Ինչ ասել է «նոր ալիք»

Ֆրանսիական «նոր ալիքի» կինեմատոգրաֆ կոչում են ռեժիսորներին, որոնք Ֆրանսիայում հայտնվեցին 1950-ականների վերջին, 1960-ական թվականների սկզբին: Նրանցից ոմանք Les Cahiers du cinema հանդեսի կինոքննադատներ էին, մյուսները՝ վավերագրողներ, երրորդները առհասարակ երբեք չէին զբաղվել պրոֆեսիոնալ կինոյով: Ֆրանսուա Տրյուֆֆոն ավելի ուշ գրում էր, որ ճիշտ չէ «նոր ալիքն» անվանել խմբակի կամ կազմակերպության պես մի բան. «Դա ոչ շարժում էր, ոչ դպրոց, ոչ խումբ, այլ ընդամենը սոսկ քանակական կատեգորիա, հայտնագործված մամուլի կողմից 50 նոր անուններ միավորելու համար»:

Ռոուդ-մուվի

Խելահեղ Պիեռոն, 1965 (Pierrot le fou), rեժիսոր՝ Ժան-Լյուկ Գոդար, dերերում՝ Ժան-Պոլ Բելմոնդո, Աննա Կարինա

Գոդարը փորձեր է անում ոչ միայն կադրի և մոնտաժի, այլև գույնի հետ: Կապույտ գույնով ներկված Բելմոնդոյի դեմքը կինոնկարի ավարտին՝ ասես Կանդինսկու կտավ լինի. կադրերը փոխարինում են Պիկասսոյի և Ռենուարի նկարներին։  Գոդարը խառնում է գույներն ու ժանրերը, փորձեր անում ձայնի հետ. ֆիլմում հնչում են հերոսների անդրկադրային մեկնաբանությունները, աղմուկները ընդհատվում են թեթև երաժշտությամբ, կամ Բեթհովենով կամ Շումանով: Իսկ այս ամենի ետևում՝ հանցագործի սահմռկեցուցիչ պատմությունն է, որ փախչում է բուրժուական հասարակությունից:

Սերիալ-առակ

Վեց բարոյախոսական պատմություն. «Հացավաճառուհին Մոնսոյից», «Սյուզաննայի կարիերան», «Կոլեկցիոներուհին», «Իմ գիշերը Մոդի մոտ», «Կլերի ծունկը», «Սեր կեսօրից հետո», 1963-1971(Six contes moraux), ռեժիսոր՝ Էրիկ Ռոմեր

«Բարոյախոսական պատմություններ» վերնագիրը (Contes moraux) փոխ առնելով 18-րդ դարի գրող Ժան Ֆրանսուա Մարմոնտելից, Ռոմերը ուղիղ զուգահեռներ չի անցկացնում՝ բարոյախրատականությամբ և արատների մերկացմամբ – նա իր պատմություններն է կառուցում գրող-բարոյախոսների ստեղծագործության կողքին, որոնց ամենից շատ հետաքրքրում էին մարդկային բնույթն ու հոգեբանությունը, մտավոր կարողությունը և զգացմունքների նրբերանգները: Էրիկ Ռոմերը, որ «նոր ալիքի» հիմնադիրներից է, ի տարբերություն Գոդարի, ավելի շատ ուշադրություն էր դարձնում ոչ թե ձևին, այլ բուն տեքստին: Սակայն քննադատները կշտամբում էին ռեժիսորին իր «Պատմությունների» գրական ավելորդաբանության և շատախոսության համար, անբնական համարելով հագեցված երկխոսություններն ու մենախոսությունները և դրանք անվանելով «աղաղակող ֆալշ»:

Հեղափոխական կատակերգություն

Վիվա Մարիա, 1965 (Viva Maria!), ռեժիսոր՝ Լուի Մալ, դերերում՝ Բրիժիտ Բարդո, Ժաննա Մորո

Երկու այնքան տարբեր դերասանուհիներին մեկտեղելն արդեն ինքնըստինքյան էքսպերիմենտ է: Բրիժիտ Բարդոն այդ ժամանակ Ֆրանսիայի գլխավոր սեքս-խորհրդանշանն է և թեթև ժանրի դերասանուհի, Ժաննա Մորոն, ընդհակառակը, ինտելեկտուալ կինոյի աստղ: Իսկ այստեղ, մեքսիկական հեղափոխության ժամանակ վարիետեի երկու պարուհիների արկածների մասին պատմող էքսցենտրիկ կատակերգությունում, Մալը անդրադառնում է և սոցիալական պրոբլեմատիկային, և քաղաքական, և կրոնական (ֆիլմում քննադատները տեսան համակրանք ձախ գաղափարների և հեղափոխության հանդեպ՝ իբրև դրանց մարմնավորում. նրա մոտ իշխանությունները և հոգևորականները արատավոր են և ծաղրանկարային): Նրբին օպերատորական աշխատանքը և իմպրեսիոնիստներին հիշեցնող կադրերը, թույլ են տվել առաջին հայացքից թեթև կատակերգությանը հաջողության հասնել հանդիսականների և քննադատների մոտ:

Սիրո պատմություն

Տղամարդը և կինը, 1966 (Un homme et une femme), ռեժիսոր՝ Կլոդ Լելուշ, դերերում՝ Անուկ Էմե, Ժան-Լուի Տրենտինիան

Ավտոմրցարշավորդի և կասկադյորի այրու սիրո մասին ֆիլմը կարող էր ծայրահեղ տափակ ու անհամ ստացվել. սենտիմենտալ պատմություն, դեռ մի բան էլ կադրում անընդհատ առկայծում է «Ֆորդ Մուստանգը», այնպես որ երբեմն թվում է, որ սա շատ երկար գովազդային հոլովակ է: Ինքը Ժան-Լուի Տրենտինիանը խոստովանել է, որ պատմությունը անլուրջ է թվում: Կինոնկարը նկարվել է երեք շաբաթում, նույնքան էլ պահանջվել է մոնտաժի համար: Նկարահանումների ժամանակ Լելուշը խուսափում էր դուբլներից. եթե տեսարանը չէր ստացվում, նրա փոխարեն հորինվում էր ուրիշը: Ֆիլմը նկարել են տարբեր տեսակի ժապավենների վրա – բայց ոչ թե էքսպերիմենտներ անելու ցանկության, այլ պարզապես փողի պակասի պատճառով: Սակայն իմպրովիզացիաները, ինքնաբուխ երկխոսությունները, գույների խաղը և Ֆրանսիս Լեի երաժշտությունը անսպասելիորեն քաղցր-մեղցր մելոդրաման վերափոխեցին նրբին դրամայի:

Պատրաստեց Ռ․Բագրատունյանը


    Փարիզ․Փաթեթավորված Հաղթական կամարը

    Անհնար է անտարբեր անցնել Փարիզում այս օրերին տեղի ունեցող մեկ առանձնահատուկ իրադարձության կողքով։ Հաղթական կամարը՝ մայրաքաղաքի թերևս ամենահայտնի այս հուշարձանը, որը...