«Ոսկե ծիրան» 18-րդ կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի այս տարվա ծրագիրը, ինչպես հավաստիացնում են մասնագտները, բավականին ուժեղ է: Նախորդ տարիներին նույն մասնագետները դժգոհում էին, թե կարճ ֆիլմերն անհաջող են,  ռեժիսորներն այդ ձևաչափը չեն կարողանում ճիշտ օգտագործել ու ավելի շատ նկատվում է, որ բյուջեի սղության պատճառով են կարճ ֆիլմեր նկարել:

Հոկտեմբերի 6-ին  «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեցին «Ոսկե ծիրանի» «Կորիզ» ծրագրի ինը կարճամետրաժ ֆիլմերը: Փառատոնի կազմակերպիչներն ու պատասխանատուները  հանդիսատեսին ներկայացրին ֆիլմերի հեղինակներին:  Ի դեպ, դահլիճը լեփ-լեցուն էր, ինչը շատ ոգևորեց ռեժիսորներին:

Կարեն Ավետիսյան  «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն -Կրկնակի հաճելի է, որ ճգնաժամից հետո այս տարվա «Ոսկե ծիրանն»  առանձնանում է աննախադեպ քանակությամբ ընտրված կարճամետրաժ ֆիլմերով: Ընտրված ինը ֆիլմերից հինգը նկարահանվել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ: 9-ից 7-ի միջազգային պրեմիերան տեղի է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր փառատոներում: Հրաշալի փաստ եմ արձանագրում, որ մենք ոչ թե նախկինի պես հույս ենք հայտնում, որ մի օր կունենանք կարճամետրաժ ֆիլմերի որակյալ ծրագիր, այլ այդ որակյալ ֆիլմերն արդեն իսկ ունենք այս տարի: Մենք միաժամանակ հաջողություն ենք արձանագրում և հույս ենք տածում, որ այդ հաջողությունը շարունակական կլինի. վաղը ևս  կարճամետրաժ լավ ֆիլմեր կնկարվեն:

Ֆիլմերը շատ տարբեր են թե՛ թեմատիկայով, թե՛ ոճով ու ասելիքով: Պիտի հաշվի առնենք, որ այդ ինը ֆիլմերն ընտրվել են մի քանի տասնյակ ֆիլմերից, նշանակում է կարճամետրաժ ֆիլմեր շատ են նկարահանվում, ինչը շատ ուրախալի ու ոգևորիչ է:

Անգինե Իսանյանս (ռեժիսոր) –  «Շեմից այն կողմ» ֆիլմը նկարահանել եմ 2019 թվականին: Քովիդի պատճառով հետարտադրական փուլը շատ երկար տևեց, այդ պատճառով էլ ֆիլմի փառատոնային ճանապարհն սկսվեց բավականին ուշ՝ 2021-ից: Ուրախ եմ, որ միջազգային պրեմիերան տեղի ունեցավ Ֆրանսիայում. ֆիլմը ներառվել է Կլերմոն Ֆերան միջազգային փառատոնի (Festival International du court métrage de Clermont-Ferrand) մրցութային ծրագրում:

«Շեմից այն կողմը»  դեբյուտային ֆիլմ է,  սոցիալական դրամա, որը 2019 թվականին ստացել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությունը: Ի դեպ, հիմա աշխատում եմ իմ լիամետրաժ ֆիլմի սցենարի վրա, որի զարգացման համար Ազգային կինոկենտրոնը նույնպես գումար է հատկացրել:

Ֆիլմում բարձրաձայնել եմ մարդկային անտարբերության թեման: Հասարակությունն անտարբեր է բռնությունների նկատմամբ, այդ պատճառով էլ այդ չարիքը շարունակվում է, անպատիժ մնում: Իսկ քանի դեռ սա է իրականությունը, բռնությունները՝ թե՛ ֆիզիկական, թե՛ ընտանեկան, թե՛ բարոյահոգեբանական, միշտ մեր կյանքում ներկա են լինելու: Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա: Ես շատ եմ ուսումնասիրել այս թեման. կարևոր չէ՝ մրցանակ կստանամ, թե ոչ, կարևորն իմ ասելիքը հանդիսատեսին հասնի:

Դավիթ Բաբայան (ռեժիսոր)«Կաֆկայի երազը» անիմացիոն 3D ֆիլմ է՝ 8 րոպե տևողությամբ: Մեր ստեղծագործական խումբը հույս ունի, որ կկարողանանք 12 մասանոց ֆիլմաշար նկարահանել: «Կաֆկայի երազն» այդ շարքի առաջին ֆիլմն է:  Երկրորդն ընթացքի մեջ է, այն կոչվում է «Տերտերյանի երազը». խոսքը հայ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի մասին է:

