Ամիսներ առաջ «Ֆոկուս» արվեստի կազմակերպությունը հրատարակեց «Կինո. Տեսություն և քննադատություն» ժողովածուն, որում թարգմանաբար ներկայացված են ինչպես լայն տարածում գտած մասնագիտական հոդվածներ, այնպես էլ տեքստեր, որոնք անդրադառնում են կինոյում վերջին տասնամյակների հիմնական միտումներին:

Գրքի, կինոյի և կինոկրթության մասին Kinoashkharh.am-ը զրուցել է գրքի ընդհանուր խմբագրի՝ վավերագրող ռեժիսոր, մշակութային քննադատ Դավիթ Ստեփանյանի հետ:

– Ինչո՞ւ ու ինչպե՞ս ստեղծվեց այս գիրքը։

– Երբ մասնագիտական գործունեության մեջ ինչ-որ հասունության հասա, ինձ սկսեց այլևս հետաքրքրել ոչ թե այն հարցը, թե ինչպես անել լավ կինո, այլ առհասարակ՝ ի՞նչ է կինոն։ Այդ կետից ուշադրությունս զգալի չափով պրակտիկ գործունեությունից թեքվեց դեպի տեսություն, և 9-10 տարի առաջ սկսեցի բավականին լրջորեն տեսություն ուսումնասիրել։ Զուգահեռաբար, այդ ամենի շուրջ զրուցում էի ընկերներիս, մտերիմներիս հետ։ Նաև դասավանդում էի և շարունակում եմ դասավանդել կինոմոնտաժի տեսություն և պատմություն՝ «Մեդիալաբ» կիսամյա կրթական ծրագրի շրջանակում։ Այդպես, քիչ-քիչ խմորվեցին այդ խոսակցությունները և հետաքրքրությունները։ Ինչ վերաբերում է բուն գրքին, ապա, կարելի է ասել, որ դրա պատմությունը սկսվեց 6 տարի առաջ, երբ ծննդյանս օրը իմ ընկեր Նազարեթ Կարոյանը նվիրեց Ջիորջիո Ագամբենի «Գի Դեբորի կինոն» զեկույցի թարգմանությունը։ Մյուս գործերը արդեն թարգմանվել են ընթացքում՝ ավելի շատ կարիքից դրդված, դասավանդման կամ ընկերների հետ զրույցների ընթացքում, քննարկումների արդյունքում։

-Քիչ առաջ ասում էիք, որ ձեզ սկսեց հետաքրքրել հարցը, թե ինչ է կինոն։ Այս թարգմանությունների, գրքի ստեղծման ընթացքում կարողացա՞ք գտնել դրա պատասխանը։

-Նախ, ճշմարտությունները ոչ թե իմացվում են, այլ ստեղծվում։ Եվ հետևաբար՝ տալով պատասխանը, թե ինչ է կինոն, որոշ ժամանակ անց ինքներս կամ ուրիշ մեկը կարող է վերանայել պատասխանը։ Հարցի վերջնական պատասխան չկա, բայց ի՞նչն է մասնահատուկ կինոյին, որ բացակայում է մյուս արվեստների մեջ, և որոշակիորեն հանդիպում է միայն չափածոի մեջ` խոսքը դադարի ու տողանցման մասին է, եթե պոեզիայի լեզվով ասենք, որոնք հնարավորություն են տալիս հնչյունը և ռիթմը հակադրել շարահյուսությանը, անջատեղ հնչյունն իմաստից։ Կինոյի մեջ այդ հնարավորությունը մոնտաժն է։ Հետևաբար՝ այն կինոյի մի տարր է, որը չի լուծվում ոչ մի այլ բանի մեջ։ Ինքնապաստան մի երևույթ, որը պայմանավորում է կինոյի բնույթը, որովհետև կինոյի մյուս բաղադրիչները այս կամ այն կերպ հանդիպում են արվեստի մյուս տեսակներում, ներմուծվում են կինո, ավել կամ պակաս չափով գործածվում։  Որոշ հեղինակներ մեկ տարրի են տուրք տալիս, մյուսները՝ մեկ այլ։ Բայց եթե խոսում ենք կինոյի մասին, հարկ է ասել, որ ավելի շատ խոսում ենք մոնտաժի մասին, եթե նույնիսկ այն բացակայում է, որովհետև իր բացակայությամբ  այն շեշտում է իր թաքուն ներկայությունը։ Կա մոնտաժ՝ կա կինո․ որոշակի ռիթմը որոշակի իմաստային ֆրազներին հակադրելու կամ համադրելու հնարավորություն, ընդ որում՝ կտրել-միացնելով, որովհետև գործ ունենք ի սկզբանե անջատ ֆրազների, կտորների հետ, որոնք միանալով կազմում են ինչ-որ օրգանական (կամ ոչ օրգանական) հաջորդականություն։

