Պարող կինոխցիկ, ծնկի վրա գրված սցենար, Բելմոնդոն կապույտ դեմքով. ինչպես էին Գոդարը, Տրյուֆֆոն և մյուս ռեժիսորները փորձեր անում կինոխցիկի, դերասանների և գույնի օգնությամբ:

Ինչ ասել է «նոր ալիք»

Ֆրանսիական «նոր ալիքի» կինեմատոգրաֆ կոչում են ռեժիսորներին, որոնք Ֆրանսիայում հայտնվեցին 1950-ականների վերջին, 1960-ական թվականների սկզբին: Նրանցից ոմանք Les Cahiers du cinema հանդեսի կինոքննադատներ էին, մյուսները՝ վավերագրողներ, երրորդները առհասարակ երբեք չէին զբաղվել պրոֆեսիոնալ կինոյով: Ֆրանսուա Տրյուֆֆոն ավելի ուշ գրում էր, որ ճիշտ չէ «նոր ալիքն» անվանել խմբակի կամ կազմակերպության պես մի բան. «Դա ոչ շարժում էր, ոչ դպրոց, ոչ խումբ, այլ ընդամենը սոսկ քանակական կատեգորիա, հայտնագործված մամուլի կողմից 50 նոր անուններ միավորելու համար»:

Կինոքննադատները, որ վերափոխվել էին ռեժիսորների, վճռականորեն մերժում էին հին, դասական ֆրանսիական կինոն, համարելով, որ շահույթի, դեկորացիաների շքեղության և սյուժեի հանդիսավորության ետևից վազելը, բացի վնասից, ոչինչ չի տալիս: Նոր ռեժիսորները կոչ չէին անում այդուհանդերձ արդիականության նավից դուրս նետել իրենց նախորդներին.  առաջին հերթին նրանք կինոսերներ էին, և նրանց ֆիլմերում մշտապես հայտնվում են մեջբերումներ մերթ Բերգմանից, մերթ Հիչկոկից, մերթ Աբել Հանսից: Գլխավորը մեթոդն էր. ավելի շատ ճշմարտություն, ավելի շատ փաստագրություն, ավելի շատ թեթևություն: Իսկ դա հավասար հաջողությամբ կարելի է կիրառել և թրիլլերում, և վավերագրական կարճամետրաժում, և մյուզիքլում: Ֆրանսիական «նոր ալիքի» ռեժիսորները դեկլարատիվ հրաժարվում էին ժանրային կինոյից, սակայն միևնույն ժամանակ իրենք էին փորձեր անում հնարավոր բոլոր ժանրերում, միախառնելով դրանք և հրաժարվելով հաստատված կանոններից. Arzamas-ը ընտրել է ֆիլմեր, որոնք արտացոլում են այդ ժանրային բազմազանությունը:

Սիրուն Սերժը, 1958 (Le beau Serge)

Ռեժիսոր՝ Կլոդ Շաբրոլ

Դերերում՝ Ժերար Բլեն, Ժան-Կլոդ Բրիալի

Գավառական կյանքի անելանելիության մասին դրաման Շաբրոլը նկարահանել է նվազագույն նյութական ծախսերով: Ժապավենը ճիշտ այնքան էր, որքան պահանջվում էր կինոնկարի համար. տեղաշարժմամբ տեսարանները նկարահանվում էին ամենաէժան Citroen 2CV փոքր տարողության մեքենայով: Գործողության վայրը Սարդան պստլիկ ավանն է, որտեղ ծնվել է Շաբրոլը, ֆրանսիական ամենաիսկական ծայրագավառում: Դերերում անհայտ երիտասարդ դերասաններ են և Շաբրոլի ընկերները: 27-ամյա ռեժիսորը ռիսկի է գնում, նկարելով մռայլ կինո տխուր առօրեականության մասին ոչ ամենաշահեկան դեկորացիաներով: Նա գլուխ է հանում առանց սցենարիստի և պրոդյուսերի: «Սիրուն Սերժը» իսկական հեղինակային կինո է, մեկ մարդու կինո: Ֆիլմը դառնում է «նոր ալիքի» մանիֆեստը, ստանում միջազգային և ազգային մրցանակներ և ճանապարհ բացում ուրիշների համար:

Ես նեգր եմ, 1958 (Moi, un noir)

Ռեժիսոր՝ Ժան Ռուշ 

Դերերում՝ Ումարու Գանդա

Ժան Ռուշը զգալիորեն մեծ էր «նոր ալիքը» սկզբնավորած «երիտթուրքերից», ինչպես անվանում էին երիտասարդ կինոսերներին (սինեֆիլներին): Վաթսունամյա ազգագրագետն ու վավերագրողը խորհրդային ռեժիսոր Ձիգա Վերտովի և նրա «կինոճշմարտության» հետևորդ էր: «Ես նեգր եմ» ֆիլմում Ռուշը ուսումնասիրում է աֆրիկյան գաղութների ծնունդ առնող անկախությունները՝ այն, թե ինչպես է նորը դժվարությամբ բաժանվում հնից: Իր հերոսը Նիգերի բնակիչ է, որ աշխատանք է փնտրում և ձգտում լավ կյանքի: Հերոսն իրական մարդ է, ռեժիսորի մտերիմ ընկերը. նա պատմում է իր մասին՝ ուղիղ նայելով կինոխցիկին: Կադրում քանդված հորիզոնն է, իսկ ձայնը գրանցված է ցածր հաճախականություններով փոխանցմամբ. հետագայում նկարահանման և կերպարների բնականությունը՝ տաղավարների արհեստականության փոխարեն, կդառնա «նոր ալիքի» գլխավոր հատկանիշներից մեկը:

Չորս հարյուր հարված, 1959 (Les Quatre cents coups)

Ռեժիսոր՝ Ֆրանսու Տրյուֆֆո

Դերերում՝ Ժան-Պիեռ Լեո

Այս ֆիլմից է իրականում սկսվում «նոր ալիքը»: Ժան-Լյուկ Գոդարը հիշում էր, որ «Չորս հարյուր հարվածի» ցուցադրությունից հետո դահլիճում լռություն տիրեց, և ֆրանսիական ԱԳՆ-ի ներկայացուցիչ, կինոքննադատ Ֆիլիպ Էրլանժեն հարցրեց մշակույթի նախարար Անդրե Մալրոյին. «Դուք իրո՞ք ուզում եք, որ այս ֆիլմը ներկայացնի Ֆրանսիան Կաննի փառատոնում»: – «Այո, անկասկած»,- պատասխանեց Մալրոն, դրանով իսկ ճանապարհ բացելով կինեմատոգրաֆիական հեղափոխության համար: Ֆրանսուա Տրյուֆֆոն Les Cahiers du cinema հանդեսի այն նույն «հանդուգն երիտասարդն» է, որ խախտում է կինեմատոգրաֆի բոլոր հնարավոր կանոնները: Նրա կինոխցիկը թեթև է, հերոսները կադրից դուրս են թռչում, իսկ վերջում մռայլ դեռահասը, իր իսկ Տրյուֆֆոյի ալտերը, մոտենում է կինոխցիկին՝ աչք չկտրելով նրանից: Այստեղ արտառոց է ամեն ինչ՝ և մոնտաժը, և խուլիգանական գեղագիտությունը, և գլխավոր դերասանի ընտրությունը. Ժան-Պիեռ Լեոն, 14 տարեկան դժվար դեռահաս, որ մինչ այդ խաղացել էր միայն մեկ, էպիզոդիկ դեր կինոյում: Նրա պատանեկության և հասունացման մասին Տրյուֆֆոն դեռ կպատմի իր այլ ֆիլմերում («Սեր 20 տարեկանում», 1962, «Գողացված համբույրներ», 1968, «Ընտանեկան օջախ», 1970, «Հեռացած սեր», 1979):

Հիրոսիմա, իմ սեր, 1959 (Hiroshima mon amour)

Ռեժիսոր՝ Ալեն Ռենե

Դերերում՝ Էմմանյուել Ռիվա, Էյձի Օկադա

Հեղափոխություն 1950-60-ականների սահմանագծին տեղի է ունենում ոչ միայն կինոյում. գրողները ռեժիսորներից ոչ պակաս հոգնել էին պատումի միագծայնությունից և ձգտում էին էքսպերիմենտների: Այս ֆիլմի սցենարը գրում է Մարգերիտ Դյուրասը, այդ շրջանում հայտնի գրող և հեղափոխական ուղղության՝ «նոր վեպի» գլխավոր դեմքերից մեկը: Արդյունքում այստեղ միավորվում են երկու լեզուներ՝ գրական և շարժապատկերային/պատկերավորման: «Զբաղվեք գրականությամբ: Մոռացեք կինոխցիկի մասին»,- գրողին խորհուրդ է տալիս ռեժիսոր Ալեն Ռենեն: Հերոսների անուններ չկան, միայն «նա» և «նե». ատոմային պայթյունի և դրա հրեշավոր հետևանքների վավերագրական կադրերը հաջորդում են տեսարաններին, որտեղ միահյուսվում են սիրահարների մատները, և նրանց կցկտուր երկխոսություններին: Ռենեն հայտնագործում է նոր կինոլեզու – և ըստ որում դարձյալ փորձում է իմաստավորել մարդկային դաժանությունը, ինչպես իսպանական Գերնիկայի և նացիստական համակենտրոնացման ճամբարների գազանությունների մասին իր կինոնկարներում:

(շարունակելի)

Պատրաստեց Ռ․Բագրատունյանը


    Փարիզ․Փաթեթավորված Հաղթական կամարը

    Անհնար է անտարբեր անցնել Փարիզում այս օրերին տեղի ունեցող մեկ առանձնահատուկ իրադարձության կողքով։ Հաղթական կամարը՝ մայրաքաղաքի թերևս ամենահայտնի այս հուշարձանը, որը...