Լիլիթ Ալթունյան․Ներշնչվում եմ դժվար իրավիճակներից հետո,երբ ապրվածս բյուրեղանում է
Ռեժիսոր Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» ֆիլմն ընտրվել է «Անիմեսթ» միջազգային անիմացիոն փառատոնի պաշտոնական մրցույթում։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 13-17-ը Բուխարեստում՝ «Անիմեսթում» (Ռումինիա), իսկ ասիական պրեմիերան՝ BIAF 2021 Բուչոնի միջազգային անիմացիոն փառատոնում (Հարավային Կորեա)՝ հոկտեմբերի 22-26-ը: Թե «Անիմեսթը», և թե՛ BIAF-ը Կինոակադեմիայի «Օսկարի» որակավորում ունեցող անիմացիոն փառատոներ են ։
Անիմացիոն ֆիլմի ստեղծման գաղափարի, անցած ճանապարհի, հեղինակի զգացողությունների ու բացահայտումների մասին ենք զրուցել երիտասարդ ռեժիսոր Լիլիթ Ալթունյանի հետ։
-Ինչի՞ մասին է ֆիլմը։
-Ֆիլմը խոսում է համամարդկային մի զգացմունքի՝ տխրության մասին, որից շատ են փախչում մարդիկ: Ֆիլմը պոետիկ ձևով ներկայացնում է ժպիտի ճամփորդությունն ու դրա տրանսֆորմացիաները տխրության աշխարհում: Ֆիլմում կարևոր դեր ունի նաև համբույրը: Հուսով եմ․ ֆիլմը կհուզի մարդկանց թե՛ ասելիքի, թե՛ էսթետիկայի նրբությամբ ու զգացմունքայնությամբ: Հուսով եմ, աշխարհը ինձ հետ կսուզվի իմ տխրության մեջ ու դուրս կգա մի նոր բան ձեռք բերած:
-Ինչպե՞ս ստեղծեցիր ուրախ-տխուր-բարի այս ֆիլմը․․․
-Ֆիլմի սկզբնական կոնցեպտը առաջացավ մի գիշեր, երբ ես տխուր էի, ու սկսեցի նկարել կերպարներ, որոնք լաց էին լինում իմ փոխարեն: Հետագայում, այն որպես նախագիծ ներկայացրեցի «Ռեանիմանիա» անիմացիոն փառատոնի փիչինգի աշխատարան, որտեղ էլ ընտրվեց որպես լավագույն նախագիծ։ Հաջորդ տարի նախագիծը պետք է մասնակցեր փիչի՝ Ֆրանսիայի «Անեսի» միջազգային անիմացիոն փառատոնի օրերին։ Ֆրանսիայում էլ ստացա «Ֆոլիմաժ» ստուդիայի հետ համատեղ արտադրության մրցանակը: Ֆիլմի արտադրող և համասցենարիստ Արմինե Անդայի հետ դիմեցինք Հայաստանի ազգային կինոկենտրոն, ստացանք ֆինանսավորում և սկսեցինք աշխատանքները: Մոտ մեկ տարի տևեց մինչև ֆիլմը նախագծից սկսեց վերածվել նյութի։
Հրաշալի մի պրոցես էր սցենարի վերջնական ստեղծումը: Արմինեի հետ, կարծես, իրար լրացնելով մի պատմություն էինք պատմում: Ֆիլմի գաղափարը այդքան ժամանակ կտոր-կտոր մտքեր լինելուց վերջապես մի ամբողջական մարմին դարձավ:
Անասելի ծանր էր արտադրության փուլում անիմացիոն մասի աշխատանքը: Այն համընկավ պատերազմի հետ ու ես պիտի մեկների Ֆրանսիա՝ «Ֆոլիմաժ» ստուդիայում իմ անիմատորի հետ աշխատելու: Ֆրանսիայում կարանտին էր, Հայաստանում՝ պատերազմ: Աննկարագրելի ծանր շրջան էր ինձ համար։ Պատերազմի ավարտի լուրը ստացա աշխատանքի ժամանակ, բայց պիտի շարունակեի աշխատել, չէի կարող թուլանալ: Իմ կյանքում երբեք այսքան տխուր՝ լի պատերազմյան ապրումներով, ու միաժամանակ, այսքան ուրախ, էմոցիոնալ շրջան չէի ունեցել․վերջապես ստացվեց ֆիլմի անիմացիոն հատվածը։