-Այդ դեպքում ի՞նչ է մոնտաժը։

-Ես, սովորաբար, ասում եմ, որ դա ֆիլմի ցանկացած կադրի հարաբերությունն է մյուս բոլոր կադրերի հետ։ Այսինքն՝ ոչ թե կադրի հարաբերությունն իր նախորդ և հաջորդ կադրերի հետ, այլ՝ բոլորի հետ, որովհետև հաճախ ֆիլմի սկզբում հայտնված մի կադր կապակցություն է ստեղծում ֆիլմի միջնամասում կամ վերջում հայտնված կադրի հետ։ Այդ առումով կինոն բավականին բարդ կառուցվածք է։

-Եթե վերադառնանք գրքին, կարո՞ղ ենք ասել, որ սա նաև որոշակի իմաստով ուսումնական ձեռնարկ կարող է դառնալ։ Որքան զրուցում եմ կինոյի և կրթության հետ կապ ունեցող մարդկանց հետ, բոլորը միաբերան ասում են, որ կինոկրթությունը արդիականացման լուրջ կարիք ունի։ Ես ինքս դասավանդում եմ, և լրագրության ոլորտում ևս սա լրջագույն խնդիր է։ Ես և իմ ուսանողները սովորում ենք նույն դասագրքերով, մինչդեռ մեր միջև գրեթե 2 տասնամյակի տարբերություն կա։ Ժուռնալիստիկան այլևս նույնը չէ, բայց դասագրքերը, որոնցով այն դասավանդվում է, շարունակում են նույնը լինել։

-Դե, այստեղ նաև Ձեր մեղքի բաժինը կա, իսկ ո՞վ պետք է ստեղծի նոր դասագրքեր, եթե ոչ այն մարդիկ, ովքեր դասավանդում են։ Այլ հարց է, որ դա, մեղմ ասած, այդքան էլ հեշտ գործ չէ։ Այս ոչ մեծ ծավալի գիրքը 6 տարում է ստեղծվել։ Դա կապակցված է 2 խնդրի հետ՝ մասնագիտական կարողությունների, կոմպետենտության և ֆինանսական միջոցների։ Հայաստանում անընդհատ խոսում ենք կրթության որակի մասին, բայց հենց հերթը հասնում է ամենակարևոր բաղադրիչին՝ դասագրքերին, պարզվում է, որ գումար չկա կամ բավարար չէ՝ այդ հարցը լուծելու համար։

-Սա, թերևս մեր զրույցի վերջնական տարբերակում չլինի, ուղղակի որպես օրինակ ասեմ 3 տարի առաջ մի նյութի վրա էի աշխատում, որի ընթացքում ուսումնասիրում էի կրթության պետական ֆինանսավորումը։ Պարզվեց, որ Ոստիկանության ակադեմիայի մեկ շան վրա պետությունը տարեկան գրեթե 2 անգամ ավելի շատ գումար է ծախսում, քան որևէ բուհի ասպիրանտի։

