Սեպտեմբերի 22-ից «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում ամեն երեկո  ֆիլմեր էին ցուցադրվում, ռեժիսորների մասնակցությամբ քննարկումներ կազմակերպվում: «Մեկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային փառատոնի հիմնադիր-տնօրեն Գագիկ Ղազարէն ամեն օր ֆեյսբուքյան էջում բոլորին հրավիրում էր անվճար ֆիլմեր դիտելու: Անցյալ տարվա առցանց ձևաչափից հետո Գագիկ Ղազարէն այս տարի վերջապես հնարավորություն ունեցավ, ինչպես ասում են՝ մարդավարի անցկացնել փառատոնը՝ ֆիլմերը ցուցադրելով էկրանին, անցկացնելով հանդիպումներ ռեժիսորների հետ, ապահովելով մարդկային անմիջական շփում ու հաղորդակցություն:

«Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում սեպտեմբերի 28-ին «Մեկ կադր» փառատոնի փակման ու մրցանակների հանձնման արարողությունն էր: Ժյուրին կայացրել էր իր որոշումն ու առանձնացրել լավագույններին, իսկ մինչ այդ դիտել էր 3 անվանակարգերի 7 տասնյակ ֆիլմեր: Ինչպիսի՞ ֆիլմեր էին այս տարի ներառված «Մեկ կադրում», ի՞նչ տպավարություն են ստացել ժյուրիի անդամները, ինչպե՞ս հաջողվեց Գագիկ Ղազարէին այս տարի անցկացնել կինոփառատոնը, հետաքրքրվել է  kinoashkharh.am-ը:

Գագիկ Ղազարէ  («Մեկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային փառատոնի հիմնադիր-տնօրեն)- Ֆիլմերի հայտարգրումն այս տարի սկսեցինք մի փոքր ուշ՝  մարտից. Պատճառը քովիդն էր ու պատերազմին հաջորդած ծանր իրադրությունը:  400 հայտ ստացանք, վերջնարդյունքում  փառատոնի մրցութային ծրագրերում  «Մեկ կադր, մեկ րոպե», «Կարճ ֆիլմեր» և «Կինո՝ առանց սահմանի» անվանակարգերում մասնակցեց 75 ֆիլմ՝ 20-ից ավելի երկրներից:

Հայաստանը շատ ակտիվորեն մասնակցեց «Մեկ կադր» փառատոնին, որովհետև մենք հնարավորություն ենք տալիս դեբյուտանտներին, ուսանողներին իրենց ուժերը փորձել, առաջին քայլերն անել, համարձակ ու անկաշկանդ խոսք ասել ու գնահատանքի արժանանալ: 20-ից ավելի հայկական ֆիլմեր են մասնակցել «Մեկ կադրին»: Մի քանի ֆիլմ անդրադարձել էր արցախյան պատերազմին, որոշները՝ քովիդին: Լավ է, որ թեմաները բազմազան են, բազմաշերտ. այդպես շատ ավելի հետաքրքրիր է: Գերակշռող, դոմինանտ թեմա չկար, և լավ է, որ չկար, այլապես ձանձրալի կլիներ: Նկատելի էին նաև կինոլեզվի բազմազանություն, տարբերվող ձեռագրեր:

Կարճ ֆիլմերի ծրագրում կար մի փառահեղ ֆիլմ, որտեղ հրաշալի լուծումներ էին տրված: «Մեկ կադրում» էլ ունեինք  հիանալի մի ֆիլմ: Դրանք օտարերկրյա ֆիլմեր են, բայց հայկական ֆիլմերում էլ կա ձգող էներգետիկա, հուզականություն, կինոլեզվի, խոսքի, թեմայի հետաքրքիր լուծումներ:

Բոլոր անվանակարգերում էլ ունենք մրցանակների, բարձր գնահատանքի  արժանի ֆիլմեր:

Փառք Աստծո, որ այս տարի բոլոր կիոնդիտումները, ամբողջ ծրագիրը իրականացվել է ոչ առցանց ձևաչափով, այլապես այս փառատոնն իմաստ չէր ունենա: Փառատոնը կազմակերպվել և անց է կացվել բացառապես մարդկային էնտուզիազմի հիման վրա: Անչափ շնորհակալ եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մրցանակաների համար գումար հատկացնելու համար, շնորհակալ եմ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանին՝ տարածքը տրամադրելու համար: Շնորհակալություն նաև պետությանը՝ մեզ պետական միջոցներ չտրամադրելու համար:  «Մեկ կադրը» դժվարությամբ, բայց հաջողեց նաև այս տարի՝ արդեն 19-րդ անգամ ներկայանալ կինոսիրողներին:

Դավիթ Մաթևոսյան («Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն )-Չնայած «Հարնտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանը դեռ կիսակառույց է, բայց որոշեցինք տարածքը տրամադրել «Մեկ կադր» փառատոնին:  Մեր կենտրոնը ևս մրցանակներ է սահմանել՝ խրախուսելով ժյուրիի կողմից մրցանակների չարժանացած ֆիլմերին: Դպլոմներից բացի, մրցանակակիրներին նվիրելու ենք  Հրանտ Մաթևոսյանի գրքերից:

Դիանա Կարդումյան («Մեկ կադր,  մեկ րոպե» անվանակարգի ժյուրիի նախագահ)-Այս անվանակարգում 31 ֆիլմ է ներկայացված եղել: Պիտի ասեմ, որ   հայկական ֆիլմրը զիջում էին օտարերկրյա ֆիլմերին: Իմ տպավարությունն այն է, որ  հայ ռեժիսորներն այդպես էլ չեն հասկանում, թե այդ մեկ րոպեն ինչպես օգտագործեն, որպեսզի իմաստալից ու հագեցած լինի: Մեկ րոպեում պետք է տեղավորել շատ խտացված ասելիք:  Քննարկումների ժամանակ համոզվեցի, որ հայ ռեժիսորներն ուղղակի նկարել են, որովհետև գիտեն, որ այսպիսի փառատոն կա, ուզում են մասնակցել, բայց չեն տիրապետում ո՛չ մեկ կադրի ձևաչափին, ո՛չ կինոգործիքներին:

Օտարերկրյա ֆիլմերի վերաբերյալ նույնպես չէի ասի, թե ցնցված եմ,  բայց  ձևաչափի ճիշտ ընկալմամբ, նորմալ մտածված ֆիլմեր կային: Կարծում էի՝ համավարակով պայմանավորված  դադարը կինոյի ասպարեզում ինչ-որ բան կփոխի, ռեժիսորները կսկսեն շատ բաներ վերանայել, վերաիմաստավորել, բայց այնպիսի տպավորություն է՝  կարծես ոչինչ էլ չի եղել: Ամեն դեպքում,  «Մեկ կադր, մեկ րոպե» անվանակարգում ևս երկու գլխավոր և երկու «Ժյուրիի հատուկ հիշատակում» մրցանակներ կան՝ արժանանավոր ֆիլմերի համար:

Րաֆֆի Մովսիսյան (Կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահ)- Կարոտել էինք կինոդահլիճում ֆիլմ նայելու լավ ու բարի ավանդույթին:  «Մեկ կադրի» կինոդիտումները  ծանր իրականությունից ժամանակավորապես «փախչելու»,  կինոյի միջոցով  առօրյա խնդիրները հաղթահարելու հնարավորություն էին: Այս կինոդահլիճն ինձ համար փախուստի տարածք էր: Լավ է, որ «Մեկ կադրն» արդեն 19 տարի կա, ապրում է, աշխատում է: «Կարճամետրաժ ֆիլմերի» անվանակարգը միջազգային է. ներկայացված էր 26 ֆիլմ:

Փառատոնը հրաշալի ավանդույթ է ձևավորել՝ կինոդիտումից հետո հանդիպումներ ռեժիսորների հետ, ինչը  ժյուրիի անդամներին հնարավորություն է տալիս ճանաչել ֆիլմերի հեղինակներին, իրենց  հուզող ու հետարքրքող հարցերն ուղղել նրանց, բանավիճել:

Հայկական ֆիլմերի որակը, պետք է ասեմ, որ բավականին բարձր էր ու միջազգային ֆիլմերի համեմատ՝ շատ դեպքերում ավելի արժեքավոր: Ակնհայտ էր, որ օտարերկրյա ֆիլմերի բյուջեն, տեխնիկական հնարավորություններն ավելի մեծ էին, բայց ռեժիսորական լուծումներով ու ստեղծագործական ձեռագրով դրանք որոշ դեպքերում  հայկական ֆիլմերից շատ ավելի թույլ էին: Օրինակ՝ մեր Թատրոնի և կինոյի ինստիտուտի ուսանողների ֆիլմերն ավելի ուժեղ էին, քան արտերկրի հայտնի բուհերից մեկի ներկայացրած ֆիլմը:

«Ոսկե ծիրան» կինփառատոնի հայկական ծրագրերում երկար տարիներ եմ աշխատել ու նկատել, որ հայկական ֆիլմերը մեր իրականությունից շատ կտրված են: Մեր կյանքում տեղի ունեցող իրադարձությունները, հասարակությանը հուզող հարցերը, խնդիրները հայկական կինոյից միշտ դուրս էին մնում. մեր կինոն իր համար հորինած մի իրականություն էր ստեղծել, որտեղ ռեժիսորն իր հույզերն ու տառապանքներն էր ստեղծում՝  մեր իրականության հետ առանձնապես կապ չունեցող:

«Մեկ կադրում» իմ տեսած ֆիլմերը ինձ հաճելիորեն զարմացրին, որովհետև կոնկրետ խնդիրների էին անդրադառնում:  Յուրքանչյուր ֆիլմի հիմքում կար ոչ միայն ասելիքը գեղարվեստորեն արտահայտելու ռեժիսորական մեծ ցանկություն, այլև երկար տարիներ տաբուներ կրող իրական թեմաներ, սոցիալական հարցեր:

Արմինե Անդա («Կինո առանց սահմանի» ժյուրիի միակ ներկայացուցիչ)-Գագիկ Ղազարէն այդպես որոշեց, որ այս անգամ ես լինեմ «Կինո առանց սահմանի» անվանակարգի միակ ու միայնակ ժյուրին: Այս անվանակարգը մյուսներից տարբերվում է նրանով, որ ներառում է  նաև լիամետրաժ, այդ թվում՝ հայկական ֆիլմեր: Մոտ երեք տասնյակ ֆիլմեր եմ դիտել, որոնցից 5-ը՝ լիամետրաժ:

«Կինո առանց սահմանի» ֆիլմերը մյուս անվանակարգերից տարբեր են, որովհետև ոճական անսահման ազատության մեջ են ստեղծվել: Դրանց մի մասը վիդեոարտի սահմաններում են, մյուսները դուրս են եկել այդ ծիրից: Ոճի, ձեռագրի առումով բավականին հետաքրքիր ֆիլմեր կային, այդ թվում՝ հայկական: Այս անվանակարգում մեր ֆիլմերը չէին զիջում դրսի ֆիլմերին: Ես գլխավոր մրցանակ եմ շնորհել մի ֆիլմի, որն իր գաղափարով, ապրումակցելու մակարդակով տարբերվում էր մյուսներից: Հաջորդ ֆիլմը, որ ընտրեցի «Ժյուրիի հատուկ հիշատակում» մրցանակի համար, Հայոց ցեղասպանության թեմայով օտարերկրյա արտադրանք է՝ կինեմատոգրաֆիկ հետաքրքիր լուծումներով նկարահանված:

Հայկական երկու ֆիլմերն էլ համարձակ նորարարական փորձարարություններ են:  Ուրախ եմ, որ այս փառատոնի ընթացքում հայտնաբերեցի խոստումնալից  ռեժիսորների, որոնք սեփական ձեռագրի փնտրտուքների մեջ են:

Պատրաստեց Նաիրա Փայտյանը


    «ԲՆՈՒԹՅՈՒՆ»` Փելեշյանի տիեզերական տեսանկյունը  

    «Մոսկվա» կինոթատրոնում` հունիսի 18-ին,  տեղի կունենա Արտավազդ Փելեշյանի՝ «Բնություն» ֆիլմի երկար սպասված պրեմիերան հայրենիքում։ Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Փարիզում,...