Անհնար է անտարբեր անցնել Փարիզում այս օրերին տեղի ունեցող մեկ առանձնահատուկ իրադարձության կողքով։ Հաղթական կամարը՝ մայրաքաղաքի թերևս ամենահայտնի այս հուշարձանը, որը միավորում է Փարիզի գլխավոր տասներկու ճառագայթ-ճանապարհները, սեպտեմբերյան այս անձրևոտ օրերին լիովին փաթեթավորվել է։ Այո՛, այո՛, փաթեթավորվել՝ ծածկվելով երկնագույն երանգի գորգանման ծանր թղթե կտորներով և ամրացվել ամուր թելերով։ Ելիսեյան դաշտերով զբոսնող արտերկրացիները ափսոսանքով ենթադրում են, որ կամարը տեսնել չկարողացան վերականգնողական աշխատանքների պատճառով։ Իրականում նրանք ականատես են ժամանակակից արվեստի հերթական նմուշի ստեղծմանը, որով ցավոք ամփոփվում է հանրահայտ Քրիստո/Ժաննա-Քլոդ արվեստագետ զույգի ստեղծագործական ուղին։  

Ծագումով բուլղարացի Քրիստոն Փարիզում է հաստատվում վաթսունականների սկզբին, վարձում փոքր բնակարան կենտրոնում և գումար վաստակում նկարելով դիմանկարներ։ Այդպես է նա ծանոթանում Ժաննա-Քլոդի հետ, որը դառնում է իր կինն ու բոլոր աշխատանքների համահեղինակը։ Այսօր փարիզեցիների աչքի առաջ փաթեթավորվող Հաղթական կամարը եղել է Քրիստոյի ամենաառաջին մոնումենտալ ծրագիրը, որի էսքիզները արվեստագետը ստեղծել էր դեռ վաթսունականներին։

2020 թվականին Պոմպիդու արվեստի կենտրոնի համադրողների հետ ունեցած իր կյանքի վերջին հարցազրույցում, Քրիստոն վստահեցնում է՝ «Քանի որ աշխարհն այսօր կախված է բարակ թելից, կուզենայի ասել, որ Հաղթական կամարի ծրագիրը կարելի է իրականացնել առանց իմ ֆիզիկական ներկայության, քանզի ամեն ինչ պատրաստ է»։ Էսքիզները՝ այո, բայց կար մեկ այլ «չնչին» դետալ՝ թույլտվություն ստանալ պետական ատյաններից, ինչը երբեմն կարող էր տևել տասնյակ տարիներ․ Փարիզի Նոր կամրջի փաթեթավորման դեպքում՝ տասը տարի (1985), Բեռլինի Ռայխստագի համար՝ քսանհինգ (1995), Նյու Յորքի կենտրոնական պարկի ինստալյացիայի համար արվեստագետները սպասեցին քսանվեց տարի (2005): «Սա արդեն համբերություն չէ, այլ կիրք» սիրում էր ասել Ժաննա-Քլոդը:

Չնայած տասնյակ իրականացված ծրագրերի, Քրիստոն երբևէ չէր հրաժարվել Հաղթական կամարի երազանքից։ Տիկնոջ մահվանից հետո, նա հստակ որոշում է, որ եթե Փարիզում իրականացնի ևս մեկ ծրագիր, ապա դա կլինի միայն Հաղթական կամարը։ Վերջապես, 2018 թվականին արվեստագետը ստանում է կանաչ լույս։ Սակայն ծրագրի իրականացումը տեղափոխվում է 2020 թվականի սեպտեմբերին՝ պահպանելու համար Հաղթական կամարի ռելյեֆներում բնադրած հողմավար բազեների բազմացման ցիկլը։ Բայց 2020 թվականին աշխարհի դռներն է թակում Քովիդը՝ խախտելով բոլորի ծրագրերը։ Նույն թվականի մայիսին Քրիստոն հեռանում է կյանքից՝ թողնելով Հաղթական կամարի երազանքը անավարտ։ Բայց ընտանիքի անդամներն ու ընկերները որոշում են, որ հանձնվել չի կարելի և նախաձեռնում են հրաժեշտի կամարի իրականացումը։