– Ինչո՞ւ չլինի։ Շատ հատկանշական և կարևոր բան եք ասում։ Թող մնա։ Եթե ինքս էլ դասավանդեի պետական բուհերում, դժվար թե գործը հասներ այս գրքի ստեղծմանը։ Այս գրքի գոյությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ես ոչ մի առնչություն չեմ ունեցել պետական, պաշտոնական հաստատությունների և դրանց հռետորաբանության հետ։ Քանի-որ աշխատել եմ 3-րդ սեկոտորւմ, ինչ-որ սողանցքների հնարավորություն է եղել, որոնք օգտագործել եմ։ Այս գիրքը, մեղմ ասած, միայն իմ աշխատանքի արդյունքը չէ: Ես, հիմնականում, համակարգել եմ աշխատանքը։ Եթե չլինեին իմ ընկերները՝ Նազարեթ Կարոյանը և Հրաչ Բայադյանը, Նորա Գալֆայանը և այլոք, այս գիրքը չէր լինի։

Գիրքը, այո, կարող է որպես ձեռնարկ գործածվել։ Ես ինքս օգտվում եմ դրանից։ Ավելին, այն ստեղծվել է, հիմնականում, դասավանդման պրոցեսում։ Օրինակ՝ տեքստերից մեկը՝ Էյզենշտեյնի «Մոնտաժ 38»-ը, հենց դասերի ընթացքում է թարգմանվել։ Մենք աշխատանքն արել ենք, եթե հարկ կհամարեն, թող վերցնեն, օգտագործեն։

-Գալով կինոկրթությանը։ Այն թույլ տալի՞ս է այսօր ստեղծել լավ կինո։

-Իհարկե ոչ, բայց դա միայն կինոկրթության խնդիրը չէ։  Մենք գործ ունենք հասարակության ինքնագիտակցման հետ: Հայաստանը հետխորհրդային երկիր է, և գիտակցումը՝ հետխորհրդային լինելու, կարծում եմ՝ դեռ չի եկել։ Կինոն՝ իբրև արդի երևույթ, սկիզբ է առել հենց խորհրդային շրջանում՝ 1923 թվականին հայաստանյան կինոտրեստի հիմնադրմամբ, և դա չի եղել լոկ տեղական քաղաքականության արդյունք։

-Իհարկե, որքան էլ փորձեն խուսափել այդ ձևակերպումից, բայց դա լայն իմաստով խորհրդահայ կինո է, կենտրոնական իշխանության քաղաքականությամբ և քարոզչությամբ ստեղծված։

-Երբեմն քարոզչության, երբեմն էլ դրա նկատմամբ դիմադրության որոշակի դրսևորումներով։

-Այո, իհարկե, բայց դիմադրությունն էլ, հիմնականում, կոնկրետ անհատների՝ ռեժիսորի, սցենարիստի, տաղանդի արդյունքն է։ Նկատի ունեմ, որ խորհրդահայ կինոն ևս չափազանց տեղային է, լոկալ, համահարթեցված, դեպի դուրս չնայող։

-Իհարկե, համաձայն եմ, բայց ոչ միայն լավ կինո ստեղծելու, այլև կինոկրթությունը բարելավելու, առհասարակ հասարակության ինքնագիտակցությունը փոխելու հնարավորությունը հենց այդ հարցի մեջ է՝ որքանո՞վ կհաջողվի ձևակերպել, որ Հայաստանը հետխորհրդային երկիր է՝ իր լավ և վատ կողմերով։ Կարծում եմ, սրա հետ է կապված ճահճացումը, որովհետև, կարծես, երկու հիմնական վերաբերմունք կա կինոյին՝ կա՛մ գովել, կա՛մ գանակոծել, արանքում քննարկման, խոսակցության տեղ չի մնում, և սա ևս խորհրդային երևույթ է։ Արանքում խոսակցության տեղ չթողնելով՝ արգելվում է ինչ-որ բաներ հարցականի տակ առնելու հնարավորությունը։ Իսկ եթե հասարակության մեջ չկան նման խմորումներ, որտեղի՞ց պետք է ստեղծվի հետաքրքիր կինո։

