Փարիզի՝ Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում (Inalco)՝ հոկտեմբերի 4-ին կմեկնարկի «Transcaucases 20-21» փառատոնի երկրորդ հանդիպումը։ Շուրջ երեք ամիսների ընթացքում կանցկացվեն ֆիլմերի դիտումներ, քննարկումներ, կոնֆերանսներ, ինչպես նաև լինելու է ցուցահանդեսային և համերգային հետաքրքիր ծրագիր։

Այս ամենի մասին զրուցեցինք պատմական գիտությունների դոկտոր, բազմաթիվ գրքերի հեղինակ և «Transcaucases 20/21 » փառատոնի հիմնադիր-կազմակերպիչ Թալին Տեր-Մինասյանի հետ, որը, ի դեպ, հանրահայտ ֆրանսահայ պատմաբան,  Անահիտ Տեր-Մինասյանի դուստրն է։

ԼՍ- Թալին, մեծ ուրախությամբ տեղեկացանք, որ Transcaucases փառատոնը վերադառնում է  երկարատև լռությունից հետո։

ԹՏՄ– Այո, իրականում, փառատոնը ծրագրված էր 2020 թվականին, բայց համավարակն ամեն ինչ չեղարկեց։ Մենք որոշեցինք այս տարվա փառատոնն անվանել «Transcaucases 20/21 »՝ միավորելով երկու տարիները։ Փառատոնը տևելու է շուրջ երեք ամիս՝ հոկտեմբերից դեկտեմբեր, ինչը բավարար ժամանակ է հնարավորինս լավ ներկայացնելու ամբողջական ծրագիրը։ Միջոցառումներն անց են կացվելու համալսարանական մթնոլորտում, ինչը անսովոր կադր է նմանատիպ փառատոնի համար։

ԼՍ․- Մթնոլորտն իրոք տարբերվող է, բայց իր լավ իմաստով, քանզի հնարավորություն կտա համախմբել տարբեր ոլորտի և ազգությունների հանդիսատեսի, չէ որ Ինալկոն իր կտուրի տակ է համախմբում աշխարհի տարբեր անկյուններից եկող ուսանողների, դոկտորանտների և հյուրերի։

ԹՏՄ․- Այո, դա մեր հիմնական նպատակներից է․ երաժշտության, կինոյի, ցուցահանդեսների միջոցով ստեղծել միովորող դաշտ։ Որոշեցինք այս տարի շեշտադրել ժամանակակիցը, ինչպես կինոյում, այնպես էլ համերգային ծրագրում, օրինակ ֆոլկլորին նախընտրելով ջազը (Փառատոնի շրջանակներում համերգ կունենա հանրահայտ կոնտրաբասիստ Կլոդ Չամիչյանն ու իր «Նաիրի» ջազ եռյակը)։

ԼՍՓառատոնի երեք կազմակերպիչներն էլ համալսարանական դասախոսներ են։

ԹՏՄ– Այո, հիմնական ծրագրի հեղինակներն են Անուշ Տեր-Սարգսյանը, Սոֆի Հոմանն ու ես։ Սոֆին սոցիոլոգ է, ով ակտիվորեն հետաքրքրվում է Հայաստանով։ Նա մեզ խորհուրդ տվեց վրացի երկու ռեժիսորներ Մարի Գուլբիանիի և Ռատի Օնելիի ֆիլմերը։ Քննարկումներից հետո, մենք որոշեցինք հայ-վրացական երկխոսություն ստեղծել՝ ցուցադրելով Օնելիի  «Արևի քաղաքը» (City of the Sun, 2017) ֆիլմը Հովիկ Հակոբյանի «Ստորգետնյա» կարժամետրաժ ֆիլմի հետ՝ նկարահանված Ավանի աղի հանքում։

ԼՍ Փառատոնի ծրագրում ներառված է նաև դերասանուհի և ռեժիսոր Ան Կոնսինիի «Ցավդ տանեմ» վավերագրական ֆիլմը, որը անձամբ ներկա է լինելու ֆիլմի քննարկման ժամանակ։ Հետաքրքիր է, որ ֆրանսերեն թարգմանաբար ֆիլմի վերնագիրը կորցնում է այն ընկալումը, որը մենք ունենք հայերենում։ Կխոսե՞ք ֆիլմի մասին։

