Շոգ ու սթրեսային ամառվա վերջին երեկոներն են։ Ոչ հեռավոր անցյալում այս օրերին  հատկապես երեխաների և ուսանողների համար նախասեպտեմբերյան բացօթյա համերգներ ու միջոցառումներ էին լինում։ Հիմա Մաշտոցի պողոտայի հատուկենտ ազդագրերը խղճուկ ու անուժ են թվում՝ խնդրանք-հրավեր՝ ներկա լինելու դասական համերգի կամ ինչ-որ ներկայացման։ Երևանը թվում է՝ ապրում է, Երևանը թվում է՝ շնչում է։ Ինչքան էլ սրճարաններից տապակած կարտոֆիլի կամ «Կապուչինո» սուրճի բույրերը միախառնվեն, միևնույնն է, երևանյան առօրյայում ու անգամ նախաաշնանային երեկոներում ծանր լռություն ու կարծր լարվածություն կա։

Հանրապետության հրապարակին կից շենքերից մեկում TV 5 հեռուստաընկերությունը պատրաստվում է լրատվական հերթական եթերին։ Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը լրատվականի ղեկավար Արտակ Հերիքյանի հետ օրվա լրահոսի վերջին քննարկումն արել ու իր աշխատասենյակում՝ համակարգչի առաջ, նոր նախագծերի նկարահանված առաջին տեսանյութերն է ակնդետ ուսումնասիրում։

«Կինոաշխարհ» (kinoashkharh.am) էլկայքը մշտապես անդրադարձել է Հարություն Հարությունյանի էկրանային նախաձեռնություններին՝ միաժամանակ  փորձելով ավելի ընդգրկուն զրույցներ ունենալ նրա հետ։ Այս մեկը ևս  մշակութային  և  էկրանային իրադարձություններին վերաբերող  հանդիպումների շարքից է, որի վերջնարդյունքում լույս է նշմարվում։

 Մշակույթ ենք կորցնում, մեզ ենք կորցնում

Պատերազմից շատ առաջ մենք կաթիլ-կաթիլ կորցրեցինք մեր մշակութային դեմքը, մեր մշակութային կյանքը սառեցվեց։ Երբ մշակույթն անտեսվում, աղճատվում է, երբ մշակույթից քո արմատներից, քո էությունից հետ ես կանգնում՝ գերադասելով տրվել օտար մշակույթին, բնական է, որ այս վիճակը, որին հասել ենք, պիտի չուշանար։

Մշակույթը միայն  թատրոնն ու կինոն կամ գրականություն ու երաժշտությունը չի,  մշակույթը մեր էությունն ու կենսակերպն է, որից հրաժարվել ենք։ Մշակութային ազգն ապրում է, իսկ մենք հիմա չենք ապրում։  Մենք իբր ընտրել ենք համամարդկայինը, բայց առանց ազգայինի, այդ համամարդկային կոչվածը դատարկություն է։ Եթե համամարդկայինի առանցքում չես դնում քո ազգայինը, ուրեմն անիմաստ է խոսել նաև համամարդկային արժեքների մասին։

Արամ Խաչատրյանի համամարդկային երաժշտության հիմքն ազգայինն է, Արտավազդ Փելեշյանի համամարդկային կինոարվեստի հիմքում ազգայինն է, բայց ոչ ոք չի կարող հերքել, որ Խաչատրյանն ու Փելեշյանը, ազգային լինելով,  համամարդկային  են։ 100 տարուց ավելի է անցել. Թումանյան, Չարենց կարդացել ենք ու դեռ էլի ենք կարդալու, որովհետև ազգային են։ Զահրատը՝ Կոստանդնուպոլսի մեր վերջին մոհիկանը, սյուռ պոետ էր, բայց էլի՝ ազգային։ Հաջորդ Զահրատն ո՞ւր է։ Հիմա մի ճահճում ենք, որտեղ ամեն ինչ կա՝ բացի ազգայինից։

Չկա հանրային ընդվզում

Մեր կինոն, մեր թատրոնը… չգիտեմ՝ այսօր  ինչ դրամատուրգներ կան, իսկ սցենարիստների մասին չխոսեմ, որովհետև ընդհանրապես կինոյի սով է։