– Ես փորձում եմ դիտել ժամանակակից ռեժիսորների գործերը։ Դրանցից որոշները ինձ դուր են եկել։ Այս տարի երիտասարդ 3 ռեժիսորներ ներկայացվել են տարբեր միջազգային հեղինակավոր փառատոներում, բայց, միևնույն է, ես տպավորություն ունեմ, որ մեր կինոյում վերհանված խնդիրը հասանելի են միայն մեզ՝ 3 մլն մարդու աշխարհում։ Ինձ թվում է՝ մենք աշխարհի հետ չենք խոսում, մեր կոմունիկացիան աշխարհի հետ միակողմանի է, մենք անընդհատ պատմում ենք մեր մասին։

– Հարցը լավն է, ու կարծում եմ՝ դա հիմնական խնդիրներից մեկն է։ Ենթադրաբար՝ խոսելու փորձեր պետք է արվեին, բայց դրանք չկան։ Կա ինչ-որ բաներ պատմելու, ավելին՝ պնդելու փորձեր, թե որքան լավն ենք մենք՝ այստեղ նստած, իսկ աշխարհը մեզ չի տեսնում։ Ասեմ ավելին՝ պատմելու ձևն անգամ անմեղ չէ․ արևելահայության վերաբերմունքն իր նկատմամբ զգալի չափով ձևավորված է հենց ուրիշի հայացքի ներքո։ Մենք գործ ունենք գաղութային մշակութային հարաբերության հետ՝ առաջին հերթին Ռուսաստանի, ավելի մեղմ դրսևորմամբ՝ Խորհրդային Միության, այսօր էլ՝ նաև Արևմուտքի հետ հարաբերվելիս։ Այդ միտումը հիմա էլ կա՝ դրսի հայացքը բերել ներս և այդ տեսանկյունից փորձել ինքդ քո մասին խոսել, հաճախ՝ առանց վիճարկելու։ Հիմա, գուցե, տպավորություն ստեղծվի, թե ներսում, ինչ-որ խորը տեղում թաքնված ներսի հայացք կա։ Չկա։ Հարցն այն է, թե որքանո՞վ ես վիճարկում դրսից բերված այդ հայացքը։ Սա աշխատանք է, որ պետք է կատարվի, ոչ միայն կինոյում։ Կինոն ընդամենը մեդիա է, որը վերարտադրում է ինքնագիտակցման հետ կապված բոլոր խնդիրները։ Այդ իմաստով, մենք գործ ունենք մի տարօրինակ իրավիճակի հետ, երբ հայկական մշակույթը, արվեստը որքան փորձում է լավ կողմով երևալ ուրիշի աչքին, այդքան արգելակում է սեփական զարգացման հնարավորությունները։

-Պետության մասնակցությունն ինչպիսի՞ն պետք է լինի այս բարդույթը հաղթահարելու ընթացքում։

-Խնդիրն այն է, որ պետությունը գումար է ծախսում ինչ-որ առանձին բաների վրա, մինչդեռ, կարծում եմ, պետության գործառույթը պետք է լիներ որոշակի հաստատությունների անկախությունն ապահովելը, գումարը կարելի էր ուղղել դրան։ Ընդունենք, որ հնարավոր չէր ռեաբիլիտացնել կրթական հաստատությունները, բայց կարելի էր ստեղծել նորերը, ներգրավել քիչ թե շատ կոմպետենտ մարդկանց և քաշվել մի կողմ։ Այդպիսով, ինչ-որ պահի պետական ֆինանսավորման կարիքը, գուցե, չլիներ այլևս։ Սա պետք է լինի պետության գործը, մինչդեռ պետությունը բոլորովին այլ բան է անում։ Չգիտես՝ ինչ սկզբունքով, պետությունն ընտրում է ինչ-որ բան ֆինանսավորելու կամ չֆինանսավորելու մոտեցումը։ Լավ, ասենք՝ ինչ-որ բան ֆինանսավորեցիր, ստացվեց լավ կամ վատ։ Բայց որքա՞ն կարող է այդ մշակութային քաղաքականության բեռը մնալ պետության վրա։ Խնդիրն այն է, որ ոլորտը միշտ լծորդված է եղել իշխանություններին, և հետևողականորեն ծառայեցվել է օրվա իշխանությունների պրոպագանդին։ Հիմա ո՛չ իշխանություններն են ուզում ձեռք քաշել այդ լծորդությունից, ո՛չ էլ մշակույթի ոլորտը։ Սկսելու համար նախ հարկավոր է կազմալուծել եղած արատավոր կապակցությունները։

