Անկախությունից ի վեր Հայաստանը փորձում է մշակույթի լեզվով պատմել իր մասին, մշակույթի լեզվով երկխոսել միջազգային հանրության հետ։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը մշտապես ներգրավված է եղել հայաստանյան մշակութային կյանքում, աջակցել է հատկապես այն նախագծերին, որոնց հիմքում մշակութային ժառանգության համամարդկային արժեքների պահպանումն ու հանրահռչակումն է։

 kinoashkhar.am-ը  փորձել է հանրությանը ներկայացնել, թե  Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հընթացս ինչ մշակութային նախագծեր և ծրագրեր է իրականցնում մեր երկրում։ Զրույցը ԱՄՆ դեսպանատան  Հանրային կապերի գրասենյակի ղեկավար Ամիռա Իսմայիլի հետ է, որը մեր երկրում աշխատում է  2021 թվականի մայիսից։

-Տիկին Իսմայիլ, մի քանի ամիս է, ինչ աշխատում եք Հայաստանում, հասցրե՚՞լ  եք որոշակի պատկերացում կազմել մեր երկրի ու ժողովրդի մասին։

-Այո, կարճ ժամանակ է, ինչ այստեղ եմ, բայց այդ ընթացքում հասցրել եմ շատ բան տեսնել, սովորել, զգալ. համոզվել եմ, որ Հայաստանը գեղեցիկ երկիր է՝ հարուստ մշակույթով։

Հայաստանում ԱՄՆ դեսպանության հանրային դիվանագիտության գրասենյակը ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կրթական և մշակութային ծրագրեր է իրականացնում։ Ամենաթարմ օրինակը՝ օրերս  Հայաստանի  մի շարք մարզերում ամերիկյան ֆիլմերի ցուցադրությունն էր։

-Վստահ եմ, որ բազմաթիվ երկրներում եք եղել, ինչը Ձեզ հնարավորություն է  տալիս համեմատել այդ երկրների մշակույթը, սովորույթները։ Կա՞ ինչ-որ առանձնահատուկ մի բան, որ միայն Հայաստանում եք նկատել։

-Ես կառանձնացնեի Հայաստանի երկարամյա պատմությունը։ Հայաստանում, ինչպես նաև համայն Սփյուռքում, այդ թվում՝ ԱՄՆ-ում ապրող հայերը հպարտանում են իրենց դարավոր  պատմությամբ, ինչպես նաև  կրթության, գիտության, մշակույթի բնագավառներում իրենց ներդրումներով, որոնք հետք են թողել մարդկության զարգացման ճանապարհին։

Երևանում հասցրել եմ լինել մի շարք  թանգարաններում, եղել եմ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում,  հանդիպումներ  ունեցել մշակույթի գործիչների հետ։ Այցելել եմ մարզեր, հանդիպել մեր գործընկերների հետ. ինչպես գիտեք, Հայաստանի տարբեր վայրերում՝ Չարենցավանում, Կապանում, Գյումրիում,  Վանաձորում «Ամերիկյան անկյուններ» ունենք։

Մենք մարզերում իրականացնում ենք  նաև մշակութային ծրագրեր,  օրինակ՝ ԱՄՆ- դեսպանի Մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ֆինանսավորմամբ   աջակցում ենք Սանահինի վանական համալիրի պահպանության աշխատանքներին։

Դեսպանն օրերս Լոռու մարզ էր մեկնել.Սանահինի վանական համալիրում  էլ հայտնեց այդ ծրագրի մասին։  Սա հիմնադրամի աջակցությամբ մշակութային ժառանգության պահպանման նախագծերից հերթականն է։ Նշեմ, որ հիմնադրամի միջոցներով ծրագրեր են իրականացվում 2005 թվականից։

-Մեր զրույցի հաջորդ թեման կինոն է։ Ո՞րն է ամերիկյան կինոյի վերընթաց  զարգացման գաղտնիքը։