Հետարտադրության փուլի ամենահաճելի թիմային աշխատանքներից մեկը Միքայել Ոսկանյանի հետ երաժշտության ստեղծումն էր․ինչպես գտանք հիմնական մեղեդին, հետո կտոր առ կտոր երաժշտությունը կառուցեցինք։ Բացահայտեցի ձայնը բառերով բացատրելու նոր կարողություն իմ մեջ, որ ձայնի դիզայներ՝ Էդ Մեսրոպյանին կարողանամ բացատրել իմ պատկերացրածը: Տիգրան Կուզիկյանի հետ ձայնագրման ստուդիայում շատ հաճախ նույն կարծիքն ունեինք ամեն ձայնային կտորի վերաբերյալ: Կարեն Բաղինյանի հետ այնքան էինք նայել ֆիլմը մոնտաժի ժամանակ, որ արդեն իմ համբերությունը սպառվել էր, բայց Կարենինը՝ ոչ:
Որպես նկարչուհի առաջին փորձս չէր, բայց առաջին անգամ էի հանդես գալիս որպես ռեժիսոր ու զարմանալիորեն այդ դերը ինձ դուր եկավ: Ստացա իմ ուզած ֆիլմը, բայց կարողացա նաև տաղանդավոր մարդկանցով այն հարստացնել:
-Ինչի՞ց ես ներշնչվում։
-Անհատական նախագծերս ինձ համար երբեք աշխատնք չեն: Դրանք գալիս են, երբ ասելիք է կուտակվում, երբ ծարավ եմ զգում ստեղծագործելու: Նախագծերս իրենք են գտնում իրենց արտահայտման ձևերը ու մեդիան: Ներշնչվում եմ դժվար իրավիճակներից հետո հիմնականում, երբ ապրվածս բյուրեղանում է ինչ որ ասելիքի մեջ, ու այդ ասելիքը արտահայտելը, կարծես, դառնում է բուժմանս վերջնական փուլը:
-Ո՞ւմ որոշումն էր համագործակցել հենց Միքայել Ոսկանյանի հետ։
-Չգիտեմ, մի օր վստահ զգացի, որ երաժշտութայն համար պիտի դիմեմ Միքայելին: Ընդհանրապես ֆիլմս ինքն է ինձ առաջնորդել շատ հարցերում և ոչ թե ես՝ իրեն: Շատ անգամներ ուղղակի հետևել եմ ինտուիցիայիս ու պարզվում է, որ ճիշտ եմ արել:
-Կա՞ մի գիծ, որ ունեն քո բոլոր ֆիլմերը։
-Սա իմ առաջին ֆիլմն է, սակայն ունեմ տպագրած երկու պատկերազարդ գիրք ու բազմաթիվ արտ-նախագծեր: Կարծում եմ, իմ պատմությունները նուրբ են ու խորիմաստ: Էմոցիոնալ են և ունեն հրաշքի մի փշուրիկ:
-Հե՞շտ է Հայաստանում ստեղծել անիմացիոն ֆիլմ։
-Հայաստանում անիմացիոն ֆիլմ ստեղծելը հեշտ չէ: Նախ, եթե նույնիսկ առաջ ունեցել ենք այդ մշակույթը, ապա այսօր այն բավարար զարգացած չէ: Կան հրաշալի մասնագետներ առանձին ոլորտներում, բայց նրանց բացահայտել է պետք: Չկա ձևավորված մշակույթ ու մրցունակ ասելիք: Այդ պատճառով դժվար է նաև համաարտադրող երկիր գտնելը:
-Ի՞նչով է գրավում քեզ անիմացիան։
