Այս տարի «Ոսկե ծիրանի» կազմակերպիչները հրաժարվել են դասական կարմիր գորգից. ամեն ինչ ավելի համեստ է՝ հասկանալի պատճառներով… համավարակ, հետպատերազմյան իրողություն։ Սակայն «Ոսկե ծիրանը» «հարուստ» է կինոաշխարհի նշանավոր դեմքերով։ Պատվավոր հյուրերի շարքերում են ռեժիսոր, Կաննի, Լոկարնոյի և այլ հեղինակավոր կինոփառատոների դափնեկիր Կոռնել Մունդրուցոն, Սկորսեզեի «Տաքսիստ», «Կատաղած ցուլը», «Քրիստոսի վերջին գայթակղությունը»  ֆիլմերի սցենարիստ, «Ամերիկյան ժիգոլո», «Քահանայի օրագիրը» ֆիլմերի ռեժիսոր Փոլ Շրեյդերը․Վարպետը Հայաստան է բերել իր նոր «Խաղանենգը» ֆիլմը։

Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջի» և Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր Նադավ Լապիդի «Ահեդի ծունկը» ֆիլմով էլ մեկնարկեց «Ոսկե ծիրանը»։ Լապիդը առաջին անգամ է Հայաստանում, համոզված է՝ նման փառատոները առիթն են՝ մարդկանց ցույց տալու, որ «կինոն չափազանց կարևոր է մեր կյանքում․ լավագույն բանը, որ կարող է լինել, կինոթատրոնում որակյալ կինո նայելն է»։

Իսրայելացի ռեժիսորը նաև հուսով է, որ դեռ կվերադառնա Հայաստան․ ինչպես ինքն է ասում, Երևանում ինչ-որ օրիգինալ բան կա, որ չկա ուրիշ ոչ մի քաղաքում։ «Այստեղ ցուրտ է, բայց հաճելի», –  մի քիչ մրսած ձայնով սկսեց զրույցը։  

– Պարոն Լապիդ, իսկ ե՞րբ  կտեսնենք Ձեզ Հայաստանում հաջորդ անգամ։

– Եթե ինձ հրավիրեք կամ դիմավորեք օդանավակայանում․․․ (ծիծաղում է

Զրուցենք Ձեր նոր ֆիլմից․․․ Շատերը, հնարավոր է, չհասկանան՝ ինչ նախապատմություն ունի «Ահեդի ծունկը» վերնագիրը։

Ֆիլմի հիմքում իրական պատմություն է։ Ահեդ Տամիմին երիտասարդ պաղեստինցի աղջիկ է, որը ապտակում է իր գյուղը շրջափակած զինվորներից մեկին, ինչի պատճառով հայտնվում է բանտում: Իսրայելացի քաղաքական գործիչներից մեկը այդ դեպքից հետո գրել էր, որ պետք էր կրակել Ահեդը ծնկին, որ մինչև կյանքի վերջ հաշմանդամ լիներ։ Ֆիլմիս գլխավոր հերոսը, որը ռեժիսոր է, փորձում է ֆիլմ նկարել Ահեդի մասին և անվանել իր գործը «Ահեդի ծունկը»։

Շատ կինոքննադատների և կինոսերների կարծիքով Ձեր ֆիլմերի հերոսները   դուք եք, իսկ «Ահեդի ծունկը» ֆիլմ է հենց Նադավ Լապիդի մասին։

Նմանությունները շատ են․ նա ռեժիսոր է, ես ռեժիսոր եմ, նրա մայրը սցենարիստ է ու տառապում է քաղցկեղով։ Ես էլ մորս հետ էի աշխատում, ու նա էլ մահացել է քաղցկեղից և այլն։ Ես այսպիսով կարող եմ ցույց տալ, որ խոսքը միայն հորինված պատմության մասին չէ։ Հենց այս՝ իրականի ու անիրականի սահմանին ամեն ինչ դառնում է ավելի վտանգավոր։

Ձեր հարցազրույցներից մեկում ասում եք, որ «Ահեդի ծունկը» նկարելիս շատ եք տանջվել։ Ի՞նչն էր Ձեզ տանջում, անհանգստացնում։

