Հոկտեմբերի 9-ին՝ «Ոսկե ծիրան» Երևանի 18-րդ միջազգային կինոփառատոնի  փակման հանդիսավոր արարողության ընթացքում («Արարատ» կոնյակի գործարանի թանգարան) ամփոփվեց մրցութային ծրագրերի արդյունքները և  հայտարարվեցին հաղթողներն ու մրցանակները:

Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում  «Ոսկե ծիրանի» արժանացավ «Քարեր» (ռեժ․՝ Վինոթրաջ Պ․Ս․, Հնդկաստան,

«Արծաթե ծիրանը» շնորհվեց՝ «Հոսանքն ի վար՝ դեպի Կինշասա» (Դյոդո Համադի, Կոնգո/ Ֆրանսիա/ Բելգիա) ֆիլմին,

Հատուկ հիշատակման արժանացավ «Նոր հին ներկայացում» (ռեժ․՝ Ցյու Ծյունծյուն, Հոնկոնգ/ Ֆրանսիա) կինոնկարը,

Պետեր վան Բյուրենի անվան FIPRESCI մրցանակ ստացավ «Սանձում» (ռեժ․՝ Սալոմե Ջաշի, Շվեյցարիա/ Գերմանիա/ Վրաստան) ֆիլմը,

«Կորիզ» մրցույթում Ոսկե ծիրանի արժանացավ «Աշխարհ»-ը (ռեժ․՝ Քրիստինե Հարությունյան, ԱՄՆ/ Հայաստան),

«Արծաթե ծիրան» ստացավ «Ստորգետնյա»-ն (ռեժ․՝ Հովիկ Հակոբյան, Ֆրանսիա/ Հայաստան),

Գենադի Մելքոյանի անվան Հատուկ մրցանակ  ստացավ «Գլխիվար» ֆիլմը (ռեժ․՝ Օվսաննա Շեկոյան, Հայաստան)։

Հոկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի ժյուրիի անդամները նշեցին՝ գոհ են ներկայացված ֆիլմերից, փառատոնի լավ կազմակերպված լինելուց, շեշտեցին՝ իրենց համար շատ դժվար է եղել ընտրություն կատարելը, քանի որ բոլոր կինոնկարները բարձրորակ էին: Նրանք խոստովանեցին՝ մեծ բավականություն են ստացել ոչ միայն «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մասը կազմելուց, այլև Երևանում հյուրընկալվելուց, քանի որ քաղաքն ուրախ է և ջերմ:

Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի անդամ, Կրակովի միջազգային կինոփառատոնի տնօրեն Քշիշտոֆ Գերատի համոզմամբ՝ ծրագիրն ուժեղ էր: «Կար տասը ֆիլմ, որոնցից առնվազն հինգը կարող էին հաղթել: Առաջին մրցանակին արժանացավ Հնդկաստանի ֆիլմը, իսկ երկրորդ մրցանակը վավերագրական կինոնկարը շահեց: Մրցութային ֆիլմերը լուրջ պատմություններ էին ու կարևոր սոցիալական խնդիրներ էին բարձրաձայնում»,- շեշտեց նա՝ հավելելով, որ «Ոսկե ծիրանից» հետաքրքիր ու գեղեցիկ գաղափարներ կարելի է տանել:

«Կորիզ» կարճամետրաժ տարածաշրջանային ֆիլմերի մրցութային ժյուրիի անդամ Ֆիլիպ Ժալալդոն առաջին անգամ է որպես ժյուրի գնահատում կարճամետրաժ կինոնկարները: Նա վստահ է՝ կարճամետրաժ կինոն մեր ապագան է, որովհետև հենց այդ ֆիլմերի երիտասարդ ռեժիսորներն են հետագայում խաղարկային և այլ կինոնկարներ նկարահանում:

Անդրադառնալով «Ոսկե» և «Արծաթե» ծիրանի արժանացած մրցանակակիրներին՝ նա ասաց, որ դրանք հիանալի, տարբերվող կինոնկարներ էին թե՛ սցենարային, թե՛  այլ առումներով:

FIPRESCI-ի ժյուրիի անդամ Դոմինիկ Շմիդը հիշեցրեց, որ այդ մրցույթում ներկայացված էին տարածաշրջանային ֆիլմեր, որոնք բազմաժանր էին, հզոր: «Իմ հետաքրքրությունը տարածաշրջանային կինոյի նկատմամբ մեծացավ, իսկ գիտելիքներս շատացան»,-ընդգծեց Շմիդն ու խոսեց Երևանի մասին՝ նշելով, որ հիացած է քաղաքի ոգով, հյուրընկալ հասարակությամբ և բարձրակարգ փառատոնով: 

Հիշեցնենք, որ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 18-րդ կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն էր հունգարացի թատրոնի և կինոյի ռեժիսոր, Կաննի, Լոկառնոյի և տասնյակ այլ հեղինակավոր կինոփառատոների դափնեկիր Կոռնել Մունդրուցոն: Լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի կազմում էին նաև պրոդյուսեր Ֆրանսուա դ՛Արտեմարը, Կրակովի միջազգային կինոփառատոնի տնօրեն Քշիշտոֆ Գերատը, կինոքննադատ Լարիսա Մայլյուկովան և կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը։


    Հզոր հերոսներ կերտած հայը․․․

    Ֆիլմ- հարգանքի տուրք՝ «Վիշապաքաղ Վահագն» և «Հայկ Նահապետ» կերտած քանդակագործ Կառլեն Նուրիջանյանին «Մոսկվա» կինոթատրոնում՝  հոկտեմբերի 13-ինկայացավ պրոդյուսեր Պետրոս Լագեսյանի «Կառլեն...

    |15 Հոկտեմբեր 2021,17:08