-Ես դեռ մանկուց եմ ցանկացել անիմացիոն ֆիլմեր ստեղծել: Բայց, ինձ անընդհատ տարբեր մարդիկ համոզել են, որ դա շատ բարդ բան է, որ ես չեմ կարող դա անել: Հայաստանում էլ այդ ժամանակ չկային սովորելու շատ տարբերակներ: Երբ սովորում էի ֆրանսիայում, դիպլոմային աշխատնքս որոշեցի անել անիմացիոն ֆիլմ: Ամբողջ ֆիլմը արել էի ինքս՝ ձեռքով նկարելով բոլոր կադրերը: Շատ բան սովորեցի այդ ժամանակ, սակայն հասկացա ,որ ես չունեմ անիմացիոն ֆիլմ անելու համբերություն ու ապագայում դժվար նորից ֆիլմ անեմ: Սակայն, ինչպես հասկացա անիմացիայի նկատմամբ իմ սերը անդրրվելի է ու ժամանկ առ ժամանակ գլուխ է բարձրացնում:
-Ինչ է նշանակում, երբ ֆիլմն ընդգրկվում է անիմացիոն հեղինակավոր փառատոնի Անիմեսթի, պաշտոնական մրցույթում։
-Ընդհանրապես, երբ ֆիլմը ընդգրկվում է հեղինակային միջազգացին փառատոնի մրցույթային ծրագրում, նշանակում է, որ այն բանիմաց մարդիկ համարել են բավարար մրցունակ: Դա արդեն մեծ գնահատական է: «Երբ ես տխուր եմ»-ը արդեն ընդգրկվել է երկու այդպիսի փառատոներում՝ Անիմեսթի և Բուչոնի: Այս փառատոներն էլ ունեն «Օսկարի» որակավորում, ինչը նշանակում է, որ դրանցում հաղթող ֆիլմերից են ընտրում «Օսկարի» համար պայքարող ֆիլմերը: Փառատոները հրաշալի ֆիլտր են և այդպիսի ֆիլտրված ցուցակում ընդգրկվելը ֆիլմի համար վերելք է:
-Ի՞նչ սպասելիքներ ունես այդ մրցույթից։
-Դե առաջին սպասելիքս այն է, որ կունենանք գեղեցիկ համաշխարհային պրեմիերա, համաշխարհային հանդիսատես, կդիտենք ֆիլմը կինոթատրոնում՝ անիմացիոն ֆիլմերի սիրահար հանդիսատեսի հետ: Արտիստին նման մրցույթները առաջին հերթին գրագետ հանդիսատես են տալիս, մրցույթին մասնակցելու և մրցանականեր շահելու հնարավորություն: Ոլորտի մեծ մասնագետների հետ ծանոթություն: Փառատոներն էլ ֆիլմերի ցուցահանդեսներն են:
-Բոլոր մասնագիտություններիդ մեջ՝ մանկական պատմությունների հեղինակ, նկարազարդող, մուլտիպլիկատոր, գրքերի նկարազարդող, դիզայներ, որն է քեզ առավել հոգեհարազատը։
-Այս բոլոր մասնագիտություններին միավորում է մի բան՝ իմ անձը: Ես էությամբ բազմազբաղ եմ և սիրում եմ ստեղծագործել տարբեր ոլորտներում: Ամենահոգեհարազատը, իհարկե, իմ հեղինակային նախագծերն են, որտեղ ստեղծագործում եմ առաջինը ինձ համար: Իրականում, ուղղությունները այնքան էլ հեռու չեն իրարից: Բոլոր նախագծերում գերիշխողը արվեստի լեզուն է։ Մի դեպքում մարդն է, մյուս դեպքում՝ թուղթը, մեկ այլ դեպքում էլ էկրանը:
Հ․Գ․ Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ։ Ֆիլմի արտադրող ընկերությունն է «Հոշկի ֆիլմ», համարտադրող «Ֆոլիմաժ» (Ֆրանսիա), սցենարի հեղինակներն են Լիլիթ Ալթունյանը, Արմինե Անդան, պրոդյուսերը՝ Արմինե Անդա, համա-պրոդյուսերը՝ Ռեժինալդ դե Գիյեբոն, կոմպոզիտորը՝ Միքայել Ոսկանյանը: