Մահացել է ֆրանսիացի դերասան Ժան Պոլ Բելմոնդոն
Փարիզի իր տանը՝ սեպտեմբերի 6-ին,88 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի հայտնի դերասան Ժան Պոլ Բելմոնդոն։ Այս մասին հայտնել է դերասանի փաստաբան Միշել Գոդեստին։
Բելմոնդոյի ստեղծագործական դեբյուտը սկսվել է 1950 թվականին՝ Փարիզում: Դերասանը իր կարիերայի ընթացքում խաղացել է 100 դերեր։ Նրա առաջին կինոդերը եղել է «Քնած գեղեցկուհին» ֆիլմում (արքայազնի դերը): Սակայն, Բելմոնդոն ճանաչում և փառք գտավ տասը տարի անց միայն` համաշխարհային կինեմատոգրաֆի պատմության մեջ մտած «Վերջին շնչով» ֆիլմում իր մամնավորած դերով։ Ֆրանսիական «նոր ալիքի» մանիֆեստ-ֆիլմը` «Վերջին շնչում» (1960) սև-սպիտակ կինոնկարը, Ժան-Լյուկ Գոդարի լիամետրաժ դեբյուտն էր և Ժան-Պոլ Բելմոնդոյի առաջին նկատելի դերը կինոէկրանին:
Մեր սերունդը հնարավորություն ունեցավ այն դիտելու 90-ականներին: Այն նորից, արդեն այլ հայացքով վերանայելու համար բաց են համացանցի բոլոր հնարավորությունները: Եվ հիմա այն դիտելիս մենք հանկարծ ուշադրություն ենք դարձնում այնպիսի պահերի ու դետալների վրա, որ նախկինում մեր մտքով անցնել չէր կարող:
Օրինակ` երբ Միշելը և նրա ամերիկուհի ընկերուհին` Պատրիցիան (Ջին Սիբերգ), քայլում են Փարիզի կենտրոնով, փողոցում շարքերով կանգնած մեքենաների կողքին աչքի են զարնվում եզրագծերը… Պարզվում է, Փարիզը «գծանշված» էր դեռևս 60-ականներին (իհարկե, կադրից դուրս է մնում, թե ուր էին գնում վճարված գումարները): Իսկ վերջին տեսարաններից մեկում, երբ հերոսները, տաքսու հետնաթոռին նստած, փախչելով հետապնդումից, սլանում են Փարիզի փողոցներով, Միշելը, բաց չթողնելով պահը, մատնացույց է անում մի գեղեցիկ շենք ու ասում. «Նայի՛ր, այստեղ եմ ես ծնվել, իսկ դիմացն ահա մի սարսափելի նոր շենք են կառուցել: Այդպիսի տները «դեմորալիզացնում» են: Եվ մեր թաղամասի ողջ գեղեցկությունը գրողի ծոցը գնաց…»: Զարմանալի է, բայց այնքան զուգահեռներ կարող են հայտնվել, երբ տարիներ անց դիտում ենք բոլորովին այլ ժամանակ, այլ երկրում նկարված մի շարժանկար…
Հիմա փոքր-ինչ մասնագիտական հայացք նետենք կինոյի պատմության մեջ լուրջ հետք թողած այս կինոնկարին: Ֆիլմում մի այսպիսի ուշագրավ դրվագ կա. բավական արագաշարժ, շարունակ շտապող հերոսը քաղաքում շրջելիս հանկարծ կանգ է առնում և սկսում անշտապ զննել մի ինչ-որ ֆիլմի ազդագիր: Նա բարձրաձայն կարդում է վերնագիրը` «Անկումն ավելի սարսափելի կլինի», ասելով, որ տխուր է, և, հայացք գցում կողքի ցուցափեղկում տեղադրված լուսանկարներին: Այնուհետև խոշոր պլանով հարաբերվում են ազդագրից նայող Հոլիվուդի «ոսկե դարի» մեծագույն դերասան, մասնավոր դետեկտիվների և գանգստերների նմուշային կերպարներ ստեղծած Համֆրի Բոգարտը և Բելմոնդո-Պուակարը: Վերջինիս հայացքը լրջանում է և կարծես խորասուզվում, ներթափանցում է Բոգարտի աչքերից ներս: Նույնիսկ արևային ակնոցն է նա հանում` ի նշան մեծարանքի: Ի՞նչ է սա` պարզապես «նորալիքյան» հերթական հղում-մեջբերո՞ւմ: Բայց ի՞նչ է թաքցնում և իմաստային ի՞նչ երանգ է ավելացնում ֆիլմի բովանդակությանն այս մշակութային ինտերտեքստը: Ֆիլմը, որի ազդագիրն ընթերցում է Միշելը, այդպես կոչված` «նուար» ժանրից է (ռեժ.` Մարկ Ռոբսոն, 1956): Միաժամանակ, դա Համֆրի Բոգարտի վերջին դերակատարումն է կինոյում: Դերասանը վախճանվել էր մեկ տարի անց` 1957-ին, իսկ կինոնկարը ներառվել էր Կաննի ՄԿՓ ծրագրում և` կանխամտածված կերպով հայտնվել Գոդարի կինոօբյեկտիվի դիտակետում:
Արդ, վերադառնալով ֆիլմի սկիզբ, մեզ անմիջապես այցելում է այն միտքը, որ այս կինոնկարն ինչ-որ տեղ գանգստերական կինոյի ծաղրանմանակում (պարոդիա) է հիշեցնում: Բելմոնդոյի անհոգ և ըմբոստ երիտասարդ հերոսն իր շարժուձևով, գործողություններով և անգամ հագուկապով ակնհայտորեն կրում է այդ ակնարկը: Իսկ երբ նա յուրահատուկ վերաբերմունք է ցուցաբերում Բոգարտին, ակնհայտ է դառնում, որ նրա հերոսներից է ներշնչված Բելմոնդո-Պուակարը: Սակայն հարկ է նշել, որ թեև նա յուրովի հմայիչ է և` օժտված ինքնահեգնումով, սակայն չունի այն «չոր առնական հմայքը», որ ուներ Համֆրի Բոգարտի` հիասթափությունից ցինիկ հանցագործի վերածված, մի տեսակ իր իսկ արարքներից հոգնած, բայց այդուհանդերձ, շատ առումներով առաքինի միայնակ հերոսը:
Ֆիլմում կա ևս մի հետաքրքրաշարժ դրվագ, որ մեզ հետաքրքրում է կինոգիտական տեսանկյունից. երբ Պատրիցիան մասնակցում է ոմն գրող Պարվուլեսկոյի հետ լրագրողների հանդիպմանը և, իր հերթին, նույնպես հարց է ուղղում վերջինիս: Այս «ինտելեկտուալ» դրվագը ֆիլմի սյուժեի զարգացման հետ իհարկե ուղղակի կապ չունի, բայց ներկայացնում է այդ ժամանակ շարունակ հնչող կին-տղամարդ փոխհարաբերություններին և հասարակության մեջ նրանց ունեցած դերերին վերաբերող մի շարք հարցեր, որոնք իրականում այսօր էլ մնում են հրատապ: Սակայն այս դրվագն իրականում ունի մեկ այլ` սինեմատիկ նշանակություն, որ այդքան սիրում էին «նոր ալիքի» նորարար տղաները…
Այդպես, Պարվուլեսկոյի էպիզոդիկ, բայց տպավորիչ դերում Գոդարը նկարել է ֆրանսիական կինոյի հետաքրքիր և համարձակ նորարարական մոտեցումներով աչքի ընկնող ռեժիսոր Ժան-Պիեր Մելվիլին, ով հեղինակություն էր վայելում սինեֆիլների, հատկապես, «նոր ալիքի» շրջանակներում: Նրա հայտնի ֆիլմերից են «Ծովի լռությունը» (1949), «Երկրորդ շնչառություն» (1966), «Սամուրայը» (1967), «Կարմիր շրջան» (1970) և այլն: Վերջինս ֆրանսիական կինոյի առաջին ռեժիսորներից մեկն էր, ով գերադասում էր ստուդիայից դուրս արվող` նատուրային նկարահանումները և «ռեպորտաժային ոճը»: Այդ իսկ պատճառով նա վճռորոշ ազդեցություն է ունեցել «նոր ալիքի» ռեժիսորների վրա: Ինչ վերաբերվում է «Վերջին շնչում» ֆիլմին, ապա պետք է նշել, որ Գոդարը որոշ ստեղծագործական դժվարությունների առաջ է հայտնվել կինոնկարը մոնտաժելիս և հենց Մելվիլն է նրան խորհուրդ տվել պարզապես մոնտաժել դուբլերի լավագույն մասերը` հատվածները: Այդպես սկիզբ է դրվել «նոր ալիքի», հատկապես, Գոդարի նշանավոր «պատռտված»` ընդհատ մոնտաժի նորարարական տեխնիկային: Ի դեպ, տարիներ անց Ֆրանսուա Տրյուֆոն խոստովանել էր Մելվիլին, որ նրա «Ահավոր երեխաները» ինքը դիտել է մի 25 անգամ, իսկ իր «451 աստիճան ըստ ֆարինհեյթի» ֆիլմի սցենարը գրելիս Տրյուֆոն խորհրդի կարգով դարձյալ դիմել է Մելվիլին: Ի դեպ, 90-ականներին Ժան-Պիեր Մելվիլին իրենց կինոկուռքերի շարքում հիշատակեցին Քվենտին Տարանտինոն և, որոշ առումով, նրա ներշնչանքի աղբյուր հանդիսացող հոնկոնգյան ռեժիսոր Ջոն Վուն:
Վերադառնալով Մելվիլի խաղացած էպիզոդին` հարկ է նշել նաև, որ լրագրողների կողմից իրեն հատուկ է ուղղվում «Սիրո՞ւմ եք Բրամսին» հարցը (ևս մի հղում), քանի որ Ֆրանսուազա Սագանի այդ գործը ֆիլմի նկարահանումների օրերին էր լույս տեսել` 1959-ին: Իսկ Սագանը այդ տարիների երիտասարդական գրականության գլխավոր ֆիգուրն էր:
Ուշադրություն դարձնենք ևս մի հանգամանքի վրա. Պուակարը ֆիլմում հաճախ է ներկայանում Լասլո Կովաչ անվամբ: Այստեղ նույնպես սինեմատիկ ծածկագիր կա, որ ենթակա է վերծանման: Բանն այն է, որ «Վերջին շնչում»-ից առաջ Բելմոնդոն նկարահանվել էր «նոր ալիքի» մեկ ուրիշ նշանավոր դեմքի` Կլոդ Շաբրոլի «Բանալու կրկնակի պտույտ» (1959) ֆիլմում, և նրա հերոսի անունն էր Լասլո Կովաչ…
Ահա այսպիսի յուրօրինակ ժեստեր էին սիրում անել միմյանց ու իրենց ուրիշ կոլեգաներին ֆրանսիական «նոր ալիքի» ռեժիսորները:
Սիրանույշ Գալստյան