Ֆրանսիական Լազուրե ափում՝ հուլիսի 6-ին, ֆրանսիացի կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան Լեոս Կարաքսի «Անետ» ֆիլմով բացվեց (հուլիսի 6-17-ը) Կաննի միջազգային 74-րդ կինոփառատոնը։  Աշխարհի կինոգործիչների համար սպասված բարձրաճաշակ այս փառատոնը  հեռարձակեց  «Canal +»-ը  Ֆրանսիայում, ինչպես նաև գործընկեր կինոթատրոններում

Այս մասին հայտնում է կինոփառատոնի պաշտոնական կայքը՝  հավելելով, որ  «Անետը» Կարաքսի առաջին անգլալեզու ֆիլմն է, որտեղ գլխավոր դերերում հանդես են գալիս Մարիոն Կոտիյարը, Ադամ Դրայվերը, Սայմոն Հելբերգը և այլք:Ֆիլմի գործողությունները կատարվում է Լոս Անջելեսում: Սթենդ-ափ կատակերգու Հենրին և նրա կինը սովորել են գլամուրային կյանքին և իդեալական զույգ են, բայց նրանց առաջին երեխայի ծնունդը փոխում է ամեն ինչ: Խորհրդավոր աղջկան վիճակված է անսովոր ճակատագիր:

«Անետը» Կարաքսի վեցերորդ կինոնկարն է՝  իր իսկ գաղափարով նկարված: Կաննի փառատոնի պաշտոնական բացման արարողությունից հետո ֆիլմը կմտնի մրցութային ծրագիր և միաժամանակ կհայտնվի վարձույթում։

«Կաննի 74-րդ փառատոնն սկսում է աշխատանքը»,-  հայտարարել է փառատոնի նախագահ Պյեռ Լեսկյուրը: Նա նշել է, որ ֆրանսիական Կաննում կինոաշխարհի համար մշակութային այս իրադարձության անցկացման կարևորությունը, որը խափանվել էր համավարակի ստեղծած արտակարգ իրավիճակով պայմանավորված:

Երկու տարի տևած կորոնավիրուսային տառապանքներից հետո վեջապես տեղի ունեցավ բաղձալի վերադարձը։ Ֆրանսիայում կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ սահմանված արգելքների մեծ մասը հունիսին արդեն չեղարկել էր: Փառատոնի օրերին, իհարկե, գործելու են որոշակի պահանջներ, այցելուները և մասնակիցները պարտավորվելու են խստորեն հետևել սոցիալական հեռավորության կանոնին: Իշխանություններն, իհարկե, կիրառում են որոշակի խիստ պահանջները․մասնակիցները փակ սրահներում պետք է դիմակներ կրեն, թեև Ֆրանսիայի տարածքում դա այլևս պարտադիր չէ:

Կաննում փառատոնի անցկացման շրջանի հարևանությամբ մասնակիցների և հյուրերի համար կգործի կորոնավիրուսի դեմ պատվաստումների և ստուգումների տաղավար:

Կինոքննադատների կարծիքով, այս տարի «Ոսկե արմավենու» համար պայքարողների թվում են աշխարհահռչակ ամերիկացի կինոաստղեր՝ դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Շոն Փենը և ռեժիսոր Ուես Անդերսոնը:

Ամերիկացի կինոռեժիսոր Սփայք Լիի նախագահությամբ, մրցույթի ժյուրին կհայտարարի հաղթողներին՝ հուլիսի 17-ին, փակման արարողությանը: