Ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» կինոնկարը հուլիսի 14-ին, ցուցադրվեց Կաննի 74-րդ միջազգային կինոփառատոնի Օլիմպիա 3 կինոթատրոնում, ցուցադրությանը ներկա են եղել ֆիլմի ռեժիսորը և պրոդյուսերը։ 

Ֆիլմը ցուցադրվեց որպես 2020թ․ Կաննի միջազգային 73-րդ փառատոնի կողմից ընտրված ֆիլմերի պաշտոնական ցուցակում՝ The First Features (առաջին խաղարկային լիամետրաժ ֆիլմ) անվանակարգում և Կաննի ACID ծրագրում ընդգրկված հայկական ֆիլմ, քանի որ նախորդ տարի COVID-19-ը համավարակով պայմանավորված ցուցադրությունը տեղի չունեցավ։

Հարցազրույցներից մեկում Նորան ասել է․«Անկեղծ ասած, նորությանը հասնելու ճանապարհը բավականին բարդ էր։ Կազմակերպիչներն իրենք էլ չգիտեին, թե ինչ տարբերակով են անցկացնելու փառատոնը։ Թեպետ մի բանում վստահ էին՝ կինոն պետք է դիտել կինոթատրոնում, ոչ՝ առցանց։ Վերջին պահին ընտրվեց «Լեյբլ 2020»-ի գաղափարը։ Իհարկե, մեծագույն ոգևորվածությամբ իմացանք, որ մեր ֆիլմը պաշտոնական ցուցակում է։ Մեզ առաջարկեցին, ցանկության դեպքում, սպասել և դիմել 2021 թվականին։ Բայց քանի որ արդեն տասը տարի է, ինչ աշխատում եմ այս ծրագրի վրա, որոշեցի, որ ֆիլմը պատրաստ է և ժամանակն է այն հանձնել հանդիսատեսի դատին, իսկ ինձ՝ քայլել առաջ։ Կաննի լեյբլը կարևոր մասնագիտական գնահատական է, ինչը նոր ֆիլմ նկարահանելու հնարավորություն կտա։ Անիմաստ էր կորցնել ևս մեկ տարի։ Բացի այդ, ACID-ն ու Կաննը  պատմության մեջ առաջին անգամ է, որ համատեղ ներկայացնում են մեկ ֆիլմ։ Այո, քանի որ փառատոնային ցուցադրություն չէր լինելու, նրանք որոշեցին չմրցել և երկուսով ներկայացնել մեր ֆիլմը»։

Ռեժիսորի այս աշխատանքը հետանկախության շրջանի առաջին ֆիլմն է, որը Կաննում ներկայացվել է Հայաստանից, ինչն աննախադեպ և ուրախալի իրադարձություն է հայկական ժամանակակից կինոյի համար։ Ֆիլմը նկարահնվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ։

Ֆիլմը պատմում է Ալենի՝ ազգությամբ ֆրանսիացի օդանավակայանների աուդիտորի մասին, որը ժամանում է Արցախի Հանրապետության բոլորովին նոր կառուցված օդանավակայան: Ինքնահռչակված, թշնամի պետություններով շրջապատված և ոչ հաստատուն սահմաններ ունեցող այս երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո: Ալենը պետք է ուսումնասիրի, թե արդյո՞ք վերաբացվելու համար այս օդանավակայանը համապատասխանում է միջազգային նորմերին: Օդանավակայանի աշխատակիցների հետ հարցազրույցների ընթացքում Ալենը հետզհետե հայտնաբերում է մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նույնիսկ նշված չի, բայց որն իրականում գոյություն ունի իր բնակիչներով, իր կառավարությամբ, իր համակարգերով, իր մշակութային դաշտով:

Ռեժիսոր՝ Նորա Մարտիրոսյան, սցենարիստներ՝ Նորա Մարտիրոսյան, Էմմանուել Պագանո, օպերատոր՝ Սիմոն Ռոկա, պրոդյուսերներ՝ Ջուլի Փարատյան, Անի Որսկանյան, Անաբել Նեզրի, ընկերություններ՝ Sister Productions, «Aneva producition», Kwassa Films։


    Ռոբերտ Մաթոսյան․Տասնվեց տարեկանում ստալինյան մրցանակ

    Ռոբերտ Մաթոսյանի անտիպ  «Մասնագիտությունը կինոռեպորտյոր» գրքից  ուշագրավ պատառիկներ․․․ *** 1972 թվականին Ֆրունզե Դովլաթյանը, Պերճ Զեյթունցյանի սցենարով նկարահանեց  «Երևանյան օրերի խրոնիկա»...

    , |24 Հունվար 2022,12:29