Մենք մշակութային փայլուն գործիչներ, մտավորականներ ունենք, բայց չունենք մտավորականություն։ Առանձին-առանձին՝ նրանք հրաշալի են. նստիր, հետները զրուցիր, բայց չունենք հավաքական իմաստով մտավորականություն։ Չունենք մտավորականության ընդվզում։

Մենք հայրենիք կորցրինք ու շարունակում ենք կորցնել, մի հրաշալի սերունդ կորցրինք. այդ ծանր կորստի հետևանքները 15-20 տարի հետո ավելի խորն ենք զգալու, որովհետև սերունդ չենք ունենալու, մենք հազարավոր հաշմանդամներ, խեղված հասարակություն ունենք …չկա ընդվզում։ Ինչո՞ւ  չկա՝ որովհետև մենք դադարել ենք ազգային լինելուց, դադարել ենք ազգ լինելուց։

Ազգը վերածվում է ցեղի

Մենք կամաց-կամաց վերածվում ենք ցեղի, որովհետև մեր հասարակությանը չենք կրթում։ Իսկ ո՞վ պետք է կրթի, իհարկե, մշակույթը։  Պատահական չէր, որ երբ Սունդուկյանի անվան թատրոնը բացվել էր, Ղանթարի շուկայի առևտրականների համար դահլիճի վերջին շարքերում ազատ տեղեր էին պահում, որպեսզի նրանք անվճար գան թատրոն և կրթվեն։

Պատահական չէր, որ թոշակի անցած արտիստներին՝ Արաքսյա Գյուլզադյանին, Լուսիկ Քոշյանին, պետությունը շրջիկ խմբեի հետ ուղարկում եր Հայաստանի գյուղեր։ Ասեք տեսնեմ՝ վերջին անգամ պետության հովանավորությամբ ո՞ր խումբն է գնացել գյուղեր՝ համերգ տալու, ո՞ր թատրոնն է գնացել հեռավոր մարզերում ներկայացում ցուցադրելու, ո՞ր ֆիլմն են  ցույց տվել մեր գյուղացիների համար։

Պատերազմի ծանր հետևանքների պատճառը մեր ժողովրդի անկիրթ լինելն էր։ Ես չեմ ուզում  գնահատական տալ՝ դա 3, 10,  թե 15 տարվա ընթացքում է եղել։ Մենք արդեն 30 տարի՝ պետականություն ունենք, և այդ ընթացքում մշակութային հստակ քաղաքականություն չենք ունեցել։

Երբ մշակույթն ու երշիկը նույն հարթության վրա են

Մեր նախարարներն անընդհատ փոխվել են, բայց ոչ մի նախարար մենեջեր չի եղել, բացառությամբ մի դեպքի, երբ քաղաքում փոքր գրախանութներ բացվեցին, գրքի տոներ եղան, բայց այդ ամենը շատ կարճ տևեց։ Նախարարը փոխվեց, իսկ գրքի կրպակներն ապամոնտաժվեցին, որովհետև մեզ պետք չէր գիրք վաճառել ու գիրք գնել։

Պետք չի գիրք վաճառողին պարտադրել, որ նա ՀԴՄ կտրոն տա, եթե նա գիրք է վաճառոււմ, ուրեմն հաստատ շատ ավելի գիտակից է, առանց պարտադրանքի էլ  այդ ՀԴՄ-ն կխփի։ Բայց երբ գիրք վաճառողի գլխին էլ ես մարդ կանգնեցնում, որ եթե  ՀԴՄ կտրոնը մի քիչ ուշացնի, նրան տուգանես, ուրեմն դու թաղում ես նաև այդ ոլորտը։

Հայտնի երգիչ Արմենչիկը «Ալեքս» դահլիճը լցրել է, այն էլ՝ մի քանի անգամ, բայց դա չի նշանակում, որ նա հայ մշակույթի լավագույն կրողն է։ Մշակույթը չի կարելի նյութականացնել՝ այնպիսի համերգ դիր, որ դահլիճը լցվի։  Եթե դահլիճը չի լցվում, բարի եղիր ու ինքդ լցրու, ինչպես ժամանակին լցնում էին  Սունդուկյանի թատրոնը։