ԹՏՄ․- Անսահման ծանր ֆիլմ է։ Ան Կոնսինին, որը Ֆրանսիայում հայտնի դերասանուհի է, մի քանի տարի առաջ կապ է հաստատում հայ ընտանիքի հետ՝ մոր և դստեր։ Վերջինս հիվանդ է քաղցկեղով և գալիս է Փարիզ բուժվելու։ Մանրամասները Անը ինքը կպատմի ֆիլմի ցուցադրման ժամանակ, չգիտեմ, թե ով է հոգում բուժման ծախսերը, բայց Փարիզում հայ ընտանիքը հաստատվում է Ան Կոնսինիի տանը։ Պատկերացնու՞մ եք, ինչ բարդ իրավիճակ է։ Ան Կոնսինին որոշում է նկարահանել հիվանդ երեխային և մորը, նրանց հարաբերությունները, ապրումները։ Դժբախտաբար, պատմությունը սարսափելի ավարտ ունի, երեխան մահանում է․․․ միայն խոսելը ֆիլմի մասին հուզիչ է և բարդ։ Փաստորեն ֆիլմը սկսվում է Ֆրանսիայում և հետո շարունակվում Հայաստանում, քանզի Կոնսինին ուղեկցում է մորը Հայաստան։ Ֆիլմը հարաբերությունների և ընկերության մասին է։ Մտքիս գալիս է այն տեսարանը, որտեղ մայրը գնում է «Tati» խանութների ցանց՝ դստեր համար հարսանյաց զգեստ գնելու, քանզի աղջիկն ուզում էր այդ զգեստով գնալ… ֆիլմն անեզր հուզիչ է և մարդկային։ Այն նաև հիանալի գրվում է փառատոնի այդ «անցումային» գաղափարի մեջ, Հայաստան-Ֆրանսիա-Հայաստան։ «Ցավդ տանեմ» ֆիլմը շատ տարբերվող է, խաղարկային չէ, բայց միաժամանակ դժվարանում եմ վավերագրական անվանել, երևի երկուսի միջև է։

ԼՍ Կորստի և տխրության տրամադրությունը շարունակվում է նաև փառատոնային ծրագրի մյուս բաժնում, որտեղ հարգանքի տուրք է մատուցվելու ռեժիսոր Լիլիան դը Կերմադեքին։ Ցուցադրվելու են Արցախում նկարահանված մի շարք ֆիլմեր։  

ԹՏՄ Այո, Լիլիան դը Կերմադեքը լուսաբանման առանձին նյութի է արժանի։ Ես ծանոթացա Լիլիանի հետ 2014-ին, երբ նա Շուշիում նկարահանեց «Փլատակների շշունջը» ֆիլմը։ Լիլիանը մեծ ճանապարհորդող էր, եղել էր աշխարհի տարբեր կետերում և առաջին հայացքից սիրահարվել Արցախին։ Ափսոս, նա այլևս մեզ հետ չէ, որ պատմի Արցախ իրեն տարած ճանապարհների մասին։ Գիտեմ, որ կազմելով փոքր թիմ, նա մեկնել էր Շուշի, որտեղ նկարահանել էր երեք ֆիլմ՝ «Փլատակների շշունջը», «Շատ սիրելի անկախություն» և «Շուշիի երեխաները»։ Լիլիանի նկարահանած պատմությունները շատ պարզ են, պետք չէ նմանության կապ փնտրել ոչ Կոնսինիի, ոչ էլ Նոռա Մարտիրոսյանի ֆիլմերի հետ։

Ի դեպ, Նոռան և Լիլիանը հանդիպել էին մեր առաջին փառատոնի ժամանակ։ Նոռան այդժամ ներկայացնում էր իր ապագա ֆիլմի ծրագիրը, որը դեռ կոչվում էր «Տերիտորիա», իսկ Լիլիանը ավարտել էր «Փլատակների շշունջը» ։ Առհասարակ, Լիլիանի ողջ աշխատանքը կառուցված է պատկերի  շուրջ։ Նա պատմում է շատ պարզ պատմություններ, թեթև հիշեցնող Էրիկ Ռոմերի ոճը։ Սիրո պարզ պատմություն Շուշիում, երեխաների հետ կամ մի ալյուրի բեռնատարի պատմության շուրջ։ Լիլիանն ուներ նաև մեկ այլ ֆիլմի ծրագիր կապված Շուշիի հետ՝ «Հրադադար», պատմող երկու երիտասարդների սիրո պատմության մասին։ Ցավոք, նա չկարողացավ ֆինանսավորում գտնել՝ ոչ վերադառնալու Շուշի, ոչ էլ նկարահանումների իրականացման համար։ Այդպես «Հրադադարը» դարձավ Փարիզի փողոցներում նկարահանված հինգ րոպեանոց ֆիլմ, որը մենք նույնպես կցուցադրենք ծրագրի վերջում։

ԼՍ Թերթերում ասվում էր, որ կյանքի վերջին տարիներին Լիլիանն ուներ ֆինանսավորում գտնելու մեծ խնդիրներ։

ԹՏՄ Այո՛, շատ ցավալի էր։ Ես փորձում էի նրան օգնել, քանի որ տարիների ընթացքում մենք դարձանք ընկերներ։ Բայց ֆինանսավորում գտնելը Ֆրանսիայում մեծ խնդիր է։ Ցավալի է, քանզի Լիլանը ամբողջ սրտով ներգրավված էր Շուշիի պատմության մեջ, այնտեղ արված իր պատկերներն այսօրվա սարսափելի իրականության կոնտեքստում դարձել են ժառանգություն։ Շուշիի պատկերներ․․․ մի քաղաք, որ հնարավոր է այլևս չտեսնենք։

ԼՍ Արցախյան թեման շարունակվելու է Նոռա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի ցուցադրությամբ։ Ռեժիսորը ներկա է լինելու Ինալկոյում քննարկման ժամանակ։

ԹՏՄ «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը երկար տարիների արդյունք է, բայց շատ քիչ բան է փոխվել, միայն վերնագիրը սկզբում «Տերիտորիա» էր։  Հետահայաց դիտելով Նոռայի ֆիլմը, ստեղծվում է տպավորություն, որ նա կանխագուշակել էր այն, ինչ մեզ հետ տեղի կունենա։ Իհարկե, դա մեծ անակնկալ չէր ոչ մեկիս համար, բայց ֆիլմն այնքան լավ է նկարահանված։

ԼՍ․- Թեպետ և փառատոնը կոչվում «Transcaucases», անհնարին է չնկատել հայկականության գերներկայությունը։ Միտումնավո՞ր քայլ էր։  

ԹՏՄ․- Ճիշտ եք, իդեալական տարբերակը կլիներ ներառել կովկասյան տարբեր ազգերի աշխատանքներ, բայց այս անգամ շեշտը հայկական և վրացական էր։ Պատճառներից մեկը հավանաբար այն է, որ մեր փառատոնը կազմակեպվում է համալսարանակ շրջանակներում, իսկ Ինալկոյում հայկական ամբիոնն ամենամեծերից է, ունի ութսունհինգ ուսանող, այն դեպքում, որ օրինակ՝ վրացականում ընդամենը քսանհինգ ուսանող կա, ադրբեջանականում՝ մեկ։ Ի դեպ, ամբիոնն էլ ֆինանսավորվում է Ադրբեջանի դեսպանատան կողմից։ Երևի ցանկանում էին ճեղքել Ինալկոյի հայկական ամրոցը, բայց դե՝ չստացվեց։ Պետք չէ մոռանալ, որ հայագիտությունը դասավանդվում է Ինալկոյում իր ստեղծման օրվանից, այն եղել է հիմնադիր առաջին չորս ամբիոններից մեկը։ Այս ամենն ասում եմ, որ պատկերացնեք հայկական ներկայության կարևորությունը Ինալկոյում և հետևաբար՝ նաև փառատոնում։ Բայց մենք մեծ սիրով պատրաստ ենք հյուրընկալել կովկասյան այլ ազգերի արվեստագետներին՝ մեր փառատոնի մյուս հանդիպումներին։

Հարցազրույցը՝ Լիլիթ Սոխակյանի

Փարիզ, Ինալկո, 2021(հոկտեմբեր)