Հայկական՝ «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը կառաջադրվի «Օսկարի»
Հայկական «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը կառաջադրվի «Օսկար» մրցանակաբաշխությանը։ Այս մասին հայտնում է Հայկական ազգային կինոակադեմիան։
«Հայկական ազգային կինոակադեմիայի՝ սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած նիստում կայացած փակ քվեարկությամբ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրվելու համար քվեարկության մասնակիցների ձայների մեծամասնությամբ ընտրվեց «Երբ որ քամին հանդարտվի» (ռեժիսոր՝ Նորա Մարտիրոսյան) գեղարվեստական ֆիլմը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ֆիլմը պատմում է Ալենի՝ ազգությամբ ֆրանսիացի օդանավակայանների աուդիտորի մասին, որը ժամանում է Արցախի Հանրապետության՝ բոլորովին նոր կառուցված օդանավակայան: Ինքնահռչակված, թշնամի պետությամբ շրջապատված և ոչ հաստատուն սահմաններ ունեցող այդ երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո: Ալենը պետք է ուսումնասիրի, թե արդյո՞ք վերաբացվելու համար այդ օդանավակայանը համապատասխանում է միջազգային նորմերին: Օդանավակայանի աշխատակիցների հետ հարցազրույցների ընթացքում Ալենը հետզհետե հայտնաբերում է մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նույնիսկ նշված չէ, բայց որն իրականում գոյություն ունի իր բնակիչներով, իր կառավարությամբ, իր համակարգերով, իր մշակութային դաշտով:
«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի երեևանյան պրեմիերան կայացավ 2021-ի մարտի 10-ին ՝ «Մոսկվա» կինոթատրոնում։