Լիբանանահայ երիտասարդ ռեժիսոր, սցենարիստ Գարոլ Հաճյանի դեբյուտային «Անբիծ տողեր» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է Կանադայի և Ավստրալիայի լիբանանյան կինոփառատոնների մրցութային ծրագրերում։ Ֆիլմի հեղինակի հետ զրուցել ենք համավարակի պայմաններում նկարահանման դժվարությունների, մանկության երազանքներին հետևելու և Հայաստան տեղափոխվելու մասին։

Գարոլի հետ հեռախոսազրույցը սկսվեց իմ զարմանքից՝ երբեք չապրելով  Հայաստանում՝ այդքան վարժ հայերեն խոսել… Բայց նախ խնդրում եմ Գարոլին պատմել իր մասին. «Գարոլ, ենթադրում եմ Հայաստանում Ձեր մասին շատերը չգիտեն՝ հաշվի առնելով, որ նոր անուն եք կինոյի աշխարհում»։

-Ես Գարոլ Հաճյանն եմ, 25 տարեկան, ծնվել եմ Հորդանանում, 3 տարեկանից ապրում եմ Լիբանանում։
Հայերեն խոսելը երբեք խնդիր չի եղել՝ հայերով եմ շրջապատված, ծնողներս էլ հաճախ են հայերեն խոսում, հայկական դպրոց եմ հաճախել։ Հետո տեղափոխվեցի Բեյրութ, ընդունվեցի Նոթր Դամի համալսարան՝ «Կինոարտադրության ու տեսալսողական արվեստի» բաժին, այս տարվա շրջանավարտ եմ։ Ֆիլմս էլ, ի դեպ, դիպլոմային աշխատանքս էր։

-Երբևէ մտածե՞լ եք Հայաստան տեղափոխվելու մասին։

Հայաստանում մի անգամ եմ եղել։ Հիմա, կարծում եմ, այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ծրագրեր կազմելն այդքան էլ ճիշտ չէ։ Կորոնավիրուս, տնտեսական ծանր պայմաններ․ այս ամենը ստիպում է սպասել ու դեռևս քայլեր չձեռնարկել։ Բայց հետագայում ամեն ինչ կարող է փոխվել։

Ինչի՞ մասին է «Անբիծ տողեր» ֆիլմը։

Այն պատմում է լիբանանահայ ծերունի բանաստեղծի՝ Սարգիսի մասին։ Նա մենակ է ապրում՝ զավակի կարոտը սրտում. նրա միակ որդին ապրում է արտերկրում: Դրա պատճառով Սարգիսը երբեմն չի կարողանում ստեղծագործել՝ մտքերով որդու հետ է, անընդհատ լուրի է սպասում, ու երբ գրիչը ձեռքն է վերցնում, տառերն անհետանում են թղթի վրայից։ Բայց արդյո՞ք տղան կզանգահարի, արդյո՞ք ծերունին մի օր կլսի որդու ձայնը։

Սա Ձեր առաջին լուրջ փորձն է կինոյում ինչու՞ ընտրությունն ընկավ նման բարդ ու ծանր թեմայի վրա։

Համալսարանում ծրագիր կար, դրա շրջանակում պետք է դոկումենտալ ֆիլմ պատրաստեի։ Որոշեցի գնալ ծերանոց, նկարել այնտեղ բնակվող մի մարդու, պատմել նրա պատմությունը։ Շատերի հետ խոսեցի, տպավորված էի՝ ինչպես են նրանք լքված ապրում, շատ դեպքերում նրանց նույնիսկ չէին այցելում։ Այդպես, որոշեցի, որ ֆիլմովս նաև կբարձրաձայնեմ խնդիրը, այն պատգամ կլինի երիտասարդներին, որ չմոռանան ու չլքեն իրենց ծնողներին։ Տգեղ է, երբ զավակը մոռանում է ծնողին։

Բացի նրանից, որ «Անբիծ տողերը» Ձեր առաջին ֆիլմն է, Դուք նաև առաջին փորձն եք արել անիմացիայի ժանրում։ Ի՞նչ դժվարությունների հանդիպեցիք ֆիլմի ստեղծման ընթացքում։

