«Հայազգի լեգենդար վիզուալ էսսեիստ» այսպես է ներկայացնում ռեժիսոր Արտավազդ Փելեշյանին հանրահայտ Նյու Յորքի կինոփառատոնը (New York Film Festival)։ Ընդամենը օրեր առաջ կազմակերպիչները ուրախությամբ հայտարարեցին, որ Արտավազդ Փելեշյանի վերջին՝ «Բնություն» ֆիլմի համաշխարհային փառատոնային պրեմիերան տեղի կունենա Նյու Յորքի կինոփառատոնում։ 

New York Film Festival այս տարի կազմակերպվում է 59-րդ անգամ։ Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 10-ը հանրահայտ Լինկոլն կենտրոնում ցուցադրվելու են տարվա լավագույն ֆիլմերը, կազմակերպվելու են հանդիպումներ և քննարկումներ կինոաշխարհի կարևոր ներկայացուցիչների հետ, ինչպես նաև բազմաթից վարպետաց դասեր ուսանողների համար։ Փառատոնի պաշտոնական ծրագիրն արդեն հասանելի է  ամբողջությամբ։ Այստեղ նշվում է, որ Փելեշյանի «Բնություն» ֆիլմը ցուցադրվելու է հոկտեմբերի հինգին և վեցին։ Ի դեպ, Փառատոնը հրավիրում է բոլոր ցանկացողներին այցելել նաև  «Հանդիպում Արտավազդ Փելեշյանի հետ» խորագիրը կրող կայքէջ, որտեղ ամենայն մանրամասնությամբ կարելի է ծանոթանալ ռեժիսորի կյանքին և աշխատանքին։

Սա «Բնություն» ֆիլմի փառատոնային ճանապարհի միայն առաջին քայլն է։ Արդեն հայտնի է, որ ֆիլմի եվրոպական պրեմիերան տեղի կունենա դոկումենտալ կինոյի աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոնում՝ IDFA Ամստերդամում, նոյեմբերի 17-28-ը։ Փառատոնի նախագահ Օրվա Նիրաբիան նշում է, որ փառատոնն այս տարի կպատվի Փելեշյանին` կինոյում ունեցած անգնահատելի ավանդի համար։

Մենք սիրով կշարունակենք հետևել Վարպետի «Բնություն» ֆիլմի փառատոնային արշավին և միջազգային հաջողություններին։

Լիլիթ Սոխակյան

Փարիզ, 2021թ․

 


    Փարիզ․Փաթեթավորված Հաղթական կամարը

    Անհնար է անտարբեր անցնել Փարիզում այս օրերին տեղի ունեցող մեկ առանձնահատուկ իրադարձության կողքով։ Հաղթական կամարը՝ մայրաքաղաքի թերևս ամենահայտնի այս հուշարձանը, որը...