«Ահեդի ծունկը» շատ անձնական էր։ Կար այս ֆիլմում ինչ-որ բան, որ սիրտս հուզում էր։ Այն արել եմ ինձ համար էմոցիոնալ առումով բավական բարդ շրջանում․ ասես մերկացած լինեի, նկարահանման ամեն օրը ինձնից չափազանց շատ էներգիա էր խլում, ես սպառվել էի։

Ոմանք Ձեր ֆիլմերում տեսնում են ատելություն դեպի Իսրայելը, ոմանք էլ՝ սեր ու սեփական ժողովրդի մեջ հույս գտնելու փորձ։

Երբ հարաբերությունները խորն են, ինչ-որ պահից սկսած՝ իրարամերժ զգացմունքներ են առաջանում։ Նկատի ունեմ՝ կատաղություն, սեր, ատելություն: Կարող ես նույնիսկ հիասթափվել։ Իսկ ամենաուժեղ հիասթափությունն ապրում է մարդը, որը սիրել է։ Մի բան է միայն հստակ՝ անտարբերությունը բացառվում է։

Դուք երբևէ մտածե՞լ եք Իսրայելից «փրկվելու» մասին․․․ ինչպես Ձեր «Հոմանիշներ» և «Ահեդի ծունկը» ֆիլմերի հերոսները։

Ես արդեն Փարիզում եմ ապրում, այնպես որ, կարելի է մտածել՝ կարողացա փախչել։ Շատ եմ դրա մասին մտածել։ Հաճախ զգացել եմ, որ այստեղ ամեն ինչ դեպի վատն է գնում։ Իսրայելը քամում էր ինձ։

«Ահեդի ծունկը» ֆիլմում հետևյալ նախադասությունն է հնչում «Ի վերջո, աշխարհագրությունը հաղթում է» սա ի՞նչ է նշանակում։

Այդպես միշտ մայրս էր ասում, այս բառերն այնքան գեղեցիկ էին թվում, որ նույնիսկ չէի հարցնում դրանց նշանակությունը։ Հետո մայրս մահացավ, և այս նախադասության իմաստը այդպես էլ գաղտնիք կմնա։ Կարծում եմ, նա ասում էր այս բառերը, որ ստիպեր ինձ ու եղբորս հեռանալ, փախչել Իսրայելից, որովհետև վերջիվերջո աշխարհագրությունը կհաղթի։ Ֆիլմում այդ նախադասությունը, երևի, հետևյալ կերպ մեկնաբանեմ․ինչ էլ անես՝ դիմադրես, պայքարես, մերժես, ի վերջո աշխարագրությունն ավելի ուժեղ կգտնվի։

Ձեր վերջին ֆիլմերը տարբերվում են Ձեր ավելի վաղ «Ոստիկանը» և «Մանկապարտեզի դաստիարակը» ֆիլմերից։ Ի՞նչ է փոխվել Ձեր գաղափարախոսության մեջ, միգուցե՞ դուք եք փոխվել։

«Կինոճանապարհիս» ինչ-որ պահից սկսած բացահայտեցի ազատության կոնցեպտը՝ կյանքում, քաղաքականության, արվեստի մեջ։ Իսկ երբ գտնում ես այդ անկախությունը, արդեն բարդ է հետքայլ անելը, սկսում ես ավելին ուզել՝ ավելի շատ անկախություն, ավելի շատ ազատություն։ Նաև խոսքը քաոսի, փոթորիկի՝ հեղինակի ներսում տեղի ունեցող փոթորիկի մասին է, որը առաջ իմ մեջ այս չափաբաժնով չկար։

Ձեր արվեստը, մեղմ ասած, ոչ միանշանակ է ընդունվում։ Երբևէ կմտածեի՞ք, որ նման իրարանցում կառաջացնեք։

Ֆիլմերս նպատակ չունեն մարդկանց մոտ կարծիքներ ձևավորելու։ Ես ցուցադրում եմ «գոյության» գաղափարը։ Կարծում եմ՝ շատերին այդ քաոսն ու անհասկանալիությունը տանջում են։ Մարդիկ ծարավ են ճշմարտության։ Կարծում եմ՝ ոմանք իմ ֆիլմերում հենց այդ ճշմարտությունն են գտնում։

Հարցազրույցը՝ Դիանա Գասպարյանի

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի