Հին ֆիլմերով սովորաբար հիանում են. այդքան ժամանակ է անցել, բայց բոլորովին չի հնացել, բոլորովին նոր է:

Եվ, կարծես, զարմացնող այդ հիացմունքի բոլոր հիմքերը կան: Իրականում, ֆիլմից կես դար է անցել, և ժապավենն է խունացել, և ձայնն է ծորում, և դեկորացիան աչքի է զարնում հենց բնական նատուրայով, և դերասաններն են ճիգ գործադրում ամբողջ ուժով, ասես ամբողջ սյուժեն նախաբեմում է, հենց բեմեզրին,- բայց դե նայվում է: Եվ ոչ միայն հոբելյանի օրերին, սովորական օրերին նույնպես, առօրյա վարձութային օրերին, երբ վերստին ցուցադրվում է «Կրկնվող ֆիլմերի» կամ «Իլյուզիոնի» էկրանին, կամ որպես կինոգիտական դասախոսության իլյուստրացիա:

…Այս ամենը «Պեպոյի» մասին է, հայկական առաջին հնչյունային կինոնկարի մասին, որին ոչ թե պարզապես երջանիկ էկրանային բախտ վիճակվեց, թույլ տալով միանգամից և ընդմիշտ ներառվելու դասական գործերի գրանցամատյանում, այլ նաև դիմանալու դեռ շատ ավելի վաղ, քան լույս աշխարհ կգար, կատաղի, ջղագրգիռ, բազմաձայն այն վիճաբանություններին, թե ինչպիսին պետք է լինի նա: Այդ վեճերը չհանդարտվեցին և ավելի ուշ, երբ ֆիլմը էկրան բարձրացավ, պատմելով երկու լեզուներով, հայերեն և ռուսերեն,, թիֆլիսցի աղքատ ձկնորս Պեպոյի տխուր պատմությունը, որ հուսահատ և հանդուգն պայքարի մեջ է մտնում վաճառական Զիմզիմովի հետ, պատրանքների տապալման պատմությունը և մարդկային անհատի զարթոնքի պատմությունը:

Այնուամենայնիվ, «Պեպոյի» տեղը կինեմատոգրաֆի պատմության մեջ որոշվում է ոչ թե պարզապես նրանով, որ նրա միջոցով, ավելի ճիշտ՝ նրա մեջ, հայ հանդիսատեսը էկրանից առաջին անգամ լսեց մայրենի խոսք,- ռեժիսոր Համո Բեկ-Նազարովի կինոնկարը առաջինը եղավ նաև այն պատճառով, որ դա ազգային թատրոնի դասական, քրեստոմատիական, ուզում ես ասել՝ «գլխավոր» պիեսի էկրանավորումն է, դիտված-վերադիտված, հայտնի յուրաքանչյուրին, այնպես որ այդ յուրաքանչյուրը նրա մասին ուներ սեփական, անձնական պատկերացումը և կարող էր ինքը դատել, թե ինչ է արել կինեմատոգրաֆը Գ. Սունդուկյանի կատակերգության հետ:

Դա առավել ևս կարևոր էր, որ Բեկնազարովը «Պեպոն» նկարել է ամենևին ոչ ծնկաչոք, ինչի կոչ էին անում նրան կլասիկայի որոշ նախանձախնդիրներ. նա Սունդուկյանին էկրանավորել է այնպիսին, ինչպիսին տեսել է նրան երեսունական թվականների կինեմատոգրաֆը, բացեիբաց և նույնիսկ որոշ մարտական տրամադրությամբ վերաիմաստավորելով դասականներին: Եվ ռեժիսորը դեռ մինչև նկարահանումներն սկսելը իբրև իր գլխավոր նպատակ հայտարարել էր «պիեսի սոցիալական համարժեքի բացահայտումը»: Եվ դա եղավ ֆիլմի օգտին, հայկական կինեմատոգրաֆի օգտին:

Որովհետև այսօր Բեկնազարովյան «Պեպոն» ոչ այնքան և ոչ միայն անցած դարի (XIX դարի) երկրորդ կեսի թիֆլիսյան կենցաղի ու բարքերի կենդանի հուշարձան է, թեպետև էկրանի վրա էլ իր ողջ խայտաբղետությամբ ապրում ու շնչում է աշխարհը թիֆլիսյան շուկաների և ծծմբային բաղնիքների, դուքանների ու Քռի վրա կախված տների՝ գոտևորված անվերջանալի պատշգամբներով, միահյուսված վայրի խաղողի և գայլուկի թփերով. ապրում է բնական միջավայրը փողոցի կինտոների, նրանց, որոնց այս քաղաքում անվանում էին «խարաչուխալի», ինչը ճիշտ կլիներ ռուսերեն թարգմանել «օդ ծախողներ» բառերով, որ բլբլացնում էին վրացերեն և հայերեն, ռուսերեն ու ադրբեջաներեն և գերազանց հասկանում էին իրար: «Պեպոն» պահպանել է մեզ համար, իր ներկայիս հանդիսականների համար, նաև երեսունական թվականների հյութեղ, «մսե», լիարյուն կինեմատոգրաֆի համն ու հոտը, խոշոր, սոցիալապես գունավորված դետալների հանդեպ իր սիրով, բառի, ժեստի, դիմախաղի, ընդգծված անհատականացմամբ, լավագույն որակի, դասական դերասանական յուրաձևության իր ողջ բարդ համակարգով, որ այնքան անկաշկանդ տեղ է բռնել լիաձայն հնչել սկսած էկրանին:

Եվ ոչ պատահականորեն, հավանաբար, Բեկնազարովը հրավիրում է իր հետ գործակցելու թատերական ռեժիսոր Ա. Գուլակյանին, որը մինչ այդ ոչ շատ վաղուց իրականացրել էր «Պեպոյի» ամենահաջող թատերական բեմականացումներից մեկը, ինչպես որ ոչ պատահականորեն նա հրավիրում է գլխավոր դերի համար (և երկրորդականների նույնպես) գրեթե բոլոր այն դերասաններին, որոնք խաղացել էին այդ ներկայացման մեջ առաջին պետթատրոնի՝ ապագա Սունդուկյանի անվան թատրոնի բեմում: Եվ թող որ քննադատությունը այդ դերակատարներին՝ և մեծ Հ. Ներսիսյանին (Պեպո), և Ա. Ավետիսյանին (Զիմզիմով), և Ն. Մանուչարյանին, և Դ. Մալյանին, նախատում էր, թե նրանք էկրան են բերել անջնջելի թատերականություն, սակայն այսօր, կես դար անցնելուց հետո, ավելի քան պարզ է դառնում, որ դա առանձնահատուկ տեսակի թատերայնություն էր, որ դա թատերական մի մշակույթ էր, առանց որի հայկական կինեմատոգրաֆը, հավանաբար, այդպես էլ կմնար հայկական բեմի, հայ գրականության, հայ պլաստիկայի աղքատ ազգականը: Այլ կերպ ասած, այդպես էլ չէր դառնա ժողովրդի մշակույթի, նրա պատմական հիշողության իրավահավասար մասը, նրա ողջ պատմության ժառանգորդն ու ժամանակակիցը:

Եվ այդ պատճառով «Պեպոն» այսօր նայվում է ամենևին էլ ոչ պակաս հետաքրքրությամբ, քան երբևէ: Այլ հետաքրքրությամբ, ներկայիս հետաքրքրությամբ: Իսկ վաղը՝ վաղվա: Որովհետև հնանալ նա չի կարող:

Միրոն ՉԵՌՆԵՆԿՈ


    Մասնագիտության սեռը

    «Այսօրվա զրույցը ես կուզենայի սկսել՝ անդրադառնալով մերօրյա  հասարակության թերևս ամենաճնշված և խոցելի խավին՝ տղամարդկանց»։ Լսելով հումորային ծրագրի այս առաջին նախադասությունը, ակամայից...