Այո, մինչ այս փոքր նախագծեր էի արել համալսարանում։ «Անբիծ տողերի» վրա վստահաբար ավելի շատ ջանք եմ թափել։ Ես ծրագրել էի դոկումենտալ ֆիլմ պատրաստել, բայց նկարահանումները զուգադիպեցին լոքդաունի հետ, ինչպես գիտեք՝ Լիբանանն էլ ծանր տնտեսական վիճակում է, քաղաքական անկայունությունը նույնպես իր ազդեցությունը թողեց։ Ու ամեն ինչ հետաձգվեց անհայտ ժամանակով: Դժբախտաբար, դեռ նկարահանումը չսկսած, մահացավ գլխավոր դերասանը՝ Սարգիս Անթապլյանը։ Ստիպված էի ուրիշ ելք գտնել, թեման պահեցի, սցենարը փոփոխեցի ու որոշեցի անիմացիոն ֆիլմ նկարել։ Այդպես, կորոնավիրուսն արդեն խնդիր չէր, որովհետև դերասանների հետ շփվելու կարիք չկար, փոքր խմբով հավաքվեցինք ու նկարահանեցինք։ Խնդիր էր նաև այն, որ բյուջես շատ քիչ էր․ ֆիլմում բոլոր առարկաները՝ սեղան, աթոռ, գիրք, պատուհան և այլն, իմ ձեռքով եմ պատրաստել տանը եղած զարդերից, անպետք իրերն էի ձևափոխում:

Բարեբախտաբար, բարեկամներս ու ընկերներս օգնեցին, հաջողեցինք։ Մի բարեկամ ունեմ՝ Հրագը Դիլամազյան, ամբողջ ընթացքում կողքիս էր, տիկնիկը, ի դեպ, հենց նա է շարժում, օպերատորը նույնպես բարեկամս էր, նկարահնումների համար տրամադրեց իր ստուդիան։ Ասեմ նաև, որ Սթիվեն Սփիլբերգի «Մեծ ու բարի հսկան» դիտելուց հետո արդեն կասկած չունեի, որ հենց անիմացիոն ֆիլմ եմ նկարելու։ Եվ, անշուշտ, ֆիլմը նվիրեցի Սարգիս Անթապլյանին։

-Երբ դիտում էի թրեյլերը, նկատեցի, որ ֆիլմի լեզուն հայերենն է շատ դեպքերում ռեժիսորները նախընտրությունը տալիս են անգլերենին՝ հետագայում փառատոնների դիմելիս խնդիրներից խուսափելու համար։

Ֆիլմում երկու լեզու է հնչում՝ արաբերեն և հայերեն։ Ընդհանրապես, ֆիլմ նկարելիս ռեժիսորը փորձում է ինքն իրեն զետեղել դրա մեջ։ Այս ֆիլմը ես եմ, այն ինձ է նման, մենք նույնական ենք։ Սարգիսը՝ տիկնիկս, չի խոսում, ձայնը, որ հնչում է, նրա մտքերն են։ Եվ ես՝ որպես անձ, որպես Գարոլ, երբեմն դժվարանում եմ զգացմունքներս ու մտքերս բառերով արտահայտել. այդ հարցում ես ու տիկնիկս նման ենք։

-Հարցազրույցներից մեկում կարդացի, որ Ձեր մայրը մեծապես ազդել է կինոյի Ձեր ընկալման և դրա հանդեպ սիրո ու վերաբերմունքի վրա։

Նախ ասեմ, որ մեր ընտանիքում  ֆիլմաշխարհի հետ կապ ունեցող մարդիկ չկան։ Երբ շատ փոքր էի ու մայրիկիս հետ ֆիլմ էի դիտում, նա միշտ գուշակում էր, թե ինչ է լինելու հետո, բացատրում էր ինձ սյուժետային զարգացումների տրամաբանությունը։ Ես զարմանում էի,  ինչպես է նա ամեն ինչ կարողանում հասկանալ։ Նա իմ մեջ սեր արթնացրեց դեպի դերասանությունը, ու ժամանակի ընթացքում հասկացա, որ կինոյի մեջ եմ ուզում լինել, և այդպես էլ եղավ։

-Մասնագիտությունն ընտրելիս էլ երևի երկար չեք մտածել։

Այո, բայց 1 տարի ուրիշ մասնագիտության մեջ ինձ փորձեցի՝ ծնողներիս խորհրդով։ Հետո ասացի՝ ո՛չ, անպայման պիտի կինոոլորտում լինեմ, չուզեցի մանկության երազանքս թողնել։