-Դե, փոխշահավետ համագործակցություն է։

-Այո, բայց դա բերում է շատ ոչ շահեկան հետևանքների։ Ճահճացման։ Երբ որևէ բանի հաջողությունը դատում են յուրաքանչյուրն իրենց տեսանկյունից, թե կոնկրետ իրեն դրանից ի՞նչ օգուտ եղավ։ Դա չավարտվող ճգնաժամի տրամաբանությունն է, որը հաղթահարելու համար ես մի տարբերակ եմ տեսնում․ պետությունը պետք է նպաստի մշակութային հաստատությունների անկախացմանը և կոմպետենտ մարդկանց ներգրավի, որպեսզի մի փուլում հաստատություններն ու պետությունն այլևս իրար կարիքն այդքան չունենան։

-Բայց դա էլ հարց է երբևէ կլինի՞ պետություն, իշխանություն, որը կցանկանա հրաժարվել այս լծակից։

-Դե, դա էլ թակարդ է։ Եթե չես ցանկանա հրաժարվել, գուցե, մի օր իշխանության գան մարդիկ, ովքեր այդքան էլ քեզ չեն սիրում, և նրանք այդ նույն լծակն օգտագործելու են քո դեմ։ Եվ դրա ապացույցը մենք տեսնում ենք վերջին մի քանի տարում։ Հետևաբար, պետության կայացման ճանապարհներից մեկն էլ տարբեր ոլորտների անկախության ապահովումն է, որպեսզի դրանք ամեն քաղաքական իրադարձության հետևանքով չսկսեն ալեկոծվել, հայտարարություններ տարածել՝ այս կամ այն քաղաքական ուժի օգտին կամ դեմ։ Իհարկե, մշակութային հաստատությունները չեն կարող քաղաքական չլինել, բայց այլ հարց է՝ որքանո՞վ են դրանք օգտագործվում կուսակցական կամ նեղ քաղաքական խմբերի շահերից ելնելով։ Հարցի լուծման տարբերակներից մեկն էլ մասնավոր ոլորտի ներգրավումն է։ Իհարկե, մասնավորն էլ իր շահն է հետապնդելու․ այդպես գուցե որոշակի հավասարակշռություն կապահովվի։ Ո՛չ մշակույթը, ո՛չ կրթությունն անմեղ բաներ չեն։ Դրանք միշտ կապակցված են քաղաքականության հետ։ Այլ հարց է, թե ինչպես են կապակցված։ Այդ կոպիտ կապակցվածությունը, որ կա այստեղ, որը գալիս է խորհրդային լճացման տարիներից և ոչ մի կերպ չի լինում հաղթահարել, լավ տեղ չի տանելու։ Յուրաքանչյուր իշխանություն, տրվելով գայթակղությանը, փորձում է օգտագործել այս ոլորտներն իր շահերի համար, և ամեն անգամ նույն թակարդն է ընկնում՝ այդ ոլորտներն աշխատացնելով իր դեմ։ Սա է հարցը, որևէ մեկը կունենա՞ այս շղթան ընդհատելու կամքը։

Զրույցը՝ Սոնա Մարտիրոսյանի