի այս առաջին նախադասությունը, ակամայից...