Փարիզի ամենաբոհեմյան թաղամասերից մեկում՝ Մարեում են գտնվում մայրաքաղաքի ամենահայտնի պատկերասրահները։ Դրանցից թերևս առաջին հորիզոնականում է Perrotin պատկերասրահը, որը հիմնադրվել է 1990 թվականին երիտասարդ և ամբիցիոզ Էմանուել Պերոտենի կողմից։ Այսօր Perrotin պատկերասրահի ճառագայթները հասել են Հոնգ Կոնգ, Նյու Յորք, Սեուլ, Տոկիո և Շանհայ։ Բայց վերադառնանք Փարիզ,  Մարե թաղամաս, որտեղ ընդամենը 18-րդ դարում կառուցված այս գեղեցկագույն շենքում օրեր առաջ բացվեց ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի «ARTvonTRIER» ցուցահանդեսը։ 

«ARTvonTRIER» ցուցահանդեսի համակարգողները չեն համարում, որ դուրս են եկել ժամանակակից արվեստի շրջանակներից և թակել ուրիշ աշխարհի դռներ։ «Իմ ֆիլմերն ունեն հազարավոր անհատական պատկերներ, որոնք ցուցադրվում են արագ հաջորդականությամբ՝ շարժման պատրանք ստեղծելու համար»մեջբերում են Լարս ֆոն Թրիերի խոսքերը կազմակերպիչները և մեկնաբանում՝ պատահական չէ, որ ցուցահանդեսը հիմնականում բաղկացած է դիմանկարներից, ինչպես և դանիացի ռեժիսորի ֆիլմերն են կառուցված բազմաթիվ խոշոր պլաներից։  Դրանք ռեժիսորի գործիքներն են՝ փնտրելու  զգացմունքների ամենախորին շերտը և հարցադրելու դրանց կործանարար բնույթի պատճառը։  Իսկ չէ՞ որ աֆեկտը փոխանցելու համար թերևս ամենաճիշտ լուծումը դեմքի խոշոր պլանն է։

Նորություն չէ, որ Լարս ֆոն Թրիերը արվեստի մեծ սիրահար և գիտակ է։ «ARTvonTRIER» ցուցահանդեսի նպատակն է նաև բացահայտել ռեժիսորի ֆիլմերում օգտագործած երբեմն բացահայտ, երբեմն ոչ այնքան զուգահեռները արվեստի գործերի հետ։ Ինչպես օրինակ «Մելանխոլիա» ֆիլմի վերնագիրը, որը ռեժիսորը փոխառել է Ալբրեխտ Դյուրերի 1514 թվականի համանուն գրավյուրայից, կամ նույն ֆիլմի գլխավոր հերոսուհու՝ Ժյուստինի կերպարի զուգահեռը Միլլեի Օֆելիայի հետ։ Խոսքը գնում է այն ֆանտաստիկ կադրի մասին, որն օգտագործվել էր նաև որպես ֆիլմի աֆիշ․ Ժյուստինին մարմնավորող Քիրստեն Դանստը, հարսանեկան զգեստով, լողում է ջրում՝ շրջապատված ջրաշուշաններով և սևեռուն հայացքով նայում է անորոշ մի կետի (կամ միգուցե մեզ)։

Լարս ֆոն Թրիերը զուգահեռ է անցկացնում  անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Ջոն Էվերեթ Միլլեի 1851-52 թվականներին ստեղծած կտավի հետ, որի հերոսուհին՝ Շեքսպիրի Համլետի Օֆելիան ապրում է իր կյանքի վերջին վայրկյանները։ Միլլեի կտավում, ինչպես և Լարս ֆոն Թրիերի ֆիլմում, ջուրը կամաց-կամաց կլանում է Օֆելիայի հագուստը, ով պատրաստակամորեն հանձնում է իր մարմինը բնությանը: Օֆելիան արդեն հանձնվել է, մահացել, մինչդեռ մոլորակը շարունակում է իր հանդարտ պտույտը։ Եվ այստեղ  գալիս է զուգահեռների տարբերությունը՝ Լարս ֆոն Թրիերի հերոսուհին չունի այլընտրանք․ Մելանխոլիա մոլորակը մոտենում է Երկրին: Եվ մինչ Օֆելիայի աչքերը մշուշոտ են ու անգիտակից, Ժյուստինը սթափ գիտակցում է, որ լողում է հավերժության ջրերի մեջ:

«ARTvonTRIER» ցուցահանդեսը վստահաբար տալիս է մեկ ցանկություն՝ վերադառնալ տուն և վերանայել տաղանդավոր դանիացի ռեժիսոր-նկարչի աշխատանքները։ 

Լիլիթ Սոխակյան

Փարիզ,2021