-Ծավալուն պատասխան ենթադրող հարց է։ Մի առանձնահատկություն կնշեմ, որը ոչ միայն ամերիկյան կինոարտադրությանն է բնորոշ, այլև Ամերիկային առհասարակ. դա ինքնարտահայտման և խոսքի ազատության նկատմամբ հարգանքն է։ Սա զուտ ամերիկյան արժեք է՝ համահունչ մեր ինքնությանը։

Ամերիկան՝  լինելով ներգաղթյալների երկիր,  այդ արժեքը միշտ բարձր է պահել։ Տարբեր վայրերից ներգաղթած մարդկանց տարբեր գաղափարներ ու տեսլականներ է միավորում Ամերիկան, ինչն արտահայտված է նաև կինոյի ոլորտում։ Տարբեր ազգերի մարդկանց բազմազան պատմություններ՝ գումարած խոսքի և ինքնարտահայտման ազատությունը, տվել է իր արդյունքը՝ ապահովելով ոլորտի զարգացումը։

-Ամերիկյան կառավարությունըն ունի՞ կինոյի զարգացման քաղաքականություն, թե այն թողնված է անկախ, ազատ կինոարտադրողների նախասիրությանը։

-Խառնուրդ է. Ամերիկայում ունենք մշակույթին աջակցող ազգային հիմնադրամներ, զուգահեռ՝ կան նաև առատաձեռն նվիրատուներ, որոնց ֆինանսավորմամբ  ֆիլմեր են ստեղծվում։ Շատերը, երբ խոսում են ամերիկյան կինորատադրության մասին, միանգամից պատկերացնում են  Հոլիվուդը՝ Կալիֆորնիան։ Սակայն, ամենիկյան կինոարդյունաբերությունը միայն Հոլիվուդը չէ. ֆիլմարտադրողները ֆիլմեր են  նկարահանում նաև Ամերիկայի արևելյան, հարավային, միջին արևմտյան հատվածներում, որտեղ բնաշխարհը շատ բազմազան է։

-Աշխարհի շատ երկրների կինովարձույթում ամերիկյան կինոն մեծ տոկոս է կազմում։ Մի կողմից լավ է, որ այն մեծ տարածում է  գտնում, սակայն շատերն էլ բողոքում են, որ ամերիկյան կինոն բռնություն և նմանատիպ արատավոր երևույթներ է տարածում։ Համաձա՞յն եք դրա հետ։

-Չեմ կարծում, թե բռնություն տարածելու առումով ամերիկյան կինոն տարբերվում է  մյուս երկրների արտադրած ֆիլմերից։ Կինոարտադրության մասին ընդհանուր դիտարկում անելով՝ կարող ենք ասել, որ բռնության  թեման յուրաքանչյուր երկրում կա. ամերիկյան կինոն այդ առումով եզակի չէ։

Իմ տեսած բռնության թեմաներով  ֆիլմերում ցուցադրվում են բռնության ծանր հետևանքները՝ հիմքում շեշտելով, որ պետք է ամեն կերպ խուսափել այդ երևույթից։ Իհարկե, կան նաև ոչ խորիմաստ ֆիլմեր, որոնց նպատակը զուտ հանդիսատեսին զբաղեցնելն է։ Սակայն, լավագույնն այն ֆիլմերն են, որոնք փորձում են կրթել հանդիսատեսին, որպեսզի նա դասեր քաղի ու մերժի արատավոր երևույթները։

-Կինոն, իսկապես, օգնո՞ւմ է մարդկանց  վերափոխվելուն, պայքարելու  բռնության դեմ, բնապահպանական խնդիրների մասին բարձրաձայնելուն։

-Անկասկած, ֆիլմերը կրթական նշանակություն ունեն։ Դրա վրա հիմնված էլ մենք  կազմում ենք ամերիկյան ֆիլմերի ցանկերը։ Ամեն տարի տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանին մենք առաջարկում ենք դիտել մրցանակակիր ֆիլմեր, որոնց նպատակն է կրթել հանդիսատեսին։ Վանաձորում և Դեբեդում շաբաթ-կիրակի ցուցադրել ենք ամերիկյան ֆիլմեր․որոնց  ցանկում ներկայացված էին վավերագրական ֆիլմեր։ Դրանցից «Այնպես անենք, որ հաջողվի» վերնագրով ֆիլմը պատմությունների շարք է.  ԱՄՆ-ի տարբեր վայրերում ապրող երիտասարդներն իրենց համայնքների համար մեծ նշանակություն ունեցող խնդիրները լուծելու նպատակով հավաքվում և փորձում են այդ լուծումը գտնել գիտության, տեխնիկայի միջոցով։

