Ինչ ասել է «նոր ալիք»

Ֆրանսիական «նոր ալիքի» կինեմատոգրաֆ կոչում են ռեժիսորներին, որոնք Ֆրանսիայում հայտնվեցին 1950-ականների վերջին, 1960-ական թվականների սկզբին: Նրանցից ոմանք Les Cahiers du cinema հանդեսի կինոքննադատներ էին, մյուսները՝ վավերագրողներ, երրորդները առհասարակ երբեք չէին զբաղվել պրոֆեսիոնալ կինոյով: Ֆրանսուա Տրյուֆֆոն ավելի ուշ գրում էր, որ ճիշտ չէ «նոր ալիքն» անվանել խմբակի կամ կազմակերպության պես մի բան. «Դա ոչ շարժում էր, ոչ դպրոց, ոչ խումբ, այլ ընդամենը սոսկ քանակական կատեգորիա, հայտնագործված մամուլի կողմից 50 նոր անուններ միավորելու համար»:

Նատուրալիստական կինո

Ապրել սեփական կյանքով, 1962 (Vivre sa vie), ռեժիսոր՝ Ժան-Լյուկ Գոդար, դերերում՝ Աննա Կարինա

«Նոր ալիքը» ոչ միայն մեթոդ և ձև է, այլև պրոբլեմատիկա. Գոդարի ֆիլմը 12 պատկերներով պատմում է մի կնոջ մասին, որ պոռնիկ է դարձել, իսկ անդրկադրային տեքստը դարձնում է այն հետազոտության նման: Ինչպես որ «նոր ալիքի» մյուս ռեժիսորները, Գոդարը չի քաշվում իր նախորդներին և կուռքերին դիմելուց. այսպես, օրինակ, պոռնիկ Նանան կինոթատրոն է գնում Դրեյերի «Ժաննա դը Արկի չարչարանքները» դիտելու: Ֆիլմը նման է արտաժամանակյա ռեպորտաժի. պերսոնաժները հայտնվում են, իսկ հետո նրանց գիծը ոչ թե զարգանում, այլ անհետանում է, ժամանակը մերթ երկարաձգվում է, մերթ կրճատվում.  անվերջանալի երկխոսությունը անշնորհք պաուզաներով խզվում է, և հանկարծական մոնտաժը փոխում է գործողության վայրը:

Կոմեդիա-դրամա

Կլեո 5-ից մինչև 7-ը, 1962 (Cleo de 5 a 7)б кեժիսոր՝ Անիես Վարդա, դերերում՝ Կորին Մարշան 

Ֆիլմում երկու գործող անձ է՝ կինը և ժամանակը: Երեկոյան հինգից մինչև վեցն անց կես հերոսուհին սպասում է քաղցկեղի անալիզի արդյունքներին և, անհանգստանալով, քայլում է փողոցներով: Ֆիլմը պատկերում է իրական ժամանակը՝ հենց այդ մեկուկես ժամը: «Ինձ հետաքրքրական թվաց հնարավորություն ընձեռել զգալու այդ կենդանի և անհամաչափ շարժումները իբրև ընդհատ շնչառություն ժամանակի և տարածության ներսում»,- բացատրում էր Անիես Վարդան: Շուրջը եռում է փարիզյան կյանքը, էպիզոդներում նույնիսկ հայտնվում են Գոդարը և դերասանուհի Աննա Կարինան, իսկ կինոխցիկը պարում է, որսալով մանրամասներ՝ հերոսուհու ապրումներն ընդգծելու համար:

Անտիուտոպիա

Թռիչքուղի, 1962 (La Jetee), ռեժիսոր՝ Քրիս Մարկեր, դերերում՝ Ժան Նեգրոնի 

Սև-սպիտակ լուսանկարներ, որ 28 րոպե փոխարինում են մեկը մյուսին, և սոսկ մեկ շարժում՝ թարթիչների թարթում: Հերոսը, որի անունից ներկայացվում է ամբողջ պատմությունը, ճանապարհորդում է ժամանակի մեջ.  նրան նետում են անցյալ, որպեսզի փրկեն ապագայի մարդկանց: Սակայն ֆիլմը ոչ միայն այն մասին է, թե ինչպիսին կդառնա աշխարհը Երրորդ աշխարհամարտից հետո, այլև անցյալում կորսված մարդկային հիշողության և սիրո մասին:

Ռեպորտաժ

Հրաշալի մայիս, 1963 (Le Joli Mai), ռեժիսոր՝ Քրիս Մարկեր, արտակադրային ձայնը՝ Իվ Մոնտանի 

Վավերագրող Քրիս Մարկերը երկրի ոչ ամենահեշտ ժամանակաշրջանի վերջակետն է դնում. Ալժիրի պատերազմը ետևում է, ապագաղութացումից դժգոհ զինվորականները արդեն ձերբակալված են հեղաշրջման փորձ կատարելու համար: Եվ երկար տարիներ անց վրա է հասնում առաջին հանգիստ մայիսը: Մարկերը 33 հարցազրույց է վարում Փարիզի ամենատարբեր բնակիչների հետ, իսկ Իվ Մոնտանը կադրից դուրս ընթերցում է տեքստը և կատարում «Հրաշալի մայիս» երգը «Միայնակ հարմոնի» մեղեդու ուղեկցությամբ: Մարկերը հեգնական է, նա անվրդով և անխղճաբար ցուցադրում է իր զրուցակիցներին, որոնք չեն ցանկանում խոսել ամենակարևոր թեմաների շուրջ, և սոցիոլոգիական ռեպորտաժից ֆիլմը վերափոխվում է կյանքի լիարժեք պատկերի:

Մյուզիքլ

Շերբուրյան հովանոցներ, 1964 (Les Parapluies de Cherbourg), ռեժիսոր՝ Ժակ Դեմի, դերերում՝ Կատրին Դենյով, Նինո Կաստելնուովո 

Ֆրանսիական առաջին գունավոր մյուզիքլը, որտեղ բոլոր երկխոսությունները երգված են Միշել Լեգրանի դյութիչ երաժշտությամբ.  այն ստեղծում է ֆիլմի մթնոլորտը, դարձնելով թեթև, քնքուշ ու ռոմանտիկ: Սակայն արտաքին թեթևության ետևում և դրամա է, և Ալժիրի պատերազմի հիշեցում. ըստ որում, դա հիմա կարելի անել համարձակ՝ պատերազմի մասին խոսելու համար արդեն չեն պատժի, իսկ ֆիլմը չեն դնի դարակին (պատերազմի վերջին տարիներին տիտրերում «Ալժիր» բառի կամ անզգույշ երկխոսության համար գրաքննությունը փորձում էր մերժել Քրիս Մարկերի «Հրաշալի մայիսը», Անիես Վադայի «Կլեո 5-ից մինչև 7-ը» և Ժակ Ռոզիեի «Մնաս բարով, Ֆիլիպպինա»-ն):

(շարունակելի)

Պատրաստեց Ռ․Բագրատունյանը


    Փարիզ․Փաթեթավորված Հաղթական կամարը

    Անհնար է անտարբեր անցնել Փարիզում այս օրերին տեղի ունեցող մեկ առանձնահատուկ իրադարձության կողքով։ Հաղթական կամարը՝ մայրաքաղաքի թերևս ամենահայտնի այս հուշարձանը, որը...