Երևանում՝ հոկտեմբերի 29-31-ը, տեղի կունենա «Ազգային կինոն՝ համամարդկային ժառանգություն. վերանայում, պահպանություն, հանրայնացում» թեմայով եռօրյա գիտաժողովը՝ նվիրված ֆրանսահայ կինոռեժիսոր Անրի Վեռնոյի 100-ամյակին։ Ֆրանսահայ ականավոր կինոռեժիսոր և սցենարիստ Անրի Վեռնոյ-Աշոտ Մալաքյանի հիշարժան հոբելյանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանավոր անձանց կարևոր իրադարձությունների օրացույցում: Գիտաժողովը կազմակերպելու է  Հայաստանի ազգային կինոկենտրոնը՝  ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսական աջակցությամբ։

Անրի Վեռնոյը հայկական սփյուռքի տիպիկ ներկայացուցիչ է: Նրա ստեղծագործական ուղին ծավալվել է Ֆրանսիայում։ Նրա շուրջ 40 լիամետրաժ ժապավենները քրեական ժանրի նմուշներ են՝ արկածային, ոստիկանական, գանգստերական  թրիլերներ։Վեռնոյը հայկական թեմատիկային դիմել է իր ռեժիսորական կարիերայի մայրամուտին՝ ստեղծելով իր հանրահայտ ինքնակենսագրական մելոդրաման՝ «Մայրիկը» 1991-ին, որը դարձավ նաև սփյուռքահայ կինո-պատկերագրության նշանավոր գործերից մեկը։ Վեռնոյի ստեղծագործական ուղին նման է այլ սփյուռքահայ կինոգործիչների անցած ճանապարհին, որոնք օտարության մեջ կենդանի են պահել հայկական մշակույթը։

Օգտագործելով Անրի Վեռնոյի ժառանգությունը և խորհրդային շրջանի ազգային կինոհետագիծը որպես ելակետներ, գիտաժողովը նպատակ ունի անդրադառնալու այս երկակի երևույթներին՝ որպես  ազգային կինոյի դրսևորումներ, որոնք այսօր արդիական մոտեցման ու մեկնաբանության կարիք ունեն ՝ համաշխարհային կինոպատմության համտեքստում։

Այնուամենայնիվ, ազգային կինոժառանգություն ձևավորելու ցանկությունը, հատկապես, ԽՍՀՄ փլուզումից հետո, մեծապես սահմանափակել է տարածաշրջանային կամ սփյուռքի կինոժառանգության դիտարկումը որպես 20-րդ դարի միջազգային կինոյի  մաս: Հայաստանի նման երկրներում արտադրված ֆիլմերը հաճախ դուրս են մնում գլխավոր արխիվների, թանգարանների և փառատոների շրջանակներից, ինչը զգալիորեն սահմանափակում է դրանց վերականգնման, հասանելիության և ավելի լայն շրջանառության հնարավորությունները:

Այս գիտաժողովը, փորձելու է երկխոսություն սկսել ազգային կինեմատոգրաֆի առանցքային հարցերի շուրջ՝ ներգրավելով խորհրդային, սոցիալիստական և սփյուռքի կինոժառանգության հետ առնչվող շուրջ քսան կինոգետների, կինոքննադատների, հետազոտողների և կինոարդյունաբերության մասնագետների Հայաստանից և արտերկրից։

Եռօրյա գիտաժողովը կանցկացվի անգլերեն և հայերեն լեզուներով՝ համաժամանակյա  թարգմանությամբ: Գիտաժողովի ընթացքում տեղի կունենա հատուկ հանդիպում-զրույց Անրի Վեռնոյի որդու՝ Պատրիկ Մալաքյանի հետ, կկազմակերպվի Վեռնոյի առավել նշանավոր ֆիլմերի կինոպաստառների ցուցադրություն և կներկայացվի նաև նրա 1969 թվականի «Շաբաթավերջը Զյույդկոտում» (Weekend at Dunkirk) պատերազմական ֆիլմը։

Որպես ամփոփում՝ գիտաժողովի օրերին ընթերցված և ներկայացված բոլոր զեկույցները, Հայաստանի ազգային կինոկենտրոնը կհրատարակի առանձին գրքով։

Գիտաժողովի ծրագիրը և Ժամանակացույցը։

 ՀԳԱնրի Վեռնոյ (1920-2002)

Ֆրանսահայ կինոռեժիսոր Անրի Վեռնոյը (Աշոտ Մալաքյան) ծնվել է Ռոդոստոյում (Թուրքիա), 1924-ից հաստատվել Ֆրանսիայում: Չորս տարեկան էր, երբ մերձավորների հետ հասավ Մարսել` միանալով Մեծ եղեռնից մազապուրծ հազարավոր հայ ընտանիքներին: Էքս-ան-Պրովանսի ֆրանսիական լիցեյն ավարտելուց հետո անցել է լրագրողական գործունեության` 1944-1946 թթ. «Հորիզոն» հանդեսի գլխավոր խմբագիրը լինելով: 1945-ին Անրի Վեռնոյ կեղծանունով Հայոց դատի վերաբերյալ հոդվածաշար է հրապարակել «Մարսելյեզ» թերթում: 1947-ից անցել է կինոյի ոլորտ: Հռչակավոր կատակերգու Ֆեռնանդելի մասնակցությամբ մի շարք կարճամետրաժ ֆիլմեր է նկարահանել: 1951-ին ասպարեզ է հանել «Մեռածների սեղանը» իր առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմը, որի շնորհիվ դասվել է Ֆրանսիայի լավագույն կինեմատոգրաֆիստների շարքին: Հոլիվուդը պայմանագրեր է կնքել Վեռնոյի հետ: Ավելի քան 40 կինոնկար է ստեղծել Ժան Գաբենի, Ալեն Դելոնի, Ժան-Պոլ Բելմոնդոյի, Օմար Շարիֆի և այլոց գործակցությամբ: 1980-ին այցելել է Հայաստան: 1996-ին պատվավոր «Սեզար»-ի է արժանացել: Կյանքի վերջին տարիներին  նկարահանած «Մայրիկ» և «Պարադի փողոց, թիվ 588» լիամետրաժ խաղարկային ֆիլմերը նվիրել է իր մանկությանն ու տոհմին:

    Ռոբերտ Մաթոսյան․Տասնվեց տարեկանում ստալինյան մրցանակ

    Ռոբերտ Մաթոսյանի անտիպ  «Մասնագիտությունը կինոռեպորտյոր» գրքից  ուշագրավ պատառիկներ․․․ *** 1972 թվականին Ֆրունզե Դովլաթյանը, Պերճ Զեյթունցյանի սցենարով նկարահանեց  «Երևանյան օրերի խրոնիկա»...

    , |24 Հունվար 2022,12:29