Ընտանիքներում ծնողներն առավոտից երեկո վազում են, աշխատում են, որ նյութականն ապահովեն. պետությունը պե՛տք է կրթի նրանց երեխաներին, մշակութային դաստիարակություն տա, որովհետև ծնողը դրա ժամանակը չունի։

Սկզբում դպրոցներից հանեցին մշակութային օջախների աբոնեմենտային ծրագիրը։ Իսկ քանի՜ երեխա էր այդկերպ ծանոթանում թանգարաններին, համերգասրահներին, երաժշտություն լսում, ներկայացում դիտում։ Չի բացառվում, որ նրանցից ոմանք հենց դահլիճներում էլ որոշում էին երաժիշտ կամ դերասան դառնալ։

Երբ  երշիկն ու գիրքը նույն կարգավիճակն ունեն, այստեղ  ամեն ինչ վերջանում է։

 Որտե՞ղ սխալվեցինք

Հեռուստատեսային դաշտի հետ իմ մշտական վեճի, անհամաձայնության պատճառը եղել է այն ծրագիրը, որ մատուցվում է  հասարակությանը։ Մենք էժան, անորակ fastfood ենք տալիս մարդկանց՝ 50 կամ 160 սերիա ունեցող մի ապուշություն ենք ցույց տալիս, մարդը դա նայում է ու ընդունում՝ որպես սովորական կյանք, որտեղ  հարսը, կինը, տղամնարդը պետք է դավաճանեն, ամուսինը պետք է բռնակալ լինի, հարստանալու  համար պետք է գող ու ավազակ լինի։

Հաշվի առնելով, որ հասել ենք մի հանգրվանի, երբ հանրությունը թատրոն ու կինո չի գնում, «ArtHouse» ֆիլմեր չի նայում, այլ նախընտրում է facebook-ը,  youtube-ը,  tik-tok-ը և հեռուստաէկրանը, հասարակությանը «կրթում են» այդ արտադրանքով։ Մեր հասարակության այս վիճակի համար  ես չեմ զարմանում, այլ ողբում եմ, որ այդ հասարակությունն այսքան անգիտակից դարձավ, և դրա համար մեղադրում եմ նաև ինձ ու իմ կոլեգաներին, մշակույթի գործիչներին։

 Արժանապատվությունն՝ ամեն ինչից վեր

Որպես լրագրող՝ մի քանի տարի աշխատել եմ Եվրամիության ծրագրերից մեկում, որը  հայ-ադրբեջանական հաշտության մի հարթակ էր։ Հայաստանի, Ադրբեջանի ու Արցախի լրագրողները  տեսանյութեր էին պատրաստում, որոնք ցուցադրվում էին, տարածվում։ 3 տարվա ընթացքում  չի եղել մի ռեպորտաժ, որտեղ երևանյան մեր խումբը զիջած լինի իր սկզբունքները։  Դրամաշնորհներով էինք աշխատում, բայց երբեք մեզնից պահանջածից ավելին չենք արել, որովհետև մեր պայմանը հետևյալն էր՝ աշխատելու ենք, բայց մենք մեր գիծը միշտ պետք է պահենք ու  առաջ տանենք։ Զարմանալի չէ, որ  Եվրամիության գագթնաժողովի ժամանակ հենց մեր ռեպորտաժը ցուցադրվեց ու ճանաչվեց լավագույնը։ Այնքան նուրբ ու ճիշտ էր տարված գիծը. մենք երկու կողմերի արժանիքներն էլ գնահատում էինք, բայց մեր ասելիքը պահել էինք։

Ասածս այն է, որ մեր գրանտակերները երբ փողի ծայրը տեսնում են, մտածում են՝ հնարավորինս շատ տրվենք, պահանջվածից էլ ավելին անենք։ Շատ տրվենք, որ ավելի շատ փող տան։ Քծնողներին ընդունում են, ճիշտ է, բայց օգտագործում են։

Մեր բանակը, մեր տղերքը

Գիտե՞ք՝ քանի՜-քանի տղա է զինվոր դառնալուց հետո սովորել ազգային երգեր ու պարեր։ Երեխաներ կային,  որ անգամ տառերը նորմալ չգիտեին ու բանակում դասախոսությունները լսելով ու գրելով են գրագետ դարձել։ Մեր բանակը միայն զենքին տիրապետել չէր սովորեցնում, մեր բանակը նաև կրթական հաստատություն էր։ Բանակում գրել ու կարդալ էին պահանջում, արժեհամակարգ էր ձևավորվում։ Լավ էր, թե վատ էր, դա չի խնդիրը։

Այնքա՜ն ծանր է քո տեսածի մասին պատմելը։ Տառապանք է. Գիշերները չես քնում, հոգեկան աշխարդ խանգարվում է։ Փորձում ես Աստծո հետ խոսել՝ լավ հասկանալով, որ այնտեղ պապիկ չի նստած, այնտեղ տիեզերքն է։ Դու տիեզերքի կանոններին դեմ ես գնացել՝ բոլոր կանոններով։ Տիեզերքն անբասիր է, տիեզերքը հենց Աստված է։ Մենք Աստծո կանոններին ենք դեմ գնացել։ Մենք ատելություն ենք  սերմանել։ Մենք միմյանց ատում ենք՝ հանուն քաղաքական չգիտեմ ինչի, որովհետև մեզ անընդհատ դա են քարոզել։

Պատերազմը պետք է շատ կարճ տևեր ու արագ ավարտվեր. պատերազմը 44 օր ձգվեց մեր հերոս տղերքի շնորհիվ։ Պատերազմում մեր բանակը, մեր տղերքը չեն պարտվել․․․ Ցանկացած  պարտություն պարտություն է՝ լինի դավաճանության, անտերություն, թե այլ պատճառով։

Սիրո պակասը կործանարար է

Երկրից սերն է  հեռացել։ Սերն է պակասել։ Իսկ այնտեղ, որտեղ չկա սեր, որևէ արժեք չի կարող ստեղծվել։ Համաշխարհային բոլոր ստեղծագործությունների հիմքում սերն է, եթե սեր չունես, ունես ատելություն, ուրեմն ոչ մի լավ բան չես ստեղծի։ Ատելով  լավ ֆիլմ չես նկարի, լավ սիմֆոնիա չես գրի։

Մեր հասարակության միջից սերը գողացել-տարել են։ Դա միանգամից չի եղել. տարիների ընթացքում է կատարվել՝ մեզնից թաքուն։  

Փող վերցնենք, սերիալներ նկարենք, մի անգամ ցույց տանք ու շպրտենք մի կողմ։ «Առաջին սիրո երգը» ֆիլմն օրինակ բերեմ. ինչո՞ւ հենց սա հիշեցի, որովհետև օրեր առաջ ավարտեցինք «Խորեն Աբրահամյան» վավերագրական ֆիլմը։  Ինչքա՜ն վաղուց է այն նկարվել, բայց այսօր էլ ենք նայում,  տասնամյակներ հետո էլ ենք նայելու։ Նույնը՝ «Մենք ենք, մեր սարերը», մյուս ֆիլմերը։ Մենք այդ արժեքներն անտեսեցինք ու ընտրեցինք սա՝ դու առավոտյան արթնացիր, 3 ժամվա մեջ սցենար գրիր, որ կեսօրին տաս մեզ, երեկոյան  մենք նկարենք, մյուս օրը մոնտաժենք ու երեկոյան  արդեն ցույց տանք։

Երկու օրում ֆիլմ չի արտադրվում։ Իմ դուստրը մայիսին է եկել Հայաստան՝ կարճամետրաժ ֆիլմ նկարելու։ Սեպտեմբերին  նոր կսկսվեն նկարահանումները. մինչև հիմա նախաարտադրական փուլում էր, դեռ հետարտադրական շրջանն էլ առջևում է։

Ես իմ վավերագրական ֆիլմերի վրա տևական ժամանակ աշխատում եմ։ Հարություն Խաչատրյանը մի ֆիլմի վրա 30 տարի է աշխատում։ Երբ, Արամ Շահբազյանի հետ նկարում էինք «Լուսին կերած  նորածինը» ֆիլմը, հիմքում դրել էինք սերը. գաղափարը համամարդկային էր՝ հիմնված ազգայինի վրա։

Պետք է աշխատել, ոտքի կանգնել

Կորոնավիրուս, պատերազմ, իսկ դրանցից առաջ՝ ատելության մթնոլորտ. մեզ համար չափազանց ծանր ժամանակաշրջան էր։ Մեր հեռուստաընկերությունն այնպիսի արտադրանք է տալիս, որ մարդիկ ստիպված են լինում վերանայել իրենց կարծիքը, ստիպված են լինում մտածել։ Իսկ ցանկացած իշխանության համար մտածող հասարակությունը մեծ հարստություն ու  փրկություն է, եթե դրա արժեքը հասկանա։

Փող չկա, տնտեսություն չկա, բնականաբար, գովազդ  չկա, բայց մենք նախագծեր ենք իրականացնելու։ Երկիրն այս վիճակում է, իսկ ո՞րն է մեր առաքելությունը. շարունակել փչացնե՞լ, թե կործանման գնացող գնացքի լծակը  քաշել։  Եթե գումար ունենայի, վավերագրական մեծ ֆիլմեր կնկարեի, իսկ եթե չկա գումար, այնուամենայնիվ, պետք է ինչ-որ բան անել, ստեղծագործել, աշխատել, մարդկանց վերադարձնել կորցրածի գիտակցումը, հային  վերադարձնել իր արմատներին։

Նոր նախագծեր, որոնք սեպտեմբերից կլինեն TV5-ի էկրանին

6 մասանոց փաստավավերագրական ֆիլմ ենք նկարել Գյումրու մասին՝ հիմնադրվելուց մինչև մեր օրերը՝ ներկայացնելով նաև քաղաքի ճարտարապետությունը, արհեստներն ու արվեստները։ Ֆիլմը տեսահանրագիտարանի պես ճանաչողական տեղեկություններ կհաղորդի հանրությանը։ Եթե չկորցնենք Սյունիքը, Տավուշը, դրանց մասին էլ ֆիլմեր կնկարենք։

Մյուս նախագիծը՝ «Հոպլյա-շոուն», մանկական-ուսուցողական է. Քրիստ Մանարյանի նախաձեռնությունն է։ Սա էլ է «վտանգավոր» նախագիծ, որովհետև մանուկներին տառերն ենք ներկայացնում, այբուբենի հիմքով՝ հայկական երգեր ենք սովորեցնում։

Հաջորդ նախագիծը, կարծում եմ, մեծ ռեզոնանս է առաջացնելու։ Հանրությունն այն շատ է  սիրելու՝ կինոպոեզիա։ Պատմվածքների, առհասարակ գրական ստեղծագործությունների հիման վրա ֆիլմեր շատ  են նկարվում, բայց ես չեմ տեսել, որ պոեզիայի հիման վրա խաղարկային ֆիլմ նկարեն։

Պոեզիան չաղավաղելով, բնագիրն  օգտագործելով՝ խաղարկային փոքր ֆիլմեր ենք նկարում, այնքան, որքան տևում է տվյալ բանաստեղծությունը։ 4 րոպեանոց մինի-ֆիլմեր են, որոնցում մի ամբողջ պատմություն կա։ Նույնը կարելի էր ներկայացնել, օրինակ, մեկուկես ժամանոց ֆիլմով, բայց կարելի է և՝ ընդամենը 4 րոպեում։ Ֆիլմաշարի երաժշտությունը  գրել է Թաթոս Հակոբյանը, ռեժիսորը Արթուր Սահակյանն է, օպերատորը՝ Մուշեղ Մամիկոնյանը։ Մեր հեռուստաընկերության երիտասարդ, շնորհաշատ կազմն է։

«ԲառերԷն» նախագծի շրջանակում համագործակցում ենք Համազգային պետական թատրոնի հետ։ Դերասանները սիրով են խաղում փոքրիկ ֆիլմերում. ի դեպ, նրանք էժանագին սերիալներում խաղալու հրավերները մերժող, իրենց արժեքներն իմացող դերասաններ են։ Խաղում են, կարդում՝  Սայաթ-Նովա, Անահիտ Հայրապետյան, Հրաչյա Սարուխան, Զահրատ։

Հարցազրույցը՝ Նաիրա Փայտյանի