2021 թվականի հուլիսին մեկնարկած աշխատանքները մոբիլիզացնում են շուրջ 1000 մարդ, 25 000 քառակուսի մետր վերամշակվող երկնագույն գործվածք և 3000 մետր կարմիր պոլիպրոպիլենային վերամշակվող պարան։ Ինստալյացիան, եթե Կամարը թույլ կտա իրեն այդպես անվանել, կարելի է իր ավարտուն տեսքով տեսնել սեպտեմբերի 17-ից հոկտեմբերի 3-ը։ Որպես կանոն, Քրիստոյի բոլոր աշխատանքները տեսանելի են մնում ընդամենը երկուսից երեք շաբաթ։ «Չեմ սիրում «անցողիկ» բառը՝ նկարագրելու համար իմ աշխատանքը: Մեր ցուցահանդեսները ժամանակավոր են: Անցողիկն անկայուն ինչ-որ բանի երանգ ունի,- մեկնաբանում է Քրիստոն։ Ես հավատում եմ իմ աշխատանքին, հավատացյլալ չեմ, բայց հավատում եմ իմ արվեստին։ Արվեստն ամեն ինչ է ինձ համար։»

Քրիստոյի արվեստն ավելի լավ հասկանալու նպատակով Պոմպիդու արվեստի կենտրոնը և CNC առաջարկում են դիտել հետևյալ վավերագրական ֆիլմերը․

«Քրիստոն Փարիզում» (Christo in Paris, 1990) ֆիլմի մասին Քրիստոն ինքն է հաճախակի հիշատակում իր հարցազրույցներում։ Ռեժիսորներ Ալբերտ և Դավիդ Մեյսլսները հետևել են արվեստագետների աշխատանքին շուրջ վեց տարի՝ հիանալի փոխանցելով նրանց ստեղծագործական հարաբերությունները և հատկապես՝ Նոր կամրջի փաթեթավորման ծրագրի բարդ փուլերը։ Ֆիլմը հասանելի է Պոմպիդու արվեստի կենտրոնի կայքէջում, ինչպես նաև յութուբյան էջում։

Բուլղարացի ռեժիսոր Անդրեյ Պաունովի «Քայլելով ջրի վրա» (Walking on Water, 2018) վավերագրական ֆիլմի պրեմիերան սպասվում է սեպտեմբերի կեսին փարիզյան կինոթատրոններում։

 

Գեորգի Բալաբանովի «Մեր երազանքների սահմանը» (La Frontière de nos rêves, 1996) պատմում է Քրիստոյի և իր ավագ եղբոր՝ Անանի Ջավաշեֆի կյանքի ճակատագրերի մասին՝ հարցադրելով ազատության և քաղաքականության նուրբ սահմանները:

Եվ իհարկե Քրիս Մարքերի հեղինակած «Քրիսից մինչև Քրիստո» (From Chris to Christo, 1985) ֆիլմը՝ պատմող Նոր կամրջի փաթեթավորման ծրագրի մասին։ Բայց ի տարերություն Մեյսլսների ֆիլմի, Մարքերը շեշտը դնում է փարիզեցիների և նրանց զարմանքով, դժգոհությամբ և իհարկե հիացմունքով լի արձագանքների վրա։

 «Ասես շունչ ստացած առարկա, Հաղթական կամարը կկենդանանա քամուց և կարտացոլի լույսը։ Ծալքերը կշարժվեն, հուշարձանի ծածկույթը կդառնա զգայական։ Մարդկանց մոտ կառաջանա ցանկություն դիպչել Հաղթական կամարին»։

Ահա այսպես էին պատկերացնում Քրիստոն և Ժաննա-Քլոդն իրենց այսօր արդեն իրականություն դարձած երազանքը։

Լիլիթ Սոխակյան

Ելիսեյան դաշտեր, Փարիզ, 2021թ․