Լեռ Կամսարի մեծությունը՝ տեսանելի ու սիրելի

-Բարեւ, Լեռ։

-Ի՞նչ կա, Սար։

Սա Շիրազի ու Լեռ Կամսարի միջեւ բարեւ-բարի լույսի ընդունված ձեւն էր։

Կամսարի մեծությունը տեսանելի ու սիրելի էր իր ժամանակակից ներսեցի ու դրսեցներին։

Նա միակ խորհրդահայ գրողն է ում կարդում են արտասահմանում։

Սա էլ ինքը՝ Վարպետը, Իսահակյանն է փաստել՝ գոնե իր դրսում եղած ժամանակը նկատի ունենալով։

Վանի հերոսական ինքնապաշտպանությունում իր տունը մարտական դիրք դարձրած ու մարտիկներին իր կռվով եւ կատակներով քաջալերած Կամսարը, Էջմիածնի հինվանդանոցում հազարավոր այլ գաղթականների կողքին մահամերձ էր, երբ կինը՝ Իսկուտին ու նրա եղբայրը հիվանդին փախցրին ու Երեւան հասցրին։  Բուժվել-փրկվել է ու նորից փորձել զենքի ուժը՝ կամավորագրվելով Հայկական 4-րդ գնդին, բայց մեկ տարի անց՝ Սարիղամիշի ճակատամարտից առաջ, նրան տեսնելով՝ Դրոն ամենայն լրջությամբ ու շատ հաստատակամորեն ասել է.

Քեզ որ մի բան պատահի, մեզ ո՞վ է ծաղրելու։

Կամավորությունը ստիպված թողել, բայց էլի չի հրաժարվել մարտիկի ոգուց։ Փետրվարյան ապստամբությունից հետո ընկերոջ հետ թափանցել է Երեւանի բանտ ու հողին հանձնել գլխատված ընկերներին։

Լեռ Կամսարի՝ Արամ Տեր-Թովմաղյանի գրվածքները կորել են գաղթի ճանապարհին, գրական  արխիվը երկու անգամ բռնագրավել ու ոչնչացրել են «կարմիր իշխանությունները», այն զգալի վնասվել է նաեւ 1946-ի երեւանյան ջրհեղեղից…

Նրա կենդանության օրոք ընդամենը 5 ժողովածու է հրատարակվել։ Ապրած 77 տարիներից 20-ն անցել են աքսորում՝ 3-ը Վորկոտայում, 17-ը՝ Գեղարքունիքի Մազրա գյուղում, որտեղ իր զբաղմունքը մեղվաբուծությունն էր, իսկ գիշերներով ծածուկ գրված ստեղծագործությունների թաքստոցները խոտի դեզերն էին, մեղվափեթակները, հարեւանի գոմի տանիքը…   Դրանք Կամսարի գիրը պատսպարել են ՊԱԿ-ից, բայց ոչ խոնավությունից ու ամենակուլ բորպոսից… Կորստի չափն անհնար է ճշգրիտ գնահատել, հնարավոր է միայն պատկերացնել ու ասել, որ հսկայական է կորուստը, բայց, վստահաբար, հսկայական  է նրա պահպանված գրական ժռանգությունը՝ շնորհիվ ոչ միայն նրա տաղանդի։ Ընտանիքը գրողի հետ եղավ նրա տանջանքների  ու զրկանքների կրողը եւ նրա գործերի պահապանը։

1955-ին արդարացված եւ Երեւան տեղափոխվելու, գրական գործունեությունը շարունակելու թույլտվություն ստացած Լեռ Կամսարը 1965-ի նոյեմբերին սրտատրոփ սպասում էր «Հայաստան» հրատարակչության ներկայացուցչին, ու նրա բերելիք՝ «Մարդը տանու շորերով» իր գրքի ազդօրինակին։ Փոխարենը եկավ գիրքն արգելելու լուրը եւ գրողին հասցրեց սրտի կաթվածի, իսկ երեք օր անց՝ մահվան։ Ընտանիքն իր սիրասուն ավագի մահը թաքցրեց մի քանի օր. ցավի վերապրումից ոչ պակաս խնդիր ուներ՝ թաքցնել  Լեռ Կամսարի գործերը։ Թաքցրին ու մեզ հասցրին մեծ երգիծաբանի խոսքն ու գիրը, որոնցում մեր օրերի ճշգրիտ երգիծապատկերն էլ կա։

Պատրաստեց Նանա Պետրոսյանը