«Մոսկվա» կինոթատրոնում` սեպտեմբերի 8-ին,  տեղի կունենա երիտասարդ ռեժիսոր Մանե Բաղդասարյանի (Մաննեի) նոր` «9-րդ հարկ» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ռեժիսորի հետ զրուցել ենք ֆիլմի ուղղվածության, ոճի ու նկարահանումների ընթացքի մասին: 

-Ինչո՞ւ հենց  «9-րդ հարկ»:

-Ֆիլմն ամբողջությամբ 27 րոպե տևողությամբ վավերագրություն է, չկա որևէ բեմադրված տեսարան: Կարելի է ասել էքսպերիմենտալ ֆիլմ է, որովհետև նաև էքսպերիմենտալ մոնտաժ եմ արել: «9-րդ հարկ» վերնագիրը հուշում է՝ մի վայրի մասին,  որտեղ շարունակաբար կատարվում են վիրահատություններ, հետազոտություններ, ռադիոթերապիա. փրկվում են կյանքեր: Եթե կարճ ասեմ ֆիլմն ապրելու մասին է, կյանքի ու մահվան պայքարի մասին: Այդ պայքարը Հայաստանում այսօր շատ թեժ է, ու ոչ բոլորս ենք տեսնում դրա հակառակ՝ իրական կողմը:

-Նախորդ ֆիլմերում, կարծես, նման թեմաների չեք անդրադարձել: Ինչպե՞ս հայտնվեցիք բժշկական ոլորտում:

-Վերջին շրջանում, այս ոլորտում փոքրիկ մասնագիտական ֆիլմեր, հաղորդումներ էի նկարահանում, որոնք ենթակա էին փակ ցուցադրության՝ մասնագիտական շրջանակների համար: Դրան զուգահեռ, առաջին անգամ մտնելով վիրահատարան, հասկացա՝ հենց այստեղ է կյանքն իր ամենաիրական դրսևորումներով: Կարծում եմ, ոչ մի ռեժիսոր չէր կարող անտարբեր մնալ, այսպես սկսեցի նկարել «9-րդ հարկ» ֆիլմը:

-Բավականին տպավորված եք պատմում, կհիշե՞ք պատմություններ, որոնք առավել ազդեցիկ էին ձեզ համար:

-Առաջին հայացքից նկարահանումները հեշտ էին թվում: Առաջին օրը մտա, նկարեցի, վիրահատությունը լավ անցավ: Հետո երկրորդ, երրորդ վիրահատությունները. աստճանաբար, հասկացա՝ ամեն օր չէ, որ վիրահատությունը հարթ է անցնում, ամեն օր չէ, որ դեպքերն, այսպես ասած, թեթև են: Նկարահանումների ընթացքում բազմաթիվ հիվանդների հետ շփվեցի:
Չգիտեմ, այնքան շատ են եղել տպավորիչ դեպքերը, պատմությունները, որ որևէ մեկը չեմ կարող առանձնացնել, սակայն պետք է նշեմ, որ արդեն ունեմ ծանոթ շատ բուժվողներ, որոնք հաղթահարել են քաղցկեղը, այդ թվում՝ բարդ փուլերում: Խոսքն այն մարդկանց մասին է, որոնց հետ ծանոթացել եմ այս նկարահանումների ընթացքում: Տեսել եմ, ինչպես են մարդիկ իսկապես պայքարում ու առողջանում, այդ թվում՝ նաև բժիշկների շնորհիվ ու հենց Հայաստանում: Մի փաստ կուզեմ նշել. բոլոր այն վիրահատությունները, որոնք ներկայացված են ֆիլմում, հաջող են եղել. այսինքն ներկայացված բոլոր վիրահատությունների պացիենտներն այսօր առողջացել են: Այս իմաստով, կարծում եմ, ֆիլմը կարող է ոգեշնչող լինել նաև մարդկանց համար, որոնք հետագայում, գուցե, ստիպված լինեն անցնել այս նույն ճանապարհը:

Մեր օրերում, երբ կորոնավիրուսից շատ մարդիկ են մահանում, երբ պատերազմ ենք անցել, կարևոր է չկոտրվելն ու պայքարը շարունակելը: Հենց այս իմաստն եմ փորձել դնել ֆիլմում. պայքարի միջոցով կարելի է նույնիսկ անելանելի թվացող իրավիճակը հաղթահարել:

-Ձեր նախորդ ֆիլմերն առանձնանում էին ոճային հնարքներով, այստեղ և՞ս դրանք կիրառել եք:

-Կատարել ենք էքսպերիմենտալ մոնտաժ: Այս ֆիլմն ինձ համար նախորդներից տարբերվում է իմ հայացքով. նախորդների դեպքում աշխարհին ավելի գլոբալ էի նայում, հիմա էլի գլոբալ հարցի եմ անդրադառնում, բայց այն տեղայնացնելով կոնկրետ վայրում: Հայաստանյան հանդիսատեսը ֆիլմը նայելիս կտեսնի ծանոթ վայրեր, գուցե, ծանոթ մարդկանց, բայց փորձել եմ այնպես անել, որ օտարազգի հանդիսատեսը ևս ֆիլմում գտնի իր ապրումները:
Այս պահին չեմ կարող որևէ կերպ գնահատել ֆիլմը, շատ եմ այդ գործի մեջ մտած: Պետք է որոշ ժամանակ անցնի, մի քանի ամիս անց կրկին նայեմ այն, որ կարողանամ օբյեկտիվ գնահատական տալ ինքս ինձ համար:

-Նման էմոցիոնալ ու նուրբ թեմայի վավերագրումն, ըստ իս, բավականին դժվար է: Դուք արձանագրում եք պացիենտի կամ բժշկի ապրումները վիրահատությունից առաջ, որը կարող է վճռորոշ լինել: Ինչպե՞ս էին անցնում նկարահանումները: 

-Նկարահանումների ընթացքում մի բան հասկացա՝ բժիշկներն իսկապես շատ պրոֆեսիոնալ էին աշխատում, որն էլ մեծապես օգնում էր մեզ ճիշտ կադրեր ընտրել նկարելու համար։ Երբ տեսա, թե նրանք որքան  հանգիստ էին վիրահատում տեսախցիկի առաջ, ինքս էլ սկսեցի հանգիստ նկարահանել: Բժիշկների դեպքում, վիրահատություններն իրենց առօրյան են, մի բժիշկն օրական կարող է 5-6 վիրահատություն անել:

Ինչ վերաբերում է վիրահատվողներին (հիվանդներին), ապա զարմացած եմ նրանց անմիջական ու բաց շփումներից։ Անկեղծորեն պատմում են իրենց խնդրի մասին: Իհարկե, եղել են մարդիկ, որ ասել են չենք ուզում երևալ, բնականաբար, չէի նկարահանում: Վիրահատարանում իմ տեսախցիկին ուշադրություն դարձնելու ժամանակ էլ չկար, քանի որ բոլորն իրենց գործով էին զբաղված:

-Ֆինանսավորման առումով, ի՞նչ միջոցներով եք նկարահանել «9-րդ հարկը»: 

-Մենք հիմնել ենք կինոընկերություն՝ «Medical cinema»: Այն Հայաստանում առաջին բժշկական կինեմատոգրաֆն է: Արտերկրում նման փորձը բավականին մեծ է, կան բժշկական կինոարտադրության մեծ ընկերություններ: Ինչ վերաբերում է «9-րդ հարկ» ֆիլմին, սա հեղինակային կինո է, ու մեր նպատակը միայն արվեստն է եղել, կոմերցիան բացակայում է: Միաժամանակ, արդեն ունենք համագործակցություններ բժշկական այլ կառույցների հետ, ու կփորձենք նկարահանել, տարածել բժշկական տեղեկատվություն, հանրայնացնել բժիշկների գործունեությունը, վեր հանել որոշ խնդիրներ, որոնք կան այսօր Հայաստանում:

Սիրով բոլորին հրավիրում «9-րդ հարկի» պրեմիերային, որը տեղը կունենա սեպտեմբերի 8-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմը խորհուրդ չենք տալիս դիտել էմոցիոնալ մարդկանց: Ճիշտ է, սարսափելի կադրեր չկան, սակայն կան վիրահատության տեսարաններ:

Զրույցը՝  Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Մաննեի