Եթե հավաքելու լինենք այն ամենը, ինչ գրվել է Ռուբեն Մամուլյանի, նրա ֆիլմերի, օպերային և թատերական բեմադրությունների մասին, ապա դրանք կկազմեն տասնյակ հաստափոր հատորներ։ Ահա արդեն կես դար է, որ նրա ֆիլմերը ուղղակի հիացմունք են պատճառում աշխարհի գրեթե բոլոր երկրների միլիոնավոր հանդիսականներին։ Ռուբեն Մամուլյանը այն հազվագյուտ ստեղծագործողներից է, ովքեր ամուր հաստատվել են 20-րդ դարի արվեստի Օլիմպոսում։

Այդ բարձունքին Մամուլյանը հասել է մեծ դժվարություններ հաղթահարելով ու տքնաջան աշխատանքով։ Հուսահատությունն ու հույսը, պարտություններն ու հաղթանակները փոխարինել են միմյանց։ Բայց ինչքան էլ խճողված ու բարդ է եղել Մամուլյանի ճանապարհը, նրան միշտ ոգևորել են հարազատ հայկական մշակույթի ավանդները, համաշխարհային արվեստի հարուստ փորձը։

Ռուբեն Մամուլյանը ծնվել և դաստիարակվել է Թիֆլիսում, այստեղ էլ ապագա արվեստագետը շփվել է հայ բեմի մեծ երախտավորներ Աբելյանի և Սիրանույշի, Փափազյանի և Սևումյանի հետ, բաց չի թողել Սունդուկյանի և Շիրվանզադեի, Շանթի և Պարոնյանի պիեսների բեմադրությունները, տպագրել իր առաջին թատերխոսականները «Ռուբեն» և «Ռումե» կեղծանուններով, այնուհետև, 1910-ական թվականներին Մոսկվայում ուսանել է Վախթանգովի և Սուլերժիցկու ստուդիաներում, ուսումնասիրել Ստանիսլավսկու սիստեմը, հափշտակվել, բարոյական ինքնակատարելագործման տոլստոյական գաղափարներով:

Երբ ճակատագիրը նրան նետեց նախ Լոնդոն, ապա՝ Նյու-Յորք, նա արդեն ձևավորված արվեստագետ էր։

Մամուլյանը իր նորարարական սկզբունքները սկսեց իրագործել սկզբում դրամատիկական և օպերային թատրոններում։ 1920-ական թվականներին նրան հայտարարեցին ամերիկյան թատրոնի վերափոխիչ։ Մամուլյանի թատերական ռեժիսուրան բարձր է գնահատել արդի թատրոնի ռահվիրաներից մեկը՝ Մաքս Ռեյնհարդտը։

Ռուբեն Մամուլյանը համաշխարհային փառքի է արժանացել իբրև կինոռեժիսոր։ Նրա յուրաքանչյուր ֆիլմ գեղարվեստական նշանակալից իրադարձություն է եղել ԱՄՆ-ի կինոկյանքում, իսկ մի շարք կինոնկարներ համաշխարհային կինոյի պատմության մեջ են մտել որպես նորարարական արժեքավոր ստեղծագործություններ։ Բանը միայն այն չէ, որ Մամուլյանը ստեղծել է մեկ տասնյակից ավելի բարձր մակարդակի գեղարվեստական ֆիլմեր, որոնցից յուրաքանչյուրն առանձին վերցրած նրան համաշխարհային համբավ է բերել։ Արվեստում Մամուլյանի ներդրած ավանդն ունի հիմնարար բնույթ։

Մամուլյանը առաջինն էր, որ ձայնը տեխնիկական միջոցից վերածեց կինոյի գեղարվեստական  արտահայտչամիջոցի։ Կինոյում ձայնային կերպարի հասկացությունը պատկանում է Մամուլյանին («Ծափեր»,1929 թ.):

Ռուբեն Մամուլյանը առաջինը բացահայտեց կինոյում գույնի դրամատուրգիական ֆունկցիան, գույնը օգտագործելով որպես գեղարվեստական բաղադրիչ։ («Բեկկի Շարպ» 1935 թ., ըստ Թեքերեի «Փառասիրության տոնավաճառը» վեպի)։

Ռուբեն Մամուլյանի ստեղծագործությունը տոգորված է մարդկանց վեհ զգացմունքներ, մարդասիրական գաղափարներ ներշնչելու, ճակատագրի բոլոր շրջադարձերում մարդկանց պաշտպանելու ազնիվ ձգտումով։

  Սաբիր Ռիզաև


    Փարիզ․Փաթեթավորված Հաղթական կամարը

    Անհնար է անտարբեր անցնել Փարիզում այս օրերին տեղի ունեցող մեկ առանձնահատուկ իրադարձության կողքով։ Հաղթական կամարը՝ մայրաքաղաքի թերևս ամենահայտնի այս հուշարձանը, որը...