Հազվադեպ է պատահում, որ մարդն օժտված է լինում ևՙ որպես ստեղծագորող ևՙ որպես անկոտրում կամքի տեր, ևՙ որպես կինոմշակույթի կազմակերպիչ: Այսօր քչերին է հայտնի, երբ կինոռեժիսոր Լաերտ Վաղարշյանը 1969-ին «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրենն էր, վերականգնեց 1937 թվականից ընդհատված հայկական մուլտֆիլմերի արտադրությունը: Քչերին է հայտնի, որ նրա անմիջական ջանքերի շնորհիվ կառուցվեցին Երևանի կինոյի ու Դիլիջանի կինեմատոգրաֆիստների միության ստեղծագործական տները: Քչերին է հայտնի նրա անմիջական հրավերն ու օգնությունը՝ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի կայացման հարցում:

Շատ քչերին է հայտնի…

Լաերտ Վաղարշյանի ստեղծագորական կյանքում շրջդադարձային նշանակություն ունեցավ Յուրի Երզնկյանի հետ միասին՝ 1958 թվականին նկարահանած «Առաջին սիրո երգը» ֆիլմը : Միայն մի փաստ, միութենական կինոթատրոններում՝ վարձույթի այն ժամանակվա կինոգրասենյակի տվյալներով, այս ֆիլմը հավաքել է ավելի քան 70 միլիոն հանդիսատես: Դրան հասնելու համար ֆիլմի հեղինակները ավելորդ ճիգեր չեն գործադրել և ոչ էլ մտածել այդ մասին: Նրանք պարզապես առաջնորդվել են արվեստի հետաքրքիր գործ ստեղծելու գաղափարով: Այդ ֆիլմով բեմադրող ռեժիսորները և դերակատարները` Հրաչյա Ներսիսյան, Վաղարշ Վաղարշյան, Խորեն Աբրահամյան, իրենց նվիրումով ստեղծեցին հետաքրքիր, առինքնող մի կինոնկար, որը հոգեհարազատ էր թե՛ հայ, և թե՛ օտար  հանդիսատեսին:

Լաերտ Վաղարշյանի 1960 թվականին նկարահանած «Կոչված են ապրելու» ֆիլմը , հայ իրականության մեջ առաջիններից մեկն էր, որն անդրադարձավ Մեծ Եղեռնից փրկված հայ ընտանիքի ճակատագրին` սյուժետային գիծը զարգացնելով մինչև Մեծ հայրենականը:

Այդուհանդերձ, Վաղարշյանի ինքնուրույն նկարահանած հետաքրքիր աշխատանքներից մեկը պետք է համարել Ալ. Շիրվանզադեի «Քաոս» վեպի էկրանավորումը, որը Վադիմ Մելիքսեթյանի սցենարով նկարահանեց 1973 թ.: Թե ինչպիսի պատասխանատվությամբ էր նա վերաբերվում հայ դասական գործի էկրանավորմանը, այսօր էլ կարող է օրինակ ծառայել նման թեմային անդրադարձող մեր ռեժիսորների համար: Ֆիլմի ասելիքն արդիական խորը հնչեղություն ունի. այն է` դիզած հարստությունը կարող է քարուքանդ անել ընտանիքը: Այն է՝ հարստությունը կյանքի ամենավտանգավոր փորձություններից է : Սոս Սարգսյանի կերպավորած Սմբատ Ալիմյանը հավաստի ու խորունկ է, արտահայտում է թեՙ իր ժամանակի, և թեՙ այսօրվա նկարագիրը: Եվ ընդհանրապես հայ դասականների գործերին, որոնց այսօր մատների արանքով ենք նայում, շատ ընդհանուր եզրեր ունեն արդի հասարակական կենսակերպի հետ:

Լ.Վաղարշյանը 1978 թ. նկարահանել է հայ հեղափոխական Սուրեն Սպանդարյանին նվիրված «Աքսորական 011» խաղարկային կինոնկարը, որը պետք է համարել վաստակաշատ կինոօպերատոր Լևոն Աթոյանցի լավագույն աշխատանքներից մեկը:

Կինոռեժիսոր Լաերտ Վաղարշյանի ստեղծագործական դիմանկարը լիարժեք են դարձնում «Մարտիրոս Սարյան», «Արամ Խաչատրյան» և ֆրանսիական դիմադրության շարժման հերոս Միսակ Մանուշյանին նվիրված ոչ խաղարկային լիամետրաժ ֆիլմերը:Ինչպես նշեցինք Լաերտ Վաղարշյանը երկար ընդմիջումից հետո վերականգնեց նաև հայկական մուլտիպլիկացիոն ֆիլմերի նկարահանման ավանդույթը:

Ի դեպ, իր սցենարով նկարահանած «Մի կաթիլ մեղր» մուլտֆիլմը բարձր գնահատվեց։ Այն Կիևի «Պրոմեթևս 69»-ում արժանացավ գլխավոր մրցանակի :

ՀԳԿինոռեժիսոր Լարետ Վաղարշյանը երկար տարիներ անբուժելի հիվանդ էր : Գրեթե ամեն օր կինոգործիչների շրջանում շշուկներ էին պտտվում,որ բժիշկները նրան հաշված ամիսների, օրերի կյանք են տվել : Ավելին, այդ տարիների ընթացքում մահացան՝ նրան բուժող բժիշկը, խնամող տիկինը, բազմաթիվ կինոգործիչներ: Սակայն կյանքի նկատմամբ նրա հավատն ու ապրելու անկոտրում կամքը, ճակատագրական եղավ հենց իր համար: 20 տարի գտնվելով մահվան ճիրաներում,որից 14-ը գամված անկողնում՝  Վաղարշյանը կռիվ տվեց մահվան դեմ  ու հաղթեց….

Այդ ընթացքում նա երկու լիամետրաժ վավերագրական ֆիլմ նկարահանեց ,որոնցից մեկը հանրահայտ «Արամ Խաչատրյան» կինոնկարն էր ,  «ՖԻԼՄ» թերթում տասնյակ հոդվածներով ու հուշերով հանդես եկավ, հետագայում այն ընդարձակեց ու հուշերի գիրք հրատարակեց:

Այո՛, կռիվ տվեց ու հաղթեց…

Ռոբերտ Մաթոսյան


    Փարիզ․Փաթեթավորված Հաղթական կամարը

    Անհնար է անտարբեր անցնել Փարիզում այս օրերին տեղի ունեցող մեկ առանձնահատուկ իրադարձության կողքով։ Հաղթական կամարը՝ մայրաքաղաքի թերևս ամենահայտնի այս հուշարձանը, որը...