Մյուս պատմությունը, որ ինձ շատ դուր եկավ, տարրական դասարանի աշակերտների մասին է, որոնք քարտեզագրում են իրենց շրջապատող տարածքը՝ նշելով այն վայրերը, որտեղ չկար լուսավորություն։ Աշակերտները գնացին համայնքի ղեկավարի մոտ և հիմնավորեցին, որ այդ վայրերում պետք է բարեփոխումներ անել, լուսավորություն տեղադրել, որովհետև դրանք անհրաժեշտ են մարդկանց անվտանգ տեղաշարժի համար։ Այդ ֆիլմի քննարկման ժամանակ դեբեդցի մի փաքրիկ տղա ասաց, որ ֆիլմը դիտելուց հետո այլ կերպ է դիտարկում իրեն շրջապատող միջավայրը և մտածում է, որ իր ընկերների հետ ինքն էլ կարող է ինչ-որ բան փոխել, որոշակի ազդեցություն ունենալ։

Պարզ, մարդու սիրտը ջերմացնող պատմություններով մենք փորձում ենք հանրությանը  ցույց տալ, թե ինչպիսին է Ամերիկան։ Այդ ֆիլմերի ցուցադրության համար մենք համագործակցում ենք կինոթատրոնների, տարբեր ընկերությունների հետ՝ օգտագործելով նաև «Ամերիկյան անկյունները»։

– Ընդունված կարծիք կա,, որ կինոն և քաղաքականությունը սերտ առնչություններ ունեն: Ձեր կարծիքով, այդպե՞ս է։

-Դա տարածված մոտեցում է։ Հիշում եմ, համալսարանում սովորելիս մի քանի առարկա էի ուսումնասիրում, որոնք առնչվում էին կինոյին ու քաղաքականությանը։ Ֆիլմերը քաղաքական նպատակներին ծառայեցնելիս հնարավոր է օգտագործել խորհրդանշաններ, փոխաբերական իմաստներ։ Այստեղ ի հայտ է գալիս անվերջ բանավեճը՝ արվե՞ստն է  նմանակում կյանքը, թե՞ կյանքն է նմանակում արվեստը։ Կարծում եմ, կինոն  դեռ երկար կշարունակի  ծառայել քաղաքական նպատակներին։ Այդ ֆիլմերով հնարավոր է պատմական իրադարձությունները հանրությանն ավելի հասանելի դարձնել,  նորովի ներկայացնել։ Շատերի համար հեռուստասերիալներ, ֆիլմեր դիտելն ինֆորմացիան ավելի լավ ընկալելու միջոց է, որը փոխարինում է  գիրք կարդալուն կամ այս կամ այն թեման ուսումնասիրելուն, ինչը շատ ժամանակ կպահանջեր։

Էկրանավորված պատմությունը տեսնելուց հետո այն վերարտադրելն ավելի հեշտ է դառնում։

-Ծանո՞թ եք հետխորհրդային հայկական կինոյին։

-Այն ինձ համար բացահայտումների դաշտում է․ տեսել եմ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը»։ Արժեքավոր ու հայերի համար շատ կարևոր ֆիլմ է ոչ միայն այն պատճառով, որ հեղինակը Փարաջանովն է, այլ, որ ֆիլմում նկարագրված են Սայաթ-Նովայի կյանքի դրվագները։ Մեկ այլ ֆիլմի՝ Ամերիկայում արտադրված «Խոստումը» ֆիլմի մասին կուզեի խոսել, որտեղ պատմվում է  20-րդ դարասկզբին հայ ժողովրդի կրած զրկանքների մասին։ Ֆիլմում ներգրավված են հայ-ամերիկյան պրոդյուսերներ, դերասաններ։

-Ցեղասպանությունից հետո շատ հայեր գաղթեցին Ամերիկա, նրանց մեջ  եղան շատ ազդեցիկ կինոգործիչներ՝ Ռուբեն Մամուլյանը, դերասանուհի Ֆլորա Զաբելը՝  առաջին հայ դերասանուհին, որ խաղացել է ամերիկյան կինոյում, Արշալույս Մարդիգանյանը , Ակիմ Թամիրովը և այլք։ Ծանո՞թ եք նրանց։

-Ինչպես ես նշեցի, Ամերիկայում ապրող հայերն իրենց հետագիծն են թողել հատկապես արվեստում։ Մեծ թվով ամերիկահայեր ապրում են  Կալիֆորնիայում՝ Հոլիվուդից ոչ հեռու,  նրանց ներդրումն ամերիկյան կինոյում  անուրանալի է։ Խոսակցություն կա, որ այս տարի Գլենդեյլում կառուցվելու է հայ-ամերիկյան թանգարան։ Վստահ եմ, որ այնտեղ իրենց ուրույն տեղը կգտնեն ամերիկահայ ռեժիսորները, դերասանները, պրոդյուսերները, որոնք մեծ ներդրում են ունեցոլ ամերիկյան կինոյի զարգացման գործում։

-Իսկ հայ-ամերիկյան համատեղ կինոարտադրության հնարավորություններ այսօր տեսնո՞ւմ եք։

-Իհարկե։ Ես կուզենայի, որ համատեղ արտադրություններ լինեն՝ հաշվի առնելով, թե  Հայաստանն ինչ գողտրիկ երկիր է՝ հրաշալի բնաշխարհով, պատմական հուշարձաններով։ Այո, ցանկալի կլիներ, որ այստեղ հայ-ամերիկյան արտադրության ֆիլմեր նկարահանվեին և ներգրավվեին նաև հայ դերասանները, ոլորտի այլ ներկայացուցիչներ։

-Զրույցի սկզբում խոսեցիք Մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի մասին։ Ֆիլմերի վերականգնման նմանատիպ ծրագրեր հեռանկարում կա՞ն։ Ի դեպ, Մարտին Սկորսեզեի հիմնադրամի միջոցներով  է վերականգնել է Փարաջանովի «Նռան գույնը»։

 -Այս պահին նման ուղղվածության ծրագիր չունենք, բայց մենք հայաստանյան գործընկերներից այլ առաջարկներ ենք ստանում, որոնք իրականացվում են։ Եթե կան ֆիլմեր, արխիվներ, որոնք վերականգնման կարիք ունեն, կարող եք ներկայացնել ծրագիր։  Մենք կքննարկենք ու մեծ սիրով ընթացք կտանք առաջարկին։

-Տիկին  Ամիռա Իսմայիլ,  ի՞նչ կցանականաք ավելացնել։

Ուզում եմ ուրախությամբ  տեղեկացնել մի նորության մասին՝ Երևանի պետական համալսարանում բացվել է մագիստրատուրայի բաժին՝ ամերիկագիտություն մասնագիտացմաբ։ Ամերիկագիտության կրթական ծրագիրը մշակելիս ԵՊՀ-ն համագործակցել է Արիզոնայի համալսարանի և ԱՄՆ դեսպանատան հետ։

Սա ամերիկյան մշակույթի մի պատառիկը Հայաստանում ներկայացնելու ծրագիր է։

Իմ կողմից կասեմ, որ շնորհակալ եմ հարցազրույցի համար, որովհետև այն առիթ էր՝ խոսելու մեր «Ամերիկյան անկյունների», Հանրային կապերի գրասենյակի աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրերի մասին, նաև անդրադառնալ ամերիկյան ֆիլմերի փառատոնի վերջին ծրագրին։

Հուսով եմ, հաջորդ  անգամ, ես ավելի շատ հայերեն բառեր սովորած կլինեմ, իսկ այսօր հայերեն կասեմ՝ շնորհակալություն, շատ հաճելի էր։

 Հարցազրույցը՝  Ռուզան Բագրատունյանի