Մի  օր մտածեցի՝ տեսնես Հերման Հեսսեն, Մայլս Դևիսը, Կաֆկան ի՞նչ երազ կարող էին տեսնել, ու այդպես մտահաղացումը փորձեցինք իրականացնել:  Ինչպես «Կաֆկայի երազը», այնպես էլ «Տերտերյանի երազը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերի ռեժիսորն Արամ Վարդազարյանն է, ես սցենարի հեղինակն եմ: «Կաֆկայի երազը» բազմաթիվ կինոփառատոների է մասնակցել. արդեն հաշիվը կորցրել եմ («Անսի»,«T-SHORT ANIMATED FILM FESTIVAL»,CYBORG FILM FESTIVAL), շուտով կմասնակցի նաև Կատալոնիայի փառատոնին: Ի դեպ, 2021թ․ հունվարին «Կաֆկայի երազը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի Լիոնի մետրոպոլի կազմում գտնվող Վո-ան-Վլեն քաղաքի Un poing c’est court Ֆրանկոֆոն կարճամետրաժ ֆիլմերի 21-րդ փառատոնում արժանացել է Պրոֆեսիոնալ ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակին։

Այն ինչ կատարվում է այսօր մեր հասարակության հետ, շատ նման է Կաֆկայի ստեղծագործույուններին. այդ պատճառով էլ որոշեցինք շատ արդիական, մեր վիճակին համահունչ թեմա ընտրել ու աշխատել:

Նաիրա Մուրադյան (ռեժիսոր)«Թևավորը» անիմացիոն ֆիլմ է՝ համարյա 13 րոպե տևողությամբ: Այն հեքիաթ է, ուղղակի հեքիաթ: Բացի երաժշտական ու ձայնային մասերից, ամեն ինչ միայնակ եմ արել: Ֆիլմն ավարտել եմ երկու օր առաջ, և այսօր այն  ցուցադրվում է «Ոսկե ծիրանին»:

Ֆիլմը թևավոր շան մասին է, որ հանկարծ գալիս է քաղաք ու հանկարծ թողնում-հեռանում: Հեքիաթը գրել ենք երկուսով՝ ես ու Մարիամ Պետրոսյանը: Դեռ չգիտեմ՝ «Թևավորը» փառատոնային ինչ ճանապարհ կանցի. Դա պրոդյուսերը կասի: Եթե ինձ մնար, հենց հիմա Youtube-ում կտեղադրեի:

Օվսաննա Շեկոյան (ռեժիսոր) «Գլխիվայրն»  իմ երկրորդ կարճամետրաժ ֆիլմն է. նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ: «Ոսկե ծիրան» կինոփռատոնին կկայանա ֆիլմի պրեմիերան:

Ես ներկայացրել եմ գյուղի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչի կյանքի մեկ օրը: Կերպարի նախատիպը կա, բայց դա չի կարևորը: Կարևորն այն է, որ նման միջադեպերը կարող են լիովին փոխել մարդու կյանքն ու ճակատագիրը, այն գլխիվայր շրջել:

Ինձ դուր է գալիս կարճամետրաժ ֆիլմի ժանրը. բոլոր առումներով ավելի հեշտ է աշխատել: Հետագայում մտադիր եմ լիամետրաժ ֆիլմ նկարահանել, բայց առայժմ կարճամետրաժով եմ ասելիքս արտահայտում:

Րաֆֆի Մովսիսյան (ռեժիսոր) «Ժամանումն» իմ դեբյուտային ֆիլմն է: Այն պետք է ավելի վաղուց նկարահանեի, բայց հեղափոխությունը, պետական աշխատանքի անցնելս ու էլի մի շարք պատճառներ նկարահանումները հետաձգեցին: Ի վերջո, ես այն նկարեցի երեք օրում: Մոնտաժն արեցինք 2  ամսում: Նկարահանումները կատարվել են Ապարանից ոչ հեռու գտնվող Եղիպատրուշ գյուղում: Երբ փորձում էինք նկարահանման համար տարածք գտնել ու մի միաժամանակ շփվում էինք մարդկանց հետ, հասկացանք, որ մեր ներկայացրած խնդիրը որոշակիորեն հատուկ է հայկական գյուղերին:

Կարճամետրաժ ֆիլմը շատ յուրահատուկ ժանր է: Ես կարծում եմ, որ հնարավոր է ռեժիսորն այնքան կայանա այդ ժանրում, որ  այլ ժանրի, օրինակ՝ լիամետրաժ ֆիլմ նկարելու մասին այլևս չմտածի: Եվ իսկապես, կինոյի պատմության մեջ կան նման ռեժիսորներ: Կարճամետրաժը լրիվ ուրիշ մտածողություն է պահանջում: Կարճ ժամանակում դու պետք է կարողանաս ասելիքդ խտացնել ու տեղ հասցնել:

Որպես  կինոգետ էլ եմ նայել իմ ֆիլմը, ու շատ խնդիրներ ունեմ նրա հետ: Որպես ռեժիսոր՝ ֆիլմի հետ հաշտ եմ, բայց որպես կինոգետ՝ ոչ:

Հերոսը վերադառնում է Ռուսաստանից, որպեսզի իր ընտանիքի հետ դիմավորի Նոր տարին: Նա հասկանում է, որ ընտանիքի հետ իր լարվածությունը զուտ ֆիզիկական հեռավորությունից բխող խնդիր չէ. այն ավելի շատ սոցիալական ու հոգեբանական խնդիր է:

Ես կարծում էի, որ այս խնդիրն ավելի հասկանալի կլինի պոստ-սովետական երկրներում, բայց արի ու տես , որ մի պետություն, ինչպիսին Լեհաստանն է, որ այդ տիրույթում չի եղել,  ևս ունի այդ խնդիրը: Կրակովի փառատոնին  ֆիլմս ներկայացնելիս ասացի, որ սա Հայաստանին բնորոշ խնդիր է, բայց մի լեհ աղջիկ ինձ մոտեցավ ու ասաց, որ այն գոյություն ունի նաև Լեհաստանում:

Ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը ես եմ, օպերատորն Անդրանիկ Սահակյանն է, գլխավոր դերակատարը՝ Շանթ Հովհաննիսյանը:

Քրիստին Հարությունյան (ռեժիսոր) «Աշխարհ» ֆիլմը նկարահանել եմ երկու տարի առաջ: Տևողությունը 22 րոպե է: Ֆիլմը մի կնոջ մասին է, որը վերադառնում է Հայաստան՝ մահվան մահճում գտնվող իր մորը տեսնելու: Մենք նրան հետևում ենք վերջին երեք օրերին, ցույց ենք տալիս նրա ապրումները, նրա զգացածը:

Ֆիլմը նկարել եմ Վարդենիսում՝ նախքան համավարակը:

 «Աշխարհն» այս տարի մասնակցել է Ռոտերդամի կինոփառատոնին:

Ես եկել եմ ԱՄՆ-ից, որպեսզի ֆիլմիս ցուցադրությանը ներկա լինեմ ու միաժամանակ երկու նոր ֆիլմեր նկարահանեմ Հայաստանում, մեկը՝ կարճամետրաժ, մյուսը՝  լիամետրաժ:

Իմ առաջին կանճամետրաժ ֆիլմն ընտանիքիս մասին էր, որտեղ դերասաններ չկային, բոլորն իմ հարազատներն էին, նաև՝ ես: Թեև ծնվել ու ապրում եմ Լոս-Անջելեսում, բայց իմ նպատակն է ֆիլմեր նկարել Հայաստանում ու ներկայացնել մարդկային պատմություններ, որոնք ազգություն չեն ճանաչում: Պարզ ու ազնիվ պատմություններով կարելի է գրավել ցանկացած ազգի հանդիսատեսի:

Հովիկ Հակոբյան (ռեժիսոր)«Ստորգետնյա» կարճամետրաժ ֆիլմը վավերագրություն է: Այն ավելի շատ դոկումենտալ ու գեղարվեստական ժանրերի միաձուլում է:   Ես համագործակցել եմ այն մարդկանց հետ, ովքեր նկարահանվել են իմ ֆիլմում: Սա ինձ համար փորձ էր, որպեսզի ինքս ինձ ստուգեմ, ներկայացնեմ մարդկանց պատմությունն այնպես, ինչպես ես եմ ցանկացել:

«Ստորգետնյա» ֆիլմը ցուցադրվել է Ամստերդամի, Թբիլիսիի, Իսրայելի փառատոներում, շուտով ներկայացվելու է նաև Ռուսաստանում:

Պատրաստեց  Նաիրա Փայտյանը