-Ֆիլմում շատ են նաև Սկորսեզեին հղումները, նկարահանման նրա տեխնիկաներն եք օգտագործե՞լ։

Մարտին Սկորսեզեն իմ սիրած ռեժիսորներից մեկն է, շատ եմ նրանից ոգեշնչվել։ Իսկ տեխնիկայի առումով․․․ Նախ տիկնիկների հետ աշխատելը համբերություն է պահանջում, տիկնիկին չես կարող թելադրել ինչպես իրեն պահի, դու պիտի նրան ուղղորդես։ Ես զգացի, որ տեսախցիկի դանդաղ շարժումներով կարող եմ իմ ուզած շեշտադրումներն անել։ Հետկադրային հնչյունավորման տեխնիկան էլ հենց Սկորսեզեի գործերից եմ սովորել։

-Հետևու՞մ եք ժամանակակից հայկական կինոյին, միգուցե ինչ-որ ռեժիսորի կամ ֆիլմ կարող եք առանձնացնել։

Այսօրվա հայկական ֆիլմերին չեմ հետևում, ավելի շատ հին կինոն եմ սիրում։ Օրինակ, «Անբիծ տողերը» ստեղծել եմ «Ճերմակ անուրջներ» ֆիլմից ոգեշնչված, Սոս Սարգսյանն է գլխավոր դերակատարը․ ամենաշատը աղավնիներն էին ինձ տպավորել։ Ֆիլմումս մի տեսարան կա՝ թղթերը պատուհանից դուրս են թռչում՝ ինչպես աղավնիները «Ճերմակ անուրջներ»-ում։

Ֆիլմի անունն ընտրելիս էլ, անշուշտ, նկատի եմ ունեցել Սոս Սարգսյանի ֆիլմը, ինչպես նաև Ուիլյամ Ջոնսի և Բրենդոն Օլդենբուրգի «Պարոն Մորիսի կախարդական թռչող գրքերը» անիմացիոն ֆիլմը․ դրանք իմ ուղենիշներն են եղել։

Թրեյլերում հերոսի՝ Սարգիսի գրքերի կազմերի վրա նկատեցի Դանիել Վարուժանի և Արշիլ Գորկու անունները։ Ինչու՞ եք հենց նրանց ընտրել, որքանո՞վ են նրանք կարևոր Ձեզ համար։

Դանիել Վարուժանի ու Արշիլ Գորկու մասին դեռ դպրոցում անընդհատ կարդում էինք, սովորում։ Նրանք առաջինը եկան մտքիս, երբ մտածում էի՝ ինչպես պիտի ցույց տամ, որ հերոսս հայ է։

Մեր ընթերցողների հետ կկիսվե՞ք Ձեր ամենասիրած ֆիլմերով։

Մինչև ֆիլմերին անցնելն ասեմ, որ ես մեծ ուշադրություն եմ դարձնում սցենարին, որովհետև ինքս էլ սցենարիստ եմ։ Նաև շատ եմ սիրում հին ֆիլմեր ու Օդրի Հեփբերնին։ Իսկ սրանք ինձ ամենաշատը տպավորած ֆիլմերն են․

«Սաբրինա»՝  Բիլի Ուայլդեր,

 «Նախաճաշ Թիֆանիի մոտ»՝ Բլեյք Էդվարդս ,

 «Այս հրաշալի կյանքը»՝  Ֆրենկ Կապրա,

 «Ժամանակի պահապանը (Հյուգո)»՝  Մարտին Սկորսեզե,

 «Շինդլերի ցուցակը»՝ Սթիվեն Սփիլբերգ։

Իսկ անիմացիոն ֆիլմերից կառանձնացնեմ Սթիվեն Սփիլբերգի «Մեծ ու բարի հսկան», Կունիո Կատոյի «Փոքր խորանարդերից տունը», Ուիլյամ Ջոնսի և Բրենդոն Օլդենբուրգի «Պարոն Մորիսի կախարդական թռչող գրքերը»։

Երեք բառով կնկարագրեք Ձեր ֆիլմը, ստեղծման ընթացքը։

Շատ կարևոր բառեր պիտի ասեմ՝ համառություն, տոկունություն, կիրք։

Հարցազրույցը՝ Դիանա Գասպարյանի